Ամփոփվեց «Օրբելի Ֆորում 2025»-ի երկրորդ օրը

2 ր.   |  2025-11-07

Նոյեմբերի 5-ին շարունակվեց «Օրբելի Ֆորում 2025»-ը՝ ներգրավելով ավելի քան 15 երկրից փորձագետների և պետական գործիչների։ Օրվա հատուկ հյուրը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էր, ով անդրադարձավ Հայաստանի դերին՝ որպես տարածաշրջանային համագործակցության և փոխկապակցվածության առանցքի։



Օրվա առաջին քննարկումը կրում էր՝ «Հաղորդակցության ուղիները որպես տարածաշրջանային և միջազգային համագործակցության շարժիչ ուժ» խորագիրը։ Քննարկվեցին Կովկասի՝ որպես Եվրոպան և Ասիան միավորող ռազմավարական հանգույցի հնարավորություններն, ինչպես նաև երկաթուղային, ծովային և ցամաքային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։ Քննարկմանը մասնակցեցին փորձագետներ Հայաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից և Ղազախստանից:



Երկրորդ քննարկմանն իրենց տեսակետները ներկայացրին ԱՄԷ-ի, Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի մասնակիցները՝ անդրադառնալով միջազգային կապերի նոր ձևաչափերին և տարածաշրջանային հաղորդակցության ընդլայնման հնարավորություններին։



Օրվա երկրորդ կեսին ուշադրության կենտրոնում էր «Հարավային Կովկասի համագործակցության հեռանկարները ԵՄ-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ» խորագրով քննարկումը, որի ընթացքում շեշտվեց Արևելյան գործընկերության դերը, ինչպես նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակում տնտեսական կապերի ամրապնդման ուղիները։ Նիստին մասնակցեցին փորձագետներ Իտալիայից, Հունգարիայից, Իրանից, Ֆրանսիայից և Հայաստանից։



Օրվա եզրափակիչ՝ «ԶԼՄ-ների և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը փոփոխվող աշխարհակարգում» խորագրով պանելում անդրադարձ կատարվեց թվային դարաշրջանի մարտահրավերներին, մեդիայի վրա ապատեղեկատվության և արհեստական բանականության ազդեցությանը։ 



Միջոցառումն ամփոփվեց հարցուպատասխանով, և եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Օրբելի վերլուծական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը: