Սև լիճը՝ խորհրդային քարտեզներում
2 ր. | 2021-05-17Օ գտվելով առիթից, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի պետական սահմանը հստակեցված չէ՝ ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր մայիսի 12-ին ներթափանցեցին Հայաստանի սուվերեն տարածք և փորձեցին ամրանալ Իշխանասարի Սև լճի հատվածում։ Իրենց առաջխաղացումը նրանք հիմնավորում էին, իբր թե, խորհրդային շրջանի քարտեզով, որտեղ լիճն ամբողջությամբ ներառված էր Ադրբեջանի տարածքում։
Տարբեր ժամանակների, այդ թվում՝ Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզներում, սակայն, հստակ նշված է, որ Սև լիճը, բացի հյուսիսային փոքր հատվածից, ամբողջությամբ Հայաստանի տարածքում է։
Խորհրդային ԳՇ քարտեզ
Բախումներից և իրադրության հետագա սրացումից խուսափելու համար հայկական կողմը գնաց խնդիրը բանակցություններով լուծելու ճանապարհով։ Մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակեց դեռևս 1929թ. հաստատված քարտեզներ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է իրականացվել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանագծումը։
Սահմանագծումն իրականացրել է Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական գործադիր կոմիտեի կողմից և քարտեզից բացի կան համապատասխան բոլոր արձանագրությունները։
Նկար 1
Հետագայում սահմանազատման վերաբերյալ փաստաթղթերն ու արձանագրությունները վերահաստատվել են 1969 և 1970 թվականներին։ Ներկայացվող քարտեզի բնօրինակի վրա կա Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի Գերագույն խորհուրդների նախագահությունների քարտուղարների՝ Գալստյանի և Շուքյուրովայի ստորագրությունները։ Հայկական կողմը փաստաթուղթը ստորագրել է 1969թ. նոյեմբերի 11-ին, իսկ ադրբեջանական կողմը՝ 1970թ. փետրվարի 4-ին։
Նկար 2
Կան նաև 1973 և 1975 թվականների քարտեզներ, որտեղ Սև լճի շրջանում սահմանային որևէ փոփոխություն չի արվել։
Նկար 3
Ադրբեջանական կողմն իր տարածքային հավակնությունները հիմնավորել է մի կեղծ քարտեզով, որը չունի որևէ իրավական հիմք և ըստ որի Սև լիճն, իբր թե, ամբողջությամբ Ադրբեջանի տարածքում է։
Նկար 4
Ուշագրավ է, որ 1969 և 1970 թվականների համապատասխան ընթացակարգով ամրագրված քարտեզների օրինակները կան նաև Ադրբեջանում, ինչը հստակ երևում է քարտեզի եզրին արված համապատասխան նշումով։
Նկար 5