Գրադարանում. Հովհաննես Մովսիսյան
1 ր. | 2019-02-01Հովհաննես Մովսիսյանը Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը կեղծ լուրերի դեմ պայքարի լավագույն միջոց է համարում գրագետ լսարանի ձևավորումը:
Նրա կարծիքով՝ քաղաքական փոփոխությունները հանգեցրեցին վերնախավի փոփոխության, և բնական է, որ փոխվելու են նաև մեդիա ոլորտի խաղացողները: Եվ դրանով է պայմանավորված նաև մեդիա դաշտում ներդրումների ակտվիությունը:
«Հուսով եմ, որ այս փուլը կանցնենք առանց մեծ կորուստների»,- ասում է նա:
Կենտրոնը այժմ փորձում է ստեղծել միասնական տեղեկատվական դաշտ, որտեղ հավաքված ինֆորմացիայից կօգտվեն լրագրողները, մամուլի խոսնակները, տարբեր կազմակերպությունները:
«Մեր կենտրոնը իշխանությունների քարոզչական կառույցը չէ: Մեր նպատակը կառավարության քայլերը հանրությանը հասցնելն է»,- ասում է Հովհաննես Մովսիսյանը:
Կենտրոնը փորձում է կառավարության աշխատանքը դարձնել առավել թափանցիկ, իսկ գերատեսչությունների կայքերն ու սոցցանցերի էջերը բերել մի ստանդարտի:
Կենտրոնը ցանկանում է ստեղծել նաև «ուղեղների կենտրոն» (think tank) ու հայկական վերլուծական միտքը հասցնել աշխարհին: Այն կկոչվի «Օրբելի կենտրոն», և բացումը տեղի կունենա 2019-ի գարնանը:
Հովհաննես Մովսիսյանի կարծում է, որ մեդիային առնչվող օրենսդրական փոփոխությունները պետք է նախաձեռնի ոչ թե կառավարությունը, այլ հենց ԶԼՄ-ների հատվածը: