Թուրքական եվրասիականության հարցերի շուրջ

4 ր.   |  2020-12-14

Ե վրասիականությունը որպես աշխահաքաղաքական հայեցակարգ, գաղափարախոսություն Թուրքիայում սկսեց զարգանալ երկբևեռ աշխարհի փլուզումից հետո: Ընդ որում, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր իրողություններին համընթաց վերջին տասնամյակում «եվրասիականության» թուրքական տարբերակը ենթարկվեց որոշակի ձևափոխումների: Այնուամենայնիվ, մասնագիտական գրականությունում հստակ ցույց է տրվում, որ տարբեր ժամանակաշրջանում այն ստացել է նոր բովանդակություն և իմաստ, հետևաբար, թուրքական քաղաքական էլիտայի մոտ չկա «եվրասիականության» հարցում ընդհանուր մոտեցում և կոնսենսուս:

Ինչպես նշում է Ի. Տորբակովը, «Մասնագիտական գրականությունում «թուրքական եվրասիականությունը» (Avrasyacilik) ներկայացվում է որպես ձախ քեմալական գաղափարախոսություն և հակաարևմտյան, ռուսամետ աշխարհաքաղաքական խոսույթ, որն ի հայտ եկավ 1990-ականներին՝ Սառը պատերազմից հետո: Չնայած այս աշխարհաքաղաքական տեսլականի թուրք կողմնակիցներն իրենց նույնացնում էին որպես «եվրասիականներ», բայց նրանց գաղափարներում և աշխարհաքաղաքական կառուցվածքներում հնարավոր չէ գտնել լուրջ բովանդակություն: Միակ բանը, որ կարծես կապում է նրանց տեսությունները դասական (կամ նեո) եվրասիականության հետ, մի տեսակ «հակահեգեմոնիկ տեսլական է», որն առաջադրվում է որպես այլընտրանք Արևմուտքի (ԱՄՆ) ղեկավարած գլոբալիզացիայի նախագծին»[1]: Ըստ էության, նրանք հանդես են գալիս Եվրասիայում պետությունների հզոր միության ստեղծման օգտին՝ ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Թուրքիայի, ինչը թույլ կտա վերջ տալ ԱՄՆ գերակայությանը։

Պահպանողական (իսլամական) և պանթյուրքական քաղաքական ուժերն ունեն եվրասիականության իրենց մոտեցումները. Թուրքիայի կողմից գաղափարական և մշակութային ներթափանցում նախկին Խորհրդային Միության տարածք, որտեղ կստեղծվեն կրթական հաստատություններ և մեդիակառույցներ, կիրականացվի մշակութային համագործակցություն՝ թյուրք-իսլամական համադրման հենքի վրա։ Ռազմավարական նպատակն է ստեղծել տարածաշրջանային հակակշիռ Ռուսաստանին և ամրապնդել համագործակցությունը թյուրքական պետությունների հետ[2]։

Ծայրահեղ աջ թևի ներկայացուցիչ թուրք գաղափարախոսների մի մասը Եվրասիա տարածքի մեջ ընդգրկում է ոչ միայն Թուրքիան, այլև Կովկասը, Միջին Ասիան, Պովոլժիեն և Հյուսիսային Աֆղանստանը՝ նշելով, որ այդ տարածքներում բնակվում են թյուրքական ժողովուրդներ: Մյուսները՝ Բալկանները, Իրանը, Ուկրաինան, Հունգարիան և Պակիստանը: Այս տեսանկյունից տարբեր մասնագետներ նշում են, որ Թուրքիայի եվրասիական քաղաքականությունն ունի նեոթյուրքիզմի երանգներ և Եվրասիայի թուրքական քարտեզը (ընդգրկում է Թուրքիայից Չինաստան տարածությունը) գրեթե համընկնում է Թուրանի աշխարհագրական քարտեզին[3]:

Ըստ էության, «եվրասիականության» հիմքում ընկած է համաթյուրքական միությունը։ Ակնհայտ է, որ խոսքը պանթուրանական նոր մոդելի մասին է, որի հիմքը մեկ միասնական պետականության կամ որևէ միության ստեղծումն է։ «Եվրասիականության» այս տարբերակի կողմնակիցներն են պանթյուրքիստները կամ այլ բնութագրումով՝ թուրք ազգայնական/ազգայնամոլական եվրասիականները[4]:

Այս ուղղության գաղափարախոսներից մեկը՝ ազգային անվտանգության ոլորտում վերլուծություններ իրականացնող Ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնի նախկին ղեկավար Ալի Քյուլեբին, առաջ է քաշում թուրքական եվրասիականության իր հայեցակարգը, որի դրույթները աղերսներ ունեն պանթյուրքիզմի և պանթուրանիզմի հետ: Մասնավորապես, նա գտնում է, որ Թուրքիան նախ պետք աստիճանաբար ուժեղացնի իր ազդեցությունը Միջին Ասիայի թյուրքական պետությունների վրա և ապա ամրապնդի հարաբերությունները Ուրալից արևելք ընկած թյուրքական ժողովուրդների հետ՝ տնտեսական, մշակութային, քաղաքական կապերով: Եվ երբ Ռուսաստանը թուլանա, Թուրքիան պետք է ստեղծի կայուն հարաբերությունների համակարգ թյուրքական երկրների հետ, որտեղ գերագույն նպատակը ընդհանուր (թյուրքական) տնտեսական միություն ստեղծելն է: Արդյունքում, ըստ նրա, երբ տարածաշրջանը կամ դրա կենտրոնական մասը հայտնվի թյուրքական պետությունների լիակատար վերահսկողության ներքո, տարածաշրջանում Թուրքիային դերն առնվազն նույնքան կարևոր կդառնա, քանի որ Եվրասիան վերահսկելու քաղաքականություն են իրականացնում նաև արտատարածաշրջանային տերությունները[5]:

Հարկ է նշել, որ Թուրքիայում գոյություն ունի նաև եվրասիականության հակաարևմտյան տարբերակը, որը փորձագետների կողմից ստացել է քեմալական կամ բազմամշակութային եվրասիականություն անվանումը[6]:

Հետազոտողները նշում են, որ վերջին քսան տարիներին եվրասիական և քեմալական գաղափարախոսությունները Թուրքիայում միաձուլվել են: Դրա արդյունքում քեմալական և սոցիալիստական մտավոր, քաղաքական, նաև ռազմական ոլորտի մի շարք գործիչներ սկսեցին ձևակերպել եվրասիականությունը որպես Թուրքիայի համար նոր աշխարհաքաղաքական խոսույթ[7]:

Այս մոտեցումները ներկայացված  են, մասնավորապես, Թուրքիայի «Հայրենիք» (նախկին՝ «Աշխատավորական») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի, նրա որդու՝ Մեհմեթ Փերինչեքի և թուրք գրող Աթթիլա Իլհանի աշխատանքներում, որտեղ «եվրասիական ընտրությունը» ձևակերպվում է որպես ազգայնական և հակաամերիկյան, հակաարևմտյան նախագիծ: Այս տեսանկյունից, ըստ հետազոտողների, Թուրքիան քաղաքական, տնտեսական և մշակութային դաշինք պետք է կնքի «եվրասիական երկրների» հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը, Միջին Ասիայի թյուրքական պետությունները, ինչպես նաև Պակիստանը, Հնդկաստանն ու Չինաստանը:

Փորձագիտական հանրությունում «թուրքական եվրասիականության» շուրջ բազմակարծությունը, ինչպես տեսնում ենք, ոչ միայն չի բացահայտում այս գաղափարախոսության բուն էությունը, այլև խճճում է տեսակետները։ Սակայն ակնհայտ է, որ քեմալական եվրասիականության կողմնակիցների տեսակետներում իշխում է այն գաղափարը, որ ընդդեմ արևմուտքի (նկատի է առնվում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն) առաջին հերթին Ռուսաստանի հետ համատեղ պետք է ստեղծի միություն: Իսկ ահա ծայրահեղ աջ թևի ներկայացուցիչների մոտեցումները առավելապես հակառուսական են և բազմիցս քննադատվել են ռուսամետ թուրք «եվրասիականների» կողմից:


[1] Neo-Ottomanism versus Neo-Eurasianism?

[2] Айдин Ибрагимов, Евразийская идея в Турции: особенности и тенденции, ЮЖНО-РОССИЙСКИЙ ФОРУМ. 2015. № 2 (11), с.23-25

[3] Давид Тавадзе, В ожидании турецкого шторма

[4] Özgür Tüfekçi, Turkish Eurasianism: Roots and Discourses, Eurasian Politics  and Society: Issues and Challenges, Cambridge Scholars Publishing, 2017,pp. 23-24

[5] Ali Külebi, The Forgotten Option: Turkish Eurasianism, Turkish Daily News, 23, 24, Aug. 2006.

[6] A. Simavoryan, Ideological Trends in the Context of Foreign Policy of Turkey, Europe & Orient, N° 11, 2010, p. 60-61

[7] Emel Akçali, Mehmet Perinçek, Kemalist Eurasianism: An Emerging Geopolitical Discourse in Turkey