«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գանգատի վերաբերյալ որոշումը

4 ր.   |  2021-01-25

Ա վելի քան 10 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց  2008թ.-ի օգոստոսին ռազմական բախման արդյունքում Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցի վերաբերյալ: Այն մի կողմից ընդունելի էր Ռուսաստանի, մյուս կողմից՝ Վրաստանի համար, քանի որ որոշումների մի մասը արտահայտում էին Մոսկվայի, մյուսը՝ Թբիլիսիի շահերը:

Ստրասբուրգի դատարանի որոշումը կարելի է բաժանել երեք մասի: Նախ, ՄԻԵԴ-ը գտել է, որ «Ռուսաստանը չի կարող պատասխանատվություն կրել ռազմական գործողությունների ակտիվ փուլում (օգոստոսի 8-12-ը) տեղի ունեցած իրադարձությունների համար»՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի: Որոշումը ՌԴ արդարադատության նախարարությունը համարել է Մոսկվայի ճիշտ լինելու հաստատում:

Հայցն ուսումնասիրել են 17 երկրների դատավորներ, որից 11-ը կողմ են եղել վերոնշյալ որոշմանը, 6-ը՝ դեմ: Ուկրաինայի, Լեհաստանի և Վրաստանի դատավորները ափսոսանք են հայտնել, որ ՄԻԵԴ-ը չի քննարկել «այս գործի ամենակարևոր իրավական հարցը՝ արդյո՞ք ռուսական բանակի կողմից վրացական բնակավայրերի ռմբակոծումը խախտում է կոնվենցիայի 2-րդ հոդվածը»:

Դատավճռի երկրորդ մասը վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ընկած ժամանակահատվածին, այսինքն` 2008 թ.-ի օգոստոսի 12-ից հետո, երբ ռուսական զորքերը ևս մի քանի շաբաթ մնացին Վրաստանում և միայն հետագայում դուրս բերվեցին: Դատարանը Վրաստանի այս հայցը բավարարել է՝ գտնելով ՌԴ-ի կողմից կոնվենցիայի մի շարք խախտումներ:

Մասնավորապես, ՄԻԵԴ-ը որոշմամբ Ռուսաստանը «վարչական գործառույթները» իրականացրել է Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածների խախտմամբ, որոնք համապատասխանաբար երաշխավորում են կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելքը, անձնական և ընտանեկան կյանքը հարգելը: Այսինքն, դատավորները նշում էին, որ Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատու է ոչ միայն գործողությունների, այլև անգործության համար, որի արդյունքում քաղաքացիական բնակչությունը ենթարկվել է դաժան վերաբերմունքի: Մասնավորապես, տեղի է ունեցել առաջին հոդվածի խախտում, որի արդյունքում Հարավային Օսիայի ուժերը Ցխինվալիում օգոստոսի 10-ից 27-ը Վրաստանի քաղաքացիական անձանց են ձերբակալելը: Ռուսաստանը նաև մեղադրվում է օգոստոսի 8-ից 17-ը Հարավային Օսիայի ուժերի կողմից Ցխինվալիում ձերբակալված վրացի ռազմագերիների նկատմամբ մարդու իրավունքները հարգելու իր պարտավորությունը խախտելու մեջ: ՄԻԵԴ-ը ճանաչել է Ռուսաստանի կողմից կոնվենցիայի 3-րդ (խոշտանգումների արգելք) և 5-րդ հոդվածների (ազատության և անվտանգության իրավունք) խախտումները: Խոսքը վերաբերում է Ցխինվալիում 160 վրացիների կալանավորմանը, որոնց մեծ մասը տարեց տղամարդիկ են եղել, իսկ երեքը՝ կին: 2008-ի օգոստոսին նրանք ավելի քան երկու շաբաթ ծանր պայմաններում պահվել են Հարավային Օսիայի ՆԳՆ նկուղում: Դատարանը հետագայում կքննարկի փոխհատուցման հարցը:

Դատավճռի մեկ այլ կետ վերաբերում է վրացիների Հարավային Օսիայում և Վրաստանում իրենց տուն վերադառնալուն: ՄԻԵԴ-ը նշել է, որ այս շրջանների և Ռուսաստանի իշխանությունները պարտավոր են դա ապահովել: Ի վերջո, դատարանը շեշտել է, որ պարտավոր է հետաքննել ոչ միայն հրադադարի դրվագները, այլև ռազմական գործողությունների ընթացքը: Դատարանը հայտարարել է, որ արդեն իրականացված քննությունը բավարար չի:

Վերջապես, ընդունված որոշումների երրորդ մասը վերաբերում է կոնվենցիայի 41-րդ հոդվածին, ըստ որի, քննարկվելու է զոհերի համար հնարավոր դրամական փոխհատուցումը:  Դրա վերաբերյալ որոշում չի կայացվել, քանի որ, ինչպես պարզաբանեց դատարանը, դեռ «դրան պատրաստ չէ»: Հայտնի չէ, թե երբ դա կարող է տեղի ունենալ և ինչ պայմաններում: Հնարավոր է, որ այն տարիներ տևի: Օրինակ՝ 2014 թ.-ին ՄԻԵԴ-ը բավարարեց Վրաստանի հայցը ընդդեմ Ռուսաստանի՝ 2006 թվականին Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիների արտաքսման վերաբերյալ, իսկ փոխհատուցման մասին որոշումը (10 միլիոն եվրո) կայացվեց միայն հինգ տարի անց ՝ 2019 թվականին:

Որոշման նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հունվարի 21-ը անվանել է Վրաստանի նորագույն պատմության ամենակարևոր օրը: «Այս որոշումը մեր հայրենակիցների, Արդարադատության նախարարության աշխատակիցների և մասնագետների կողմից 12 տարվա աշխատանքի արդյունք է», - ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ որոշումը պետք է դառնա Վրաստանի ապագաղութացման պայքարի նոր փուլ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով այցով գտնվում էր Բրյուսելում, Ստրասբուրգի դատարանի որոշումը  համարել է պատմական և շեշտել, որ այս որոշումը մեծ ձեռքբերում է երկրի, հասարակության, պատմության և ապագայի համար:

ՄԻԵԴ-ի որոշմանը անդրադարձել է նաև Մ. Սահակաշվիլին՝ նշելով, որն սա ապացուցում է, որ Վրաստանը ճիշտ էր և ագրեսիայի զոհ:

Թբիլիսին կարծում է, որ օգոստոսյան պատերազմի վերաբերյալ Ստրասբուրգում կայացված որոշումը կարևոր կդառնա ոչ միայն Վրաստանում, այլ նաև Մոլդովայում և Ուկրաինայում հակամարտությունների կարգավորման տեսանկյունից:

Մինչ այժմ Վրաստանը Ռուսաստանի դեմ 3 հայց է ներկայացրել ՄԻԵԴ: Առաջին հայցը վերաբերում էր 2006 թ.-ին ՌԴ-ից վրացիների մասսայական արտաքսմանը, որից 7 տարի անց դատարանը գտավ, որ «Ռուսաստանի իշխանությունները կիրառել են էթնիկ վրացիների ձերբակալման, և արտաքսման համակարգված քաղաքականություն», որի ընթացքում խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, մասնավորապես, խոշտանգումների արգելքի, անձի ազատության և անվտանգության իրավունքը, արդյունավետ պաշտպանության իրավունքը և օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսման արգելքի մասին իրավունքը: Երկրորդ դատավարությունը վերոնշյալ հայցն էր, որի մասին որոշումը կայացավ օրերս: Վրաստանը հերթական միջպետական հայցը Ռուսաստանի դեմ ներկայացրել է 2018թ.-ի օգոստոսին: Թբիլիսին մեղադրել է Մոսկվային Աբխազիայի և Հարավային Օսիայի վրացիների «զանգվածային հետապնդման, ձերբակալման և սպանության» վարչական պրակտիկայի մեջ: