Հուլիսյան լարվածություն․ արձագանքներ Իսրայելից

8 ր.   |  2020-07-24

Ն ախ կցանկանայինք նշել, որ վերջին տարիներին Իսրայելն ակտիվացրել է իր ներգրավվածությունը հարավկովկասյան գործընթացներում։ Հատկապես արդյունավետ է Թել Ավիվ-Բաքու ռազմավարական համագործակցությունը, որն աչքի է ընկնում հատկապես ռազմատեխնիկական բաղադրիչով։ Վերջին շրջանում զուգահեռաբար նկատվում են նաև հայ-իսրայելական երկխոսության խորացման միտումներ․ կողմերը պատրաստակամություն են հայտնում ձևավորել առարկայական քաղաքական օրակարգ, և հատկապես ուշագրավ է ՀՀ կառավարության որոշումը՝ Իսրայելում ՀՀ դեսպանություն հիմնելու վերաբերյալ[1]։

Տարածարջանում Թել Ավիվի ներգրավվածության խորացումը փորձագետները նախ պայմանավորում են Իսրայելի և Իրանի հակամարտությամբ։ Սակայն Հարավային Կովկասում Իսրայելի ակտիվացումը պայմանավորված է նաև վերջին շրջանում Թել Ավիվ-Անկարա հակասություններով, որի արդյունքում իսրայելական կողմը ձգտում է հավասարակշռել Մերձավոր Արևելքում Թուրքիայի ազդեցությունը, ինչպես նաև թուլացնել թուրքական գործոնը հարավկովկասյան ուղղությամբ։ Մի կողմից՝ դա կարող է թույլ տալ Իսրայելին դուրս բերել Ադրբեջանը Անկարայի վերահսկողությունից, խաղալ Բաքու-Անկարա ռազմավարական առանցքի ուղղությամբ, մյուս կողմից՝ Թել Ավիվում ակնկալիքներ կան Հայաստանի հետ համագործակցությունը դիտարկել նաև տարածաշրջանային մակարդակով՝ արտաքին ուժային կենտրոնների համախմբմամբ հակաթուրքական առանցք ձևավորելու նպատակով։

Հ ուլիսյան լարվածության ու բախումների շուրջ փորձագիտական գնահատականներում ու անդրադարձներում խոսվում էր, որ գործողություններում առանձնակի կարևորություն են ունենալու ԱԹՍ-երը։ Հայաստանի սահմանին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած սադրիչ գործողությունների ընթացքում կիրառվեցին տարբեր նշանակության իսրայելական արտադրության ԱԹՍ-եր։

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերցյանի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ներկայացվեցին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԶՈւ-ի ԱԹՍ-երի մնացորդները։


Աղբյուրը՝ http://www.mil.am/hy/news/8121

Հայկական կողմի պաշտոնական տվյալներով, գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈւ-ը հայ-ադրբեջանական սահմանին խոցել են 10 միավոր հարվածային, 1 ռազմավարական և 3 հետախուզական նշանակության անօդաչու սարքեր: Հայկական կողմը նախատեսում էր ուսումնասիրել ԱԹՍ-ների մնացորդները՝ դրանց կառավարման ծրագրերը և հակազդելու միջոցները ճշգրտելու, համապատասխան եզրակացություններ կատարելու համար[2]: Համացանցում հայտնվեց հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից ադրբեջանական բանակի գերթանկարժեք Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքի խոցումը արձանագրող ՀՀ զինված ուժերի տեսանյութը[3]։ Որոշ տվյալներով, Elbit Hermes 900 տեսակի 1 միավոր անօդաչուն գնահատվում է մինչև $30 մլն[4]․ ի դեպ նշվում էր, որ Elbit Hermes 900 ԱԹՍ-ն իր պատմության ընթացքում խոցվում է առաջին անգամ[5]:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ անդրադարձ եղավ միջազգային ու տարածաշրջանային մամուլում, հնչեցին քաղաքական ու փորձագիտական գնահատականներ։ Հետաքրքիր էր պարզել՝ լուսաբանվե՞լ է արդյոք այս խնդիրը իսրայելական մամուլում ու փորձագիտական դաշտում։ Հարցի լուսաբանումը նախևառաջ կարևոր էր այն առումով, որ պատմության մեջ առաջին անգամ վերջին սերնդի տեխնոլոգիական լուծումներով իսրայելական արտադրության ԱԹՍ-երը, որոնք վայելում են համաշխարհային մեծ հեղինակություն, խոցվում են այդ ծավալով։

Այստեղ իհարկե, երկու կարևոր հանգամանք կա, որը թերևս չէր կարող չանհանգստացնել Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ նախ՝ այդ ԱԹՍ-երի խոցումը, ինչպես նաև դրանցից որոշների անվնաս ձեռքբերումը խնդրահարույց է իսրայելական գաղտնի տեխնոլոգիաների հասանելիության առումով։ Երկրորդ՝ իսրայելական արտադրության թանկարժեք ԱԹՍ-երի՝ նման ծավալով խոցման իրողությունը թերևս լուրջ հարված է Իսրայելի ռազմարդյունաբերության միջազգային հեղինակությանը, ինչը չի կարող չանհանգստացնել Իսրայելի ղեկավարությանը։

Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ հայ-ադրբեջանական ռազմական բախումների վերաբերյալ իսրայելական մամուլում, քաղաքական-հասարակական հանրությունում արձագանքները շատ չեն։ Այնուհանդերձ, եղած արձագանքներից ու գնահատականներից կարող ենք ասել, որ դրանցում ավելի շատ նկատվում էր դժգոհություն՝ հասցեագրված Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ պայմանավորված իսրայելական արտադրության ԱԹՍ-երի խոցումով։ Մյուս կողմից, այդ գնահատականներում չի շրջանցվում Թուրքիայի գործոնը, որը ներկայացվում է  որպես հրահրող, ապակայունացնող գործոն։ Թերևս սխալ չենք լինի ասել, որ գնահատականներն ու հրապարակումները ուղղակի կամ անուղղակի թերևս արտացոլում են Իսրայելի կառավարական տրամադրությունները։

Հուլիսի 21-ին Jerusalem post պարբերականում հրապարակվեց Israel should rethink its relationship with Azerbaijan խորագրով հոդվածը։ Նախքան հոդվածի բովանդակությանն անրադառնալը, նշենք, որ պարբերականը, որի գլխավոր գրասենյակը Երուսաղեմում է, քանիցս աչքի է ընկել Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական, ռազմավարական համագործակցության համատեքստում հակահայկական տեսակետերով ու հրապարակումներով։ Հոդվածի հեղինակը Ալեքս Գալիցկին է (Alex Galitsky), ով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության գծով տնօրենն է։

Հեղինակը մասնավորապես նշում է, որ «Իսրայելի հետ Ադրբեջանի խորացող հարաբերությունները երկար ժամանակ հիմնվում էին այն սխալ կարծրատիպի վրա, թե Ադրբեջանը «հանդուրժողականության երկիր է»։ Իրականում Ադրբեջանը նավթադոլարների վրա հիմնված դիկտատուրա է, որը շուրջ կես դար ղեկավարվում է միևնույն ընտանիքի կողմից․․․։ Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի մտերիմ դաշնակից Ադրբեջանն ակտիվորեն ձգտում է բնաջնջել տարածաշրջանի հայությանը և նրանց հազարամյա քաղաքակրթության հետքերը։ Այս շաբաթվա ընթացքում Ադրբեջանն ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ՝ ծանր հրետանու և ԱԹՍ-երի օգնությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը։ Ադրբեջանում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ վանկարկելով «մահ Հայաստանին» և կոչ անելով պատերազմել Հայաստանի դեմ։ Այս տեսարանները, որոնք Ադրբեջանի կառավարության հայատյացության տասնամյակների քարոզչության արդյունք են, հիշեցնում են հարևան Իրանում դրսևորված կոշտ հակասեմականությունը»[6]։

Հեղինակն անդրադառնում է Իսրայելի հետ հարաբերություններում Ադրբեջանի դիրքորոշմանը, այդ թվում՝ Իսրայել-Իրան հակամարտության համատեքստում «չնայած սպառազինությունների պայմանագրերի, նավթի մատակարարման և Իրանի ուղղությամբ մոնիթորինիգի իրականացման շուրջ Իսրայելին հասցեագրված առաջարկներին, Ադրբեջանը տեղի է տալիս տարածաշրջանային ճնշումներին, երբ հարցը վերաբերում է Իսրայելին քաղաքական աջակցություն ցուցաբերելուն, մասնավորապես՝ ՄԱԿ-ում։ Ադրբեջանը, տարածաշրջանային ճնշումների ներքո հրաժարվել է դեսպանություն բացել Իսրայելում։ Մյուս կողմից, Հայաստանը հետևողականորեն շոշափելի քայլեր է իրականացնում Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցում, ինչպես օրինակ՝ Թել Ավիվում դեսպանության բացման հանձնառությունը։ Իսրայելում քաջատեղյակ են այն խնդիրներից, որոնց առերեսվում է Հայաստանը, և վաղուց արդեն պայքար է ընթանում Ադրբեջանի քարոզած ու պետական մակարդակով հովանավորվող ռասիզմի դեմ։ Ժամանակն է, որ Իսրայելը վերանայի հարաբերություններն Ադրբեջանի հետ»[7]։

Հուլիսի 22-ին Jerusalem post-ում հրապարակվեց ևս մեկ հոդված՝ նվիրված հայ-ադրբեջանական վերջին ռազմական բախումներին։ «Ադրբեջանի անօդաչուների զինանոցում Իսրայելը հեղափոխություն է կատարել» խորագրով հոդվածում հեղինակ Սեթ Ֆրանցմանը (Seth J. Frantzman) հարցականի տակ է դնում Ադրբեջանի կողմից կիրառած իսրայելական արտադրության ԱԹՍ-երի՝ հայկական կողմի խոցման հավաստիությունը։

Հոդվածում մասնավորապես ասվում է «Հայաստանը ցուցահանդես էր կազմակերպել, որը նվիրված էր ԱԹՍ-երի այն կտորներին, որոնք, ինչպես ասում է Հայաստանը, խոցել կամ անվնաս ձեռք է բերել Ադրբեջանի հետ վերջին բախումների ժամանակ։ Կտորների թվում էին բազմաթիվ ԱԹՍ-եր, որոնցից շատերը սոցիալական ցանցերի օգտատերերը նույնականացնում են իսրայելականի հետ։ Անօդաչուները կարևոր դեր են խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումներում։ Դրանք Ադրբեջանի կողմից օգտագործվել են հայկական դիրքերը թիրախավորելու համար։ Սակայն ԱԹՍ-երի և պաշտպանական ընկերությունների արտահանման ստվերային աշխարհում դժվար խնդիր է որոշել՝ դրանք որտեղից են հայտնվել և քանիսն են խոցվել: Հուլիսի 21-ին Հայաստանի ոչնչացրած ադրբեջանական անօդաչուների ցուցադրումը ազդանշան է Բաքվին և Իսրայելին, որ դրանք շարունակում են կործանվել․ համենայնդեպս, այդպես երևում է առաջին հայացքից։ Լուսանկարները, կարծես, ցույց են տալիս, որ մի քանի ԱԹՍ-եր առգրավվել են անվնաս, նաև հայտնաբերվել են դրանց բազմաթիվ բեկորներ։ ...Անօդաչուները կործանվում են բազմաթիվ պատճառներով, և կամիկաձեները պետք է կործանվեն որպես իրենց նպատակների հաջորդականության մաս: Նրանք նույնիսկ կարող են վերաուղղվել վերջին րոպեին, եթե թիրախը ինչ-ինչ պատճառներով փոխվում է: Դրանք շարքից դուրս են գալիս նաև այլ պատճառներով, ինչպիսիք են կապի կորուստը։ Թեև գոյություն ունեն ԱԹՍ-եր որսալու տարբեր համակարգեր, պարզ չէ՝ արդյոք կա՞ն այդ համակարգերը Հայաստանում։ ․․․Քանի որ Իսրայելի իշխանությունները և ընկերությունները չեն մեկնաբանում Ադրբեջանի կողմից իսրայելական ԱԹՍ-երի ենթադրյալ օգտագործումը, դժվար է ինչ-որ թափանցիկությամբ դատել, թե որքան արդյունավետ է Բաքուն օգտագործել ԱԹՍ-երը, իսկ Հայաստանն արդյունավետ խոցել դրանք»[8],[9]։

Ենթադրում ենք, որ Jerusalem Post պարբերականում տպագրված իրարամերժ հոդվածները թերևս տեղեկատվական դաշտում հայ-ադրբեջանական դիմակայության դրվագներից է։ 

Գործողությունների կապակցությամբ Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը նշում էր․ «Այս օրերին շատ խոսվեց Ադրբեջանի ղեկավարության՝ Հայաստանի հետ սահմանային իրավիճակը սրելու հերթական փորձի մասին։ Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ բախումները տեղի էին ունենում հայ-ադրբեջանական սահմանին, Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռու։ Այսինքն՝ բոլորն ականատես եղան մի պետության կողմից մեկ այլ պետության նկատմամբ ագրեսիայի փորձին։ ․․․Արտասահմանյան պարբերականներից շատերը գրում են, որ հենց Ադրբեջանի զինված ուժերն են փորձել ներխուժել Հայաստանի տարածք, սակայն կոշտ դիմադրության են հանդիպել։ Ի դեպ, անհրաժեշտ է նկատել, որ միայն Թուրքիան է բացահայտ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի գործողություններին։ ․․․Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությամբ, Թուրքիան և նրա բանակը պատրաստ են մինչև վերջ աջակցել Ադրբեջանին Հայաստանի դեմ պայքարում․․․։ Հետաքրքիր է, նման հայտարարություններից հետո ինչպես կարող է Անկարան մասնակցել հայ-ադրբեջանական դիմակայության լուծման հարցում տարբեր միջազգային խմբերում որպես չեզոք կողմ»[10]։

Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսքինը Ալիևի սադրիչ գործողությունները պայմանավորում է Թուրքիայի նեոօսմանյան հավակնություններով․ «Վերջին տարիներին մենք ականատես ենք Թուրքիայում ռևանշիստական տրամադրությունների խորացմանը․․․: Անկարան փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Ադրբեջանում: Թուրքիան Ադրբեջանը դիտարկում է որպես ապագայում իր սեփական տարածք․ դրանով են պայմանավորված նաև Թուրքիայի գործողությունները Հայաստանի ուղղությամբ»[11]:

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրում էր․ «Այսօր Ռուսաստանի, Հայաստանի և Եվրոպայի բոլոր առաջատար ԶԼՄ-երը գրում են, որ Հայաստանում, օտարերկրյա դիվանագետների ու լրագրողների ներկայությամբ ցուցադրվեցին իսրայելական արտադրության տասնյակից ավել անօդաչուների մնացորդները, որոնք խոցվել են նախորդ շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանին հակամարտության ընթացքում։ Իսրայելի ռազմարդյունաբերությունը չէր տեսել նման խայտառակություն պատմության ողջ ընթացքում և դա համեմատելի է, ըստ իս, արաբա-իսրայելական պատերազմների ընթացքում արաբական երկրների բանակների տոտալ ջախջախման հետ, երբ Եգիպտոսն ու Սիրիան, ունենալով խորհրդային ժամանակակից տեխնիկայի խոշոր առավելություն, ձախողեցին բոլոր ռազմարշավները՝ ամբողջությամբ վարկաբեկելով իրենց դաշնակից ԽՍՀՄ-ին ու վերջինիս ռազմական տեխնիկան, որը համարվում էր աշխարհում լավագույններից մեկը․ այսօր Իսրայելն ինքը հայտնվեց ԽՍՀՄ-ի իրավիճակում։ Արդյունքում իսրայելական զենքի հեղինակությունը ընկել է․․․»։ Բլոգեր Լապշինը նշում էր նաև, որ Իսրայելից մասնագետներ են հրավիրվել Ադրբեջան՝ բացատրելու, թե ինչպես են հայկական ուժերը խոցում ԱԹՍ-ները[12]։

Կ արծում ենք, որ իսրայելական արտադրության ԱԹՍ-երի խոցման թեման շարունակելու է մնալ օրակարգում։ Չի բացառվում, որ հուլիսյան լարվածության օրերին դրանց խոցման հանգամանքը բացասական ազդեցություն ունենա Ադրբեջանին իսրայելական արտադրության անօդաչուների հետագա մատակարարումների վրա։ Ուշագրավ է նաև, որ ռազմական գործողություններից կես ամիս առաջ Ադրբեջանը Թուրքիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց թուրքական արտադրության ժամանակակից  Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ-երի մատակարարման վերաբերյալ[13], ընդ որում՝ ռազմական գործողությունների ընթացքում լուրեր շրջանառվեցին թուրքական ԱԹՍ-երի առաջին խմբաքանակի մատակարարման մասին։


[1] https://www.azatutyun.am/a/30173150.html

[2] http://www.mil.am/hy/news/8121

[3] http://www.mil.am/hy/news/8085

[4]http://realtribune.ru/news/news/4673?fbclid

[5] https://artsakh.news/am/news/183859

[6] https://www.jpost.com/opinion/azerbaijan

[7] https://www.jpost.com/opinion/azerbaijan

[8] https://www.jpost.com/jpost-tech/israel

[9] http://www.aniarc.am/2020/07/22/jerusalem

[10] http://realtribune.ru/news/news/4679

[11] https://www.aravot.am/2020/06/15/1117799/

[12] https://www.azatutyun.am/a/30736000.html

[13] https://www.defensenews.com/unmanned/