Կայացավ հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված Աշխատաժողով

3 ր.   |  2022-12-21

Ա յսօր Մատենադարանում Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով կայացավ «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողովը:


Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Լիլիթ Սարգսյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակութային կցորդ Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային: Միջոցառման ծրագիրը վարեց Օրբելի կենտրոնի ղեկավար Միքայել Յալանուզյանը:





ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր ողջույնի խոսքում նշեց, որ 2022 թվականի ընթացքում սերտ կապեր են ստեղծվել ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական կենտրոնի և իրանական կողմի միջև: Դեսպանն ընդգծեց երկու երկրների ընդհանուր պատմական ժառանգությանը, կրոնական վայրերին, հատկապես Երևանում Կապույտ մզկիթի և Իրանում հայկական եկեղեցիների պահպանության կարևորությունը, իրանագիտական կենտրոնների դերակատարությունը երկու կողմերի՝ միմյանց ավելի լավ ճանաչելու հարցում: «Կարևոր է, որ իրանցիներն ու հայերը կարող են ներկայացնել Կապույտ մզկիթի կարգավիճակը և մահմեդականների՝ Հայաստանում իրենց կրոնական ծեսերի ազատությունը որպես Հայաստանում հանդուրժողականության խորհրդանիշ, իսկ մյուս կողմից օրինակելի է հայկական եկեղեցիների կարգավիճակը և այն կարևորությունը, որն Իրանի կառավարությունն ու ժողովուրդն են տալիս այդ հարցին»,- նշել է դեսպանը:



ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն էլ իր ելույթում նշեց, որ Հայաստանն ու Իրանն ունեն հարյուրավոր տարիների ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի պատմություն ու, չնայած տարբեր ժամանակներում վայրիվերումներին, կապերը կառուցված են եղել փոխադարձ հարգանքի ու մշակութային հանդուրժողականության վրա: Նա ընդգծեց, որ միջոցառումն անցնում է տարածաշրջանային լարված իրավիճակում և անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի փակման խնդրին, նա նշեց, որ այն գոյաբանական սպառնալիք է ստեղծել Արցախում ապրող տասնյակ հազարավոր մարդկանց համար. «Աննախադեպ այս քայլը առանձին իրավիճակային դրսևորում չէ. դա նախապես մշակված գործողություն է, որի նպատակը Արցախի հայերին իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից զրկելն է: Սա նախկինում տեղի ունեցած քաղաքական ու մշակութային հալածանքի հերթական դրսևորումն է, որը նոր տեսք է ստացել ու նոր մարտահրավերների առջև կանգնեցրել Արցախի հայությանը, սակայն մենք պետք է չհուսահատվենք ու շարունակենք առաջ նայել՝ փորձելով գտնել բարդ խնդիրների լուծումները»: