Եվրամիության հարավկովկասյան նոր օրակարգը

9 ր.   |  2021-07-12

Ա րցախյան երկրորդ պատերազմի արդյունքում փոխվեց ոչ միայն շուրջ 25 տարի գոյություն ունեցող ստատուս քվոն, այլև սկսվեց տարածաշրջանում ուժային նոր հավասարակշռության ձևավորման, միջազգային տարբեր դերակատարների վերադիրքավորման գործընթաց: Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին եռակողմ հայտարարությունների ընդունումը, ինչպես նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մեկնարկը, զգալիորեն մեծացրել են Մոսկվայի ազդեցությունը և դերակատարությունը տարածաշրջանում:

Նման փոփոխությունների նկատմամբ անտարբեր չեն Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և այլ դերակատարները, որոնք Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում չկարողացան գործուն քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունների դադարեցնելու համար և հետպատերազմական զարգացումներում ստիպված էին բավարարվել համեմատաբար համեստ դերակատարությամբ:

Սակայն տարածաշրջանում նոր ուժային հավասարակշռության ձևավորման գործընթացը շարունակվում է և Եվրամիությունը, որը վերջին զարգացումների համատեքստում այժմ փորձում է վերագնահատել իր հարևանության քաղաքականությունը, որոշակիորեն ակտիվացման նշաններ է ցույց տալիս: Նման միտումներ նկատվում են ամերիկյան կողմում, որն արդեն ունի նոր վարչակազմ՝ նոր արտաքին քաղաքական գերակայություններով:

Վերջին ամիսներին թե´ ԵՄ խորհուրդը, թե´ առանձին եվրահանձնակատարներ, թե´ Եվրախորհրդարանը, թե´ առանձին ԵՄ երկրներ զգալիորեն մեծացրել են իրենց ակտիվությունը հարավկովկասյան ուղղությամբ, ինչն արտահայտվում է տարաբնույթ այցերով, հեռախոսազրույցներով, տարբեր հայտարարությունների և բանաձևերի ընդունմամբ և այլն: Այս տրամաբանության շրջանակներում է տեղավորվում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի օրերս կայացած  տարածաշրջանային այցը, ինչպես նաև նաև հունիսի վերջին ԵՄ պատվիրակության տարածաշրջան այցը:

Վերջինս բավական բացառիկ էր՝ պատվիրակության մեջ ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաների բավական լայն շրջանակով[1], ովքեր լիազորված էին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի կողմից:

Ամբողջացնելով եվրոպական կողմի վերջին ամիսների ակտիվությունը և ուղերձները՝ կարելի է եզրակացնել, որ Եվրամիությունն այս ընթացքում հետապնդում է մի քանի նպատակ՝

  1. Հարավկովկասյան 3 երկրների հետ առանձին երկկողմ օրակարգերի հստակեցում,
  2. Հարավային Կովկասում ԵՄ ներկայության ամրապնդում,
  3. Արևելյան գործընկերության(ԱլԳ[2]) գագաթնաժողովին նախապատրաստում:

Երկկողմ օրակարգերի հստակեցում

Վ րաստանում շուրջ վեց ամիս ձգձգվող քաղաքական ճգնաժամից և Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված նոր իրողության պայմաններում Եվրամիությունը կարիք է զգում վերագնահատել հարավկովկասյան երեք երկրների հետ իր օրակարգը: Դա հատկապես տեսանելի էր Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի ԱԳ նախարարների տարածաշրջանային այցի շրջանակներում, որն ամփոփող  համատեղ ասուլիսով նրանք հանդես եկան Թբիլիսիում:

Վրաստան-Եվրամիություն 

Ե րեք երկրներից Եվրամիության թիվ մեկ գործընկերը Վրաստանն է՝ հաշվի առնելով մի կողմից կողմերի միջև հարաբերությունների իրավական հիմքը՝ Վրաստանի՝ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, մյուս կողմից՝ պաշտոնական Թբիլիսիի հռչակած եվրաինտեգրման քաղաքական կուրսը: Հատկանշական է, որ 2021թ. մայիսին Վրաստանը, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած ԱլԳ 2 մյուս անդամների՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ստորագրեց «Ասոցացված եռյակ»-ի հուշագիրը՝ ստեղծելով նոր ձևաչափ, որն ուղղված է երեք երկրների համագործակցությանը և ջանքերի համատեղմանը՝ եվրոպական ինտեգրման ճանապարհին:

Ավելին, ըստ բարձրաստիճան պաշտոնյաների, Վրաստանն արդեն 2024 թվականին մտադիր է դիմել ԵՄ լիիրավ անդամակցության համար. այլ հարց է՝ թե որքանով են ԵՄ-ում սպասում նրան, քանզի ԵՄ ոչ բոլոր անդամներն են համաձայն միությունում նոր երկրների ներգրավմանը:

Այցի շրջանակներում ի թիվս վերոնշյալ հարցերի՝ օրակարգային են եղել Վրաստանում ընտրական բարեփոխումների անհրաժեշտությունը, հակամարտությունները, Սևծովյան տարածաշրջանում, Արևելյան գործընկերության երկրներում, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հարցերը: Հատկանշական է, որ երկկողմ ուշադրության կենտրոնում է եղել նաև Վրաստանի Զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակման գործընթացը, որն, ի դեպ, իրականացվելու է ԱՄՆ և ԵՄ օժանդակությամբ։

ԵՄ համար Վրաստանի կարևորության և հարաբերությունների բարձր մակարդակի մասին է վկայում առաջիկա 5 տարվա համար Եվրամիության կողմից վրացական կողմի համար նախատեսված աջակցության ծավալը։ Այն կազմելու է 3 միլիարդ 900 միլիոն եվրո, որից 1 միլիարդ 175 միլիոնը Վրաստանին կփոխանցվի դրամաշնորհի, մնացածը՝ վարկի տեսքով։

Հայաստան-ԵՄ

Ե վրոպական կողմի ակտիվացումը համընկավ Հայաստանի համար բավական բարդ փուլի հետ՝ Արցախյան երկրորդ պատերազմների հետևանքների հաղթահարում, Հայաստանի ադրբեջանական ԶՈՒ ներխուժում ինքնիշխան տարածք, կորոնավիրուսի համավարակի և պատերազմի արդյունքում տուժած տնտեսության վերականգնում, ընտրություններով ներքաղաքական ճգնաժամի հաղթահարում։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առանցքում մշտապես եղել է և 2018թ. առանցքային է դարձել երկրի ժողովրդավարացման և բարեփոխումների գործընթացը։

ԵՄ կողմից տարածաշրջանային քաղաքականության վերանայման համատեքստում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար կանխորոշիչ կարևորություն ունեին Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Այն հանգամանքը, որ Հայաստանում կայացած ընտրությունները միջազգային բոլոր դիտորդական առաքելությունները բարձր և ժողովրդավարության բոլոր չափորոշիչներին համապատասխանող են գնահատում՝ կարևորվում է եվրոպական կողմից։ Դա արտահայտված է թե´ հետընտրական շնորհավորանքներում, թե´ բարձր մակարդակի տարբեր հայտարարություններում։ Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին, թերևս, այն կարևոր գործոններից էր, որը հիմք դարձավ առաջիկա 5 տարիների համար ԵՄ կողմից աննախադեպ առաջարկի. տնտեսական և ներդրումային պլանի ներքո տարբեր ֆինանսական գործիքներով ՀՀ-ին կտրամադրվի 1,6 մլրդ եվրո աջակցություն, իսկ այլ աղբյուրներով՝ հավելյալ 1 մլրդ եվրո` ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արևելյան գործընկերությունը 1,6 մլրդ եվրո աջակցություն կտրամադրի ՀՀ-ին՝ 5 ծրագրի՝ փոքր և միջին ձեռնարկություններին աջակցության, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածների կառուցման, հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման, թվային կառավարման և նորարարության խթանման, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք զարգացման համար։

Ուշագրավ է, որ ներդրումային փաթեթի ծավալով Հայաստանը առաջ է անցնում անգամ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած Ուկրաինայից՝ (1,94 մլրդ եվրո) և Մոլդովայից՝ (1,63 մլրդ եվրո)։

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ապա այն 2021թ․ մարտի 1-ից լիարժեք մտել է ուժի մեջ, իսկ դրա իրականացումն ընթանում է սահմանված ճանապարհային քարտեզի համաձայն, որը նախատեսում է շուրջ 300 միջոցառում։ Երկկողմ հարաբերությունների զարգացման հաջորդ կարևոր հանգրվանը կարող է դառնալ ԵՄ հետ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը։

Ադրբեջան-ԵՄ 

Ա դրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ամուր առևտրատնտեսական հարաբերությունների վրա (առավել հստակ պատկերացում կազմելու համար նշենք, որ այժմ Եվրամիությանը բաժին է ընկնում Ադրբեջանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 37 տոկոսը):

Եվրոպայի համար Ադրբեջանը տարածաշրջանում կարևոր գործընկեր է հատկապես էներգետիկայի, խոշորագույն առևտրային և ներդրումային ոլորտներում: Երկկողմ հարաբերություններում հենց այս հարցերն են առաջնահերթ, իսկ ժողովրդավարության կամ բարեփոխումների հարցում պաշտոնական Բաքուն որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում։ Թերևս դրանով է պայմանավորված, որ առաջիկա 5 տարվա համար ԱլԳ երկրների շարքում Ադրբեջանը Եվրամիությունից կստանա ամենաքիչ աջակցությունը՝ ընդամենը 140 միլիոն եվրո։

Չնայած այս հանգամանքին՝ Եվրամիությունը չի կարող անտեսել տարածաշրջանում Ադրբեջանի դերակատարման մեծացումը և մտադիր է վերբեռնել երկկողմ հարաբերությունները։ Այդ մասին Բաքվում հուլիսի 8-ին ազդարարեց ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին: Հարաբերությունների վերամեկնարկի հիմքը, թերևս, կարող է դառնալ Եվրամիություն-Ադրբեջան Համապարփակ համաձայնագրի կնքումը: Համաձայնագրի շուրջ խորհրդակցությունները մեկնարկել են դեռ 2017թ. փետրվարին և ակնկալվում է, որ գործընթացը կավարտվի արդեն այս տարի:

ՀՎ Կովկասը՝ ԵՄ շահերի գոտի

Վ երջին տարիներին արտաքին քաղաքականության ոլորտում Թրամփի վարչակազմի «America First» սկզբունքը զգալիորեն թուլացրեց Վաշինգտոնի ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Իսկ Եվրամիությունն իր հերթին վերջին տարիներին ավելի շատ կենտրոնացած էր ներքին օրակարգի՝ անօրինական միգրացիա, BrЕxit և այլն, իսկ Եվրահանձնաժողովի նոր կազմը, իր ձևավորումից մի քանի ամիս անց ստիպված էր բախվել կորոնավիրուսի համավարակին և դրա հարուցած մարտահրավերներին, իսկ Արևելյան գործընկերության շրջանակներում հիմնականում դիտարկվում էին համավարակի հետևանքների հաղթահարման միջոցառումները։

Զուգահեռաբար, տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում զգալիորեն աճել է Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարությունը, ինչը չի կարող վրիպել աշխարհաքաղաքական այլ դերակատարների ուշադրությունից։ Աշխարհաքաղաքական մրցակցության մասին բացահայտ հայտարարեցին նաև տարածաշրջանային այցով Հարավային Կովկաս ժամանած ԵՄ 3 անդամ երկրների ԱԳ նախարարները, որոնք Թբիլիսիում հայտարարեցին. «ԵՄ-ն չի հրաժարվում Հարավային Կովկասից, չի հանդուրժելու «մեկ խաղացողի» ներկայություն տարածաշրջանում և ջանքեր է գործադրելու իր ներկայությունն այնտեղ ամրապնդելու համար»:

Տարածաշրջանային տարբեր հարցերի վերաբերյալ ԵՄ և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոշումներն ու բանաձևերը, ինչպես նաև հաճախակիացած այցերը տարածաշրջան հստակ ցուցիչներ են, որ Եվրամիությունը, որը, կարծես թե հաղթահարել է կորոնավիրուսի համավարակի ճգնաժամային իրավիճակը և ներեվրոպական խնդիրների մի մասը, այսօր հնարավորություն ունի առավել մեծ ուշադրություն դարձնելու հարևաններին՝ փորձելով ամրապնդել իր դերակատարությունն ու ազդեցությունը։

Այս համատեքստում Եվրամիությունը որպես հնարավոր ակտիվացման ուղղություն է դիտարկում նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը և պատերազմի հետևանքների հաղթահարումը։ Այս ուղղությամբ արդեն կան որոշ արդյունքներ. Եվրամիությունը, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն իր դերակատարությունն է ունեցել հունիսի 12-ին 15 հայ ռազմագերիների վերադարձի և դրա դիմաց Ադրբեջանին ականապատ տարածքների որոշ քարտեզների տրամադրումը կազմակերպելու գործում։ Եվրամիությունը շահագրգռված է շարունակելու նման կառուցողական դերակատարումը։ Ըստ եվրոպական կողմի՝ «Եվրամիությունը, համագործակցելով ԵԱՀԿ-ի և միջազգային այլ ինստիտուտների հետ, կարող է խաղաղության իր ներդրումն ունենալ տարածաշրջանում, նպաստել փոխվստահության ձևավորմանը, քաղաքական գործընթացին հասնելու համար կայուն և հարատև կարգավորման»։

Հակառակ ադրբեջանական կողմի պնդումներին, թե Ղարաբաղյան հարցն այլևս լուծված է և բանակցելու ոչինչ չկա, ԵՄ-ն հետպատերազմյան շրջանում տարածած պաշտոնական հայտարարություններում, բազմիցս արձանագրել է, որ խնդիրը լուծված չէ, ավելին՝ եվրոպական կողմը պատրաստ է խթանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը։

ԱլԳ ապագայի հեռանկարները

Ե վրամիության հարևանության քաղաքականության ակտիվացման համատեքստում առանցքային կարևորություն ունի Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարների հստակեցումը։

Դեռևս 2017 թվականից ԱլԳ քաղաքականության հիմքում ընկած «20 թիրախային արդյունք 2020թ. համար» փաստաթղթի իրականացման ժամկետն ավարտվեց նախորդ տարեվերջին և արդեն ԱլԳ հունիսյան հեռավար գագաթնաժողովում հաստատվեցին «ԱլԳ քաղաքականությունը 2020թ.-ից հետո» փաստաթղթում ամրագրված 5 նոր ուղղությունները՝ գործընկերություն հանուն կայուն տնտեսության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության, բնապահպանական ու կլիմայական կայունության, ճկուն թվային փոխակերպման, արդար ներառական հասարակության, որոնք էլ կանխորոշելու են ծրագրի հետագա շարունակությունը։

Նախատեսվում էր այն անցկացնել դեռ այս տարվա մարտին, սակայն այն հետաձգվեց մինչև 2021թ. դեկտեմբեր։ Ըստ երևույթին՝ գագաթնաժողովի հետաձգումը պայմանավորված էր ապագայի տեսլականի վերաբերյալ որոշ անորոշությունների և ԵՄ կողմից տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների նկատմամբ դիրքորոշումների հստակեցման անհրաժեշտությամբ:

Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարների հստակեցման խնդիրն առավել քան արդիական է՝ հաշվի առնելով մի քանի գործոն.

  • Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ Ասոցացված երկրների ակնհայտ առանձնացումը մյուս անդամներից, այդ թվում՝ «Ասոցացված եռյակի» ձևաչափի ստեղծմամբ։
  • Արևելյան գործընկերության ծրագրում իր մասնակցության դադարեցնելու մասին Բելառուսի որոշումը։
  • ԵՄ ներսում հարևանության քաղաքականության հետ կապված մոտեցումների տարբերություն։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հարավային Կովկասում ԵՄ հարևանության քաղաքականությունը նոր շրջափուլ է մտնում, որը լիովին կուրվագծվի մինչև տարեվերջին սպասվող ԱլԳ գագաթնաժողով։ Բավական կարևոր է, որ Հայաստանը ևս այս ընթացքում դրսևորի նախաձեռնողականություն և որպես ԱլԳ անդամ սեփական մոտեցումները ևս ակտիվորեն ներկայացնի ծրագրի զարգացման վերաբերյալ


[1] Միաժամանակ Ավստրիայի, Ռումինիայի, Լիտվայի 3 ԱԳ նախարարներ, Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ)՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթ, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար:

[2] ԵՄ կողմից 2009թ. մեկնարկած նախաձեռնություն՝ նախկինԽՍՀՄ 6 հանրապետությունների՝Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, ՎրաստանիևԲելառուսիհետ մերձեցման նպատակով: