Ի՞նչ արժե մեկ «բռնապետը»
14 ր. | 2019-01-09Էրդողանն ընդդեմ Քըլըչդարօղլուի և մյուսների
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ–CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն 2018թ․ հոկտեմբերի 16-ին իր խմբակցության նիստի ժամանակ Էրդողանին «բռնապետ» է անվանել»։ Էրդողանն, իր հերթին, հայտարարել էր, որ Քըլըչդարօղլուն դատարանի վճռով սահմանված փոխհատուցումները վճարում է ոչ թե անձնական, այլ կուսակցության միջոցներից։ Նա սպառնացել էր բռնագրավել թուրքական «İş Bankası» բանկում ԺՀԿ-ի ունեցած շուրջ 28 տոկոս բաժնեմասը, քանի որ այն կուսակցության հիմնադիր Աթաթուրքի ժառանգությունն է և պատկանում է պետությանը։ Ի պատասխան՝ Քըլըչդարօղլուն Էրդողանին համեմատել է Թուրքիայի նախկին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենի հետ, ով 1980թ․ ռազմական հեղաշրջման արդյունքում դարձավ Թուրքիայի յոթերորդ նախագահը (1982-89թթ․)։ «Նա ասում է, թե կբռնագրավի կուսակցության բանկային միջոցները։ Քենան Էվրենն էլ նույնն արեց։ Նա էլ էր բռնապետ։ Դու էլ ես նույնը անում։ Դու էլ ես բռնապետ»,- հայտարարել էր Քըլըչդարօղլուն։
Լ ավատեղյակ ընթերցողն արդեն կկռահի, որ Քըլըչդարօղլուի այս հայտարարությունը հազիվ թե անպատասխան մնա և, ամենայն հավանականությամբ, «բռնապետ» բառի համար Էրդողանը ընդդիմադիր առաջնորդից խոշոր չափի դրամական փոխհատուցում կպահանջի։ Համենայն դեպս, այդպես եղել է վերջին ավելի քան տասը տարիների ընթացքում՝ Քըլըչդարօղլուի գրեթե բոլոր այսպիսի ելույթներից հետո։ Քեմալ Քըլըչդարօղլուն դարձել է Էրդողանին վիրավորելու հիմքով հարուցված դատական գործերի ողջ պատմության ընթացքում ամենից հաճախ մեղադրյալի աթոռին հայտնված և Էրդողանին ամենաշատ դրամական փոհատուցում վճարած գործիչը։
Վարչապետության (2003-2014թթ․) և նախագահության (2014թ.-ից) տարիներին Էրդողանը ԺՀԿ առաջնորդի դեմ նույն մեղադրանքով երկու տասնյակից ավելի դատական հայց է ներկայացրել։ Միայն վերջին 8 տարում ի վնաս Քըլըչդարօղլուի կայացվել է 15 դատավճիռ՝ վերջինիս պարտավորեցնելով Էրդողանին վճարել ավելի քան 1 մլն լիրայի փոխհատուցում։
Այսպես․
2010թ․ հունիսի 29-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը դատական հայց ներկայացրեց ընդդեմ Քըլըչդարօղլուի: Հունիսի 5-ին Մուղլայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր գործիչը Էրդողանին մեղադրել էր «դավաճանություն ծրագրելու, գողության և անօրինությամբ հարստանալու» համար, ինչն, ըստ մեղադրող կողմի, զրպարտություն է։ Անկարայի դատարանը Քըլըչդարօղլուին պարտավորեցրեց 4000 լիրա (այդ օրվա փոխարժեքով՝ շուրջ 2650 ԱՄՆ դոլար) փոխհատուցում վճարել վարչապետին։
2011թ․ հունվարի 25-ին Քըլըչդաչօղլուի դեմ հարուցված երկու դատական գործի արդյունքում վերջինս պարտավորեցվեց 10000 լիրա (6360 դոլար) վճարել Էրդողանին։
2011թ․ փետրվարի 7-ին և մայիսի 10-ին Անկարայի դատարանը Քըլըչդարօղլուի դեմ հարուցված դատական գործերով նշանակեց 13000 լիրա (8․120 դոլար) և 7000 լիրա (4540 դոլար) փոխհատուցում՝ հանրահավաքների ժամանակ Էրդողանի հասցեին հնչեցրած «վիրավորանքների» համար։
2012թ․ հոկտեմբերի 23-ին նույն մեղադրանքով Քըլըչդարօղլուի դեմ Էրդողանի փաստաբանների հարուցած 5 դատական գործերից 4-ի արդյունքում ընդդիմադիր գործիչը մեղավոր ճանաչվեց և ստիպված էր Էրդողանին վճարել 20000 լիրա (11140 դոլար)։ Պատգամավորը ևս 20000 լիրա վճարեց փետրվարին՝ կուսակցական ժողովներից մեկում Էրդողանին «երկրի դավաճան» հռչակելու պատճառով:
2013-2016թթ. դատարանը Քըլըչդարօղլուին պարտավորեցրեց Էրդողանին վճարել 157500 լիրա (ավելի քան 32000 ԱՄՆ դոլար) փոխհատուցում՝ «անձնական իրավունքները ոտնահարելու», Էրդողանի ու նրա ընտանիքի մասին «հերյուրանքներ տարածելու, ծանր վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցնելու համար։
Ժամանակի ընթացքում փոխհատուցման չափը ավելացավ և 2018թ․ հունիսի 7-ին Ստամբուլի 5-րդ անատոլիական դատարանը Քըլըչդարօղլուին արդեն պարտավորեցրեց 197000 (42660 դոլար) լիրա վճարել Էրդողանին և նրա հարազատներին, որից 110000-ը՝ անձամբ նախագահին։ Դատական հայցի հիմքում Քըլըչդարօղլուի՝ 2017թ․ նոյեմբերի 28-ին մեջլիսի խմբակցական նիստում հնչեցրած մեղադրանքներն էին, ըստ որոնց՝ Էրդողանն ու իր հարազատները Մեծ Բրիտանիային պատկանող Մեն կղզում գրանցված կեղծ ընկերության հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։
2018թ. հունիսին դատարանը ևս 142000 լիրա (31150 դոլար) փոխհատուցում պահանջեց վճարել Էրդողանին և նրա ընտանիքին, որից 100․000-ը՝ Թայիփ Էրդողանին։ Պատճառը դարձյալ Մեն կղզի դրամական փոխանցումների մասին հայտարարություններն էին։
Իսկ հուլիսի 18-ին Ստամբուլի 20-րդ անատոլիական դատարանը Քըլըչդարօղլուին պարտավորեցրեց Էրդողանին և նրա հարազատներին վճարել 359․000 (74․000 դոլար) լիրայի փոխհատուցում։
2018թ․ նոյեմբերի 30-ին Ստամբուլի 15-րդ անատոլիական դատարանը Քըլըչդարօղլուին պարտավորեցրեց 190․000 թուրքական լիրայի (այդ օրվա փոխարժեքով՝ 37.255 ԱՄՆ դոլար) տուգանք վճարել Էրդողանին։
Ընդդիմադիր գործիչը մեղադրվում էր 2017թ․ դեկտեմբերի 12-ին հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ Էրդողանին և նրա հարազատներին ուղղված «անձնական վիրավորանք» հասցնելու համար։ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանն ու իր հարազատները բրիտանական Մեն կղզում հիմնված կեղծ ընկերության հաշվին խոշոր գումար են փոխանցել։ Էրդողանի և նրա հարազատների անունից ԺՀԿ առաջնորդի դեմ այս հայտարարության առթիվ ներկայացված հայցով 500․000 լիրայի (98․000 դոլար) բարոյական փոխհատուցում էր պահանջվել։ Դատարանը այդ հայցը բավարարել է միայն մասնակի՝ նշանակելով 190․000 տուգանք։
Այսպիսով, միայն Մեն կղզու փոխանցումների մասին հայտարարությունների պատճառով հարուցված վերջին հինգ քրգործով Քըլըչդարօղլուն պարտավոր է Էրդողանին ավելի քան 1 մլն թուրքական լիրա փոխհատուցում վճարել։
Էրդողանի փաստաբանի պահանջով այդ գումարի հարկադիր գանձման գործընթացն սկսվել է մինչև դատական որոշումների օրինական ուժի մեջ մտնելը։ Քըլըչդարօղլուի փաստաբանն 909353 լիրան որպես գրավ արդեն վճարել է, որը Էրդողանի հաշվին կփոխանցվեն վճռի հրապարակումից և իրավական ուժ ստանալուց հետո։
Բացի այդ, Քըլըչդարօղլուի դեմ կա Էրդողանի կողմից հարուցված մի քանի քրեական գործ, որոնց դատավարությունը դեռ շարունակվում է։
Թուրք ընդդիմադիր գործչի համար այս դատավարություններն այնքան սովորական են դարձել, որ նա ոչ միայն չի ընկճվում, այլև կոչ է անում Էրդողանին նոր հայցեր ներկայացնել։ «Հարգելի Էրդողան, դու պահանջում ես, որ մարդիկ լիրայի վերածեն իրենց ունեցած դոլարները։ Իսկ ինչո՞ւ ես դոլարով վճարում նրանց։ Որովհետև դու դոլարի բարոնների մարդն ես։ Եթե դատի չտաս, ուրեմն վախկոտ ես»,- սեպտեմբերի 9-ին հայտարարել էր ԺՀԿ առաջնորդը: Եվ իսկապես, օրեր անց Էրդողանի փաստաբան Հյուսեին Այդընը հայց ներկայացրեց Անկարայի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Քըլըչդարօղլուից 250000 լիրա (շուրջ 38500 դոլար) փոխհատուցում պահանջելով։
2 018թ․ հուլիսի 17-ին «Թայիփների թագավորություն» անվամբ հայտնի ծաղրանկարը «Twitter»-ում հրապարակելու համար Էրդողանը Քըլըչդարօղլուի և նրա կուսակցության 72 պատգամավորնների դեմ հայց է ներկայացրել։ Քըլըչդարօղլուն մեղադրվել է նաև նույն օրն իր կուսակցության ժողովում Էրդողանին վիրավորելու, 2016թ․ հուլիսի հեղաշրջման փորձը կազմակերպելու և դրանից օգտվելու, Թուրքիայում ահաբեկչական համարվող Ֆեթհուլլահական խմբավորման (FETÖ) մասնաճյուղ ունենալու, Էրդողանին «բռնապետ» և «փարավոն» անվանելու, դատավորներին և դատախազներին ուղղորդելու համար։ Այս ամենի դիմաց Էրդողանը Քըլըչդարօղլուից 1 մլն լիրա (շուրջ 206390 դոլար) փոխհատուցում է պահանջել։
Ծաղրանկարին կից Քըլըչդարօղլուն գրել էր․ «Պետք է հանդուրժես քննադատությունն ու հումորը, պարտավոր ես հանդուրժել։ Բանտարկելով՝ քննադատությունն ու հումորը չես կարող կանխել»։
Նշենք, որ ավելի վաղ քրեական հետապնդման էին ենթարկվել Թուրքիայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի երեք ուսանող, ովքեր երթի ժամանակ կրել էին նշված ծաղրանկարով պաստառը, որը շուրջ 13 տարվա վաղեմություն ունի: 2005թ․ փետրվարին այն տպագրվել էր «Penguen» ամսագրի շապիկին, ինչի համար էլ ամսագրի դեմ 40000 լիրա փոխհատուցման (30600 դոլար) պահանջով դատական հայց էր ներկայացվել, որը դատարանը մերժել էր՝ ծաղրանկարը դիտարկելով խոսքի ազատության շրջանակներում։
Հայցեր այլ գործիչների դեմ
Սակայն ԺՀԿ առաջնորդը միայնակ չէ. Էրդողանին վիրավորելու համար մեղադրյալի աթոռին հայտնվել են ընդդիմադիր բազմաթիվ պատգամավորներ, լրագրողներ, ծաղրանկարիչներ, արվեստագետներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ, անգամ՝ բազմաթիվ անչափահասներ։ Որպես կանոն դատական հայցերի համար հիմք են ծառայում սոցիալական ցանցերում քննադատական կամ հումորային գրառումները, ծաղրանկարները, հանրային վայրերում բարձրացված պաստառները, հրապարակային ելույթներում Էրդողանին ուղղված արտահայտություններն ու անգամ ժեստերը։
Այս դեպքերն այնքան շատ են, որ բոլորին մեկ հոդվածում հնարավոր չէ անդրադառնալ։ Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի դեմ վարչապետության շրջանում (2013թ․) Էրդողանն արդեն շուրջ 20 դատական հայց էր ներկայացրել։ Թուրքական մամուլի մի հրապարակման համաձայն՝ 2013թ․ օգոստոսին ավարտվել էր 6 դատական գործ, և Բահչելին Էրդողանին պետք է վճարեր 44500 լիրա (22250 դոլար)։ Բահչելիի դեմ դատական գործոր հարուցվել էին նաև Էրդողանի՝ նախագահ դառնալուց հետո, սակայն 2016թ․ «համաներումից» հետո Բահչելին և իր կուսակցական ընկերներն այլևս Էրդողանի թիրախում չեն հայտնվել։
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) արդեն նախկին համանախագահ Սելահհաթթին Դեմիրթաշը Անկարայի դատարանի որոշմամբ 2018թ․ հունվարին պարտավորվել էր Էրդողանին 15000 լիրա (4000 դոլար) տուգանք վճարել։ 2016թ․ փետրվարի 27-ին նախընտրական արշավի ժամանակ Մերսինում կազմակերպված հանրահավաքում Դեմիրթաշը, ակնարկելով Դավութօղլուին և Էրդողանին, ասել էր․ «Չարիք գործելով իշխանություն եք ձևավորում, բայց մենք կպայքարենք ձեր ֆաշիզմի դեմ։ Դուք ի՞նչ եք անելու։ Պատմության մեջ հիշվելու եք որպես ամենադաժան վարչապետ։ Պատերազմն իր տրամաբանությունն ունի, սրանք տրամաբանությունից զուրկ են։ Ուզում է իսլամի խալիֆ դառնալ։ Գողից խալիֆ դուրս չի գա»։
ԺԴԿ մեկ այլ նախկին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը Էրդողանին «դիկտատոր» անվանելու համար 2017թ․ մայիսին դատապարտվեց 1 տարի 2 ամիս ազատազրկման, պատիժն այնուհետև փոխարինվեց դրամական տուգանքով, իսկ ԺԴԿ պատգամավոր Ահմեթ Յըլդըրըմը 2018թ․ փետրվարի 9-ին դատապարտվեց 1 տարի 2 ամիս ազատազրկման և փետրվարի 27-ին զրկվեց պատգամավորական մանդատից։
Ա յս չարաբաստիկ դատավարություններից անմասն չի մնացել նաև հայկական համայնքը։ Պոլսահայ լրագրող և գրող Հայկո Բաղդատը Էրդողանին վիրավորելու մեղադրանքով տարիներ շարունակ քրեական հետապնդման է ենթարկվել։ 2015թ․ «Ահմեթ Հաքանին հարվածող բռունցքի պատճառը Ռեջեփ Թայիփ Էրդողնանն է» հոդվածում նախագահին 2015թ․ սեպտեմբերի 30-ին հարձակման ենթարկված «Hürriyet» թերթի լրագրող Ահմեթ Հաքանի և այլ լրագրողների հանդեպ ատելություն սերմանելու մեղադրանք ուղղելու համար քրեական գործ հարուցվեց։ 2018թ․ թուրքական դատարանը իրավական փոխօգնության խնդրանքով դիմեց Բեռլինի դատարան՝ խնդրելով ցուցմունք վերցնել Գերմանիայում բնակվող Բաղդատից, սակայն խնդրանքը մերժվեց, և մարտին թուրքական դատարանը հայ լրագրողին կալանավորելու որոշում կայացրեց։ Ինքը՝ Բաղդատը, համոզված է, որ այդ որոշումը հեշտությամբ կյանքի չի կոչվի, քանի որ ինքը Գերմանիայում լավ պաշտպանված է:
2017թ․ հունվարին մեջլիսում և մայիսին «Horizon Weekly»-ին տված հարցազրույցում արտահայտած մտքերի համար քրեական հետաքննություն է սկսվել հայազգի պատգամավոր Գարո Փայլանի դեմ՝ Թուրքիայի ՔՕ 299-րդ և 301-րդ («Թուրք ազգին, Թուրքիայի պետականությանը, Թուրքիայի կառավարությանը հրապարակայնորեն ստորացնելու մասին») հոդվածների հատկանիշներով։
Փայլանի դեմ հայցը ներկայացրել էր Գիրեսունի համալսարանի նախկին ռեկտոր, ծագումով ադրբեջանցի Այգյուն Աթթարը։ Անկարայի գլխավոր դատախազությունը որպես ապացույց ներառել էր Փայլանի ելույթի հետևյալ հատվածը․ «Վերջին երկու տարիներին նախագահ Էրդողանը «Ազգայնական շարժում» կուսակցության հետ նոր կոալիցիա է կազմել, որին անդամակցած կուսակցությունները չարիք են հանրության տարբեր խմբերի համար. մամուլը գրաքննության է ենթարկվում, ՀԿ-ները փակվում են, հարյուր հազարավոր մարդիկ հեռացվում են աշխատանքից։ Այս կոալիցիան Թուրքիայի բոլոր մասերում սարսափ է տարածում։ Սրանք Թուրքիայի սև օրերն են»։
Հավելենք, որ թուրքական խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանի դեմ հետաքքննություն սկսելու համար անհրաժեշտ է ոչ միայն արդարադատության նախարարության, ինչը պարտադիր է 301-րդ հոդվածի կիրառման դեպքում, այլև Թուրքիայի մեջլիսի թույլտվությունը, որը պետք է Փայլանին զրկի պատգամավորական անձեռնմխելիությունից։
Վիճակագրություն
Թեև Էրդողանի պաշտոնավարման ընթացքում բարոյական փոխհատուցումների պահանջով հարուցված դատական գործերի վերաբերյալ վիճակագրություն մամուլում գտնել հնարավոր չէ, այնուամենայնիվ, կան որոշ փաստեր, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել Էրդողանի ունեցվածքը զգալիորեն բազմապատկող այս «շարժման» ծավալների մասին։
Թուրքիայի Մարդու իրավունքների համատեղ պլատֆորմի (İHOP) համար Յաման Աքդենիզ և Քերեմ Ալթըփարմաքի կազմված զեկույցի համաձայն՝ 2010-2016թթ. հարուցվել է 6860 քրգործ, որից 6272–ը՝ Էրդողանի նախագահ դառնալուց հետո։
ՔՕ 299-րդ հոդվածի հիման վրա հարուցվող քրեական հետաքննությունների թիվը ևս կտրուկ աճել է։ Եթե 2010-2014թթ. սկսվել էր 2136 հետաքննություն, ապա 2014-ից հետո Թուրքիայի նախագահին վիրավորելու մեղադրանքով հարուցվել է 682, 2015թ․՝ 7216, 2016թ․՝ 38254 քրեական հետաքննություն։ 2010-2016թթ. ընդհանուր առմամբ կայացվել է 1․315 դատապարտող վճիռ, որից 1․162-ը՝ Էրդողանի նախագահ դառնալուց հետո։ Դեռևս 13 տարի առաջ Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ 2005թ․ դրությամբ 21 դատավարությունների շրջանակներում վարչապետ Էրդողանն արդեն 111 մլրդ 500 մլն լիրա (81․380 դոլար) բարոյական փոխհատուցում էր ստացել։
«Համաներում»
2016թ․ հեղաշրջման փորձից հետո՝ հուլիսի 29-ին Էրդողանը հայտարարեց, որ պատրաստվում է հետ կանչել իրեն վիրավորելու մեղադրանքով հարուցված բոլոր դատական հայցերը։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ համաներումը չի տարածվում ԺԴԿ ներկայացուցիչների և այն մեղադրյալների վրա, ում դեմ քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 299-րդ հոդվածի հիման վրա։
Խնդիրն այն է, որ «Թուրքիայի հանրապետության նախագահին վիրավորելու մասին» ՔՕ 299-րդ հոդվածը թույլ է տալիս դատական գործընթաց սկսել անկախ հայցից, այսպես ասած՝ հանրության կամ պետության անունից, ինչի համար բավարար է միայն արդարադատության նախարարի հաստատումը։ Հետևաբար, եթե անգամ Էրդողանը հետ կանչի դատական հայցերը, այնուամենայնիվ, 299-րդ հոդվածով հարուցված գործերը չեն կարող կասեցվել։
Թուրքիայի ՔՕ 299-րդ հոդվածը
2 004թ․ սեպտեմբերի 26-ին ընդունված №5237 քրեական օրենսգրքի՝ «Հանրապետության նախագահին վիրավորելու մասին» 299-րդ հոդվածը սահմանում է.
1․ Հանրապետության նախագահին վիրավորած անձը դատապարտվում է 1-ից 4 տարվա ազատազրկման։
2․ Եթե հանցագործությունը հրապարակայնորեն է կատարվել, ապա պատիժը խստացվում է 1/6 չափով, իսկ եթե մամուլի կամ եթերի միջոցով, ապա 1/3 չափով։ (2005թ․ խմբագրմամբ այս կետի երկրորդ մասը հեռացվել է հոդվածից)։
3. Սույն հանցանքի հետ կապված քրեական հետապնդում սկսելու համար անհրաժեշտ է արդարադատության նախարարի թույլտվությունը։
Իրավաբանների պայքարը 299-րդ հոդվածի դեմ
2016թ․ «համաներումից» հետո այս հոդվածով հարուցված հազարավոր դատական գործերը վկայում են, որ այն պատուհաս է դարձել թուրք հասարակության համար։ 2015թ․ դեկտեմբերի 4-ին Անկարայի փաստաբանների պալատի նախաձեռնությամբ ստեղծվել էր հատուկ աշխատանքային խումբ, որը պետք է այլընտրանքային լուծումներ առաջարկեր։ Խմբի կազմում ընդգրկված էին հայտնի իրավաբաններ, պատգամավորներ, լրագրողներ, որոնք առաջարկեցին 299-րդ հոդվածի դեմ պայքարի հարցը տեղափոխել Սահմանադրական դատարան։
Դատական հայցեր ընդդեմ ՔՕ 299-րդ հոդվածի
2016թ․ մարտի 11-ին Քարշըյաքայի 7-րդ, իսկ 2016թ․ մարտի 26-ին՝ Ստամբուլի 43-րդ առաջին ատյանի քրեական դատարանները դիմեցին Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել 299-րդ հոդվածը, քանի որ այն հակասում է Սահմանադրության՝ «Հանրապետության առանձնահատկությունների» մասին 2-րդ, «Օրենքի առաջ հավասարության» մասին 10-րդ և «Ապացուցման իրավունքի» մասին 39-րդ հոդվածներին։
Սահմանադրական դատարանը հայցը քննեց 2016թ․ դեկտեմբերի 14-ի նիստում և մերժեց։ Որոշումը հիմնավորվում էր այն պնդմամբ, թե հանրապետության նախագահը ոչ միայն առանձին անհատ է, այլ թուրքական պետության և թուրք ժողովրդի միասնական ներկայացուցիչը, ուստի նրա անձը վիրավորելը նշանակում է վիրավորել պետությանը, և պատիժն էլ պետք է համապատասխան լինի։
ՔՕ 299-րդ հոդվածը Էրդողանի նախորդների օրոք
Թուրքիայի Մարդու իրավունքների համատեղ պլատֆորմի (İHOP) զեկույցում շեշտվել է, որ 299-րդ հոդվածը պաշտպանում է ոչ թե հանրապետության նախագահի դիրքը, այլ հենց նախագահի անձը՝ արտոնություն, որն անգամ թագավորներին չի տրվել։ Զեկույցում հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներից մեկին, համաձայն որի՝ Իսպանիայի թագավորին հատուկ կերպով պաշտպանության տակ առնելը դիտվել է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջների խախտում։ Հեղինակների կարծիքով խնդրի լավագույն լուծումը Թուրքիայի ՔՕ 299-րդ հոդվածն ամբողջությամբ չեղարկելն է։
2015թ․ Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ նախագահ Գյուլի պաշտոնավարման 7 տարում (2007-2014) հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով ներկայացվել է ընդամենը 1359 դատական հայց, դրանցից ընթացք է տրվել 545-ին, կալանավորվածներ չեն եղել։ Գյուլի նախորդի՝ Սեզերի (2000–2007) պաշտոնավարման ընթացքում նույն մեղադրանքով հարուցվել է ընդամենը 26 քրեական գործ։
Այլ երկրների փորձը
Պետք է նշել, որ Թուրքիայի ՔՕ 299-րդ հոդվածի նման բովանդակությամբ հոդվածներ կան Եվրամիության գրեթե բոլոր երկրներում։ Իտալիայում նախագահի պատվին կամ հեղինակությանը ուղղված վիրավորանքի դեպքում նախատեսված է 1-5 տարի ազատազրկում, Լեհաստանում՝ մինչև 3 տարի, Գերմանիայում՝ 3 ամսից մինչև 5 տարի, Հունաստանում՝ մինչև 3 ամիս, Պորտուգալիայում՝ մինչև 3 ամիս, իսկ մամուլում վիրավորելու դեպքում՝ մինչև 3 տարի, Սլովենիայում՝ մինչև 1 տարի ազատազրկում։
Իսպանիայում թագավորին կամ թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին վիրավորելու համար անձը կարող է պատժվել 6 ամսից մինչև 2 տարի, Բելգիայում՝ 6 ամսից մինչև 3 տարի, Հոլանդիայում՝ մինչև 5 տարի ազատազրկմամբ կամ տուգանքով։
Սակայն ԵՄ գրեթե բոլոր երկրներում այս հոդվածները կամ վաղուց չեն կիրառվում կամ շատ հազվադեպ են։ Օրինակ՝ Հունգարիայում նախագահին վիրավորելու համար պատիժ նախատեսող օրենքը չեղարկվել է 1994թ., Չեխիայում՝ 1998-ին։ Ավստրիայում նախագահին վիրավորանքը կարգավորվում է 171-րդ հոդվածով, որը չի կիրառվել 1975-ից, Հոլանդիայում՝ 1960-ական թվականներից։ Նույնը Բելգիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Իսպանիայում է։ Լեհաստանում և Իտալիայում թեև ազատազրկում նախատեսված է և այդ հոդվածը երբեմն կիրառվում է, սակայն, որպես կանոն, դատարանները միայն տուգանում են։ Գերմանիայում նման հոդված կա, սակայն սահմանադրական դատարանի որոշմամբ անգամ ամենածանր վիրավորանքը չի որակվում որպես հանցանք, իսկ այս մեղադրանքով դատական գործերը հազվադեպ են։
Ինչ է նախատեսում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
Ե թե համեմատենք Թուրքիայի ՔՕ 299-րդ հոդվածը Հայաստանի օրենսդրության հետ, ապա, թերևս, զուգահեռներ պետք է անցկացնենք «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգի և պայմանների» մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի հետ: Նշված հոդվածով պաշտպանվում է ոչ թե մասնավորապես պետության ղեկավարի իրավունքները, այլ ՀՀ բոլոր այն քաղաքացիների, ում վիրավորել կամ զրպարտել են։
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի համաձայն՝ «անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով», կարող է վիրավորողի կամ զրպարտչի դեմ բողոք ներկայացնել դատարան։
Համաձայն օրենքի՝ «վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է», իսկ «զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»: Միևնույն ժամանակ, հրապարակային արտահայտությունը կարող է չհամարվել վիրավորանք, «եթե հիմնված է ստույգ փաստերի վրա կամ պայմանավորված է գերակա հանրային շահով»: Իսկ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը (որոշ բացառությամբ) կրում է պատասխանողը: Ինչ վերաբերում է պատժին, ապա Հայաստանի օրենսդրությունը միայն տուգանք է նախատեսում: Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված միջոցները շատ ավելի ժողովրդավարական են, քան Թուրքիայում։
ՀՀ օրենքը սահմանում է նաև վաղեմության ժամկետ, ըստ որի՝ դատական հայցը կարող է ներկայացվել «վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում»։
Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հարուցված դատավարություններում բազմաթիվ դեպքեր կան, երբ անձը մեղադրվում է մեկ տարի և ավելի վաղեմություն ունեցող հայտարարության, հրապարակման կամ գործողության համար։ Փաստենք նաև, որ Թուրքիայի դեպքում «վիրավորանքը» ամենից հաճախ վերաբերում է ենթադրյալ զրպարտությանը, քննադատությանը, բողոքին, բարեփոխման կոչին, և հազվադեպ է, որ «անձը վիրավորելու» հիմքով հարուցվող գործերում լինի ուղղակի վիրավորանք։
Այսպիսով, մամուլի հրապարակումների հիման վրա կատարված այս վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը սեփական անձի հասցեին հնչեցված հայտարարություններն ամենից շատ գրաքննության ենթարկող առաջնորդն է։ Նա նաև իրավական տեսանկյունից ամենապաշտպանված նախագահն է։
299-րդ հոդվածի դեմ պայքարի անհրաժեշտությունը գիտակցում են Թուրքիայի ոչ միայն շարքային քաղաքացիներն ու մտավորականները, այլև իրավաբաններն ու միջազգային իրավապաշտպան կառույցները։ Այդուհանդերձ, հոդվածի կիրառման և հետևանքների դեմ մղվող պայքարի որևէ միջոց առայժմ բավարար արդյունք չի տվել. Էրդողանին վիրավորելու մեղադրանքով քրեական հետապնդումները շարունակվում են։