Ամփոփվեց «Օրբելի ֆորում 2025» համաժողովի առաջին օրը
3 ր. | 2025-11-04Ամփոփվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի ֆորում 2025» համաժողովի առաջին օրը։

Ֆորումը կայանում է Հարավային Կովկասում ձևավորված նոր իրավիճակի պայմաններում՝ հաշվի առնելով օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստան–ԱՄՆ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Միջոցառման հիմնական նպատակը տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումն է, հաղորդակցման ուղիների և ենթակառուցվածքների զարգացման խթանումը, ինչպես նաև նոր համագործակցության ձևաչափերի ձևավորումը։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Վերջինս ուրախությամբ փաստել է, որ խաղաղության գործընթացը ոչ միայն գաղափարական է, այլև արդեն ձեռք է բերում գործնական արդյունքներ:

«Միայն այն փաստը, որ այսօր այս հարթակի շրջանակներում այստեղ են գտնվում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինքնին խոսուն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը նշել է, որ խաղաղաշինության գործընթացքում կարևոր է այսպիսի միջոցառումների կազմակերպումը՝ մասնագիտական և փորձագիտական տիրույթի ներկայացուցիչների ներգրավմամբ։

Հիմնական բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խորագիրն ամբողջությամբ արտահայտում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և կառավարող մեծամասնության աշխատանքային օրակարգը: Վարչապետը խոսել է 2024 թվականին Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանի միջև ստորագրված սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին և արձանագրել, որ ըստ էության, այն երկու երկրների միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է, որը դե յուրե իրավական ուժ ունի Հայաստանում և Ադրբեջանում:

Առաջին օրվա պանելների ընթացքում մասնակիցները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացը, տնտեսական փոխկապակցվածության զարգացումը, ինչպես նաև նոր տարածաշրջանային հնարավորությունների ձևավորումը։

Օրվա երկրորդ մասում քննարկվել են տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացման հարցեր՝ ընդգծելով Ասիայի, Մերձավոր Արևելքի և ԵՄ երկրների աճող դերակատարությունը Հարավային Կովկասի կայունության և տնտեսական զարգացման գործում։

Բանախոսները նշել են նաև, որ համաժողովը կարևոր հարթակ է տարածաշրջանային և միջազգային երկխոսության համար:

«Օրբելի ֆորում 2025»-ը կշարունակվի նոյեմբերի 5-ին՝ անդրադառնալով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ենթակառուցվածքային կապերի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիայի ազդեցությանը:




