21 տարի իշխանության ղեկին

4 ր.   |  2021-06-01
Սիրիայում ամփոփեցին նախագահական ընտրությունները

Ս իրիայի Արաբական Հանրապետությունում մայիսի 26-ին  կայացան հերթական նախագահական ընտրությունները: Ի սկզբանե դրանց մասնակցելու համար դիմում էր ներկայացրել 51 թեկնածու, որից միայն 3-ի հայտն էր հաստատել Բարձրագույն սահմանադրական դատարանը (1): Ընդհանուր առմամբ, քվեարկելու իրավունք ուներ 18 մլն 107 հազար 109 սիրիացի (2) , որից ընտրել է 14 մլն 239 հազար 140-ը:  Ընտրություններն անցկացվել են Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող շրջաններում. դրանք հնարավոր չԷր անցկացնել զինյալների և քրդերի տիրապետության տակ գտնվող տարածքներում՝ Իդլիբում, Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների մի մասում: 

Սիրիայում նախագահական վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2014թ., որի արդյունքներով հաղթել էր գործող նախագահ Բաշար ալ-Ասադը՝ ստանալով ձայների 88,7%-ը: 

7 տարի անց տեղի ունեցած ընտրություններում, ինչպես և կանխատեսվում էր, կրկին հաղթեց Բաշար ալ-Ասադը՝ այս անգամ հավաքելով  ձայների 95,1%-ը: Ալ-Ասադի օգտին է քվեարկել 13,5 մլն սիրիացի (3): Սա կլինի 2000թ.-ից իշխանության ղեկին գտնվող ալ-Ասադի վերջին ժամկետը նախագահի պաշտոնում, եթե Սահմանադրական փոփոխություններ տեղի չունենան:    

Ո՞վ իրավունք ունի առաջադրվելու նախագահական ընտրություններին

Ս իրիայում նախագահական ընտրություններին կարող է առաջադրվել իսլամադավան, 40 տարի լրացած, ծնունդով սիրիական անձնագիր ունեցող, վերջին 10 տարում այդ երկրում ապրող և պատգամավորների աջակցությունն ստացած թեկնածուն: 2012թ. Սահմանադրական բարեփոխումների շնորհիվ այլևս պարտադիր չէ լինել իշխող «Բաաս» կուսակցության անդամ, բացի այդ, սահմանափակվել է նախագահի պաշտոնավարումը երկու՝ անընդմեջ յոթ տարի ժամկետով:

Ո՞վքեր էին նախագահի թեկնածուները, և ի՞նչ կարգախոսով էին մասնակցում ընտրություններին

Ս իրիայի Սահմանադրական դատարանը հաստատել էր Աբդալլահ Սալյում Աբդալլահի, Բաշար Հաֆեզ ալ-Ասադի և Մահմուդ Ահմադ Մարեյի թեկնածությունները: Մայիսի 16-ից երկրի ողջ տարածքում մեկնարկել էր պաշտոնական քարոզարշավը, որը տևել էր մինչև մայիսի 24-ը: Մայիսի 25-ը հայտարարվել էր «լռության օր»: 

Արտասահմանում գտնվող սիրիացիների համար քվեարկությունը մեկնարկել էր ավելի վաղը՝ մայիսի 20-ին: Հայաստանում գտնվող Սիրիայի քաղաքացիները, որոնց թիվը հասնում է 1400-ի, քվերակել էին Երևանում Սիրիայի դեսպանատանը:

Աբդալլահ Սալյում Աբդալլահը մասնակցում էր «Մեր ուժը մեր միասնությունն է», Բաշար ալ-Ասադը՝ «Հույսը գործողությունների մեջ է», իսկ Մահմուդ Ահմադ Մարեյը՝ «Միասին»  կարգախոսերով: 

Աբդալլահ Սալյումն առաջադրվել էր «Սոցիալիստական Յունիոնիստական կուսակցություն»-ից, եղել է Սիրիայի ժողովրդական ժողովի հարցերով պետնախարար, պատգամավոր:

Գործող նախագահ Բաշար ալ-Ասադը ներկայացնում է «Բաաս» կուսակցությունը:

Մահմուդ Ահմադ Մարեյի թեկնածությունն առաջադրել է ընդդիմադիր «Դեմոկրատական արաբական սոցիալիստական միություն» կուսակցությունը: Մարեյը, որպես ընդդիմության ներկայացուցիչ, մասնակցում էր ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում ընթացող բանակցություններին: 

Ընտրությունների լեգիտիմությունը 

Ը նտրությունները դիտարկելու համար Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավորները հրավեր էին ուղարկել «եղբայրական և բարեկամական» երկրների գորրծընկերներին, այդ թվում՝ Հայաստանին: 

Ընտրությունների արդյունքները ճանաչել և Ալ-Ասադին ընտրվելու կապակցությամբ շնորհավորել են մրցակիցներ Աբդալլահ Սալյում Աբդալլահը և Մահմուդ Ահմադ Մարեյը: Սիրիայի նախագահը շնորհավորանքներ է ստացել նաև Իրանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լիբանանի, Հյուսիսային Կորեայի, Աբխազիայի, Չինաստանի և Պաղեստինի նախագահներից, Օմանի սուլթանից:

Արևմուտքը (4) և Թուրքիան (5) , սակայն, ինչպես և նախապես հայտարարել էին, չեն ճանաչել ընտրությունների լեգիտիմությունը՝ շեշտելով, որ Սիրիան չի կատարել 2015թ. ՄԱԿ-ի ընդունած 2254 բանաձևը (6), և մինչև նոր Սահմանադրության ընդունումն ընտրություններ անցկացնելու իմաստ չկա: Նրանք նշել էին, որ ընտրությունները չեն կարող լինել ազատ, արդար և լեգիտիմ, իսկ միջազգային հանրությանը կոչ են արել  չկարգավորել հարաբերությունները Դամասկոսի հետ: 

Ընդհանուր առմամբ, Սիրիայում անցկացված ընտրական գործընթացն իր բնույթով օբյեկտիվորեն չի կարող գնահատվել որպես ժողովրդավարական, երկրի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։ Նախընտրական քարոզարշավ, որպես այդպիսին, չի եղել ողջ երկրում, մի շարք շրջանների բնակիչներ ընդհանրապես հնարավորություն չեն ունեցել մասնակցելու ընտրություններին: Բացի այդ, պրակտիկայի ուժով, նման հակամարտային իրավիճակում քաղաքական համակարգի՝ մեկ ուժի ձեռքում գերկենտրոնացվածության պայմաններում ընտրությունների ելքը կանխորոշված է լինում: Բաշար ալ-Ասադի մրցակիցները առաջադրվել էին նոր Սահմանադրության պահանջներին համապատասխան ընտրական գործընթացին հնարավորինս լեգիտիմություն հաղորդելու համար՝ ինչպես միջազգային հանրության, այնպես էլ սիրիական հասարակության աչքին անհրաժեշտ սահմանադրական գործընթաց ապահովելու նպատակով:  

Ինչպես արաբական այլ երկրներում, Սիրիայում նույնպես ֆավորիտ թեկնածուն հաղթեց ձայների ճնշող մեծամասնությամբ, և այս ընտրություններն իրենց կանխատեսելիությամբ և վերջնական արդյունքով չտարբերվեցին նախկինում անցկացված ընտրություններից: