Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ․ իսրայելական արձագանքներ

4 ր.   |  2020-10-06

2 020-ի հոկտեմբերի 1-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում պաշտոնապես հաստատեց լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, որ հոկտեմբերի 1-ին զենք մատակարարելու նպատակով Իսրայելից երկու ինքնաթիռ է վայրէջք կատարել Բաքվում։  Արդյունքում հայկական կողմը այդ ամենին արձագանքեց խորհրդակցությունների նպատակով Իսրայելից իր դեսպանին ետ կանչելով «Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հստակ արտահայտվել է, վերջին անգամ հուլիսին՝ արտգործնախարարի մակարդակով, և այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում: Բնականաբար, Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է: Դիվանագիտական խողովակներով մենք բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք այս մասին, և հարկավոր է նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ։ Փոխարենը այս օրերին, երբ միջազգային ողջ հանրությունը կոչ է անում ադրբեջանական կողմին մարտական գործողությունների դադարեցման օգտին,  իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումները Ադրբեջանին։  Մեզ համար անընդունելի է Իսրայելի նման գործելաոճը, հատկապես այս ժամանակաշրջանում։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ ԱԳՆ որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով ետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին»[1]։

Աննա Նաղդալյանի հայտարարությանն ի պատասխան հնչեց Իսրայելի արտգործնախարարության հայտարարությունը․ «Ափսոսում ենք հայկական կողմի որոշման համար։ Իսրայելը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները և այդ պատճառով դիտում է Իսրայելում ՀՀ դեսպանությունը որպես կարևոր գործիք հօգուտ երկու ժողովուրդների»[2]։

Հոկտեմբերի 4-ին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը մեղադրեց Թուրքիային տարածաշրջանի ապակայունացման և խաղաղության հաստատման ջանքերին խոչընդոտելու մեջ։ Այս հայտարարությունն, ըստ էության, ուղղված էր պաղեստինյան հակամարտության և արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների բարելավման գործընթացի համատեքստում Թուրքիայի հակազդեցության հարցերին։ Իսրայելի պաշտպանության նախարարն անդրադարձավ Թուրքիայի գործողություններին Սիրիայում ու Արևելյան Միջերկրածովում, Լիբիայի ներքին գործերին միջամտությանը և Համաս խմբավորման հետ կապերին, սակայն այդպես էլ չհիշատակեց Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին, առավել ևս՝ Թուրքիայի ուղիղ ներքաշման իրողությունը[3]։

Հոկտեմբերի 2-ին իսրայելական Haaretz պարբերականում Ադրբեջանին իսրայելական արտադրության գերժամանակակից սպառազինությունների մատակարարման հարցը պայմանավորվում է Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցությամբ․ «Ադրբեջանն Իսրայել է արտահանում նավթ ու ներմուծում ռազմական տեխնիկա և սպառազինություն։ Բացի այդ, Ադրբեջանը սահմանակցում է Իրանին, ինչը շատ կարևոր է Իսրայելի համար»[4]։  

Աղբյուրը վերահաստատում է, որ Արցախի դեմ ռազմական գործողություններից մի քանի օր առաջ ադրբեջանական երկու ԻԼ-76 տեսակի ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաօդային ուժերի Ուվդա (Uvda) բազայում՝ ռազմական գործողություններին ընդառաջ Ադրբեջանի զինված ուժերը սպառազինության նոր խմբաքանակով համալրելու նպատակով։ Եվս երկու ինքնաթիռ ժամանեց Իսրայել, երբ սկսվեցին ռազմական գործողությունները»[5]։

Հոկտեմբերի 3-ին Jerusalem Post-ում հոդված հրապարակվեց՝ նվիրված տարբեր հակամարտութուններում Թուրքիայի հովանավորությունը վայելող սիրիական վարձկանների ու ահաբեկչական խմբերի ներքաշման հարցերին։ Հոդվածում մասնավորապես վերահաստատվում է, որ Թուրքիայի հովանավորության տակ գտնվող ահաբեկչական խմբավորումները ռազմական հանցագործություններ են կատարել Սիրիայի հյուսիսում, ներկայում դրանք տեղափոխվել են Լիբիա ու Ադրբեջան․ «Այժմ հարյուրավոր վարձկաններ տեղափոխվել են Ադրբեջան՝ հայերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով»[6]։

Հոկտեմբերի 3-ին Jerusalem post-ում ևս մեկ անդրադարձ եղավ Ադրբեջանի ագրեսիայի թեմայի շուրջ, որտեղ հիմնականում խոսվում էր Ադրբեջանի կողմից հայկական ուժերի դեմ կիրառված իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի մասին։ Հրապարակման մեջ տեղադրված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը հրթիռակոծում քաղաքացիական տրանսպորտային ենթակառուցվածքը[7]։ LORA ՕՄՀՀ-ն արտադրում է Israeli Aerospace Industries (IAI) ընկերությունը, այն կարող է արձակվել ծովից կամ ցամաքից, հրթիռների հեռահարությունը 400 կմ է։ Աղբյուրի համաձայն, 2018-ին ստորագրված սպառազինությունների գործարքներում Ադրբեջանը առաջին և հաստատված միակ պետությունն է, որին Իսրայելը մատակարարել է LORA ՕՄՀՀ [8]։

Հոկտեմբերի 5-ին Jerusalem Post-ն անդրադարձավ Հայաստանի և Իսրայելի նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին, որտեղ Իսրայելի նախագահ Ռիվլինը կոչ է անում Հայաստանին վերադարձնել իր դեսպանին Իսրայել․ «Մենք ողջունում ենք ՀՀ դեսպանության բացումն Իսրայելում և հուսով ենք, որ Հայաստանի դեսպանը շուտով ետ կվերադառնա»[9]։

ՀՀ Նախագահ Սարգսյանն, իր հերթին, նշեց, որ «Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք-զինամթերքն իրականում ոչ միայն պաշտպանական նպատակներով է օգտագործվում, ինչպես նախկինում հավաստիացնում էր իսրայելական կողմը, այլև՝ հարձակողական: Այդ զինատեսակները լայնորեն կիրառվում են հայկական բնակավայրերը հրետակոծելու նպատակով և քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ հանգեցնելով մարդկային բազմաթիվ զոհերի ու հսկայական ավերածությունների: Նախագահ Սարգսյանը բոլոր չափանիշներով անընդունելի է համարել զենքի շարունակական մատակարարումը՝ ընդգծելով, որ այն լրջորեն կարող է վտանգել հայ-իսրայելական հարաբերությունները: Նա հորդորել է Իսրայելի նախագահին՝ օգտագործել ազդեցությունն իր երկրի կառավարության վրա՝ անհապաղ դադարեցնելու զենքի մատակարարումներն Ադրբեջանին: Նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ հայկական կողմի մտահոգություններն ու դիտարկումներն արտացոլել է նաև նախագահ Ռիվլինին ուղղված նամակում: Նախագահ Ռիվլինը պատրաստակամություն է հայտնել իր երկրի կառավարության հետ ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել հայկական կողմի բարձրացրած հարցերը»[10]


[1] https://www.mfa.am/hy/press-conference/2020

[2] https://www.timesofisrael.com/armenia-recalls

[3] https://www.reuters.com/article/us-israel-gulf

[4] https://www.haaretz.com/israel-news/armenia

[5] https://www.haaretz.com/israel-news/armenia

[6] https://www.jpost.com/middle-east/what-is-turkey

[7] https://www.jpost.com/israel-news/video-shows

[8] https://www.jpost.com/israel-news/video-shows

[9] https://www.jpost.com/breaking-news/rivlin-speak

[10] https://www.president.am/hy/press-release/item