Դիվանագիտական քննարկումներ համաձայնագրի շուրջ
4 ր. | 2020-11-17Ն ոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել դադարեցնելու ռազմական գործողությունները Արցախում: Սեղանին դրված փաստաթղթով Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում Աղդամի, Քարվաջառի, Լաչինի շրջանները՝ պահպանելով Լաչինի միջանցքը՝ տեղակայելով այնտեղ և ԼՂ շփման գծի երկայնքով ՌԴ խաղաղապահ զորակազմը: Համաձայնագրով արցախահայությունը տեղահանման և մի շարք խնդիրների առջև է կանգնում, որի լուծման համար ՀՀ ԱԳՆ-ն փորձում է ակտիվ ջանքեր է ներդնել:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը նոյեմբերի 16-ին հրաժարական տվեց, հետպատերազմական իրավիճակի, ինչպես նաև վերոնշյալ պայմանագրի մասին հեռախոսազրույցներ ունեցենալ ԵՄ արտաքին անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցչի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ: Դրանից զատ երկու անգամ հեռախոսազրույց է եղել ՌԴ ԱԳ նախարարի հետ:
Բոլոր այս հեռախոսազրույցներում առանձնացվել է հետևյալ հիմնական հարցերը՝
- Արցախի կարգավիճակի և արցախահայության անվտանգության կայուն երաշխիքների ապահովում,
- Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և տեղում դրա հասցեագրման ուղղությամբ քայլերի ձեռնարկում,
- Արցախի` ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագիրը
Նոյեմբերի 12-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ զրույցում Զ. Մնացականյանը, խոսելով մշակութային ժառանգության պահպան մասին, շեշտել է, թե ինչ ճակատագրի են արժանացել մինչ այժմ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայկական պատմամշակութային կոթողները: Բացի վերոնշյալ կետերից, խոսվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեություն մասին, որի շրջանակներում ԵՄ բարձր ներկայացուցիչը վերահաստատել է կառույցի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զրույցում ևս վերահաստատել է ՄԱԿ-ի աջակցությունը այս ձևաչափին: Կարևորվել է կառույցի դերակատարությունը և նրա համապատասխան մարմինների ներգրավումը վերոնշյալ հարցերի կարգավորման մեջ:
ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի (Ռուսաստան), Ժան-Իվ լը Դրիանի (Ֆրանսիա) և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ զրույցում կարելի է առանձնացնել Մնացականյանի այն շեշտադրումը, որ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը չի կարող համարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում: Համանախագահների հետ քննարկվել է Թուրքիայի անուղղակի, ինչպես նաև ռազմական գործողություններում անմիջական մասնակցությունը՝ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավման ձևով: Այս հեռախոսազրույցում ևս Մնացականյանն ընդգծել է հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից ցուցաբերված բարբարոսական վերաբերմունքի մասին, որի արդյունքում թե՛ Նախիջևանում, թե՛ բուն Ադրբեջանի տարածքում և թե՛ Արցախի՝ առաջին արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հիմնովին ոչնչացվել են հայկական ժառանգության կոթողները: Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը՝ որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ:
Բացի այս հեռախոսազրույցից՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների նախկին ղեկավարը երկու անգամ զրուցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցները քննարկել են Արցախում հումանիտար ճգնաժամի ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում ձեռնարկվելիք քայլերը, այս շրջանակում՝ տեղում արցախահայության կարիքների հասցեագրման և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման համար ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ զարգացման գործակալության, Կարմի խաչի միջազգային կոմիտեի և այլ բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցության ծավալումը:
Չնայած պատմամշակութային ժառանգության պահպանման բազմակող քննարկումներին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նոյեմբերի 15-ին հաղորդագրություն տարածեց, որ Շուշի մուտք գործած ադրբեջանցիները պղծել են քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց հետքը թողնելով եկեղեցու արտաքին և ներքին պատերին: Հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի և Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի ի սպառ բնաջնջմանն ուղղված այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի բացահայտ խախտում, հակասում են համամարդկային արժեքներին և պետք է ենթարկվեն խստագույն դատապարտման։ Գերատեսչությունը շեշտել է, որ շարունակում են միջազգային համապատասխան օղակների հետ համագործակցությունը այն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու նման գործողությունները լիարժեքորեն կանխելու նպատակով:
Մայր Աթոռի հայտարարությունից ժամեր առաջ Պուտին-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է Բաքվի վերահսկողության ներքո անցած եկեղեցիների պահպանության և «եկեղեցական նորմալ կենսագործունեության» անհրաժեշտությունը, որին ի պատասխան Ալիևը հավաստիացրել է, որ այդ եկեղեցիներն ու վանքերը կպահպանվեն ադրբեջանական պետության կողմից: Եկեղեցիների պահպանության հարցը բարձրացրել է նաև Ռուս ուղղափառ եկեղեցին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության դադարեցման պարտադիր պայման է այնտեղ տեղակայված քրիստոնեական սրբավայրերի անձեռնմխելիությունը: