Արցախյան պատերազմ. արևմտյան փորձագիտական հանրության գնահատականները

3 ր.   |  2020-10-08

Տ արբեր հետազոտական կենտրոններ վերջին օրերին իրենց հրապարակումներում անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ընթացող պատերազմական գործողություններին՝ ներկայացնելով իրադարձությունների ընթացքը, պատերազմին նախորդող հանգամանքների, ռազմական գործողությունների առնաձնահատկություններին, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքին։

Դիտարկված նյութերում, հրապարակումներում նշվում է, որ այս պատերազմը կանխատեսելի էր, եթե հաշվի առնենք պատերազմական գործողություններին նախորդող իրադարձությունները, ինչպես, օրինակ, ադրբեջանա-թուրքական համատեղ լայնածավալ զորավարժություններն ու Ադրբեջանի նախագահի կողմից շարունակական ռազմական հռետորաբանությունը։ Սեպտեմբերի 27-ին սկսված լայնածավալ պատերազմի համար ըստ հրապարակումների հող էր նախապատրաստվում դեռևս մի քանի տարի առաջ։ Համաձայն «International Crisis Group»-ի զեկույցի՝ 2015թ. սկսած արձանագրվել է մոտ 300 սահամանային միջադեպ, ինչպես նաև ավելի քան 250 զոհ և վիրավոր է եղել, այդ թվում  խաղաղ բնակչության շրջանում[1]։

Հրապարակված նյութերում կարելի է հանդիպել նաև համեմատություններ 2016թ. քառօրյա պատերազմի և ներկայիս պատերազմի միջև։ Որպես հիմնական տարբերություն նշվում է կիրառված սպառազինությունների աննախադեպ բազմազանությունը, որոնք ձեռք են բերվել զենքի արտաքին շուկաներից, մասնավորապես՝ հեռահար հրթիռային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր և այլն։ Որպես տարբերություն նշվում է սիրիացի գրոհայինների մասնակցությունը ռազմական գործողություններին Բաքվի կողմից։ Միևնույն ժամանակ կարծիք կա, որ Անկարայից հնչող հռետորաբանությունը և շարունակական աջակցությունը (դիվանագիտական, նյութական, ռազմական և այլն) Բաքվին՝ պարունակում են ավելի մեծ ռիսկեր[2]:

«Քարնեգի» կենտրոնի փորձագետ Պոլ Ստրոնսկու կարծիքով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը փոխվում է նաև շատ ավելի ագրեսիվացող Թուրքիայի և ավելի պասիվացող Արեւմուտքի հետ: Ռուսաստանը նույնպես ջանքեր է թափում խնդիրը լուծելու ուղղությամբ, սակայն դժվարությամբ է ստացվում հանդարտացնել կողմերին այնպես, ինչպես դա կարողանում էր անել անցյալ հակամարտությունների ընթացքում: Վաշինգտոնը ևս կարող էր օգտագործել իր ազդեցությունը Բաքվի, Երևանի և Անկարայի վրա՝ այս հարցը լուծելու համար, սակայն ԱՄՆ-ն պասիվություն է դրսևորում այս վերջին ճգնաժամի ընթացքում ու դա ամենևին զարմանալի չէ՝ հաշվի առնելով Թրամփի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականության ապիկար գործելաոճը[3]:

Որոշ փորձագետների սցենարների համաձայն մեծ է հավանականությունը, որ այլ ուժեր անմիջականորեն կարող են ներքաշվել ընթացող հակամարտության մեջ, ինչը կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի։

Միջազգային անվտանգային հարցերով մասնագետ Ն. Մելվինը գնահատելով ներկա իրադրությունը, կարծում է, որ ՌԴ-ն այժմ կանգնած է ոչ հաճելի ընտրության առջև: Եթե Մոսկվան ընդունի Թուրքիային հակամարտության կարգավորման հարցում որպես հավասարազոր գործընկերոջ, ապա Հարավային Կովկասը կվերածվի մեկ այլ պրոքսի-հակամարտության շրջանի ՌԴ և Թուրքիայի միջև՝ (Լիբիայի և Սիրիայի հետ միասին), ինչը կարող է ապակայունացնել Հարավային Կովկասը[4]:

Չնայած միջազգային հանրությունը արձագանքել է ռազմական գործողություններին, սակայն դիտարկված նյութերում այդ արձագանքները գնահատվել են որպես անարդյունավետ, հաշվի առնելով, որ այն սահմանափակվել է միայն հրադադարի հաստատման և բանակցությունների ձևաչափին վերադառնալու կոչերով։ Այնուամենայնիվ, դեռևս փորձագետները զերծ են մնում պատերազմի ելքի վերաբերյալ հստակ գնահատականներ տալուց։


[1]https://www.crisisgroup.org/europe-central-asia

[2]https://www.sipri.org/commentary/expert-comment

[3] https://carnegieeurope.eu/strategiceurope/82838

[4] https://rusi.org/commentary/when-chips-are-down