Հայ-իրանական վեբինար

7 ր.   |  2021-12-07
«Կովկասի զարգացումներն ու դրանց ազդեցությունն Իրան-Հայաստան հարաբերությունների վրա»  

Դ եկտեմբերի 6-ին «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնն ու Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտը «Կովկասի զարգացումներն ու դրանց ազդեցությունն Իրան-Հայաստան հարաբերությունների վրա» խորագրով համատեղ վեբինար են անցկացրել:

Վեբինարին իրանական կողմից մասնակցել են Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրասիայի բաժնի ղեկավար Մահմուդ Շուրին, ԻԻՀ նախագահի աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Վալի Քալեջին, Իսլամական Ազադ համալսարանի դասախոս, հետազոտող Էհսան Մովահեդիանը, Կովկասի հարցերով փորձագետ Մոհամմադ Ռեզա Դամավանդին։ Հայկական կողմի բանախոսներն էին «Օրբելի» կենտրոնի համակարգող, քաղաքագետ Նարեկ Ադամյանը, իրանագետ Ժաննա Վարդանյանը և թուրքագետ Անահիտ Վեզիրյանը։
ԻԻՀ նախագահի աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Վալի Քալեջին և «Օրբելի» կենտրոնի համակարգող Նարեկ Ադամյանը հանդես են եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով երկկողմ համագործակցության կարևորությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։
Վեբինարի ընթացքում հայ և իրանցի փորձագետներն անդրադարձել են հետպատերազմյան տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությանը, Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության հետևանքներին, Ադրբեջանի հետ ներդաշնակ գործողություներին։ Ներկայացվել են  հայ-իրանական հարաբերություններում առկա խնդիրները, մատնանշվել զարգացման հիմանական ուղղությունները։

Քաղաքագետ Նարեկ Ադամյանը վերբինարի ընթացքում ներկայացրել է «Հայ-ռուսական հարաբերությունները տարածաշրջանային նոր մարտահրավերների համատեքստում» խորագրով զեկույցը։ Նա շեշտել է, որ 2020թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմն ավարտվել է Ռուսաստանի Դաշնության շնորհիվ՝ ԼՂՀ-ում խաղաղապահ զորքերի տեղակայմամբ: Ադամյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հին աշխարհակարգը փաստացի սպառել է իրեն՝ գրեթե չեն գործում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, իսկ ուժային մեթոդով քաղաքական հարցերի լուծումը, կարծես թե, նորից դառնում է արդիական: Նրա խոսքով՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, նաև այս տարվա մայիսի 12–ին  ադրբեջանական զինված ուժերի ներխուժումն արդեն ՀՀ ինքնիշխան տարածք, թուրք-ադրբեջանական տանդեմի ներդաշնակ գործողություններն առաջ  են բերել հայ-ռուսական հարաբերությունների խորքային վերանայման անհրաժեշտությունը։
Բանախոսը շեշտել է, որ սա ամենևին չի ենթադրում Հայաստանի՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, քանի որ հարաբերություններում խնդիրների վերհանումն ու վերանայումը դեռևս չի նշանակում դրանց խզում կամ բեկանում: Հակառակը, ըստ Ադամյանի, ներկայիս  ռիթմիկ փոփոխվող աշխարհում պետք է հասկանալ քաղաքական գործընթացների տրամաբանությունը, միտումները և փորձել գտնել համակողմանի լուծումներ, որոնք համահունչ են գործընկերային ոգուն: Քաղաքագետն ընդգծել է, որ պետք է ավելի լայն թափով զարգացնել ռազմավարական հարաբերությունները  բոլոր ոլորտներում. անվտանգային, տնտեսական բաղադրիչից սկսած մինչև հոգևոր և մշակութային ոլորտ:

Ի րանագետ Ժաննա Վարդանյանը «Հայ-իրանական հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու խոչընդոտները» խորագրով զեկույցում ներկայացրել է տարածաշրջանում Հայաստանի և Իրանի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները։ Մարտահրավերների շարքում բանախոսը նշել է Ադրբեջանի իշխանությունների պնդումները, թե, իբրև ռազմական ճանապարհով լուծել են արցախյան հակամարտությունը, ինչպես նաև հայատյաց քաղաքականությունը։ Փորձագետն ընդգծել է, որ  հակամարտությունը կարգավորված չէ, և քանի դեռ Արցախի տարածքների մի մասը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո և իրացված չէ Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, հնարավոր չէ խոսել տարածաշրջանում երկարատև խաղաղության մասին։
Տարածաշրջանի խաղաղությանը սպառնացող մյուս գործոնն, ըստ իրանագետի, Թուրքիայի կողմից այստեղ ներմուծված ահաբեկիչների ներկայությունն է։
Վարդանյանի գնահատմամբ՝ պատերազմից հետո մյուս լուրջ մարտահարվերն Ադրբեջանի ու Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն է։ Ադրբեջանը, մայիսի 12-ից խախտելով Հայաստանի սահմանների անձեռնմխելության սկզբունքը, օկուպացրել է մի քանի տասնյակ կմ2 տարածք։ Միևնույն ժամանակ  Ադրբեջանը և Թուրքիան փորձում են առաջ տանել, այսպես կոչված, «Զանգեզուրի կամ թուրանական միջանցքի» ստեղծման գաղափարը։ Իրանագետի դիտարկմամբ՝ Թյուրքական աշխարհը միավորող «միջանցքի» ստեղծումն անընդունելի ու անթույլատրելի է, և դրա հեռահար նպատակը հայ-իրանական սահմանը վերացնելը, Սյունիքը գրավելն է։
Այս համատեքստում անդրադառնալով հայ-իրանական համագործակցության զարգացման հեռանկարներին՝ Վարդանյանը մատնանշել է մի քանի ուղղություն․ Հայաստան-Իրան հնարավոր համագործակցության ծավալում Սյունիքի մարզում, Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկում, իրանական ընկերությունների ակտիվ և շահեկան մասնակցության հնարավորություն Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարավային հատվածի կառուցմանը, Հայաստանում իրանցի արտադրողների համար ներդրումներ անելու, համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորություն, որի արդյունքում արտադրված ապրանքը կարող են արտահանել ԵԱՏՄ և եվրոպական շուկաներ,  Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցում, որի շնորհիվ հնարավոր կլինի  մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանումն Իրան։ 
Բանախոսը, բացի տնտեսականից, մատնանշել է նաև համագործակցության համար լուրջ ներուժ ներկայացնող այլ ուղղություններ, ինչպիսիք են ռազմական արդյունաբերության, մեդիա և փորձագիտական ոլորտները։ Իրանագետը հատկապես ընդգծել է մեդիա և փորձագիտական ոլորտներում սերտ համագործակցությամբ հնարավոր թյուրըմբռնումները կանխելու, ինչպես նաև սեփական ԶԼՄ-ներում այլ երկրների շահերից բխող քարոզչական թեզերի շրջանառումը բացառելու անհրաժեշտությունը։ 
 
Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը «Թուրքիայի դերը հետպատերազմյան տարածաշրջանում. աճող մարտահրավերներ» խորագրով զեկույցում անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության հայեցակարգի փոփոխմանը և դրա հիմքում դրված գաղափարախոսություններին և սկզբունքներին։
Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան ծավալապաշտական քաղաքականություն է որդեգրել, որի համար գաղափարական հենք են ապահովում պանիսլամիզմը, պանթյուրքիզմը և նեոօսմանիզմը։ Իսկ համաշխարհային կշիռը բարձրացնելու ուղղությամբ Թուրքիան շարժվում է «նախաձեռնողականության», ինչպես նաև «ուժեղ ռազմի դաշտում, ուժեղ բանակցություններում» սկզբունքներով։
Այս սկզբունքի կիրառման հետևանքով Թուրքիային հաջողվեց 2020թ. Արցախում 44-օրյա պատերազմով էականորեն փոխել Հարավային Կովկասում ուժային կենտրոնների և տարածաշրջանային երկրների ուժերի հարաբերակցությունը:
Փորձագետի դիտարկմամբ՝ պատերազմի արդյունքում Թուրքիան դիրքերն ամրապնդել է առնվազն 2 ուղղությամբ՝ տարածաշրջանային մակարդակում և Ադրբեջանում առաջ անցնելով իր մրցակիցներ Իրանից և Ռուսաստանից:
Վեզիրյանն ընդգծել է, որ հատկապես Ադրբեջանում Թուրքիան փաստացի ամրապնդել է ռազմական ներկայությունը, և անխուսափելիորեն նաև քաղաքական ու հանրային կշիռը։ 
Փորձագետի խոսքով՝ Թուրքիան պատերազմի արդյունքները փորձում է կապիտալիզացնել  նաև տարածաշրջանի մակարադակով՝ առաջ քաշելով  տարածաշրջանային նշանակության տնտեսական համագործակության «3+3» ձևաչափը, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Թուրքագետի գնահատմամբ՝ «3+3» ձևաչափի կյանքի կոչումն արդեն իսկ անհավասար պայմաններ է ստեղծում դրա հնարավոր մյուս մասնակիցների համար․ Թուրքիան կամ Ադրբեջանը անվերապահորեն աջակցելու են իրար՝ հակառակ տեսակետն ունեցողներին թողնելով մեկնարկային անբարենպաստ պայմաններում։
Թուրքագետը շեշտել է, որ պանթյուրքիզմի տեսանկյունից Թուրքիայի համար ամենակարևոր ռազմավարական նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է, որը նաև անվանում են «Թյուրքական դարպաս», «Թուրանի ճանապարհ»։ Ըստ Վեզիրյանի՝ Թուրքիայի համար «Զանգեզուրի միջանքը» համաշխարհային ուժ դառնալու ճանապարհին կարևոր նշանակություն ունի։ Այն ստանալու դեպքում կդառնա թյուրքական երկրների համար ձգողական կետը գուցե նաև աշխարհաքաղաքական նոր բևեռի կենտրոնը:

Թ եհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրասիայի բաժնի ղեկավար Մահմուդ Շուրին ելույթի ընթացքում, մատնանշելով տարածաշրջանում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը, ընդգծել է, որ Անկարան ցանկանում է դառնալ իսլամական աշխարհի առաջատարը, վերականգնել Օսմանյան կայսրությունը: Նրա խոսքով՝ եթե Թուրքիան իր քաղաքականությունը շարունակի  այս տրամաբանությամբ, ապա տարածաշրջանը նոր խնդիրների է բախվելու: Շուրիի գնահատմամբ՝ Ադրբեջանն առանց Թուրքիայի աջակցության պատերազմ չէր սկսի: Նշելով, որ պատերազմից հետո տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվել է՝ բանախոսը շեշտել է, որ,  այնուամենայնիվ, Ադրբեջանից ու Թուրքիայից բացի որևէ այլ դերակատար, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան, Հայաստանն ու Իրանը չէին ցանկանում, որ գոյություն ունեցող իրադրությունը փոփոխման ենթարկվեր կամ էլ ցանկանում էին, որ այդ փոփոխությունը լիներ դիվանագիտական, խաղաղ ճանապարհով: Շուրիի խոսքով՝ նախքան պատերազմը Ռուսաստանը տարածաշրջանի ամենաազդեցիկ տերությունն էր, սակայն պատերազմից հետո կիսել է իր դերակատարումը Թուրքիայի հետ: Մահմուդ Շուրին նաև ընդգծել է, որ Իրանի համար Կովկասը մեծ նշանակություն ունի և այնտեղ ուժային հավասարակշռության ցանկացած փոփոխություն անմիջական ազդեցություն ունի Իրանի ազգային անվտանգության վրա:  Նա շեշտել է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելը ռազմականացնում են տարածաշրջանը, ինչը շատ վտանգավոր է:

Կովկասի հարցերով փորձագետ Մոհամմադ Ռեզա Դամավանդին շեշտել է, որ հայ-իրանական քաղաքական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական հարաբերությունները բավարար չափով չեն զարգացել: Նա ընդգծել է, որ երկու երկրները միմյանց լավ չեն ճանաչում, չկա մեկ միասնական կենտրոն, որը կապահովի կողմերի միջև կապն ու կկարողանա առկա խնդիրները լուծել առանց բյուրոկրատիայի հետ բախվելու: Դամավանդին շեշտել է, որ թույլ է կողմերի միջև գիտական, մեդիա համագործակցությունը, որը կարող է նպաստել միմյանց ավելի լավ ճանաչելուն: Փորձագետը շեշտել է հայ-իրանական հարաբերությունները հնարավոր բոլոր եղանակներով խորացնելու անհրաժեշտությունը՝ մասնավորապես առաջնային կարևորություն տալով Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շուտափույթ կառուցմանը, Մեղրի ԱՏԳ-ի գործարկմանը, իրանական Արաս ԱՏԳ-ի հետ համագործակցության հաստատմանը: 

Իսլամական Ազադ համալսարանի դասախոս, հետազոտող Էհսան Մովահեդիանն իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանում Ռուսաստանի որդեգրած դիրքորոշմանը, Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությանը: Նա ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը կանխելու անհրաժեշտությունը: Ըստ Մովահեդիանի՝ Իրանն ու Հայաստանը պետք է խորացնեն քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունները: Փորձագետը կարևորել է հատկապես Սյունիքի մարզում հայ-իրանական համագործակցության ամրապնդումը:
ԻԻՀ նախագահի աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Վալի Քալեջին իր ելույթում խոսել է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունների և այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշման մասին։ Նրա դիտարկմամբ՝ եթե Ռուսաստանը շարունակի այդ հարցում կրավորական կեցվածք ընդունել, ապա Հայաստանը կարող է նմանվել Վրաստանին և փոխել իր քաղաքական վեկտորը: Քալեջին անդրադարձել է նաև տարածաշրջանի երկրների միջև համագործակցության անհրաժեշտությանը: Նա նաև ընդգծել է հակասությունների կարգավորմանն ուղղված եռակողմ բանակցություններին Թեհրանի մասնակցության կարևորությունը, քանի որ պատերազմից հետո առաջացած խնդիրները առնչվում են նաև Իրանին:
Վեբինարի եզրափակիչ հատվածում ծավալվել է հետաքրքիր և արդյունավետ քննարկում երկու հարևան երկրների համար կարևորություն ներկայացնող մի շարք խնդիրների վերաբերյալ։ Պարզաբանվել են հայկական և իրանական մեդիադաշտում տարակարծությունների պատճառ դարձած որոշ թեմաներ։
Միջոցառման ավարտին կողմերը կրկին կարևորել են արդյունավետ քննարկումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը։