Աբխազական երկաթուղին կրկին օրակարգում
6 ր. | 2021-02-16Հ ունվարի 11-ին տարածաշրջանային տնտեսական ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցությունների համատեքստում՝ փետրվարի 9-ին Աբխազիայի խորհրդարանը հայտարարությամբ դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ նշելով, որ «հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացելու նախագծին»:
Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) միջազգային, միջխորհրդարանական հարաբերությունների և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային կապի բացման հնարավորությունը, ուստի Աբխազիան չպետք է անտարբեր մնա: Նա հույս է հայտնել, որ Աբխազիան ևս հավասար պայմաններով կմասնակցի նախագծին:
Դրական գնահատելով տարածաշրջանի մասնակի արգելաբացումը՝ Լոգուան նշել է, որ 21-րդ դարում պետք է վերջ դնել մեկուսացման քաղաքականությանը, ճանաչել ժամանակակից իրողությունները և կառուցել նորմալ հարաբերություններ:
Երկաթգծի վերաբացման խնդրին է անդրադարձել նաև Աբխազիայի ԱԽ քարտուղար Սերգեյ Շամբան՝ նշելով, որ հիմա, երբ հարց է առաջացել Հյուսիսային Կովկասով դեպի Ադրբեջան և Հայաստան երկաթուղային հաղորդակցության բացման մասին, առաջանում է Աբխազիայի խորհրդարանի առաջարկը: Նրա կարծիքով անհրաժեշտ է խոսել Վրաստանի հետ, քանի որ նա ևս շահագրգռված պետք է լինի նման հաղորդակցության բացման համար։ Շամբան շեշտել է, որ թեման նոր չի ծագել, «ավելի քան 10 տարի առաջ այն քննարկվել է և նույնիսկ ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են Ռուսաստանի, Աբխազիայի, Վրաստանի ներկայացուցիչներ»։
Աբխազական երկաթուղու բացման հարցն իրապես նոր չէ և տարբեր առիթներով ակտիվանում է: 1992-93թթ. տեղի ունեցած վրաց-աբխազական զինված հակամարտության արդյունքում արդեն 27 տարի է ինչ Մոսկվա-Երևան մայրուղով չեն երթևեկում գնացքները: Այս տարիների ընթացքում երկաթգծի գործարկման ցանկացած խոսակցություն բախվել է քաղաքական փակուղու:
2008թ.-ին՝ Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության տարիներին, երբ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հատկապես օգոստոսյան պատերազմից հետո կտրուկ վատացան, երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին խոսք ընդհանրապես չէր կարող լինել:
Խոսակցությունները մեծ թափ ստացան 2013թ.-ին, երբ իշխանության եկած «Վրացական երազանք» կուսակցությունը, նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ, փորձում էր Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնել: 2013թ.-ի հունվարին Երևան կատարած իր պաշտոնական այցի ժամանակ Իվանիշվիլին հայտարարեց, որ երկաթգծի հարցը կարող է լուծվել, եթե «բոլոր կողմերը ցանկանան»: Նա գտնում էր, որ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը ուղղակիորեն կապված է վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հետ:
Այս հայտարարությունը բախվեց վրացական ընդդիմության և այդ ժամանակ Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլիի կողմից սուր քննադատություններին: Սահակաշվիլին հայտարարեց, որ այն Ռուսաստանի շահերից է բխում, և այդ հարցի առաջադրումն առանց դեօկուպացիայի համատեքստի «հանցավոր, հակապետական և հակավրացական գործողություն է»: Նա նաև անդրադարձավ ադրբեջանա-թուրքական գործոնին՝ շեշտելով, որ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղային գծի շահագործումից հետո, որը Վրաստանի տարածքով կմիացնի Ադրբեջանն ու Թուրքիան, Վրաստանի համար այլևս Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության բացման ոչ մի անհրաժեշտություն չի լինի:
2014թ.-ին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսական երկաթուղու նախագահին հանդիպելուց հետո պաշտոնական այց կատարեց Վրաստան, ենթադրություններ կային, որ երկկողմ հանդիպման գլխավոր թեման լինելու էր Վրաստանի տարածքով երկաթուղային տրանզիտի վերսկսումը, սակայն ոչ մի խոսակցություն տեղի չունեցավ: Սարգսյանը «Ռուսթավի -2» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ երկաթուղու գործունեությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, բայց այս հարցի լուրջ քննարկում չի եղել:
Աբխազական երկաթուղու շուրջ կրկին բուռն ալիք բարձրացավ 2017թ.-ին, երբ Կարեն Կարապետյանը փետրվարի 23-24-ը Վրաստան կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնեց. «Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք Լարսին այլընտրանք կլինի, ապա կարող եմ վստահեցնել, որ այո՛: Մենք պայմանավորվել ենք ինչպես Լարսի, այնպես էլ էներգետիկ միջանցքի վերաբերյալ»:
Հայաստանի վարչապետի խոսքերը վրացական ընդդիմության մոտ կրկին բորբոքեցին կրքերը: Նրանք Վրաստանի իշխանություններին մեղադրեցին Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին կուլիսային բանակցություններ վարելու մեջ:
Վրաստանի կառավարության փոխվարչապետ Կախա Կալաձեն, ի պատասխան հայտարարեց, որ հայկական պատվիրակության հետ ոչ մի երկաթուղու մասին չի խոսվել, և Վրաստանի կառավարությունն այդ հարցը նույնիսկ չի քննարկում: Այդ տեղեկատվությունը հերքեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ շեշտելով, որ Վրաստանում «օկուպացված տարածքների մասին» օրենքի համաձայն, թույլ չի տրվում թե՛ ներքին տնտեսական որևէ հարաբերություն, թե՛ միջազգային որևէ տարանցում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ:
Տրամաբանական է, որ Աբխազիան հենց հիմա է բացում երկաթգծի հարցը, երբ տարածաշրջանում ընթանում են ապաշրջափակման գործընթացներ, որոնց արդյունքում Ադրբեջանը Նախիջևանով միանում է Թուրքիային, իսկ Հայաստանը` Ադրբեջանով Ռուսաստանին: Որոշ մեկնաբանությունների համաձայն՝ Ռուսաստանը առաջ է մղում Աբխազիայի երկաթգծի հարցը, որպեսզի վերահսկողություն ստանա վրացական երկաթուղու նկատմամբ, ավելին՝ վերահսկի Հարավային Կովկասի հաղորդակցությունը՝ մեծացնելով իր ազդեցությունը տարածաշրջանում: Հայաստանի համար բավականին ձեռնտու է այս առաջարկը, քանի որ դրանով նա կունենա Ռազմավիրական ճանապարհի այլընտրանք, որը ձմռան ամիսներին դժվարանցանելի է:
Վրացի քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ այսկերպ կօրինականացնեն Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի օկուպացիան: Նման որոշման համար նախ պետք է համաձայնության գան Ռուսաստանը և Վրաստանը: Բացի այդ, երկաթուղու բացումը կարող է փչացնել Վրաստանի հարաբերությունները նրա ամենակարևոր գործընկերներից մեկի` Ադրբեջանի հետ և լուրջ վնաս հասցնել հենց Վրաստանի շահերին:
Սրան զուգահեռ՝ Հայաստանը հույսը կապում է «Պրահայի ձևաչափի» հետ: Այս ձևաչափով երկու կողմերը փորձում են կյանքի կոչել 2011թ.-ին Ժնևում կնքած «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» ռուս–վրացական համաձայնագիրը, ըստ որի՝ շվեցարական SGS ընկերությունը պետք է տեղեկատվություն տրամադրի Ռուսաստանից ներմուծվող և արտահանվող ապրանքների վերաբերյալ: «SGS»-ը պետք է վերահսկի ապրանքների հոսքը, այդ թվում` Փսոու գետի և Ռոկի թունելի սահմանային հատվածներում, որոնք չեն վերահսկվում պաշտոնական Թբիլիսիի կողմից: Բացի այդ, Ռուսաստանից Վրաստան ապրանքների տեղափոխման համար երեք տարանցիկ միջանցք պետք է ստեղծվի, որոնցից երկուսն անցնում են Աբխազիայով ու Հարավային Օսիայով: Ճանապարհներից մեկը կձգվի Սոչիից Աբխազիա, ապա Վրաստանի Զուգդիդի շրջան, իսկ մյուսը՝ Վլադիկավկազից Հարավային Օսիա, ապա՝ Վրաստանիի Գորի շրջան:
2011թ.-ին դիտարկվում էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հարցը, որի համար անհրաժեշտ էր կազմակերպության բոլոր անդամների համաձայնությունը: Այսպիսով, Ռուսաստանը պետք է ստանար Վրաստանի համաձայնությունը, որն օգտագործեց իրավիճակն իրեն վաղուց անհրաժեշտ նպատակին հասնելու համար՝ վերահսկել Ռուսաստանից Աբխազիա և Հարավային Օսեթիա գնացող բեռները: Եվ որպես Ռուսաստանին ԱՀԿ կազմում ներառելու իր համաձայնության պայման՝ Թբիլիսին պահանջեց, որ Մոսկվան համաձայնի, որպեսզի երրորդ երկիր ներգրավվի այդ բեռների մոնիթորինգի գործում: երկար բանակցությունների արդյունքում կնքվեց վերոնշյալ պայմանագիրը:
Մի քանի տարի ձգձգելուց հետո՝ 2017թ.-ի դեկտեմբերին Վրաստանի հարկային ծառայությունը պաշտոնապես պայմանագիր կնքեց SGS շվեյցարական ընկերության հետ, որի բովանդակությունը փակ է, մեկ տարի անց պայմանագիր կնքեց նաև Ռուսաստանը:
Արդեն 2019թ.-ին կողմերը հայտարարեցին, որ ավարտել են 2011թ. «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի գործնական կատարմանն անհրաժեշտ ընթացակարգերը։ Այն թույլ է տալիս օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները ապրանքների առևտրի ու տարանցման համար, սակայն մինչ այժմ գործնական քայլեր չկան:
Շատերը կարծում են, որ Հայաստանը կդառնա այս համաձայնագրի իրականացման հիմնական շահառուն: Այս առիթով Կարասինը նշել է, որ Ռուսաստանն իսկապես նման խնդրանք է ստացել Հայաստանից: Այստեղ ևս մեկ խնդիր կա՝ չնայած որոշ ռուսական աղբյուրներ խոսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում, այսպես կոչված, տրանսպորտային տարանցիկ միջանցքներ ստեղծելու, մասնավորապես՝ աբխազական երկաթուղին վերագործարկելու մասին, սակայն Վրաստանի իշխանությունները կտրականապես հերքել են մաքսակետեր ստեղծելու մասին պնդումները՝ հայտարարելով, որ տարանցիկ ուղիների վերաբացման հարցը չի քննարկվում: