Պայքար խտրականության դեմ

5 ր.   |  2020-11-18

2 020թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել Հայաստանի և էթնիկ հայերի նկատմամբ խտրական գործելակերպը։ Նամակում նշվում է, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները:

Հիշյալ կոնվենցիայի խախտումները ընդգրկում, բայց չեն սահմանափակվում հետևյալով. ա) հակահայկական տրամադրությունների տարածում, բ) հակահայկական քարոզչությունը վերացնելու ուղղությամբ արդյունավետ միջոցների բացակայություն, գ) պետական մարմինների կամ հանրային հաստատությունների կողմից հայերի նկատմամբ ռասայական խտրական վերաբերմունքի խրախուսում կամ հրահրում, դ) հայերին իրենց անձնական իրավունքներից խտրական զրկում, ինչպիսիք են՝ անձի անվտանգության ապահովման, սեփականության և մշակութային ժառանգություն հանդիսացող կոթողներ մուտք գործելու և դրանցից օգտվելու իրավունքները, ե) իրավասու ներպետական դատարանների և պետական իրավասու այլ մարմինների կողմից հայերի իրավունքների արդյունավետ պաշտպանության և վերականգնման բացակայություն, զ) հայերի էթնիկ զտմանն ուղղված քայլերի ձեռնարկում:

ՀՀ-ն հրավիրում է Ադրբեջանին բանակցությունների միջոցով քննարկել կոնվենցիայի պահանջների իրականացումը՝ նշելով, որ «Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի առաջարկը մերժելու կամ սահմանված ժամկետում պատասխան չներկայացվելու դեպքում Հայաստանը իրեն իրավունք է վերապահում առկա իրավական վեճը լուծել Կոնվենցիայով սահմանված կարգով»:

Ռասայական խտրականությունն անձի կամ մարդկանց խմբի նկատմամբ տարբերակված մոտեցումն է՝ ըստ մաշկի գույնի, ազգային պատկանելության, որը նրանց դնում է համեմատաբար աննպաստ դրության մեջ։ Ռասայական խտրականություն կարելի է համարել նաև կրոնական պատկանելության հիմքով մարդու կամ մարդկանց խմբի նկատմամբ բացասական վերաբերմունքը։

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան հիմնական իրավական փաստաթուղթն է, որով արգելվում է այդ երևույթը։ Այնտեղ խտրականություն է դիտվում ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկ ծագման հատկանիշների հիման վրա ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որի նպատակը կամ հետևանքը քաղաքական, տնտեսական, ընկերային (սոցիալական), մշակութային կամ ցանկացած այլ ոլորտում հավասար սկզբունքներով մարդու իրավունքների և հիմնական ազատությունների չեզոքացումը կամ սահմանափակումն է։

Ռասայական խտրականությունը հիմնականում բնորոշ է բազմէթնիկ և բազմակրոն հասարակություններին։ Եվ քանի որ մեր օրերում գրեթե չկան էթնիկ և կրոնական առումով միատարր հասարակություններ, ապա նման վտանգ կա գրեթե ամենուրեք՝ աշխարհի բոլոր մայրցամաքներում։

Ռասայական խտրականությունն ունի դրսևորման ամենաբազմազան ձևեր՝ սկսած էթնիկ զտումներից, հալածանքներից, ֆիզիկական և մշակութային ցեղասպանությունից ընդհուպ մինչև անձի կրթության, առողջապահության, բնակարանի, աշխատանքի, հանրային ծառայություններից օգտվելու իրավունքների խախտումը։ Բազմազան են նաև այդ երևույթի դեմ պայքարի ուղիները՝ իրավականից մինչև քաղաքական։

Ներպետական իրավունքում խտրականության բացառման հիմնարար սկզբունքը բոլոր քաղաքացիների հավասարությունն է օրենքի առաջ՝ անկախ ռասայական, ազգային կամ կրոնական պատկանելությունից։ Միջազգային ասպարեզում գործում է ռասայական խտրականության դեմ պայքարի երկու հիմնական իրավական ատյան՝ Հաագայի միջազգային քրեական դատարանը, որտեղ քննվում են պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ իրականացված ոճիրների գործերը, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Իրավական հարթությունից բացի, ռասայական խտրականության դեմ պայքարն իրականացվում է նաև միջազգային հասարակական շարժումների, քարոզչական աշխատանքի, մարդկանց իրազեկվածության բարձրացման և այլ միջոցներով։ Քաղաքական հարթության մեջ խտրականության դեմ պայքարն իրականացվում է երկկողմ և բազմակողմ միջպետական հարաբերությունների, միջազգային կազմակերպությունների շրջանակներում, երբ բարձրացվում են ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության հարցերը։

Արցախում ռազմական գործողությունների դադարից հետո հայության նկատմամբ խտրական քաղաքականությանը և դրա դեմ պայքարին առնչվող առաջնային հարցը ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումն է։ Շարժական մշակութային մասունքների մի մասը (խաչքարեր, սրբապատկերներ, եկեղեցական ծիսական պարագաներ և այլն) փրկելու համար դրանք դուրս են բերվել։ Սակայն անշարժ հուշարձանները հնարավոր չէ դուրս բերել։ Իսկ ինչպես ցույց են տվել Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր եկեղեցու կրկնակի հրթիռակոծությունը պատերազմի օրերին, ապա՝ նրա պղծման դրսևորումները, հայկական մշակութային և կրոնական կոթողները ադրբեջանական վերահսկողության ներքո վտանգված են։

Դրանք պաշտպանելու նպատակով Հայաստանը ձեռնամուխ է եղել խնդրի բարձրացմանը միջպետական հարաբերությունների օրակարգում։ ՀՀ վերոհիշյալ պաշտոնական նամակը Ադրբեջանին պետք է դիտել այդ գործողությունների համատեքստում։ Պաշտոնական Երևանը փորձում է խնդիրը օրակարգային դարձնել նաև բազմակողմ ձևաչափով միջպետական հարաբերություններում։­

Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլ. Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել, որ եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանին վերադարձվող շրջաններում գտնվում են քրիստոնեական եկեղեցիներ ու վանքեր։ Այդ կապակցության ՌԴ նախագահն ընդգծել է այդ սրբությունների պահպանման և բնականոն եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը։ Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահը ըմբռնում է դրսևորել և ասել, որ հենց այդ ոգով կգործի ադրբեջանական կողմը։

Նոյեմբերի 16-ին Արցախում տիրող իրավիճակին նվիրված ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլ. Պուտինի և Է. Մակրոնի հեռախոսազրույցում ի թիվս այլ հարցերի երկուստեք շեշտվել է նաև քրիստոնեական եկեղեցիների և վանքերի պահպանման կարևորությունը։

ՀՀ և ՌԴ արտաքին գործոց նախարարներ Զ. Մնացականյանի և Ս. Լավրովի նոյեմբերի 15-ի հեռախոսազրույցում կարևորվել է համագործակցությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ բազմակողմ կազմակերպությունների հետ՝ ի շահ հակամարտության գոտում քաղաքացիական անձանց դրության թեթևացման և կրոնական ու մշակութային կառույցների պահպանման։ Նույն ոգով է ընթացել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ. Բայրամովի հետ ՌԴ ԱԳ նախարարի՝ նույն օրը տեղի ունեցած հեռախոսազրույցը։

Հայկական կողմի ձեռնարկած քայլերն արդեն տալիս են որոշակի արդյունք։ Մասնավորապես, Շահումյանի (Քարվաճառ) շրջանում գտնվող հայկական հնարդարյան կոթողային հուշարձաններից մեկը՝ Դադիվանքը ներկայում գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը թույլ է տալիս այնտեղ շարունակել կրոնական արարողությունները։

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականությունը մեծ լավատեսություն չի ներշնչում նրա վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում, որքան էլ խնդիրը լինի միջազգային կազմակերպությունների ու միջպետական հարաբերությունների օրակարգում։ Այնուամենայնիվ, պաքարն այդ ուղղությամբ պետք է շարունակել՝ խնդիրը մշտապես պահելով ուշադրության կենտրոնում։