Ամերիկյան պատժամիջոցները սպառնում են Թուրքիային

4 ր.   |  2020-11-03

Ա նկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները կրկին լարվել են: Ըստ 2017թ.-ի Անկարայի և Մոսկվայի միջև պայմանավորվածության՝ Թուրքիան 2.5 մլրդ դոլարով ձեռք է բերել «C-400» ՀՕՊ 4 համակարգ, որի մատակարարման առաջին փուլն իրականացվել է 2019թ.-ի հուլիսին, իսկ երկրորդը սկսվել է օգոստոսի 27-ին և ավարտվել սեպտեմբերի 14-ին: Տեղադրումից հետո՝ 2020թ.-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ Անկարան պատրաստվում է  «C-400» համակարգերի երկրորդ գնումն անել:

Թուրքիան այս համագործակցությամբ դարձավ ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը նման խոշոր ռազմական գործարքի կնքեց Ռուսաստանի հետ՝ առաջացնելով  դաշնակիցների զայրույթը: Եվրոպան հայտնեց, որ այս կերպ Անկարան հեռանում է ՆԱՏՕ-ից, իսկ Պենտագոնը կոչ արեց դադարեցնել պայմանագիրը։ Ի պատասխան՝ Անկարան մեղադրեց ՆԱՏՕ-ին՝ շեշտելով, որ այս որոշմանը ստիպված է գնացել, քանի որ երկար ժամանակ չի կարողացել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներից հակաօդային համակարգ ձեռք բերել: Դեռ 2000-ականներին Թուրքիան փորձում էր գնել չինական  «HQ-9» ՀՕՊ համակարգերը, սակայն 2015թ.-ին այս պայմանավորվածությունը չեղյալ հայտարարվեց: Թեև թուրքական կողմը տարբեր պատճառաբանություններ էր բերում, սակայն շատերը այն կապեցին ՆԱՏՕ-ի ճնշումների հետ: Նույն թվականին ԱՄՆ-ն Թուրքիայից հանեց իր «Patriot» ՀՕՊ համակարգը՝ թողնելով երկրին առանց ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցների, իսկ Անկարան որպես այլընտրանք գնեց ռուսական ՀՕՊ համակարգերը՝ մեղադրելով ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին  հակաօդային համակարգերի տեղադրման ձգձգման մեջ: Ըստ վարչապետ Յըլդըրըմի՝ «Ս-400» գնման հիմնական պատճառը Սիրիայի տարածքից արձակված 71 հրթիռներն էին, որոնք թուրքական կողմը չէր կարողացել չեզոքացնել՝ պաշտպանական ժամանակակից համակարգ չունենալու պատճառով, ուստի այս որոշման մեջ որևէ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել:

Այնուամենայնիվ, Թուրքիայում ռուսական ՀՕՊ-ի տեղադրումն ունի մի շարք քաղաքական պատճառներ: Այսօր ռազմական համագործակցությունը դարձել է քաղաքական ազդեցության հիմնական գործիքներից մեկը: Անկարան այս գործարքով ցույց տվեց իր «ճոճանակային քաղաքականությունը», որն անհանգստացրեց ԱՄՆ-ին, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան զենք է ձեռք բերում «հակառակորդ» Ռուսաստանից: Մտավախություն կար, որ ռուսական կողմը կարող է Թուրքիայի միջոցով ինֆորմացիա ձեռք բերել ամերիկյան F-35-ի մասին: Բացի այդ, սա լրջորեն ազդեց Մերձավոր Արևելքում գլոբալ անվտանգության ռազմավարական դասավորվածության վրա, քանի որ Անկարան մինչ այդ կենտրոնացած էր բացառապես ՆԱՏՕ-ի վրա: Մեկ այլ խնդիր էր 2016թ.-ին ձախողված հեղափոխությունից հետո Թուրքիայի և ՆԱՏՕ մի շարք երկրների հետ ռազմական համագործակցության դադարեցումը: Բացի այդ, ռուսական ՀՕՊ համակարգերն ավելի էժան են, քան՝ ամերիկյանը:

Ռուսական ՀՕՊ-ի Թուրքիայում հայտնվելն անհանգստության պատճառ դարձավ նաև մեր տարածաշրջանում. հայկական կողմի ձեռք բերած «Իսկանդեր» ՕՄՀ-ն, որը Բաքուն հիստերիայով ընդունեց՝ սպառնալով, որ Ռուսաստանի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը կարող է հանգեցնել Թուրքիայի կողմից պատասխան միջամտության՝ ակնարկելով «С-400»-ի օգտագործումը:

Ռուսական ՀՕՊ-ի տեղադրումից հետո նույնպես ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում էր դուրս բերել դրանք Թուրքիայից: 2019թ.-ին Էրդողան-Թրամփ հանդիպման ժամանակ խոսակցություն եղավ «C-400»-ից, սակայն Թուրքիայի նախագահը բացառեց դրանցից հրաժարվելը: Հանդիպումից հետո Մ. Չավուշօղլին հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է ռուսականից զատ ձեռք բերել նաև ամերիկյան զենքերը: Անկարան հայտարարեց, որ ԱՄՆ-ն այժմ ավելի մեղմ քաղաքականություն է վարում, ուստի ԱՄՆ-ն պատրաստ է իրենց վաճառել «Patrior» ՀՕՊ, սակայն այս հայտարարությունից օրեր անց Պենտագոնն արեց հակառակը՝ ասելով , որ Թուրքիան չի ստանա ամերիկյան «Patriot», մինչև Ռուսաստանին չվերադարձնի C-400-երը: Վաշինգտոնը անգամ զգուշացրեց, որ ռուսական զենքի պատճառով կարող է վերջ դրվել Թուրքիայի մասնակցությանը F-35 հինգերորդ սերնդի կործանիչների արտադրության ծրագրում: Հայտարարությամբ հանդես եկավ նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար  Յենս  Ստոլտենբերգը՝ շեշտելով, որ Թուրքիայի կողմից S-400-ի ձեռքբերումը դժվարություններ է ստեղծում ՆԱՏՕ-ի համար և կարող է վտանգ ներկայացնել դաշնակից երկրների ինքնաթիռների համար: Նա նաև խոսեց ԱՄՆ պատժամիջոցների մասին, որոնց հայտարարությունները չուշացան: Թուրքիան, անտեսելով բոլոր զգուշացումները, հոկտեմբերին Սինոպում սկսեց ռուսական ՀՕՊ-երի փորձարկումը, որը վերջնականապես հունից հանեց ԱՄՆ-ին: Պետդեպարտամենտը հայտարարել է, որ այժմ իրենց սեղանին Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթն է։ Բացի այդ, վերանայվում է ռուսական C-400 ձեռք բերած ՆԱՏՕ անդամներին այլ զենքեր տրամադրելու հարցը: Էրդողանը, սակայն պատասխանեց, որ չի վախենում ամերիկյան պատժամիջոցներից և այս ամենի սպառնալիքների փոխարեն նրանց կարող էին ներկայացնել ռուսական ՀՕՊ-ի այլընտրանք: Իր հերթին՝ Վ. Պուտինն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի նման հավատարիմ գործընկեր ունենալու համար: