ՀԿՏԿ պատվիրակությունը մասնակցել է ՇՀԿ մեդիա և վերլուծական կենտրոնների գագաթնաժողովին
1 ր. | 2025-07-262025 թ. հուլիսի 23-27-ը Չինաստանի Յանչժոու քաղաքում (Հենան նահանգ) անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մեդիա և վերլուծական կենտրոնների միջազգային գագաթնաժողովը՝ «Համագործակցություն հանուն ընդհանուր զարգացման» խորագրով։

Գագաթնաժողովին մասնակցում են ՇՀԿ անդամ պետությունների, դիտորդ երկրների և գործընկերների ավելի քան 400 պատվիրակներ՝ ներկայացնելով շուրջ 200 զանգվածային լրատվական միջոցներ, վերլուծական կենտրոններ, պետական մարմիններ, դեսպանություններ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը մասնակցում է գագաթնաժողովին՝ Չինաստանի Սինխուա պետական լրատվական գործակալության հրավերով։

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Չինաստանի առաջատար լրատվամիջոցների, ուղեղային կենտրոնների, ինչպես նաև միջազգային վերլուծական և մեդիա կառույցների ղեկավարների հետ։

Գագաթնաժողովի պաշտոնական օրակարգին զուգահեռ տեղի են ունեցել նաև այցեր չինական գիտական, մշակութային կենտրոններ, առաջատար արտադրական ձեռնարկություններ և պատմամշակութային ժառանգության օբյեկտներ։