Անկարայի սիրիական անվտանգության գոտին

3 ր.   |  2019-10-22

Մ իջազգային հանրության լուռ համաձայնությունը Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողություններ նախաձեռնելու հարցում սպասելի էր։ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցում թուրք-ամերիկյան բանակցությունների ձախողման ֆոնին Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու Թրամփի հայտարարությունից հետ գրեթե կասկած չկար, որ կողմերը եկել են իրավիճակային փոխհամաձայնության Սիրիայի քրդերի հարցում։

Տարբեր փորձագիտական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում էր այն մոտեցումը, թե Վաշինգտոնը չէր կարող հենց այնպես թողնել Սիրիայի քրդական հարցը և որ սա ծուղակ էր Էրդողանի համար։ Նման փորձագիտական գնահատականները պայմանավորված են թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությամբ։ Իրավիճակի հետագա զարգացումները, սակայն, այլ բան ցույց տվեցին։

Կարճ ժամանակ անց նախագահ Թրամփը հայտարարեց Սիրիայում Էրդողանի ռազմական գործողություններին ի պատասխան, Թուրքիայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներ սահմանելու մասին[1]։

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Թուրքիայի պաշտպանության ու էներգետիկայի նախարարությունները[2]։ Տարբեր աղբյուրների փոխանցմամբ, հոկտեմբերի 16-ին ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Մանբիջ ու Քոբանի շրջաններից[3], ինչին հաջորդեց այս ուղղություններով Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացումը: Շուտով շրջաններն ամբողջությամբ անցան Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ, իսկ արվարձաններում պարեկություն էին անում ՌԴ ռազմական ոստիկանության ծառայողները[4]։

Նշյալ ուղղություններով Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացմամբ տեղաբնակ քրդերին այլ բան չէր մնում, քան համաձայնության գալ Ասադի հետ, և քրդերը գնացին փոխզիջման նախագահ Ասադի հետ՝ խուսափելով Էրդողանի բնաջնջման ու տեղահանման սպառնալիքից[5]։

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայում կայացած Էրդողան-Փենս հանդիպման արդյունքում կողմերը կարողացան պայմանավորվածություն ձեռք բերել Սիրիայի տարածքում Անկարայի ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ[6],[7],[8]։ Նախագահ Թրամփը համաձայնությունը որակեց որպես «մեծ օր քաղաքակրթության համար»[9]։

            Ամերիկյան պատվիրակության կազմում էին նաև պետքարտուղար Փոմփեոն, Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռ. Օ'Բրայենը, Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջ. Ջեֆրին։

Ձեռքբերված համաձայնությամբ, Թուրքիան դադարեցնում էր ռազմական գործողությունները, որպեսզի քրդերը 120 ժամում կարողանան դուրս գալ անվտանգության  գոտուց[10]։ Փենսի խոսքերով, քրդական ուժերը դուրս կբերվեն Թուրքիայի ու Սիրիայի սահմանից հարավ ընկած սահմանի շուրջ 30 կմ երկայնքով ձգվող շրջանները, որից հետո Թուրքիան ամբողջությամբ կդադարեցնի ռազմական գործողությունները։

Ի պատասխան Անկարայի ռազմական գործողությունները դադարեցնելու որոշման, Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնում չեղարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները։ Թրամփը հայտարարեց, որ «Էրդողանը ճիշտ վարվեց, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներն այլևս անհրաժեշտություն չեն»[11]։

Էրդողանի անվտանգության գոտին այլևս իրողություն է։ Անվտանգության գոտին առայժմ գտնվում է Անկարայի միանձնյա վերահսկողության ներքո, ինչին մինչ վերջերս դեմ էր Վաշինգտոնը։  


[1] https://www.whitehouse.gov/briefings-statements

[2] https://russian.rt.com/world/article/677171

[3] https://riafan.ru/1219972-siriya-itogi

[4] https://riafan.ru/1219972-siriya-itogi-za-sutk

[5] https://foreignpolicy.com/2019/10/13

[6] https://www.youtube.com/watch?v=ZkgfGi5G9yA

[7] https://www.msnbc.com/hallie-jackson/

[8] https://www.whitehouse.gov/briefings

[9] https://twitter.com/realDonaldTrump/status

[10] https://www.youtube.com/watch?v=lzKO78wei_s

[11] https://www.youtube.com/watch?v=5ReNHUY8Tns