Սփյուռքի արձագանքը արցախյան նոր պատերազմին

4 ր.   |  2020-09-28

Ա րցախյան ճակատում սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից սկսված լայնածավալ ռազմական գործողությունները ոտքի հանեցին ողջ հայությունը, որից անմասն չմնաց նաև Սփյուռքը։ Արտերկրի հայկական կազմակերպություններն ու անհատներն արձագանքեցին ադրբեջանական հարձակմանը՝ դատապարտելով այն և իրենց զորակցությունը հայտնելով Մայր հայրենիքին։

Ռազմական գործողությունների սկսումից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապ է հաստատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ սրտառուչ խոսքերով իր զորակցությունը հայտնելով հայոց բանակին և կոչ անելով Սփյուռքին աջակցել հայրենիքին։

«Կոչ կուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն, որ զանազան կերպերով իրենց ամբողջական զօրակցութիւնը յայտնեն հայրենիքին ու հայոց բանակին։ Երբ հայրենիքը վտանգի ենթակայ է, ողջ հայութիւնը կը դառնայ հայոց բանակ։ Ա՛յս կը վկայէ մեր պատմութիւնը. ա՛յս է մեր պատմութեան պատգամը։ Կաղօթենք առ բարձրեալն Աստուած, որ մեր հայրենիքը ու բանակը հեռու պահէ ամէն տեսակ երեւելի ու աներեւոյթ չարերէ ու չարիքներէ»,- նշել է վեհափառ հայրապետը[1]։

ԱՄՆ-ի հայ համայնքին զորաշարժի են ենթարկել տեղի լոբբիստական կառույցները։ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (Հայ դատի հանձնախումբ) կոչ է արել ամերիկաբնակ հայերին դիմել նախագահ Դոնալդ Թրամփին, նախկին փոխնախագահ, ներկայումս նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին, իրենց սենատորներին և ներկայացուցիչներին (Կոնգրեսի երկու պալատների պատգամավորներին)՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական հարձակումը Արցախի դեմ և դադարեցնել ցանկացած տեսակի ռազմական աջակցություն Ալիևի վարչակարգին։ Այդ նպատակով ԱՀԱԿ-ը իր կայքում ստեղծել է դիմումներն առցանց ուղարկելու հնարավորություն[2]։ Հատուկ ուղերձով հայ համայնքին է դիմել Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ նշելով, որ ադրբեջանական հարձակումը Ցեղասպանության շարունակությունն է[3]։

Ամերիկայի հայկական համագումարը նույնպես, տեղեկացնելով, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի դեմ՝ թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտն ու այլ բնակավայրերը, քաղաքացիական հաստատությունները, կոչ է արել հայ համայնքին պահանջել ԱՄՆ Կոնգրեսից դադարեցնել ցանկացած տեսակի ռազմական աջակցություն Բաքվին։ Այդ նպատակով ԱՀՀ-ն նույնպես իր կայքում ստեղծել է առցանց դիմումներ ուղարկելու հնարավորություն[4]։

Ռուսաստանի հայերի միությունը խստորեն դատապարտել է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հարձակողական գործողությունը, որին պաշտոնապես աջակցում է Թուրքիան։ Միությունը կոչ է արել ռուսաստանաբնակ հայերին դրսևորել հանգստություն և լինել զգոն, չտրվել տեղեկատվական խայծերի և ամենատարբեր սադրանքների՝ ուղղված իրավիճակի սրմանը և տեղափոխմանը այլ պետությունների տարածքներ։ Նման կոչով հայ համայնքին դիմել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը։

Ինչպես հայտնում է ՌՀՄ-ի կայքը, Ռուսաստանի հայերի միությունը մշտական կապի մեջ է Արցախի ղեկավարության հետ։ Միության ներկայացուցչությունը Արցախում աշխատանք է տանում քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ օգնության ուղղությունները հստակեցնելու համար։ Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը ավարտվում է նախագահ Արա Աբրահամյանի խոսքով.

«Արցախը միշտ եղել է և կմնա մեր ամրության, անձնուրացության և պատվի խորհրդանիշը։ Այն անհաղթ է»[5]։

Ակտիվ գործողություններ է սկսել նաև Ֆրանսիայի հայ համայնքը. ինչպես հաղորդում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայի ընկերվարական (սոցիալիստական) կուսակցությունը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Արցախը և պահանջել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Կուսակցությունը.

  1. Խստորեն դատապարտել է ադրբեջանական ուժերի հարձակումը Արցախի դեմ,
  2. Նշել, որ ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը պահանջում է Մինսկի խմբի անհապաղ հանդիպումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արագ արձագանքը՝ խաղաղ կարգավորման ուղիների որոնման, Արցախի անկախության վերահաստատման և միջազգային հանրության կողմից ճանաչման[6] նպատակով,
  3. Ափսոսանք հայտնել, որ Թուրքիան, իր անվերապահ քաղաքական և ռազմական աջակցությունը ցուցաբերելով Ադրբեջանին, ներգրավվել է հակամարտության մեջ,
  4. Կոչ արել Ֆրանսիային և Եվրամիությանը անհապաղ քայլեր ձեռնարկել մարտերի դադարեցման և 1994թ. կնքված հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ[7]։

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը իր թվիթերյան էջում կոչ է արել Թուրքիային զերծ մնալ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնող գործողություններց։ Հայազգի գործիչը մասնավորապես նշել է. «Ղարաբաղում շարունակվում են լայնամասշտաբ բախումները հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև։ Մեր երկիրը պետք է դադարի այս կրակի վրա բենզին լցնել, որովհետև այս պատերազմում հաղթողներ չեն լինելու»[8]։ Իսկ պարտվողները, ըստ Կարո Փայլանի, կլինեն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները։

Այսպիսով, Սփյուռքը, ինչպես միշտ, վճռորոշ պահին կանգնած է հայրենիքի կողքին։


[1] «Մենք հայրենիքին ու հայոց բանակին կողքին ենք» Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս

[2] Artsakh Under Attack - Condemn Azerbaijani Aggression, Cut-off all U.S. Military Aid to Baku

[3] https://www.youtube.com/watch?v=a4780RtEM

[4] Urge Congress to Stop Azerbaijan's Attack Against Artsakh

[5] Утро воскресного дня началось с сообщений о воздушно-ракетном нападении азербайджанских вооруженных сил на населенные пункты Арцаха, в том числе столицу – Степанакерт

[6] Առհասարակ՝ վերջին տարիներին Արցախի միջազգային ճանաչման հարցը ավելի ու ավելի է շրջանառվում Ֆրանսիայի քաղաքական խոսույթում, ինչն ինքնին դրական երևույթ է։ Այս հարցում հայ համայնքի, նրա քաղաքական կառույցների դերը դժվար է գերագնահատել։

[7] Социалистическая партия Франции призывает международное сообщество признать Арцах

[8] Թուրքիան չպետք է կրակին բենզին լցնի Ղարաբաղում. Կարո Փայլան