Օրբելի կենտրոնը հյուրընկալել է Շանհայի Հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությանը

2 ր.   |  2025-06-26

Հ այաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը (ՀԿՏԿ) և Օրբելի վերլուծական կենտրոնը հյուրընկալեցին Շանհայի Հասարակական գիտությունների ակադեմիայի (ՇՀԳԱ) պատվիրակությանը՝ կլոր սեղան -  փորձագիտական քննարկման և մտքերի փոխանակման նպատակով։

ՀԿՏԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը պաշտոնապես ողջունեց հյուրերին՝ ընդգծելով Հայաստանի շահագրգռվածությունը՝ ընդլայնելու ակադեմիական և վերլուծական համագործակցությունը Չինաստանի հետազոտական հաստատությունների հետ, հատկապես թվային զարգացման և տարածաշրջանային ուսումնասիրությունների ոլորտներում։

ՇՀԳԱ պատվիրակության կազմում էին՝ 

- ՇՀԳԱ Տեղեկատվական գիտությունների ինստիտուտի տնօրեն Վեյ Լյուն,
- ՇՀԳԱ Տեղեկատվական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն Բոտաո Դինը, 
- ՇՀԳԱ Տեղեկատվական գիտությունների ինստիտուտի ՄԱԿ-ի ծրագրի գրասենյակի գործադիր տնօրեն Ջիաջիա Հոուն, 
- ՇՀԳԱ Տեղեկատվական գիտությունների ինստիտուտի Տվյալների կենտրոնի խմբագիր տիկին Չեն Սոնգը: 

Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձան Չինաստանի ռազմավարական մոտեցմանը Հարավային Կովկասի նկատմամբ, թվային տնտեսության և խելացի կառավարման նորարարություններին, արհեստական բանականության կիրառությանը, նորարարական էկոհամակարգերի զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև տեխնոլոգիական և ակադեմիական համագործակցության հնարավոր ուղիներին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին սկսել ինստիտուցիոնալ համագործակցություն՝ հիմնված տեղեկատվության փոխանակման և համատեղ հետազոտական նախագծերի վրա։ Կողմերը կարևորեցին շարունակական երկխոսությունը՝ տարածաշրջանային և տեխնոլոգիական կարևորության հարցերի շուրջ երկարաժամկետ փոխընմբռնման և գործընկերության խորացման համար։

Օրբելի կենտրոնը ողջունում է ՇՀԳԱ-ի հետ այս խոստումնալից գործընկերությունը և ակնկալում է ապագայում հանդես գալ համատեղ նախաձեռնություններով` ուղղված Հայաստան–Չինաստան փորձագիտական ներգրավվածության խորացմանը։