Հայ-վրացական փորձագիտական վեբինար «Օրբելի» կենտրոնում
6 ր. | 2021-12-14Դ եկտեմբերի 13-ին «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է «Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններ. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով վեբինարը: Մասնագիտական քննարկմանը մասնակցել են տնտեսական ու քաղաքական հարցերով փորձագետներ:
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսք են ասել ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության առաջին բաժնի (Վրաստան) առաջին քարտուղար Դավիթ Ջանազյանը և Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին:
ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչը, ողջունելով վեբինարի մասնակիցներին, կարևորել է փորձագիտական քննարկումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս հասկանալու երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը, մարտահրավերները և հնարավորությունները: Նա նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, և երկու ժողովուրդներին, բացի պատմական և մշակութային կապերից, միավորում են նաև ժողովրդավարական արժեքները:
Ջանազյանն ընդգծել է քաղաքական, անվտանգային, տնտեսական, մշակութային, մարդասիրական ոլորտներում հարաբերությունների խորացման փոխադարձ կարևորությունը: Նա նշել է, որ Վրաստանի հետ յուրահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացման և խորացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունն արտահայտված է նաև ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրում: Ջանազյանը խոսել է նաև միջկառավարական գերատեսչությունների միջև արդյունավետ աշխատանքների մասին:
Վրաստանի դեսպանության ներկայացուցիչը նույնպես խոսել է հայ-վրացական ամուր պատմական կապերի մասին: Անդրադառնալով հայ-վրացական համագործակցության դինամիկ զարգացումներին՝ Սաբաուրին կարևորել է բոլոր հնարավոր միջոցներով երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված ընդհանուր շահերի վրա: Նա հատուկ շեշտադրել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը:
Սաբաուրին հատուկ ուշադրություն է հրավիրել հարաբերությունների վրա ապատեղեկատվության (ֆեյքնյուզի) բացասական ազդեցության վրա՝ հավելելով, որ փոխադրարձ վստահությունն անհրաժեշտություն է:
Վ եբինարի մոդերատոր «Օրբելի» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանը ներկայացրել է «Հայ-վրացական հարաբերությունների հիմքերը և նոր իրողությունները» վերնագրով զեկույցը: Քաղաքագետը խոսել է հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերի ու համագործակցության հիմնական ուղիների մասին՝ շեշտելով, որ դրանցում անկյունաքարային նշանակություն ունի 2001 թ. «ՀՀ-ի և Վրաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության» պայմանագիրը: Ըստ փորձագետի՝ տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում երկու երկրների փոխադարձ կապերն ավելի են ամրապնդվել: Մելիքյանի համոզմամբ՝ այս հանգամանքը նույնիսկ տարբեր տնտեսական ու անվտանգային կառույցներին անդամակցության պայմաններում լավ հնարավորություն է ստեղծել հայ-վրացական հարաբերություններին նոր «խորություն» հաղորդելու համար: Մելիքյանը շեշտադրել է, որ այդ ամենին հասնելու համար հարկավոր է երկու երկրներում լուրջ «տնային» աշխատանք կատարել, ապա անցնել տարածաշրջանային կարևորություն ունեցող համատեղ նախագծերի մշակմանն ու իրականացմանը: Բանախոսի համոզմամբ՝ այս ամենն արդեն կստեղծի նախադրյալներ Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերություններում «ռազմավարական խորությանը» հասնելու համար:
Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը «Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունները նոր տարածաշրջանային մարտահրավերների համատեքստում» վերնագրով ելույթում խոսել է հայ-վրացական հարաբերություններում առկա խնդիրների մասին: Նա մասնավորապես անդրադարձել է 44-օրյա պատերազմում Վրաստանի դիրքորոշմանը և մեծ չափերի հասնող ապատեղեկատվության տարածմանը։ Ըստ փորձագետի՝ 3-րդ երկրների կողմից համակարգվող ապատեղեկատվության նպատակն էր լարվածություն ստեղծել Վրաստանում ապրող հայերի և վրացիների, ինչպես նաև հայ-վրացական հարաբերություններում։ Մելիքսեթյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ապատեղեկատվության տարածումն ու վրացական կողմից հստակ հերքումների պակասը մեծապես ազդել է հայ հասարակության ստվար հատվածի ընկալումների վրա, որն այժմ զգուշությամբ և մտավախությամբ է մոտենում Վրաստանում հանգստի հնարավորությանը։ Փորձագետն անդրադարձել է նաև երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորություններին, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում համագործակցության վերագործարկմանը և նոր ոլորտներ ներառելուն։
«Օրբելի» կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Տաթևիկ Առուստամյանը ներկայացրել է «Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերությունների դինամիկան և հնարավորությունները ներկա զարգացումների համատեքստում» վերնագրով զեկույցը: Բանախոսը շեշտել է, որ Հայաստանը և Վրաստանը տնտեսապես փոխկախված են, և երկու երկրների տնտեսական հնարավորություններն ամբողջությամբ իրացված չեն։ Նա կարևորել է համագործակցությունը տարբեր մակարդակներում՝ միջկառավարական հանձնաժողովներ, մասնավոր հատված և տարբեր ոլորտների փորձագետներ։ Առուստամյանն անդրադարձել է երկու երկրների տնտեսական ցուցանիշների դինամիկային՝ առևտրաշրջանառություն, ներդրումներ, արտահանման և ներմուծման կառուցվածք և այլն։ Նրա դիտարկմամբ՝ Վրաստանը Հայաստանի այն քիչ առևտրային գործընկեր երկրներից է, որի հետ առևտրային հաշվեմնացորդը դրական է։ Նրա խոսքով, արտահանող երկրի ցուցանիշով Վրաստանի ներմուծման ծավալը Հայաստան կազմում է 332 մլն ԱՄՆ դոլար, մինչդեռ վրացական ծագմամբ ապրանքների ներմուծման ծավալը 70 մլն ԱՄՆ դոլար է, ինչն էլ ընդգծում է Վրաստանի կարևորությունը որպես տարանցիկ երկիր Հայաստանի համար։ Բանախոսն ընդգծել է, որ վերջին նորությունը, թե Պարսից ծոց-Սև ծով միջանցքն անցնելու է Ադրբեջանի տարածքով, չի բացառում այն հնարավորությունը, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումից հետո Հայաստանն այլընտրանքային ճանապարհ կդիտարկվի հատկապես երկարաժամկետ կտրվածքով տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման տեսանկյունից։ Առուստամյանը խոսել է նաև զբոսաշրջության ոլորտի մասին՝ նշելով, որ Հայաստան-Վրաստան համագործակցության ուղղություն կարող է լինել զբոսաշրջային գոտիների ձևավորումը: Այս համատեքստում նա կարևորել է միջազգային զբոսաշրջիկին միանգամից երկու երկիր այցելության հնարավորություն ընձեռող փաթեթների մշակումը։
«Geocase» վրացական ուղեղային կենտրոնի ղեկավար Վիկտոր Կիպիանիի ելույթը նվիրված էր մարտահրավերների և հնարավորությունների տիրույթում երկու երկրների ընդհանրություններին: Կիպիանին կարևորել է երկու երկրների և տարածաշրջանի համար սահմանների կայունությունը, սահմանազատումն ու սահմանագծումը։ «Թեև մենք ռազմավարական գործընկերների կարգավիճակ չունենք, բայց մեր գործընկերությունը որոշվել է մեր հարևանությամբ և պատմական ընդհանրություններով»,- նշել է փորձագետը։
Կիպիանին իր խոսքում ընդգծել է Հայաստանի ու Վրաստանի՝ տարածաշրջանում հարցերի որոշման համար ավելի մեծ կշիռ ու ձայն ունենալու կարևորությունը։ Փորձագետը շեշտել է նաև, որ տարածաշրջանում հարցերի լուծման համար ոչ մի երկիր չպետք է ունենա բացառիկ իրավունք։
Թ բիլիսիի պետական համալսարանի վերլուծության և կանխատեսման կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Վախթանգ Ճարաիան ներկայացրել է «Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության անցյալը և ապագան» վերնագրով զեկույցը: Տնտեսագետն ընդգծել է, որ հաճախակի կազմակերպվող քննարկումները կօգնեն ճանաչել իրար և անել այնպիսի քայլեր, որոնք օգտակար կլինեն նաև կառավարությունների համար։
Ճարաիան, խոսելով Վրաստանի տնտեսության, ինչպես նաև Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառության մասին, նշել է, որ Հայաստանը Վրաստանի տնտեսության փոքր մասն է կազմում։ Ըստ բանախոսի ներկայացրած տվյալների՝ վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանից դեպի Վրաստան զբոսաշրջիկների հոսքն էապես նվազել է, ինչը պայմանավորված է նաև նոր կորոնավիրուսի համաճարակով։
Տնտեսագետը շեշտել է, որ հայ-վրացական համագործակցությունը պետք է ուղղված լինի իրար աջակցելուն, այլ ոչ թե խնդիրներ ստեղծելուն։
«Վրացական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» քաղաքագետ Գելա Վասաձեն խոսել է Հարավային Կովկասում նոր անվտանգային ճարտարապետության կերտման փորձերի մասին։ Փորձագետի դիտարկմամբ՝ այն իրավիճակը, որում գտնվում է մեր տարածաշրջանը, դժվար է ասել հետպատերազմյան, քանի որ առկա է դասական ռազմական հակամարտություն, որտեղ տարածաշրջանային յուրաքանչյուր խաղացող ձգտում է «հարմարավետ դիրք» զբաղեցնել։
Նրա համոզմամբ՝ եթե Անկարայի և Բաքվի շահերը հիմնականում համընկնում են կամ ներդաշնակեցված են, ապա Մոսկվայի և Երևանի շահերը հաճախ հակասում են։ Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման թեմային՝ Վասաձեն նշել է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը սահման չէ, այլ առաջնագիծ է։ «Այնտեղ, որտեղ կանգնեն ռուս զինվորականները, դա էլ կլինի դեմարկացիայի գիծը»։
Անդրադառնալով հակամարտությունը լուծելուն միտված ձևաչափերին՝ Վասաձեն խոսել է «3+3» ձևաչափի կամ փաստացի «3+2»-ի մասին՝ նշելով, որ այն կրկնում է Աստանայի ձևաչափը: Վասաձեի գնահատմամբ՝ դժվար է պատկերացնել, որ Մոսկվան և Անկարան, կամ Մոսկվան ու Թեհրանը նման ձևաչափով քննարկելու են երկկողմ հարաբերություններ: Արդյունքում ստացվում է ձևաչափ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար:
Այս ձևաչափում Վրաստանի մասնակցությունն Վասաձեն անիմաստ է համարել, քանի որ Ռուսաստանի հետ շփման համար կա Ժնևյան բանակցությունների ձևաչափը։ Փորձագետը շեշտել է, որ նման ձևաչափները Վրաստանի համար վտանգավոր էլ կարող են լինել՝ հաշվի առնելով հետագայում Աբխազիայի և Հարավային Օսիայի հնարավոր իրավահավասար ներկայությունը։
Վեբինարի եզրափակիչ հատվածում ծավալվել է արդյունավետ քննարկում, որի ընթացքում նաև վեր են հանվել երկու հարևան երկրների հարաբերությունների վրա բացասաբար ազդող խնդիրներ, ինչպիսին է ապատեղեկատվությունը: Միջոցառման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը: