«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացումը
1 ր. | 2019-03-28
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում անդրադարձել է «think tank» հասկացության և գործառույթների սահմանման խնդրին. «Նման կենտրոններն իրենց մեջ ներառում են բազմաթիվ որակներ՝ վերլուծական, խորհրդատվական, հանրային կարծիք ձևավորելու, գիտահետազոտական, կրթական աշխատանք և այլն»։
ՀՀ Նախագահը, կարևորելով նախաձեռնությունը, նշել է. «Մի բան հստակ է՝ բոլոր այսպիսի կառույցները հաջող և ազդեցիկ են լինում, եթե մի քանի սկզբունք են պահում: Դրանցից մեկը նվիրվածությունն է ժողովրդավարությանը: Երկրորդը և երրորդը մտքի անկախությունն ու ազատությունն են»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համար կարևոր է մտավոր ներուժի համախմբումը։ «Դա է պատճառը, որ մենք կայացրել ենք որոշում՝ ստեղծել այսպիսի վերլուծական կենտրոն, որի խնդիրը շատ հստակ է ձևակերպվում. կենտրոնը պետք է ընդարձակի ընդհանուր մտավոր դաշտը, մտավոր տարածքը, գործողությունների դաշտը և տարածքը, որում գործում ենք մենք, որում գործում է ՀՀ կառավարությունը, որում գործում է ՀՀ իշխանությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, կարևորելով Հայաստանի փորձագիտական ներուժի հետ համագործակցության անհրաժեշտությունը, նշել է. «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի համագործակցության կամուրջներ ստեղծենք նմանատիպ այլ հանրային, մասնավոր կառույցների հետ»։