Խաղաղ բնակչությունը՝ Թուրքիայի թիրախում․ արձագանքներ Կանադայից
4 ր. | 2020-10-092 020- հոկտեմբերի 5-ին Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը հանդես եկավ Թուրքիային կանադական արտադրության ռազմական սարքավորումների մատակարարումը սառեցնելու հայտարարությամբ, որոնք օգտագործվել են Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում․ «Վերջին մի քանի օրերի ընթացքում որոշ մեղադրանքներ էին հնչում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կանադական տեխնոլոգիաներ են կիրառվում։ Ես անմիջապես հանձնարարել եմ հետաքննություն սկսել` դրանց իսկությունը պարզելու համար: Համաձայն Կանադայի արտահանման վերահսկողության խիստ նորմերի, և հաշվի առնելով, որ բռնությունները շարունակվում են, սառեցրել եմ Թուրքիա դրանց արտահանման համապատասխան արտոնագրերը, ինչը ժամանակ կտա ավելի մանրամասն գնահատելու իրավիճակը»[1]:
Թեմային ավելի վաղ անդրադարձել էր սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական Project Ploughshares ընկերությունը։ Վերջինիս տարածած հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի զինված ուժերի հրապարակած օդային հարվածների վերաբերյալ պաշտոնական տեսանյութում երևում է, որ կիրառվող ԱԹՍ-երը համալրված են նկարահանման և թիրախավորման այն համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում գործող L3Harris Technologies ընկերության ներքո գործող L3Harris Wescam միավորումը[2]: Հոկտեմբերի 1-ին կանադական The Globe and Mail պարբերականը հաղորդել էր, որ 2020-ին L3Harris Wescam-ը ստացել էր ԱԹՍ-եր արտադրող թուրքական Baykar ընկերությանը թվով 7 համակարգեր մատակարարման թույլտվություն[3]։
Հարցի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ ասելով, որ «Կանադան ուսումնասիրում է մեղադրանքները, ըստ որոնց Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում կիրառում են Թուրքիա արտահանված կանադական արտադրության ԱԹՍ-երի համար նախատեսված տեխնոլոգիաներ»[4]։ Կանադայի վարչապետն ընդգծեց, որ արտահանումները չպետք է հակասեն Օտտավայի որդեգրած սկզբունքներին և օրենքներին: Կանադայի ներմուծման և արտահանման թույլտվության ակտն արգելում է սպառազինությունների վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար[5]: Ջասթին Թրյուդոն դիմել էր երկրի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանին՝ Եվրոպա այցելելու խնդրանքով՝ «դաշնակիցների հետ Արևելյան Եվրոպայում և Կովկասում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները քննարկելու նպատակով»[6]։
Չուշացավ Անկարայի արձագանքը․ Թուրքիայի արտգործնախարարությունը Կանադային մեղադրեց երկակի ստանդարտների կիրառման մեջ։ Ըստ Անկարայի՝ Կանադան սառեցնում է ռազմական սարքավորումների արտահանումը Թուրքիա, սակայն միևնույն ժամանակ շարունակում է դրանք մատակարարել Սաուդյան Արաբիային[7]․ «ՄԱԿ զեկույցի համաձայն, Կանադան այն երկրներից մեկն է, որոնք թեժացնում են պատերազմը Եմենում»[8]։ Թուրքիայի ԱԳՆ-ն նաև քննադատեց Կանադային՝ ՆԱՏՕ անդամ մեկ այլ պետության նկատմամբ դաշնակցային պարտավորությունները խախտելու մեջ[9]․ «Ակնկալում ենք, որ Կանադան զերծ կմնա երկակի ստանդարտներից, կգործի՝ առանց երկրի ներսում նեղ հակաթուրքական քաղաքական շրջանակների ազդեցությանը տրվելուն»[10]։ Հասկանալի է, որ Թուրքիայի հայտարարության ենթատեքստը ուղղված էր կանադահայությանը։
Ռազմական փորձագետները նշում են, որ խոսքը գլխավորապես կանադական արտադրության WESCAM MX™-15D օպտիկական-հետախուզական համակարգերի մասին է, որոնք տեղադրված են թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների վրա և կիրառվում են Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններում[11]: WESCAM MX™-15D օպտիկական համակարգերը տեղադրվում են օդուժի միջոցների վրա (ուղղաթիռներ, ինթնառիթներ, ԱԹՍ-եր), նախատեսված են միջին բարձրությունից նշանակետերի հետախուզման, հայտնաբերման ու նկարահանման համար[12]։ Ընկերությունն արտադրում է նաև այս տեսակի ավել մեծ բարձրությունից (WESCAM MX™-20D) նկարահանման, հետախուզման օպտիկական համակարգեր։
Աղբյուրը՝ https://www.wescam.com/products-service
WESCAM MX™-15D տեսակի օպտիկական-հետախուզական համակարգ
Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց կանադական այդ նույն The Globe and Mail պարբերականին՝ անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիային Արցախի դեմ: Նա ընդգծեց, որ Հայաստանը գտնվում է «քաղաքակրթական առաջնագծում», և այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցներն են, ինչպես, Կանադան, արդեն պետք է որոշում ընդունեն, թե որ կողմում են․ «Թուրքիայի զինվորականությունը և զինված ուժերն անմիջականորեն ներքաշված են ռազմական գործողություններում։ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները պետք է բացատրեն՝ ինչու են F-16 կործանիչները թիրախավորում Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը՝ սպանելով խաղաղ բնակչությանը»[13]: ՀՀ վարչապետը կոչ արեց արևմտյան երկրներին վերանայել Թուրքիայի հետ սպառազինությունների վաճառքի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները[14]։
[1] https://www.canada.ca/en/global-affairs/news
[2] https://www.reuters.com/article/us-armenia
[3] https://www.jpost.com/international/canada
[4] https://www.reuters.com/article/us-armenia
[5] https://www.azatutyun.am/a/30876810.html
[6] https://www.jpost.com/international/canada
[7] https://www.theglobeandmail.com/politics/article
[8] https://www.ctvnews.ca/world/turkey-hits-out-at
[9] https://www.theglobeandmail.com/politics/article
[10] https://www.theglobeandmail.com/politics/article
[12] https://www.wescam.com/products-services
[13] https://en.armradio.am/2020/10/02/canada-needs
[14] https://en.armradio.am/2020/10/02/canada-needs