Կասպից ծովի կոնվենցիան

8 ր.   |  2018-12-24

Կասպից ծովի կոնվենցիան Իրանի հասարակական-քաղաքական դիսկուրսում

Ի րանի համար Կասպից ծովի տարածաշրջանը հատկապես մեծ կարևորություն ձեռք բերեց, երբ 18-րդ դարից Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան սկսեցին պայքարել Իրանում և Կենտրոնական Ասիայում ազդեցությունը մեծացնելու համար: Այս պայքարը հանգուցալուծվեց 1907թ. պայմանագրով՝ սահմանելով երկու գերտերությունների ազդեցության գոտիներն Իրանում և Կենտրոնական Ասիայում:

Տարածված կարծիք կա, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ տարաձայնություններն ի հայտ են եկել Խորհրդային Միության փլուզումից հետո միայն, սակայն կարգավիճակին անդրադարձել են ինչպես 19-րդ դարի առաջին կեսին ստորագրված Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերում, այնպես էլ 1921թ. Իրանի և Ռուսաստանի,  1941թ. Իրանի և Խորհրդային Միության միջև ստորագրված պայմանագրերում:

ԽՍՀՄ լուծարումից հետո, երբ սկսվեց Եվրոպայի սահմանների վերանայման և ընդլայնման գործընթացը, Կասպից ծովի տարածաշրջանն Իրանի համար էլ ավելի կարևորվեց:

Նախկին խորհրդային հանրապետություններում ավանդական ռուսական ազդեցությունից բացի, նորաստեղծ հանրապետությունների հետ սերտ կապեր սկսեցին հաստատել Միացյալ Նահանգները և Թուրքիան՝ Իրանի համար նոր մարտահրավերներ առաջացնելով: Կասպից ծովը, բացի բնական ռեսուրսներից, մերձկասպյան երկրների համար ձեռք բերեց նաև կարևոր նշանակություն անվտանգության տեսանկյունից:

Սա է պատճառը, որ տարիներ շարունակ Իրանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ օրակարգում անվտանգության խնդիրներն էին, և Իրանն ու Ռուսաստանը մշտապես կարևորում էին ավազանի ապառազմականացման անհրաժեշտությունը:

Ի դեպ, մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների առաջին նիստն անցկացվել է Իրանի նախաձեռնությամբ, 1996թ.՝ Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության տարիներին:

Շուրջ 20 տարի տևած բանակցություններից հետո 2018թ. օգոստոսի 12-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնությունը, որն առավելապես կարգավորում էր անվտանգության խնդիրները:

Ինչ վերաբերում է ծովի իրավական կարգավիճակին, ապա անցած երկու տասնամյակում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումներից հետո մերձկասպյան երկրներին դեռևս չի հաջողվել հասնել կողմերի համար ընդունելի վերջնական սահմանազատմանը:

Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցում Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը մեծ հաշվով ընդհանուր համաձայնության եկել են, և այժմ բանակցելու են Իրանն ու Ադրբեջանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը և Իրանն ու Թուրքմենստանը: Թերևս լուրջ տարաձայնությունները հենց այս երեք երկրների միջև է, որոնց դիրքորոշումից էլ կախված է վերջնական կարգավորումը:

Կասպից ծովի իրավական կարգավիճակի, սահմանազատման և դրանից բխող էներգառեսուրսներից օգտվելու խնդիրներից բացի, մերձկասպյան երկրները անվտանգության և բնապահպանական հարցերի շուրջ նույնպես ունեն էական տարաձայնություններ: Մասնավորապես, Իրանը և Ռուսաստանը մշտապես պայքարել են Կասպից ծովում երրորդ ուժի ռազմական ներկայությունը բացառելու համար:  Համաձայնագրի ստորագրումից հետո իրանցի փորձագետները հատկապես կարևորել են անվտանգության գործոնը:

Իրանի ԱԳՆ միջազգային հարաբերությունների և քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Սեյյեդ Ռասուլ Մուսավիի կարծիքով Ակտաուի համաձայնությամբ Ռուսաստանն ապահովելու է ծովի հյուսիսային հատվածի, իսկ Իրանը՝ հարավայինի անվտանգությունը:

Ըստ ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված տարբերակի՝ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել համագործակցել անվտանգության, նավթի և գազի տարանցման ուղղությունների կանոնակարգման, շրջակա միջավայրի պահպանության, արտակարգ իրավիճակների, ձկնորսության ոլորտներում, գիտահետազոտական աշխատանքներ կատարելու գործում, թմրանյութերի և թրաֆիքինգի դեմ պայքարում, ինչպես նաև մի շարք այլ հարցերում:

24 կետից կազմված համաձայնագրով մերձկասպյան երկրները պետք է սահմանազատման շուրջ առանձին բանակցություններ վարեն, այսինքն՝ ստորագրված փաստաթուղթը չի կարգավորում սահմանազատումը:

Համաձայնագրի հրապարակումից անմիջապես հետո Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նամակ է գրել մերձկասպյան երկրների իր գործընկերներին, որտեղ, հղում անելով 1921թ. և 1940թ. պայմանագրերին, մեջբերել է համաձայնագրում առկա այն դրույթները, որոնց շուրջ նախատեսվում է բանակցել:

Մասնագիտական գրականության մեջ տարածված է այն կարծիքը, թե մինչև ԽՍՀՄ փլուզումը Կասպից ծովը բաժանված էր երկու հավասար մասի, այնինչ՝ այն համատեղ օգտագործմամբ Խորհրդային Միության և Իրանի ընդհանուր վերահսկողության ներքո էր:

Մերձկասպյան երկրներից ամենակարճ ջրային սահմանն ունի Իրանը՝ ընդամենը 657 կմ: Ղազախստանն ունի 1900, Թուրքմենստանը՝ 1768, Ռուսաստանը՝ 1355, իսկ Ադրբեջանը՝ 820 կմ ընդհանուր ջրային սահման:

Արդյունահանվող նավթի ծավալներով Ադրբեջանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, այնուհետև շարքը լրացվում է հետևյալ հերթականությամբ՝ Ղազախստան, Թուրքմենստան, Ռուսաստան:

Իրանցի փորձագետների պնդմամբ՝ Իրանը նավթի հետախուզման ոլորտում նշանակալի ներդրումներ է կատարել, սակայն դեռ Կասպից ծովից նավթ չի արդյունահանել: Ավելին, պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ քանի դեռ Կասպից ծովի իրավական կարգավիճակի, մասնավորապես՝ սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, Իրանը թույլ չի տա, որ իր մասնաբաժնում որևէ երկիր նավթի արդյունահանման հետախուզական աշխատանքներ իրականացնի:

Նշենք, որ համաձայնագիրն ԻԻՀ խորհրդարանում հաստատվելուց հետո միայն կարող իրավական ուժ ստանալ, սակայն մինչ այդ, փաստաթուղթը պետք է քննարկվի հետազոտական կենտրոններում, ապա, փորձագիտական եզրակացություն ստանալուց հետո, օրինագծի տեսքով ներկայացվի պատգամավորներին:

Իսկ մինչ այդ Իրանի հասարակական-քաղաքական շրջանակներն ակտիվորեն քննարկում են համաձայնագրի ստորագրման հարցը: Իրանի ԱԳ նախարարի՝ Ասիայի և ԱՊՀ երկրների հարցերով նախկին տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրը «Khorasan» օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով սահմանազատմանը, ուշագրավ մեկնաբանություն է արել. «Այդ հարցի շուրջ բանակցությունները գուցե 50 տարի տևեն, և երբեք էլ կողմերը չկարողանան հասնել վերջնական համաձայնության»:

Համաձայնագրին դեմ արտահայտվող քաղաքական գործիչներն ու փորձագետներն իրենց տեսակետը հիմնավորելիս հղում են անում 1921թ. Իրանի և Ռուսաստանի և 1940թ. Իրանի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրված պայմանագրերին՝ համոզմունք հայտնելով, թե փաստաթղթերով Իրանն ու ԽՍՀՄ-ն ունեցել են հավասար իրավունքներ, և նրանց կարծիքով Ակտաուի համաձայնագրով Իրանը զրկվում է պատմական իրավունքներից: Գրեթե բոլոր փորձագետները պնդում են, թե 1921թ. և 1940թ. պայմանագրերով Կասպից ծովը բաժանվել է երկու հավասար մասի:

Ի Հ ԱԳՆ-ն Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին ընդառաջ հասարակական-քաղաքական շրջանակներում առկա մտահոգությունները փարատելու և նոր քննադատությունից խուսափելու նպատակով հավելյալ պարզաբանում է տվել, ըստ որի 1921 և 1940թթ. պայմանագրերը ծովը հավասար բաժանելու որևէ իրավական կարգավորում չեն տվել, ավելին, այդ պայմանագրերի մի շարք կետերում ձևակերպումներն արված են հօգուտ ԽՍՀՄ-ի:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հստակեցրել է, որ 1940թ. պայմանագրով հավասար իրավունքների ձևակերպումները վերաբերվել են առևտրային հարաբերություններին, և ոչ թե սահմանային խնդիրներին:

Ինչ վերաբերում է նավագնացությանը, ապա առաջին հայացքից կարող է թվալ, որ Իրանն այդ հարցում առավելություն է ստացել, սակայն պայմանագիրը ստորագրելու ժամանակ Իրանը Կասպից ծովում ընդհանրապես նավ չուներ. այնտեղ միայն խորհրդային նավերն էին: Կասպից ծովում իրանական առաջին նավն իջեցվել է 1989թ., հետևաբար պայմանագրում նավարկության համար սահմանված կարգավորումներից գործնականում օգտվում էր միայն Խորհրդային Միությունը:

Ձկնորսության շրջանը որոշվել էր ըստ ափամերձ տարածքի երկարության, այսինքն՝ ԽՍՀՄ-ը յոթ անգամ ավելի մեծ տարածք է ունեցել, քան Իրանը:

Ինչպես վերևում նշեցինք՝ Իրանի հասարակության մեջ արմատացել է այն համոզմունքը, որը 1921թ. և 1940թ. պայմանագրերով Իրանը և ԽՍՀՄ-ը Կասպից ծովում հավասար իրավունքներ են ունեցել: Հետևաբար, ըստ այդ տրամաբանության, եթե նոր բանակցություններում Իրանը քննարկի ոչ թե 50, այլ 20 տոկոս մասնաբաժնի հարցը, ապա դա Իրանի համար կընկալվի որպես պարտություն:

Ի դեպ, իրանական կողմի «20 տոկոս մասնաբաժնի» ձևակերպումը շրջանառության մեջ է դրվել 1996թ. Թեհրանի հանդիպման ժամանակ: Հաշեմի Ռասֆանջանիին հաջորդած Իրանի մյուս նախագահների կառավարման շրջանում մեծ հաշվով 20 տոկոսի պահանջն ամփոփոխ է մնացել:

Այդ համատեքստում Իրանի փորձագետները շրջանառում են այն թեզը, որ Իրանը պետք է ծովի սահմանազատման հարցի վերջնական լուծումը հնարավորինս ձգձգի: Սակայն, այլ է Իրանի պաշտոնական տեսակետը. քանի որ մերձկասպյան 4 երկրները պահանջում են հստակեցնել յուրաքանչյուրի մասնաբաժինը, և Իրանը չի կարող այդ պահանջը չընդունել: Ավելին, ըստ ԻԻՀ ԱԳ նախարարության, 1921թ. պայմանագրի ստորագրման պահին ԽՍՀՄ-ը դեռ պաշտոնապես չէր կազմավորվել: Ադրբեջանը և Թուրքմենստանը համապատասխանաբար մեկ և երկու տարի անց միացան Խորհրդային Միությանը, հետևաբար, այդ պայմանագիրը ստորագրվել է Իրանի և Ռուսաստանի միջև: Ըստ իրանական կողմի՝ Ռուսաստանը ևս կարող է խոսել 50 տոկոս մասնաբաժնի մասին, սակայն լռում է. ավելին՝ ռուսական կողմի համար 19 տոկոսից էլ պակաս մասնաբաժինը ևս ընդունելի է:

ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին համաձայնագրի ստորագրումից հետո կառավարության նիստներից մեկում, անդրադառնալով Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշմանը, նշել է. «Մերձկասպյան երկրների մի մասը կարգավիճակի հարցում համաձայնության է եկել. Ռուսաստանը, որը ժամանակին Կասպից ծովի մեծ մասը համարում էր իրենը, այսօր բավարարվում է 17 տոկոս մասնաբաժնով»:

Ինչ վերաբերում է Իրանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի տարաձայնություններին, ապա Հասան Ռուհանին նշել է, որ թեև որոշ հարցերի շուրջ Թեհրանն ու Բաքուն համաձայնության են եկել, սակայն մի շարք հարցեր դեռ չեն ստացել իրենց պատասխանը:

Իրանցի վերլուծաբան, Ռասթգերսի համալսարանի դասախոս Հուշանգ Ամիր Ահմադիի կարծիքով Մոսկվայի պայմանագրով Կասպից ծովը ոչ թե բաժանվել է երկու մասի, այլ պարզապես Իրանն ու Խորհրդային Միությունը իրավունք են ստացել ծովն օգտագործել նավարկության (առևտրական և ռազմական նպատակով) և ձկնորսության համար: Սկզբնական շրջանում ծովի հատակի բաժանման հարց դրված չի եղել. 1929թ., երբ Ադրբեջանի հատվածում նավթ հայտնաբերվեց, Կասպից ծովի նշանակությունն է՛լ ավելի մեծացավ:

Իրանի ԱԳՆ Կասպից ծովի հարցերով քարտուղարության ղեկավար Մաջիդ Սաբերիի գնահատականով՝ Ակտաուի համաձայնագիրը ծովի հատակի և մակերևույթի բաժանման որևէ մեթոդ և չափորոշիչ չի սահմանում:

Ավելին, մերձկասպյան երկրներից մի քանիսը, այդ թվում և Ադրբեջանը, ծովի բաժանման տարբերակներ են առաջարկել, սակայն Իրանը չի ընդունել՝ հարցի քննարկումը թողնելով ապագային:

Այսպիսով, ինչպես Իրանը, այնպես էլ Ռուսաստանը Կասպից ծովի որևէ մասի նկատմամբ  պատկանելիության իրավունք չեն ունեցել. 1940թ. պայմանագրով վերականգնվել է նավարկելու Իրանի իրավունքը, որը խախտվել էր Թուրքմենչայի պայմանագրով, այնուհետև Կասպից ծովը հայտարարվել է «ԽՍՀՄ-ի և Իրանի միջև ընդհանուր ծով»:

Ըստ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ ինչպես Փահլավիների կառավարման տարիներին, այնպես էլ Իսլամական հեղափոխութունից հետո տպագրվել են քարտեզներ, որտեղ Կասպից ծովի հիսուն տոկոսը պատկերված էր Իրանի տարածքում, ինչը, սակայն, ներկա բանակցություններում 50 տոկոս մասնաբաժնի մասին խոսելու որևէ իրավական հիմք չի տալիս: «Նույն հաջողությամբ իրանական քարտեզներում Պարսից ծոցը ևս ներկայացվում է որպես իրանական տարածք, ինչը չի նշանակում, որ ողջ ծոցը պատկանում է Իրանին»,- նշվել է ԻԻՀ ԱԳՆ պարզաբանման մեջ:

Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը նման է միջուկային համաձայնությանը. բոլոր կողմերը, անկախ իրենց տարաձայնություններից, տվյալ իրավիճակում բավարարված էին: Համաձայնագրի անվանումը ենթադրում է, որ առաջին հերթին պետք է սահմանվեր ծովի իրավական կարգավիճակը, սակայն ամենակարևոր՝ սահմանազատման շուրջ փաստացի համաձայնություն ձեռք չի բերվել:

Մ երձկասպյան երկրներից ստացված ազդակները վկայում են, որ կողմերից ոչ մեկը սահմանազատման հարցում պատրաստ չէ զիջումների. յուրաքանչյուրը ձգտում է ոչ թե ավելի մեծ մասնաբաժին ստանալ, այլ նավթով և գազով հարուստ տարածքներ ձեռք բերել:

Ինչ վերաբերում է իրանական դիրքորոշմանը, ապա, չնայած լուրջ վերապահումներին, Թեհրանի շահերից էր բխում ստորագրել փաստաթուղթը, սակայն դա Իրանի վերջնական որոշումը չէ, և, կախված իրավիճակից, ցանկացած պահի կարող է չեղարկվել:

Իրանի սահմանադրությունը խնդրահարույց պայմանագրերի համար այնպիսի լուծումներ ունի, որոնք թույլ կտան խուսափել վավերացումից: 77-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային պայմանագրերը պետք է վավերացնի խորհրդարանը, սակայն սահմանադրության 94-րդ հոդվածով ԻԻՀ Սահմանադրության պահապան խորհուրդը (Shouraye Negahban) քննության է առնում Մեջլիսի որոշումները և ստուգում համապատասխանությունը սահմանադրությանը։ Հակասության դեպքում՝ Պահապան խորհուրդն այն վերադարձնում է Մեջլիս՝ վերանայելու։

Հաշվի առնելով ԻԻՀ սահմանադրության վերոնշյալ դրույթները, ինչպես նաև դատելով Իրանի պաշտոնական դիրքորոշումից և փորձագիտական շրջանակների տեսակետներից՝ կարելի է եզրակացնել, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, Իրանը համաձայնագրի վավերացման հարցը կարող է երկար խաղարկել՝ խուսափելով իր շահերին հակասող պայմանագրերի ստորագրումից: