Վրաստանը 2021թ. հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների շեմին

14 ր.   |  2021-08-31
Մաս 1․ Վրաստանի արտաքին տնտեսական կապերի դինամիկան
Ներածություն

Վրաստանում՝ 2020 թ. հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններում, երրորդ անգամ անընդմեջ հաղթեց Բիձինա Իվանիշվիլու հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցությունը, որը 2012 թ.-ից իշխում է Վրաստանում։ Այդ հաղթանակն օրինաչափ էր, քանի որ  բոլոր նախընտրական սոցիոլոգիական հարցումները ցույց էին տվել, որ «Վրացական երազանքը» նշանակալիորեն ավելի բարձր վարկանիշ ունի, քան բոլոր ընդդիմադիր կուսակցությունները։

«Ազատ ընտրություններ» ՀԿ-ի կողմից ընտրողների ձայների զուգահեռ հաշվարկը (exit-poll) գործնականում համընկան Վրաստանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների հետ։ Միջազգային հանրությունը ընտրությունները ճանաչեց լեգիտիմ։

Սակայն ընդդիմադիր բոլոր կուսակցությունները՝ Մ․ Սահակաշվիլու հիմնադրած «Ազգային միացյալ շարժում» կուսակցության գլխավորությամբ, վիճարկեցին ընտրությունների արդյունքները, որոշեցին հրաժարվել մանդատներից և պահանջեցին անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանում սկսվեց քաղաքական ճգնաժամ, որը շարունակվում է մինչ օրս։

Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ 2021 թ.-ի ապրիլի 19-ին, Եվրոպայի Խորհրդի Նախագահ Շարլ Միշելի առաջարկով, «Վրացական երազանքի» և ընդդիմադիր կուսակցությունների միջև համաձայնագիր ստորագրվեց այն մասին, որ, եթե 2021 թ. հոկտեմբերին Վրաստանում Տեղական ինքնավարության մարմինների ընտրություններում Վրացական երազանքը ստանա 43%-ից պակաս ձայն, ապա 2022 թ. ընթացքում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Սակայն, հուլիսի 28-ին «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ կուսակցությունը դուրս է գալիս ապրիլի 19-ի համաձայնագրից, քանի որ ըստ նրա, «համաձայնագրի ստորագրումից նույնիսկ 100 օր հետո, ընդդիմադիր պատգամավորների կեսից ավելին այն չեն ստորագրել»[1]։ Հաջորդ օրը Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը հայտարարեց՝ «ԱՄՆ-ը խորապես մտահոգված և վրդովված է «Միշելի համաձայնագրից» դուրս գալու «Վրացական երազանքի» միակողմանի որոշմամբ»։ Այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ, ԱՄՆ դեսպանը պատասխանեց․ «Պատժամիջոցների մասին խոսելը վաղ է, քանի դեռ չեն սպառվել համաձայնագրի կատարման մնացած բոլոր հնարավորությունները»։[2]

Այս իրադարձությունները սրեցին ինտրիգը ՏԻՄ ընտրությունների շուրջ։ Անկախ այն հանգամանքից կվերադառնա՞ արդյոք «Վրացական երազանքը» ապրիլի 19-ի համաձայնությանը, թե՝ ոչ, Միացյալ Նահանգների նման սուր արձագանքը բացահայտում է նրա լուրջ մտահոգությունը Վրաստանում քաղաքական զարգացումների վերաբերյալ։ Պետք է ենթադրել, որ վրացական քաղաքական ճգնաժամի և ԱՄՆ կոշտ միջամտության քողի ներքո առկա են այլ՝ ավելի կարևոր պրոցեսներ, որոնք ունակ են լրջորեն խանգարելու Անդրկովկասում և Վրաստանում ԱՄՆ ռազմավարությունների իրականացմանը, որոնք կազմում են ԱՄՆ եվրասիական գլոբալ ռազմավարության բաղկացուցիչ մասը և, ա՛յդ կոնտեքստում է, որ ապրիլի 19-ի համաձայնությունը նաև ԱՄՆ համար ունի հանգուցային նշանակություն։

Եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն միշտ խիստ բացասական է տրամադրված եղել Բ․ Իվանիշվիլու նկատմամբ, համարելով նրան «Ռուսաստանի գործակալ», ապա, կարող ենք ենթադրել, որ խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու ընդդիմադիրների բոյկոտը, ապրիլի 19-ի համաձայնությունը և հոկտեմբերի 2-ի ընտրությունների հիմնական նպատակն է վերջ դնել «Վրացական երազանքի» միակուսակցական կառավարմանը։

Վերոշարադրյալից բխում է երկու կարևոր հարց։ Առաջինը՝ արդյո՞ք 2020 թ. խորհրդարանական ընտրություններին հաջորդած սուր և երկարատև ճգնաժամը պայմանավորված է զուտ՝ Վրաստանի քաղաքական համակարգին ներհատուկ ներքաղաքական անհանդուրժողականությամբ, թե՞ ունի ավելի խորը պատճառներ։

Մեր ենթադրություն է, որ Վրաստանում քաղաքական ճգնաժամի հիմքում այն է, որ աճում է Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, ինչը միջնաժամկետ հեռանկարում կարող է դրդել Վրաստանի իշխանություններին՝ մեղմացնել իրենց խիստ բացասական  դիրքորոշումները ՌԴ նկատմամբ, ինչը է՛լ ավելի կմեծացնի Վրաստանի կախվածությունը ՌԴ-ից։

Երկրորդը՝ ի՞նչ ելք կարող են ունենալ 2021 թ. հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները Վրաստանում, որոնք հանգուցային նշանակություն ունեն վրաստանյան հետագա քաղաքական զարգացումներում։ Այդ հարցի պատասխանը ստանալու համար կքննենք 2021թ. հունիսի 15-30-ի ընթացքում ԱՄՆ Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) իրականացրած զանգվածային հետազոտության արդյունքները։

Վրաստանի արտաքին տնտեսական կապերի դինամիկան 2001-2020 թթ. ընթացքում

Առաջին ենթադրությունը ստուգելու համար դիտարկենք Վրաստանի արտաքին տնտեսական կապերի դինամիկան վերջին 20 տարում։ Նախ՝ համառոտ վերհիշենք այդ 20 տարիների Վրաստանում հիմնական քաղաքական իրադարձությունները և փորձենք շաղկապել այդ երկու պրոցեսները։

Վրաստանը սկսել էր ՌԴ-ից հեռանալու և Արևմուտքի հետ մերձենալու քաղաքականությունը դեռևս 1998 թվականից՝ Էդուարդ Շևարդնաձեի օրոք։ Ըստ երևույթին Է․ Շևարդնաձեն՝ Արևմուտքի և ՌԴ միջև խուսանավելու քաղաքականությունում, վերջին հաշվով, ճիշտ չկողմնորոշվեց՝ որոշելով որդեգրել արևմտամետ կողմնորոշում։[3] Այդ պատճառով նա կորցրեց իր նկատմամբ ՌԴ վստահությունը, սակայն ամերիկյան վստահությունը չշահեց։ Հավանաբար ԱՄՆ-ն Է. Շևարդնաձեին համարում էր իր դերն ու նշանակությունն արդեն անվերադարձ կորցրած քաղաքական գործիչ։

Շևարդնաձեի կառավարման վերջին 5 տարում խիստ վատացել էր Վրաստանի բնակչության տնտեսական վիճակը և, միաժամանակ, շատ մեծ չափերի էր հասել կոռուպցիան և հասարակական դժգոհությունը։ 2003 թ. հունիսին Վրաստանի բնակչության 80%-ը համարում էր, որ նախագահի գործողությունները պայմանավորված են իր անձնական և խմբային շահերով, Է. Շևարդնաձեին դրական էր վերաբերում մարդկանց 13.6%-ը, Նինո Բուրջանաձեին՝ 60.7%-ը, Մ. Սահակաշվիլուն՝ 35.7%-ը[4]։ Վրաստանի հասարակությունը «ծանրութեթև անելով» այն միարժեքորեն դրական փաստը, որ Է․ Շևարդնաձեն վերջ դրեց Վրաստանում քաղաքացիական պատերազմին և նշված բացասական երևույթները, խանդավառությամբ ընդունեց «Վարդերի հեղափոխությունը»։

2003 թ.-ին իշխանության գալուց հետո Մ․ Սահակաշվիլին, սկսեց սրընթաց վատացնել  ՌԴ հետ Վրաստանի հարաբերությունները, այն պատճառաբանությամբ, որ ՌԴ-ն սատարում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողականությանը։ Սահակաշվիլու նպատակն էր այդ հարցերը տեղափոխել ՄԱԿ, դրանով իսկ դուրս մղելով Ռուսաստանին այդ հարցերի լուծումից։ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանին վերադարձնելու Մ. Սահակաշվիլու կոշտ քաղաքականությունը և միջազգային ամբիոններից Ռուսաստանին ուղղված ծանր մեղադրանքներն ի վերջո ավարտվեցին նրանով, որ Մ. Սահակաշվիլին 2008 օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը սկսեց վրաց-օսական պատերազմը[5], որին միջամտեց Ռուսաստանը։ Վրաստանը ծանր պարտություն կրեց, իսկ ՌԴ-ն ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ 2009 թ.-ից զանգվածային և երկարատև բողոքի ցույցեր սկսվեցին Սահակաշվիլիի իշխանության դեմ։ 2011 թ.-ին միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ով իր կարողությունը ձեռք էր բերել Ռուսաստանում, հայտարարեց որ զբաղվելու է քաղաքականությամբ և հիմնադրեց «Վրացական երազանք» կուսակցությունը։  

2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններում հաղթեց «Վրացական երազանքը»։ Կուսակցությունը հաղթեց նաև 2016 թ. հոկտեմբերի, ապա՝ 2020 թ. հոկտեմբերի ընտրություններում։ «Վրացական երազանքի» իշխանության տարիներին աստիճանաբար վերականգնվում էին ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունները, սակայն մինչև օրս ՌԴ հետ լիարժեք քաղաքական հարաբերություններ հաստատելու համար, Վրաստանի բոլոր իշխանությունները և բոլոր կուսակցությունները պահանջում են որպեսզի ՌԴ-ն հետ կանչի Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը։

Այժմ դիտենք, թե ինչպե՞ս էր շաղկապված Վրաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների դինամիկան քաղաքական պրոցեսների հետ՝  2001-2020 թթ. ընթացքում, համեմատելով Մ․ Սահակաշվիլու և «Վրացական երազանքի» իշխանության տարիները։ Գծապատկեր 1 և Գծապատկեր 2-ում տրված են վրացական արտահանման և ներկրման ԵՄ, ԱՄՆ, ՌԴ, ՉԺՀ և Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի և Հայաստանի մասնաբաժինները տոկոսներով։


Գծապատկեր 1․[6]


Գծապատկեր 2․

Եվրոպական միությունը (28 երկրներ) դիտարկվող 20 տարում եղել և մնում է Վրաստան ամենամեծ ներկրողը և Վրաստանից ամենամեծ արտահանողը։ Սակայն նրա մասնաբաժինը, որպես դեպի Վրաստան արտահանող, նվազում է սկսած 2017 թվականից, իսկ որպես Վրաստանից ներմուծող՝ սկսած 2015 թ.-ից։

ԱՄՆ-ն դիտարկվող 20 տարում երբեք չի եղել Վրաստանից արտահանման կարևորագույն երկրների շարքում, սակայն նրա ներկրումը Վրաստան նվազել է 2001 թ.-ից, իսկ ներմուծումը Վրաստանից նվազել է 2010 թ.-ից։ Այդ նվազումը հատկապես արագ է ընթացել 2012 թ.-ից։

Մյուս կողմից, Ռուսաստանը և Չինաստանը 2012 թ.-ից շատ արագ տեմպերով մեծացրել են իրենց դերը որպես Վրաստանի արտաքին տնտեսական գործընկեր։ ՉԺՀ-ն դարձել է Վրաստանից ներկրող երկրորդ, իսկ ՌԴ-ն՝ երրորդ երկիրը, իսկ որպես Վրաստան արտահանման երկիր՝ ՌԴ-ն դարձել է երրորդ երկիրը, իսկ ՉԺՀ-ն՝ չորրորդը։

Թուրքիան որպես դեպի Վրաստան ներկրող երկրորդ տեղում է, իսկ նրա մասնաբաժինը վերջին երեք տարում ունեցել է աճի միտում։ Չնայած որպես Վրաստանից արտահանման երկիր 2015 թ.-ից նրա դերը սկսել է նվազել, այնուամենայնիվ, Թուրքիան մնում է Վրաստանից արտահանման չորրորդ երկիրը։

Ադրբեջանի մասնաբաժինը որպես Վրաստանից արտահանման երկիր 2010-2020 թթ. ընթացքում նշանակալիորեն նվազել է, սակայն, նրա դերը որպես ներկրող՝ աճում է։ Վերջինը պայմանավորված է Ադրբեջանից դեպի Վրաստան բնական գազի արտահանման ծավալի աճով։ Նշենք նաև, որ Ադրբեջանի դերը որպես Վրաստանի արտաքին տնտեսական գործընկեր, նշանակալիորեն ավելի բարձր է, քան Հայաստանինը։

Հայաստանի մասնաբաժինը Վրաստանի ներմուծման մեջ 2020-ին կազմել է 0․8%, իսկ արտահանման մեջ՝ 3.9%։

Եզրակացություններ

Այսպիսով․

  • Վրաստանի արտաքին տնտեսական ոլորտում ԵՄ-ն և ԱՄՆ-ն աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը բարձր տեմպերով բարելավում։
  • Այդ միտումների պահպանման դեպքում, Վրաստանի տնտեսական կախվածության աճը Ռուսաստանից կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերություններում Վրաստանի դիրքորոշման մեղմացմանը։
  • Վրաստանի և ՌԴ միջև տնտեսական հարաբերությունների աճը և հաղորդակցվում է «Վրացական երազանքի» նկատմամբ վրացական ընդդիմության անհաշտ և ԱՄՆ կոշտ դիրքորոշման հետ։
Վրաստան-ՌԴ հարաբերությունները և տրանսկասպիական գազատարը

Վրաց-ռուսական հարաբերություններում առկա է ևս մի գործոն, որն ունակ է էապես փոխելու դրանց բնույթը՝ դա Վրաստանի գազամատակարարման խնդիրն է։ Վրաստանի տնտեսության զարգացման և բնակչության կենսամակարդակի տեսակետից կարևոր նշանակություն ունի բնական գազը։ Վրաստանում, ինչպես և աշխարհում, բնական գազի տեսակարար կշիռը, որպես էներգիայի աղբյուր, անշեղորեն աճում է (Գծապատկեր 3)։ 2018 թ.-ին Վրաստանում բնական գազի տեսակարար կշիռը էներգիայի սպառման կառուցվածքում կազմել է մոտ 42%:


Գծապատկեր 3. Աղբյուրը՝ https://unstats.un.org/unsd/energystats/dataPortal

Վրաստանը ներմուծում է բնական գազի իր պահանջարկի գործնականում 100%-ը։ Ընդ որում՝ ներմուծվող բնական գազի 93-94%-ը ադրբեջանական է, իսկ մնացածը՝ ռուսական, որը Վրաստանը ստանում է ի հաշիվ Հայաստան ներկրվող գազի տրանզիտի։ Վրաստանում գազի հանույթը՝ երկրի պահանջարկի բավարարման տեսակետից աննշան է, այն կազմում է մոտ 7 միլիոն մ3 կամ ընդհանուր սպառման մոտ 0․03%-ը։

Վրաստանում աճում է ոչ միայն գազի տեսակարար կշիռն էներգետիկ բալանսում, այլև նրա ֆիզիկական ծավալների պահանջարկը (Գծապատկեր 4)։ Վրաստանը 2020 թ.-ին սպառել է 2.57 մլրդ մ3 բնական գազ։ Ենթադրվում է, որ 2021 թ.-ին այդ ցուցանիշը կհասնի 2.70 մլրդ մ3-ի։


Գծապատկեր 4․ Աղբյուրը՝ https://unstats.un.org/unsd/energystats/dataPortal

Մյուս կողմից, Ադրբեջանի բնական գազի արդյունահանման հիմնական հանքավայրում՝ Շահ-Դենիզում, այս տարվա հունիսին շահագործման հանձնվեց նրա վերջին հատվածը։ Այդ փաստին հիմնվելով, որոշ մասնագետների կարծիքով, Ադրբեջանում իրացվելի բնական գազի[7] հանույթն արդեն հասել է իր առավելագույնին և հետագայում ունենալու է նվազման միտում։ Դրան նպաստող մյուս գործոնն այն է, որ Ադրբեջանի նավթի հանույթում գերակշիռ մասնաբաժին ունեցող Ազերի-Չիրագի-Գյունեշլի հանքավայրում նվազում է նավթի հանույթը (Գծապատկեր 5) և դրա ծավալները պահպանելու համար անհրաժեշտ է հանքավայր մղել բնական գազի մեծ ծավալներ, ինչն, իր հերթին, կնվազեցնի բնական գազի իրացվելի ծավալները։


Գծապատկեր 5. Աղբյուրը՝ https://nangs.org/news/upstream/dobycha-nefti , https://neftegaz.ru/news/dobycha/631134-dobycha

Եթե պահպանվեն դիտարկված միտումները, ապա մոտ ապագայում, ենթադրաբար՝ 2025 թ.-ից, Ադրբեջանի համար կդժվարանա բնական գազի մատակարարման իր երկարաժամկետ պարտավորությունների կատարումը ինչպես՝ ԵՄ և Թուրքիայի նկատմամբ, այնպես էլ Վրաստանի։ Չի բացառվում, որ այդ դեպքում 2025 թ.-ից, Ադրբեջանը ստիպված լինի գնել և վերավաճառել ռուսական գազը։ Այդ դեպքում Վրաստանն ամբողջությամբ կվերածվի ռուսական գազի սպառողի և լուրջ կախվածության կունենա ՌԴ-ից։[8]

Այդուհանդերձ, իրավիճակը միարժեք չէ։

Վրաստանի համար բնական գազի ներկրման հարցում կան այլընտրանքներ՝ Իրանը և Թուրքմենստանը։  Սակայն, Վրաստանը գազի գնումները Իրանից քիչ հավանական է համարում՝ Իրանի նկատմամբ միջազգային սանկցիաների պատճառով։ Բնական գազի մատակարարման առավել հավանականը Թուրքմենական գազն է։

Թուրքմենական գազը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Եվրոպա արտահանման գաղափարը գոյություն ունի 2002 թ.-ից։ Նաբուկկո գազատարի կառուցման շրջանակում նախատեսվում էր կառուցել Տրանսկասպյան գազատարը՝ մոտ 300 կմ երկարությամբ։ Այն անցնելու էր Կասպից ծովի հատակով՝ կապելով Թուրքմենստանը և Ադրբեջանը։ Այդ գազատարի կառուցումը մոտ 20 տարի հետաձգվել է Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ Մերձկասպյան հինգ երկրների անհամաձայնության պատճառով։ Սակայն, 2018 թ. օգոստոսի 12-ին Ղազախական Ակտաու քաղաքում Մերձկասպյան երկրների միջև ստորագրվեց «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիան»։ Իսկ 2021 թ. հունվարին Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ստորագրվեց «Կասպից ծովում ածխաջրածնային «Դոստլուղ» հանքավայրի համատեղ հետախուզման և շահագործման մտադրության մասին հուշագիրը։ Թվում է, թե հարցի իրավական կողմը հանգուցալուծված է և այն արագորեն կարող է իրականցվել։

Սակայն ներկայում Տրանսկասպյան գազատարի կառուցման տեսակետից «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիայի» վերաբերյալ կա երկու տեսակետ։ Առաջինն այն է, որ ըստ Կոնվենցիայի դրույթների Կասպից ծովի հատակով գազատարի կառուցումը նախատեսում է միայն հարևան երկրների, տվյալ դեպքում՝ Թուրքմենստանի և Ադրբեջանի, համաձայնությունը։ Սակայն Մոսկվան և Թեհրանը, հղում կատարելով 2003 թ. նոյեմբերին ստորագրված՝ «Կասպից ծովի ավազանի պաշտպանության մասին շրջանակային Կոնվենցիային» («Թեհրանյան Կոնվենցիա»), պաշտոնապես պնդում են, որ ստորջրյա գազատարի կառուցումն, այնուամենայնիվ պահանջում մերձկասպյան բոլոր երկրների համաձայնությունը։[9]

Նշենք, որ Տրանսկասպյան գազատարի կառուցման դեպքում, Թուրքմենստանից դեպի ԵՄ կարող է արտահանվել մոտ 30 միլիարդ մ3 բնական գազ։ Այդ դեպքում կլուծվի նաև Վրաստանի բնական գազի մատակարարման հարցը։ Բացի այդ, հնարավորություն կառաջանա նաև Վրաստանի տարածքով գազի ներկրումը Հայաստան, ինչը կթուլացնի Հայաստանի կախվածությունը ռուսական բնական գազից։ Պարզ է, որ Տրանսկասպյան գազատարի կառուցումն արմատապես կփոխի աշխարհատնտեսական կառուցվածքը և՛ Անդրկովկասում, և՛ Եվրոպայում։

Այս հեռանկարը հակասության մեջ է ինչպես Ռուսաստանի՝ դեպի ԵՄ գազի մատակարարման ռազմավարությունների, այնպես էլ Իրանի՝ իր բնական գազը Հայաստանի և Վրաստանի տարածքով Եվրոպա արտահանելու պլանների հետ։

ՌԴ տեսակետից, որը հաղորդակցում է Հարավային Ասիայի երկրների (Աֆղանստան, Պակիստան, Հնդկաստան) և ՉԺՀ մտադրությունների հետ՝ Կենտրոնական Ասիայի և, մասնավորապես, Թուրքմենական գազի արտահանման հարցում, այդ խնդիրները լուծվում են թուրքմենական ամբողջ գազն ուղղելով Արևելք՝ Չինաստան, ինչպես նաև Աֆղանստան, Պակիստան և Հնդկաստան (նախատեսվող TAPI գազատարի միջոցով, որի պլանները առկա են 2010 թ.-ից)։ Արդեն գործում է «Կենտրոնական Ասիա - ՉԺՀ» գազատարը, որն անցնում է Թուրքմենստանով, Ուզբեկստանով և Ղազախստանով։ Դրա թողունակությունը տարեկան 55 միլիարդ մ3 է։ Այդ գազատարով անցնող բնական գազի 80%-ը թուրքմենական է։ Շուտով գործարկվելու է գազատարի 4-րդ գիծը, որի արդյունքում դրա թողունակությունը կաճի մինչև տարեկան 65 միլիարդ մ3։ Աֆղանստանում բարդ իրավիճակի պատճառով TAPI գազատարի կառուցումը շարունակաբար դժվարությունների էր հանդիպում։ Սակայն, ներկայում, երբ ԱՄՆ-ն հեռանում է Աֆղանստանից, ինտենսիվ քայլեր են կատարվում, այդ թվում իշխանության եկած Թալիբանի հետ, վերջնականապես կառուցելու և շահագործման հանձնելու համար TAPI գազատարի շինարարությունը։[10]

Եզրակացություններ
  • Տրանսկասպյան գազատարի աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական գինը շատ բարձր է։ Այն ունակ է արմատապես փոխելու Եվրոպայի, Անդրկովկասի, Հարավային Ասիայի և ՌԴ էներգետիկ ռազմավարությունները։
  • Աճել է Տրանսկասպյան գազատարի կառուցման հավանականությունը։ Չնայած Ադրբեջանը, Թուրքմենստանը և Եմ-ն համարում են, որ գազատարի կառուցման իրավաբանական խոչընդոտները վերացված են, սակայն ՌԴ-ն և Իրանն այդ հարցում ունեն լուրջ վերապահումներ։
  • Աճել է TAPI (Թուրքմենստան, Աֆղանստան, Պակիստան, Հնդկաստան) գազատարի կառուցման հավանականությունը։
  • Նշված երկու հավանականությունների միաժամանակյա աճը[11] խիստ սրում է միջազգային հարաբերությունները Եվրասիայում։
  • Ներկայում դժվար է կանխատեսել, թե ինչպես կհանգուցալուծվի Թուրքմենական գազը Եվրոպա արտահանելու հարցը։ Սակայն պարզ է, որ սպասվում է շատ սուր պայքար թուրքմենական գազի արտահանման ուղիների հարցում։ Չեն բացառվում լոկալ պատերազմների բռնկումները, մասնավորապես Աֆղանստանում։
  • Թուրքմենական գազի արտահանման ուղու հարցի լուծման տարբերակներն ունակ են կամ նշանակալիորեն ուժեղացնել և կայունացնել ՌԴ դիրքերն Անդրկովկասում, կամ նշանակալիորեն թուլացնել դրանք՝ Վրաստանի և Հայաստան համար ստեղծելով թուրքմենական գազի մատակարարման հնարավորություն։
  • Աֆղանստանի խնդիրը, Թուրքմենական գազի արտահանման ուղու խնդիրը և   հետխորհրդային տարածքի կոնսոլիդացման ՌԴ քաղաքականությունն ուժեղ շաղկապված են միմյանց հետ։

[1] Грузинская мечта выходит из Соглашения от 19 апреля

[2] Посол США в Грузии надеется, что соглашение 19 апреля останется в силе, Воскресенье, 1 августа, 2021

[3] 1998 թ. փետրվարի 9-ին տեղի ունեցավ 3-րդ մահափորձը Շևարդնաձեի նկատմամբ։ Մահափորձի կազմակերպման մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալվեց 16 անձ, որոնց շարքում կային նախորդ նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցներ։ Մահափորձում մեղադրում էին նաև ռուսական կողմին՝ կապված Բաքու – Ջեյհան նավթամուղի շինարարության հետ։ Կար նաև երրորդ վարկածը, որ մահափորձը բեմականացում էր՝ Կառավարությունում պաշտոնանկություններ կատարելու նպատակով։ Դրանից հետո, 1998 թ. ապրիլին պաշտոնանկ արվեց «ռուսական» գեներալ, Պաշտպանության նախարար Նադիբաիձեն, որի ռազմական կարիերան անցել էր ԽՍՀՄ զինված ուժերում, իսկ նրան փոխարինեց ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոններում ուսուցում ստացած Դավիթ Թևսաձեն։

Վրաստանը սկսեց ՌԴ-ից պահանջել դուրս բերել իր ռազմակայանները, պատճառաբանելով՝ իբր դրանք մասնակցություն են ունեցել մահափորձին։ Վրացական բանակի կատարելագործման համար հրավիրեցին ամերիկյան հրահանգիչները։

1998 թ. հոկտեմբերի 29-ին սկսվեց Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթատարի կառուցումը, որը ստորագրվել էր 1994 թ. սեպտեմբերի 20-ին։ 

2001 թ. հունիսի 29-ին Վազիանիից դուրս բերվեց ՌԴ ռազմակայանը, որը ՌԴ համար ռազմա-ստրատեգիական մեծ կորուստ էր, քանի որ այդ օդանավակայանն ունակ էր ընդունելու ռազմական ծանր բեռնատար ինքնաթիռներ։

[4] Nana Sumbadze, Georgy Tarkhan-Mouravi, Political change and public opinion in Georgia 2002-2003. Institute for Political studies, Tbilisi, 2004.

[5] ԵՄ փորձագետները Հայդի Տալյավինիի գլխավորած Միջազգային Հանձնաժողովի զեկույցում պատերազմը սկսելու համար մեղավոր են ճանաչվել Թբիլիսին։ Доклад Тальявини: Грузия виновна, Россия вышла за "разумные границы". РИА Новости, 30,09,2009. 

[6] 2016 թ․ Վրաստանի ներկրող երկրների շարքում «Մնացածը» կատեգորիայի մասնաբաժնի կտրուկ աճը, պայմանավորված է նրանով, որ այդ տարի Վրաստանը Կանադայից ներկրեց հեպատիտ C հիվանդության բուժման դեղորայք՝ բնակչության շրջանում փորձարկման նպատակով։  

Георгий Ломсадзе,  Грузия стала испытательным полигоном для эксперимента по искоренению гепатита С, May 9, 2017. 

Лечение гепатита в Грузии: скандальный отчет службы Госаудита, 18:04 11.01.2020. 

[7] Իրացվելի բնական գազ՝ այն բնական գազն է, որը հասանելի է վաչառքի համար ուղղակի սպառման համար որպես կենցաղային, առևտրային կամ արդյունաբերական վառելիք, կամ արդյունաբերական հումք, անկախ այն բանից, ստացվել է այն բնական ճանապարհով, թե հանդիսանում է բնական գազի վերամշակման արդյունք։ Ուղղակիորեն հանքավայրում վաճառվող հում գազը, համարվում է իրացվելի բնական գազ։

[8] Տես՝ https://www.youtube.com/watch?v=QrcVfHqYOOI (9:43)

[9] Has the Trans-Caspian Pipeline’s Time Finally Arrived?, Shahmar Hajiyev is Senior Advisor at the Center of Analysis of International Relations. Dr. Robert M. Cutler is Senior Research Fellow and Director in the Energy Security Program at the NATO Association of Canada.

[10] Տես՝ Талибы заинтересованы в постройке газопровода ТАПИ, ТАСС, 17 августа 2021

С. Лавров: Россия заинтересована в участии в строительстве газопровода ТАПИ, 20 июля 2021

Талибан поддержал проект газопровода ТАПИ, 9 февраля 2021

Индия заинтересована в ускорении строительства газопровода ТАПИ, 1 февраля 2021

Подписана концепция обеспечения безопасности афганского участка газопровода ТАПИ, 19 апреля 2021

[11] Երկու հավանականությունների միաժամանակյա աճը հակասություն չի պարունակում, քանի որ գոյություն ունի նաև իրավիճակի երրորդ այլընտրանքը՝ չեն կառուցվի ոչ Տրանս-կասպյան և ոչ էլ TAPI գազատարերը՝ իր իրականացման հավանականությամբ, որի նվազման հաշվին են ներկայում աճել վերը նշված երկու հավանականությունները։