Սողացող օկուպացիա
7 ր. | 2022-04-16Ադրբեջանը շարունակում է խախտել Եռակողմ հայտարարությունը
2 022 թ. փետրվարի 5-ից սկսած նախորդ ամիսների համեմատ կտրուկ աճում են Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները: Մինչև փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել են հրաձգային զինատեսակներից խախտումներ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Որոշ դեպքերում հրաձգության հետևանքով վնասել է խաղաղ բնակիչներին պատկանող գույքը։
Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» սկսվելուց հետո մինչև մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի ակտիվ խախտումներ չեն գրանցվում, սակայն ադրբեջանական կողմը իրականացնում է ուժի սպառնալիքի կիրառմամբ հոգեբանական ճնշման գործողություններ։
Փետրվարի 24-ից սկսած ադրբեջանական զինուժը խախտումներին զուգահեռ բարձրախոսներով սկսում է պահանջել դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները և հեռանալ բնակավայրերից՝ պահանջը չիրականացնելու դեպքում սպառնալով ուժ կիրառել։
Հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվությունը կտրուկ աճում է մարտի 7-ից։ Այս ընթացքում փոխվում է նաև կիրառվող զինատեսակների տրամաչափը։ Մասնավոորապես մարտի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմն Արցախի տարբեր հատվածներում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արձակելով ընդհանուր 57 արկ:
Մարտի 10-ին Խրամորթ համայնքի ուղղությամբ արձակված արկի պայթյունից բեկորային վիրավորում է ստանում նույն համայնքի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը: Նույն ընթացքում զուգահեռաբար շարունակվում են խախտումները հրաձգային զինատեսակներց։ Ադրբեջանի զինուժը թիրախավորում է բնակելի տներ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Իրավիճակի լարմանը զուգահեռ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվում է գազամատակարարումը։
Գազատարը վնասվել էր Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում՝ Շուշիի մոտակայքում։ Ադրբեջանական կողմը մինչև մարտի 18-ը չի թույլատրում վերանորոգումը։
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության համաձայն՝ մարտի 18-ին Ադրբեջանը վերականգնում է գազատարը, սակայն գազամատակարարումը կրկին դադարեցվում է մարտի 20-ին։ Ըստ արցախյան աղբյուրների՝ ադրբեջանական կողմը գազատարը վերականգնելուց հետո խողովակի վրա տեղադրել է փական։ Այսպիսով՝ Ադրբեջանը փականի տեղադրմամբ լծակ է ստեղծում հետագայում Արցախի և Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
Փետրվարի վերջից սկսած շարունակաբար լարելով իրավիճակն Արցախում՝ մարտի վերջին Ադրբեջանը դիմում է մասշտաբային ագրեսիայի Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը։
Մարտի 24-ին ադրբեջանական ուժերը, հերթական անգամ խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գիծը, ներխուժում են ռուսաստանյան խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում գտնվող Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ, այդ թվում՝ Խրամորթ և Փառուխ գյուղերի միջև գտնվող Քարագլուխ բարձունք։
Չնայած այն փաստին, որ Արցախի Հանրապետության նշված տարածքները գտնվում են ՌԴ խաղաղապահական զորախմբի վերահսկողության գոտում՝ Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է իր զորքերը հետ քաշել օկուպացված տարածքներից։
Փառուխի օկուպացիան
Մ արտ 25-ին ադրբեջանական ուժերը Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զինատեսակներ և հարվածային ԱԹՍ-ներ (Bayraktar TB-2)։ Ըստ Արցախի ՊԲ հաղորդած տեղեկատվության՝ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում զոհվում է ՊԲ 3 և վիրավորվում 14 զինծառայող։ Ըստ մարտի 25-ի Արցախի ՊԲ հաղորդագրության՝ մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանն ունեցել առնվազն 5 կորուստ։ Ադրբեջանական կողմը կորուստների վերաբերյալ որևէ հաղորդագրություն չի տարածել։
Մարտի 26-ին տարածած հաղորդագրություններում ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն ընդգծում են, որ Ադրբեջանական կողմը խախտել է եռակողմ պայմանավորվածությունը և ներխուժել խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի [1,2]։
Պատասխանելով հայտարարություններին՝ Ադրբեջանի ՊՆ-ն դրանք որակում է որպես «կողմնակալ» և «իրականությանը չհամապատասխանող»։
Մարտի 27-ին տարածած նոր հաղորդագրությամբ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը հետ են քաշվել Փառուխ գյուղի տարածքից։ Հարկ է նշել, որ չնայած ՌԴ խաղաղապահ զորախմբի ուժերը տեղակայվել են գյուղի բնակելի հատվածում, Ադրբեջանը զորակազմի պահանջն ամբողջությամբ չի կատարել և զորքերը հետ չի քաշել գյուղին հարակից դիրքերից։
Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը հայտարարել է, որ Փառուխ գյուղ և հարակից շրջաններ Ադրբեջանը ներխուժել է զորքերի հայելային հետքաշման պայմանավորվածությունը խախտելու արդյունքում։ Մասնավորապես նշվել է, որ Ադրբեջանի և Արցախի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածոություն՝ զորքերը հետ քաշել Փառուխ-Խրամորթ հատվածում։ Սակայն, որոշ դիրքերից ՊԲ զինծառայողների դուրս գալուց հետո, Ադրբեջանը, խախտելով շփման գիծը, օկուպացրել է այդ հատվածում գտնվող մի քանի դիրք և ներխուժել Փառուխ։
Ապրիլի 5-ին ադրբեջանական իշխանական, քարոզչական կայքերից մեկը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են այն դիրքերը, որոնք, փաստացի, գրավել են ադրբեջանական ուժերը։ Հոլովակում երևացող վայրերի տեղորոշման արդյունքում պարզվել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է տեղակայված մնալ գյուղի հարակից մի քանի դիրքերում և Խրամորթ ու Փառուխ գյուղերի միջև ընկած հատվածում՝ Քարագլուխ բարձունքի առնվազն մի հատվածի վրա։
Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևն իր ելույթում, խոսելով Փառուխի դեպքերի մասին, նշել է, որ Փառուխի մոտ է գտնվում Խաչենի ջրամբարը և հայկական ռազմական դիրքերն այդ ջրամբարի օգտագործման համար «վտանգ էին ներկայացնում»։ Փաստացի Ադրբեջանի նախագահը հաստատում է, որ ադրբեջանական ԶՈւ գործողությունը նախապես պլանավորված և կազմակերպված էր։ Սա իր հերթին ցույց է տալիս, որ Ադրբեջանը հետագայում ևս կարող է ակտիվորեն խախտել 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը՝ իր խախտումները «բացատրելով» տարբեր խնդիրների և հարցերի «լուծմամբ»։
Այսպիսով, Ադրբեջանի գործողությունների արդյունքում Փառուխ գյուղի բնակիչները ստիպված են եղել լքել գյուղը՝ պայմանավորված այնտեղ ապրելու անհնարինությամբ։ Ադրբեջանի գործողությունների հետևանքով տեղահանվել է ավելի քան 400 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք, երեխաներ, տարեցներ։ Տեղահանված անձանց մի մասը բնակվում է հարազատների և բարեկամների բնակարաններում, մի մասին էլ ժամանակավոր կացարաններով ապահովել է Արցախի Հանրապետության կառավարությունը։
Գրավված բարձունքներից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ասկերանի շրջանի մի քանի այլ բնակավայր ևս։ Քարագլուխ բարձունքից նշանառության տակ է հայտնվել բարձունքի մոտ գտնվող Խրամորթ գյուղը, որտեղի բնակչութան մի մասը ևս տարհանվել է անվտանգության նկատառունմերից ելնելով։
Տեղեկատվական արշավ ռուս խաղաղապահների դեմ
2 022թ. մարտի երկրորդ շաբաթից ադրբեջանական լրատվական դաշտում, այդ թվում՝ իշխանական մամուլում, ակտիվացել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբին և մասնավորապես, զորախմբի հրամանատարին թիրախավորող նյութերի հրապարակումը։
Արցախում, հատկապես Խրամորթի ուղղությամբ հրադադարի խախտումներին զուգահեռ ադրբեջանական մեդիադաշտը արշավ սկսեց ռուս խաղաղապահների և Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ա. Վոլկովի դեմ:
Արցախում խաղաղապահների և անձամբ զորախմբի հրամանատար Վոլկովի դեմ ընդգծված հրապարակումներն ադրբեջանական լրատվադաշտում ակտիվորեն տարածվեցին այն բանից հետո, երբ մարտի 7-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «անընդունելի է «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումը ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ՝ Ուկրաինային ուղարկված մարդասիրական օգնության համատեքստում»։ Նախքան այս հայտարարությունը Ադրբեջանի իշխանամետ report.az կայքը հրապարակել է «Խաղաղապահը, որը չի կարողանում պահպանել հրադադարը. Վոլկովը շարունակում է Վոլսկիի գործը» վերտառությամբ նյութ՝ այս կերպ հող նախապատրաստելով Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության դեմ տեղեկատվական արշավի համար: Մարտի 7-ից սկսած Անդրեյ Վոլկովի և ռուս խաղաղապահների դեմ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած նյութերում շրջանառվում են հետևյալ հիմնական թեզերը.
- Անդրեյ Վոլկովը հայ «անջատողականների» հետ բիզնես է հիմնել Խրամորթ գյուղում, ունի խաղողի այգիներ,
- Վոլկովը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ, իսկ ադրբեջանցիների նկատմամբ ունի անձնական թշնամանք: Այն պայմանավորված է 2020թ․ դեկտեմբերին Հին Թաղերում և Խծաբերդում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում ադրբեջանցիները նվաստացրել են Վոլկովին,
- Վոլկովը զինում է հայերին՝ թույլ տալով հրադադարի ռեժիմի խախտումներ,
- Խաղաղապահներն աչք են փակում հայերի կողմից հրադադարի խախտման դեպքերի վրա,
- Եթե ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակի աջակցել հայկական կողմին, հնարավոր է, որ առաջիկա օրերին ադրբեջանական բանակը ստիպված լինի գնալ ավելի կոշտ, ավելի լուրջ քայլերի,
- Վոլկովը շարունակում է տարածաշրջանում հայերին օգնելու ռուս զինվորականների գործը,
- Խաղաղապահ առաքելությունը չի կարողանում վերահսկողության տակ պահել իրավիճակը:
Ա. Վոլկովին և առհասարակ ՌԴ խաղաղապահ առաքելությանը թիրախավորող տեղեկատվական արշավն իրականացնում էին Ադրբեջանի պաշտոնական և մի շարք իշխանամետ լրատվակայքեր: Ռուս խաղաղապահների դեմ ուղղված հոդվածներ հրապարակվել են նաև 2021թ., սակայն 2022թ. փետրվար-մարտ ժամանակահատվածում նկատվում է նման հոդվածների քանակական աճ: Տվյալ ժամանակահատվածում հրապարակված նյութերում շեշտվում է, որ խաղաղապահները չեն կարողանում կանխել հրադադարի խախտումները:
Համադրելով նշված քարոզչական գործողությունները Արցախում նույն օրերին Ադրբեջանի ԶՈւ ագրեսիվ գործողությունների հետ՝ կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանը այս կերպ հող էր նախապատրաստում մարտի 24-25-ի ագրեսիայի համար։ Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ նմանատիպ ագրեսիայից առաջ փորձ է արվում մեղքը բարդել Արցախի կամ ՀՀ զինված ուժերի, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի վրա։