Հայաստան-Հնդկաստան փորձագիտական հանդիպում «Սինդուր» գործողության վերաբերյալ
2 ր. | 2025-05-16Մ այիսի 16-ին «Օրբելի» վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ փակ առցանց քննարկում հնդիկ աշխարհաքաղաքական վերլուծաբաններ Աբհինավ Պանդյայի (Ուսանաս հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն) և Ջեյսոն Վահլանգի (հետազող-վերլուծաբան, Մանոհար Պարրիկարի պաշտպանական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտ (MP-IDSA)) հետ՝ «Հնդկաստանի պայքարը ահաբեկչության դեմ. «Սինդուր» գործողությունը, Պակիստանի արձագանքը և տարածաշրջանային խաղաղության ապագան» թեմայով։
Հայկական կողմը ցավակցություններ հայտնեց՝ վերջերս Փահալգամի ահաբեկչական հարձակման և «Սինդուր» գործողության հետևանքով զոհերի կապակցությամբ, ինչպես նաև խստորեն դատապարտեց քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Հայ փորձագետները վերահաստատեցին երկխոսության, հրադադարի համաձայնագրերի հարգման և միջազգային իրավունքի պահպանման կարևորությունը՝ որպես կայուն խաղաղության և անվտանգության կարևոր բաղադրիչներ, արժեքներ, որոնք Հայաստանը պահպանում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային համատեքստերում։

Հնդկական կողմը ողջունեց Հայաստանի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը և ընդգծեց երկու երկրների միջև աճող փոխըմբռնումը ահաբեկչության դեմ պայքարի և պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերում։
Քննարկվեցին «Սինդուր» հակաահաբեկչական գործողության համատեքստը և դրդապատճառները, դրա կապը Հնդկաստանի ներկայիս անվտանգության մոտեցման հետ, ինչպես նաև դրա դերը Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների ավելի լայն դինամիկայում: Քննարկման ընթացքում նաև անդրադարձ եղավ այնպիսի հիմնական թեմաների, ինչպիսիք են երկխոսության հեռանկարները, Հնդկաստանի անվտանգության դոկտրինների զարգացումը և այն դերը, որը Հայաստանը և այլ տարածաշրջանային դերակատարներ կարող են խաղալ լարվածության թուլացման, խաղաղության կառուցման և երկարաժամկետ համագործակցության խթանման գործում:
Հատուկ ուշադրություն դարձվեց Պակիստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորված ռազմավարական համագործակցությանը և դրա ազդեցությանը տարածաշրջանային հավասարակշռության վրա։ Այս համատեքստում մասնակիցները փաստեցին հայ-հնդկական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Քննարկումը եզրափակվեց կողմերի միջև փոխըմբռնման հաստատմամբ՝ շարունակական մասնագիտական շփումների կարևորության շուրջ։ Երկու կողմերն էլ ցանկություն հայտնեցին ինստիտուցիոնալացնել նման երկխոսությունները՝ նպաստելով երկարաժամկետ վստահության և փոխըմբռնման ձևավորմանը։