Հանդիպում Իրանական պատվիրակության հետ
2 ր. | 2024-01-30Հ ունվարի 30-ին «Օրբելի» վերլուծական կենտրոնում կայացել է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել են նաև հայկական փորձագիտական հանրության մի շարք ներկայացուցիչներ։ Իրանական պատվիրակության կազմում էին նաև ԻԻՀ Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Աբբաս Արաղչին և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Անդրադառնալով Իրանի և Հայաստանի պատմական ու բարեկամական հարաբերություններին՝ ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին իր ելույթում ընդգծել է այդ հարաբերություններն ընդլայնելու Իրանի իսլամական հանրապետության վճռականությունը։ Նա իր խոսքում ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է այս տարածաշրջանի բոլոր երկրների անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, իսկ աշխարհագրական սահմանների փոփոխությունն Իրանի համար անընդունելի է։ Նա ընդգծել է նաև, որ իրանական կողմը աջակցում է ՀՀ Կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Միաժամանակ, նրա կողմից հաստատվել է, որ Իրանը, որպես հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք հաղորդակցային ուղիներն իրար կապող առանցք, պատրաստ է իր տնտեսական և գիտական կարողությունները ներդնել այս տարածաշրջանի զարգացման ու առաջընթացի գործում։
Հանդիպման վերջում պարոն Խարազին պատասխանեց հայ փորձագետների կողմից տրված հարցերին։