Թուրքիայի տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտները
8 ր. | 2021-09-27Ներկայում Ֆրանսիայում բնակվող թուրք տնտեսագետ, պրոֆեսոր Էսեր Քարաքաշի հետ զրուցել ենք Թուրքիայի տնտեսության, նկատվող միտումների հնարավոր հեռնկարների շուրջ:
Էսեր Քարաքաշը ծնվել է 1953 թ. հոկտեմբերի 18-ին Ստամբուլում:
1978 թ. ավարտել է Բողազիչի համալսարանը: 1980 թ. Ավարտել է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության մագիստրատուրան: 1985 թ. ավարտել է Ստամբուլի համալսարանի ֆինանսների ֆակուլտետի ասպիրանտուրան: 1987-1990 թթ. դարձել է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասիստենտ, 1990 թ. ՝ դոցենտ և 1996 թ.՝ պրոֆեսոր:
1993-1996 թթ. եղել է Ստամբուլի համալսարանի ամբիոնի փոխնախագահը և 1996-1999 թթ.՝ ֆինանսների ամբիոնի վարիչը:
1999-2003 թթ. եղել է Բահչեշեհիրի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետի դեկան:
2003-2007 թթ. եղել է Բահչեշեհիրի համալսարանի պրոռեկտոր: Նա նաև աշխատել է՝ որպես Բահչեշեհիր համալսարանի ԵՄ հարաբերությունների բաժնի վարիչ:
— Ի՞նչ ռիսկեր և հնարավորություններ եք տեսնում Թուրքիայի տնտեսության համար առաջիկա տարիներին, ի՞նչ ճանապարհով է զարգանում թուրքական տնտեսությունը:
— Ես լուրջ կասկածներ ունեմ ապագայի վերաբերյալ, ելքեր կան, այնպես չէ, որ իսպառ բացակայում են: Մենք դա տեսել ենք նորագույն պատմության ընթացքում, բայց ներկա քաղաքական միջավայրում տնտեսության զարգացումը լուրջ կասկածներ է առաջացնում: Այլ կերպ ասած, այն, ինչ մենք անվանում եք տնտեսություն, ըստ էության, նշանակում է երկարաժամկետ հեռանկարում աճ: Այսինքն՝ Թուրքիայի տնտեսությունը կաճի՞, թե՞ ոչ: Միայն տնտեսական աճը կախարդական փայտիկի պես չի լուծի յուրաքանչյուր խնդիր: Այսինքն՝ 5,5-6 տոկոսանոց կայուն աճի պարագայում պատկերը կարող է փոխվել: Եթե կարողանաք պահպանել 6 տոկոսանոց աճի տեմպը, միջնաժամկետ հեռանկարում կարող են լուծվել մի շարք հարցեր, ինչպիսիք են եկամուտների բաշխումը, սոցիալական համերաշխությունը, ներքին կայունությունը՝ կախված աճի տեմպից: Բայց այն, ինչ անվանում ենք տնտեսական աճ, նույնպես այդքան կախարդական բան չէ: Աճը շատ պարզ հավասարում է: Դա պարզ հավասարում է, ինչ-որ բան ռեսուրսի մասին: Առաջին պայմանը ռեսուրսն է: Եթե կան բավարար և կայուն ռեսուրսներ, աճ կարող է լինել: Միջնաժամկետ հեռանկարում աճի տեմպը բարձր կլինի: Եթե դուք չունեք ներքին ռեսուրս, իսկ Թուրքիան, ցավոք, չունի, ուստի խնայողությունների մակարդակը ցածր կարող է լինել: Դա հնարավոր էլ չէ մեկ օրում բարձրացնել։ Հետևւաբար, միջնաժամկետ հեռանկարում Թուրքիան կունենա ցածր աճի տեմպ:
Երբ մենք նայում ենք հանրապետության պատմությանը, կա շատ ցածր, միջինը՝ երեք տոկոս աճ: Սա ցածր ցուցանիշ է Թուրքիայի պես բնակչության աճ ունեցող երկրի համար: Հետևաբար, առաջին խնդիրը, որ Թուրքիան պետք է լուծի, դա ռեսուրսների հարցն է: Ներքին ռեսուրսները բավարար չեն Թուրքիայի կայուն բարձր աճի համար: Սա իմ անձնական կարծիքն է, այն կարող է շատ քննադատության ենթարկվել, բայց ես մեկն եմ այն մարդկանցից, ովքեր կարծում են, որ այս մոտեցումը ճիշտ է. Թուրքիային անհրաժեշտ են արտաքին ռեսուրսներ: Այն անընդհատ արտաքին ռեսուրսի կարիք ունի: Առաջին հերթին, ներքին ռեսուրսները նշանակում են ներքին խնայողություններ, խնայողությունն այստեղ հիմնաբառ է: Սա անբավարար։ Թուրքիայի քաղաքացի չհանդիսացողներին ներգրավելու ճանապարհն այն է, որ Թուրքիան լինի իրավական երկիր: Սա պարզ բան է: Այժմ օրենքն ու տնտեսությունը երկու լիովին փոխկապակցված հասկացություններ են: Եվ ես նույնիսկ կարծում եմ, որ օրենքն ամբողջովին առաջին տեղում է, քանի որ, ինչպես ասացի, եթե Թուրքիան լիներ իրական իրավական պետություն, արտաքին ռեսուրսների ներգրավման տեսանկյունից կայուն կլիներ։ Այսպիսով, թույլ տվեք պարզ ասեմ. հնարավոր չէ օտարերկրյա ռեսուրսներ ներգրավել, քանի դեռ օրենքի գերակայության հարցը լուծված չէ։
Չափանիշներից մեկն էլ սեփականության իրավունքի երաշխավորված լինելն է: Այն վայրերում, որտեղ սեփականության իրավունքները չեն հարգվում, որտեղ սեփականության իրավունքները կարող են ոտնահարվել և հեշտությամբ խախտվել, օտարերկրյա ռեսուրսներ չեն գալիս: Ես այս հարցազրույցը տալիս եմ հայկական մի կայքի, և երբ նայում ենք անցյալին, ես չեմ ասում, ինձնից լավ գիտեք, թե ինչ եղավ օսմանյան, հույն և հայ հպատակների ունեցվածքի հետ և ինչպես դրանք կիրառվեցին Թուրքիայում 1915 թ.-ից հետո, 1922 թ.-ից հետո: Բացի այդ, նմանատիպ օրինակներ շատ են նաև 1942 և 1955 թվականներին։ Ուստի, ցավոք, Թուրքիան այն երկիրն է, որտեղ սեփականության իրավունքը երաշխավորված չէ:
Թուրքիայում օրենքի գերակայության առաջին քայլը պետք է նորից վերաբերի սեփականության իրավունքներին: Օրինակ, 2016թ. հուլիսի 15-ին հաջորդող ժամանակահատվածում ավելի քան 1000 շատ բարձրարժեք ակտիվներ են անցել պետության տնօրինության տակ: Ուրեմն ի՞նչ է սա․ պետությունը տնօրինել է մարդկանց անշարժ գույքը: Սա սեփականության իրավունքի պարզ ոտնահարում է: Այժմ մի վայրում, որտեղ ուրիշների սեփականության իրավունքները կարող են հեշտությամբ վտանգվել, չի կարելի սպասել, թե արտաքին ռեսուրսները հեշտությամբ կգան։ Հետևաբար, նախ պետք է լուծեն սեփականության իրավունքի հարցը: Օրենքի գերակայությունն այստեղ առանցքային բառն է:
Թուրքիայում վերջին 10 տարում, մերժվում են սեփականության իրավունքները, ազատ կամարտահայտման իրավունքը, ցույցերի, հավաքների, երթերի անցկացման իրավունքները, և, հետևաբար, օրենքից և պետությունից դուրս պետություն է ձևավորվում, որը ես՝ որպես մարդ, ով աշխատում է հանրային տնտեսության ոլորտում, պետություն չեմ անվանում: Բանն այն է, որ դա խմբավորում է, կառույց, բայց ես դա չեմ կարող անվանել պետություն, քանի որ ես մարդ եմ, ով պետություն բառին լուրջ է վերաբերվում, ուստի երբ պետության փոխարեն կա խմբավորում, չկա օրենքի գերակայություն: Կա երկրորդ խոչընդոտը տնտեսության զարգացման համար` կրթության մակարդակը: Թուրքիայում կրթության գաղափարախոսությունը հիմնված չէ արդյունավետության, լավ կրթության, լավ սարքավորումների, այլ՝ քաղաքացու ընդունելի կերպար ստանալու վրա։ Երբ կրթության գաղափարախոսությունը հաստատում ես քաղաքացու ընդունելի կերպար ստանալու վրա, այլ ոչ թե լավ սարքավորումների, առաջին բանը, որին այն վնաս կբերի, հենց տնտեսական աճն է: Քանի որ դուք արդյունավետություն, բարձր որակներ չեք փնտրում ընդունելի քաղաքացու պատկերում:
Ըստ ժամանակաշրջանների` նախագծվել են ընդունելի քաղաքացիների շատ տարբեր կերպարներ: Այլ խոսքով՝ ամեն ժամանակաշրջան ունի ընդունելի քաղաքացու կերպարի իր տեսակը: Հանրապետության հիմնադրման տարիներին կար մեկ այլ տիպի ընդունելի քաղաքացի: Վերջին 10-15 տարում հայտնվեց այլ տեսակի ընդունելի քաղաքացու կերպար, սակայն դրանցից ոչ մեկը չի նպաստում աճին: Ի՞նչ է սա նշանակում։ Քանի որ աճն այժմ նշանակում է նորարարություն, նորարարությունը բարձրացնում է արտադրողականությունը և բերում հարստություն, իսկ նորարարության համար պետք է լինի բացարձակ ազատություն: Որտեղ չկա բացարձակ ազատություն, որտեղ չկա մեծ ազատություն, մարդիկ չեն փնտրում նովան՝ նորը: Իհարկե, այս դեպքում տնտեսության մեջ արտադրողականությունը չի աճում: Մի խոսքով, տնտեսապես զարգանալ նշանակում է օրենքի գերակայություն և կրթություն: Այն երկրում, որտեղ չկա օրենքի գերակայություն, և կրթության որակը վատ է, ինչպես ասացի, միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չէ ունենալ տնտեսական ցուցանիշների կայուն աճ:
— Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում ի՞նչ առաջնահերթություններ կարող են առաջին պլան մղվել: Այլ կերպ ասած, տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ի՞նչ փոփոխություններ են սպասվում Թուրքիայի տնտեսությունում:
— Ես ոչինչ չեմ ակնկալում, քանի որ տարածաշրջանային տնտեսության արտահայտությունն ինձ համար այնքան էլ իմաստ չունի, ես պարզապես ասացի, որ Թուրքիայի ամենամեծ խնդիրը օրենքի գերակայությունն է: Թուրքիային անհրաժեշտ է իրավական պետություն ստեղծել: Բայց իշխանությունը չի կարող Թուրքիան օրենքի երկիր դարձնել: Մենք սա շատ լավ գիտենք: Ինչու՞ Թուրքիան չի կարող օրենքի գերակայություն ապահովել երկրում, քանի որ Թուրքիայում օրենքի պահանջ չկա: Թուրքիայի միջին քաղաքացին չի պահանջում օրենքի գերակայություն: Ինչո՞ւ չի պահանջում օրենքի գերակայություն: Սա տգիտության կամ անգրագիտության պատճառով չէ: Մենք սա անվանում ենք բանական տգիտություն: Ի՞նչ է դա նշանակում: Եթե անձը ինչ-ինչ պատճառներով հարկեր չի վճարում, նշանակում է, որ նա չի ցանկանում իրավական պետություն: Օրինակ, եթե նա տաքսու վարորդ է, չնայած ամբողջ տեխնոլոգիան թույլ է տալիս, սարքավորումներ, տաքսոմետր և այլն: Եթե նա հարկվում է ոչ թե իրական, այլ պարզ հիմունքներով, ուրեմն չի ուզում իրավական պետություն ունենալ: Թուրքիայում գործում է գրեթե 35 տոկոս ոչ ֆորմալ, ստվերային տնտեսություն: Ի՞նչ է դա նշանակում: Եթե ստվերում եք աշխատում, ապա չեք վճարում այն աշխատանքի եկամտահարկը, որը կատարում եք, և չեք վճարում ապահովագրությունը: Նույնիսկ եթե դուք ոչ ֆորմալ աշխատող եք, ձեր ղեկավարի՝ ձեզ աշխատանքից ազատելու հավանականությունը շատ ցածր է, քանի որ ձեր ղեկավարի ծախսերը այդպիսով քչանում են, ուստի բոլորը գոհ են ոչ ֆորմալ, ստվերային տնտեսությունից, բացի պետությունից: Բայց պետությունը քաղաքականապես աչք է փակում նաև դրա վրա: Քանի որ նա վախենում է: Թուրքիայում այս առումով ահռելի խնդիրներ կան: Կա էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման հսկայական ծավալ: Ինչպես նշեցի սկզբում, ահռելի ճնշում կա սեփականության իրավունքի վրա: Բանն այն է, որ եթե ես գամ և կուսակցություն ստեղծեմ Թուրքիայում և ստիպեմ մեզ հավատալ, որ իշխանության գալու դեպքում մենք կստեղծենք իրավական պետություն, ինչպիսին Ֆրանսիան է, մենք կստանանք ձայների ընդամենը 2 տոկոսը՝ չնայած ողջ արժանահավատությանը: Քանի որ քաղաքացիները դա չեն ուզում, ես շատ հստակ ասում եմ. այսպիսով, կա՞ դրանից ելք: Հեշտ չէ: Միակ ելքն այն է՝ եթե մենք մեր շահերը համընդհանուր դարձնենք Եվրամիության հետ, և եթե գերակշռեն Եվրամիության օրենքները: Միայն այդ դեպքում կարող են լուծվել տնտեսական խնդիրները: Այսինքն՝ Թուրքիան պետք է մտնի Եվրամիություն, որպեսզի իրավական պետություն լինի, հակառակ դեպքում նման բան հնարավոր չէ:
— Շատ է խոսվում Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին: Ձեր կարծիքով՝ այդ պարագայում Թուրքիայի տնտեսության հատկապես ո՞ր ուղղությունները կարող են տուժել:
— Ես խնդրին այդ տեսանկյունից չեմ նայում: Տարբեր ոլորտային ազդեցությունները կարևոր չեն, խնդիրը դա չէ: Իհարկե, Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ-ն, Եվրոպական Միությունը, այլ խոսքով՝ Արևմուտքը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով: Իսկ Արևմոտք ասելով հասկանում ենք աշխարհի ֆինանսական համակարգի կենտրոնը: Եթե իրենք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառեն, ամենակարևոր, ամենամեծ պատժամիջոցը կլինի Թուրքիա օտարերկրյա ռեսուրսների մուտքի սահմանափակումը: Տեսեք, եթե 2011 թ. Թուրքիայում ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով 12.500 դոլար էր, ապա այժմ 8.500 դոլարի է իջել: Այսինքն, մոտավորապես 10 տարում Թուրքիայի Հանրապետության քաղաքացին կորցրել է իր եկամուտների գրեթե 1/3-րդը: Սրանից ավելի մեծ պատժամիջոց կա՞: Ահա սա է պատժամիջոցը: Այլապես ոլորտային պատժամիջոցներ և այլն, դրանք այդքան էական չեն: Ամենաէական պատժամիջոցն այն է, որ Արևմուտքը կանաչ լույս չի վառում օտարերկրյա կապիտալի Թուրքիա մուտք գործելու, օտարերկրյա ռեսուրսներ, ներդրումներ ներգրավելու համար: Սրա հետևանքներն ու արդյունքներն էլ ակնհայտ են: