Հայ-չինական համագործակցության հեռանկարները

2 ր.   |  2025-11-27
Օրբելի կենտրոնի փորձագետ Էդվարդ Բերուջանյանը մասնակցել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջազգային գիտաժողովին

Ս․թ․ նոյեմբերի 18-19-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի (CASS–IREECAS) կազմակերպած ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ զարգացում․ հայեցակարգեր և գործողություններ» խորագրով միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովին մասնակցել են Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և այլ երկրների պետական կառույցների, ակադեմիական հաստատությունների, հետազոտական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդվարդ Բերուջանյանը մասնակցել է գիտաժողովին IREECAS–ի պաշտոնական հրավերով և հանդես է եկել «Հարավային Կովկասը որպես համագործակցության կամուրջ. Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի համատեքստում» թեմայով զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նշանակությունը, ինչպես նաև Հայաստան–Չինաստան համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ելույթում ներկայացվել է, որ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը ձևավորում է միջազգային համագործակցության նոր մոդել՝ հիմնված փոխշահավետության և փոխկապակցվածության վրա, իսկ այդ համատեքստում Հայաստանը և ամբողջ Հարավային Կովկասը կարող են հանդես գալ որպես Ասիան, Եվրոպան և Մերձավոր Արևելքը միացնող առանցքային հանգույցներից մեկը։

Գիտաժողովի ընթացքում ընդգծվել է Եվրասիական տարածաշրջանում փոխկապակցվածության խորացման կարևորությունը, լոգիստիկ և ենթակառուցվածքային նախագծերի համադրման անհրաժեշտությունը, ինչպես նաև համագործակցության նոր ձևաչափերի ձևավորումը։ Մասնակիցները նշել են, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության որակյալ զարգացումը պահանջում է ընդգրկուն գործընկերություն, փորձի փոխանակում և գիտական-վերլուծական ներուժի ակտիվ ներգրավում։

Գիտաժողովի շրջանակում անցկացվել են թեմատիկ պանելային քննարկումներ և մասնագիտական շփումներ։