Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նվիրված քննարկում
2 ր. | 2025-12-15Դեկտեմբերի 10-ին Բուդապեշտում տեղի է ունեցել «Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը․ սառեցված հակամարտությունից դեպի «թեժ խաղաղություն» խորագրով քննարկում, որը կազմակերպել էր Հունգարիայի Արտաքին հարաբերությունների ինստիտուտը (Hungarian Institute of International Affairs - HIIA)։

«Օրբելի» կենտրոնը ներկայացնում էր ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանը։ Քննարկմանը մասնակցել են նաև տարածաշրջանային փորձագետներ Ռուսիֆ Հուսեյնովը (Rusif Huseynov), Պետեր Կրանիցը (Péter Pál Kránitz) և Սանդոր Շերեմետը (Sándor Seremet), որը վարում էր HIIA-ի հրավիրյալ փորձագետ Մարիամ Քեբաբձեն (Mariam Kebabdze)։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ–ադրբեջանական բանակցային գործընթացի ներկա փուլին, այն գործոններին, որոնք ձևավորում են գործընթացը, ինչպես նաև քաղաքական և անվտանգային խոչընդոտներին, որոնք շարունակում են ազդել տարածաշրջանային միջավայրի վրա։ Մասնակիցները քննարկել են 2025 թ. օգոստոսյան հայտարարության լույսի ներքո խաղաղ գործընթացի հեռանկարները, վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման հետաձգման պատճառները, ինչպես նաև կողմերի առջև ծառացած հիմնական մարտահրավերները։

Առանձին ուշադրություն է դարձվել տարածաշրջանային նոր նախաձեռնություններին, այդ թվում՝ «Թրամփի երթուղուն» (TRIPP), Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացման տրամաբանությանը, ինչպես նաև արտաքին դերակատարների, մասնավորապես՝ Ռուսաստանի դերի փոփոխությանը Հարավային Կովկասում։
Այցի շրջանակում Ջոնի Մելիքյանը հանդիպել է նաև HIIA-ի ռազմավարական տնօրեն Պետեր Տամաշ Բարանյիի (Péter Tamás Baranyi) հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Օրբելի» կենտրոնի և Հունգարիայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի միջև համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները և 2026 թ.-ին փորձագիտական փոխգործակցության հեռանկարները։
Քննարկումը ևս մեկ անգամ ընդգծեց նման հարթակների կարևորությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և երկարաժամկետ համագործակցության հնարավորությունների շուրջ մասնագիտական և խորքային երկխոսության համար։