Համավարակը որպես անորոշություն
20 ր. | 2020-08-24Հաղթահարելու մշակութային բաղադրիչը
Հեղինակ ` Նիկոլ Մարգարյան
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ.գ.թ.
Հոդվածը հրապարակվում է Օրբելի կենտրոնի անցկացրած մրցույթի շրջանակներում։
Չ նայած Հայաստանում COVID-19 համավարակի դեպքերի բացահայտման և արտակարգ իրավիճակ հայտարարելուց անմիջապես հետո ՀՀ իշխանությունները սահմանեցին անվտանգության պահպանման հիմնական կանոնները (ձեռքերի պարբերաբար ախտահանում, դիմակների և ձեռնոցների կրում, սոցիալական տարածության պահպանում և այլն) և պարբերաբար հորդորում են դրանց հետևելու մասին, այդուհանդերձ, այսօր էլ, այդ միջոցառումների մեկնարկից 5 և ավելի ամիս անց, քաղաքացիների մի ստվար մասը չի հետևում այդ կանոններին։
Դատելով հակահամաճարակային միջոցառումների շրջանակում ոստիկանության ու տեսչական մարմինների գործունեությունը խստացնելուն ուղղված միջոցառումներից, ՀՀ իշխանությունները խնդրի լուծումը գլխավորապես տեսնում են տուգանքների և գործունեութական սահմանափակումների միջոցով` բաց և փակ տարածքներում կարգուկանոն հաստատելու մեջ։ Այդ միջոցառումներն, անշուշտ, որոշակի արդյունք ունենում են, բայց չեն հուսադրում, որ դրանց թուլացումից կամ դադարեցումից հետո քաղաքացիները սովորության ուժով կշարունակեն պահպանել անվտանգության կանոնները։ Հիմա էլ բազմաթիվ օրինակներով տեսանելի է, որ այնտեղ, որտեղ նվազում է ոստիկանական և տեսչական մարմինների հսկողությունը՝ երկու-երեք օր անց մարդիկ կրկին վերարտադրում են նախկին վարքագիծը։ Պատճառն այն է, որ կայուն-վերարտադրվող վարքագիծը զուտ արտաքին ազդակների շնորհիվ ձևավորվող երևույթ չէ։ Անհատների և խմբերի կայուն վարքագծի հիմքում առաջին հերթին ընկած են արժեքային որոշակի պատկերացումներն ու մշակութային պրակտիկաները։ Դրանց հաշվառումը անհրաժեշտ է համավարակով պայմանավորված արտակարգ և տևական ներկայացող վիճակը տանելի և վերահսկելի դարձնելու, իհետևանս նաև` մեծ կորուստներից խուսափելու և համավարակը արդյունավետ հաղթահարելու համար: Դրանց հաշվառումը կարող է օգտակար լինել նաև հետհամավարակային շրջանում սոցիալական որոշակի խմբերին ուղղված քաղաքականությունների արդյունավետ իրականացման համար:
Արժեքային պատկերացումները և մշակութային պրակտիկաները վերաբերում են ինչպես առօրեական երևույթներին ու հասկացություններին (ընտանիք, դրացիություն, ընկերություն, հայրենիք, երջանկություն, աշխատանք և այլն) այնպես էլ արտակարգ կամ անորոշ իրավիճակներին։ Սոցիալական մարդաբան Գ. Հոֆսթեդը, աշխարհի երեք տարածաշրջաններում և 50 երկրներում ուսումնասիրելով անորոշ իրավիճակների ընկալումները, առանձնացրել է անորոշության ցածր և բարձր հաղթահարման մշակույթներ [Hofstede 2010]։ Առաջիններին անորոշ իրավիճակներում բնորոշ է ցածր խուճապայնությունը, ավանդական փորձառության վրա հիմնվելը, իռացիոնալ ուժերին ապավինելը։ Բարձր հաղթահարում ունեցող մշակույթները անորոշության բախվելիս, արագ են մատնվում խուճապի, բայց փորձում են նոր որոշումներ գտնել, մանրամասն կանոններ մշակել, ինչի հետևանքում սովորաբար ավելի արդյունավետ են հաղթահարում անորոշությունը, քան ցածր հաղթահարումով բնորոշվող մշակույթները։
Գ․ Հոֆսթեդի` անորոշության հաղթահարման և այլ չափումների (իշխանության հեռավորություն, անհատականություն-խմբայնություն, կանացիություն-տղամարդկություն, կարճաժամկետ-երկարաժամկետ կողմնորոշում) հիման վրա կատարված լայնամասշտաբ ուսումնասիրությունը թույլ տվեց նրան եզրահանգել, որ տարբեր հասարակությունների մարդկանց վարքագծի հիմքում ընկած է աջակցության մի ծրագիր, որը նա, օգտագործելով համակարգչային եզրաբանությունը, անվանեց «Գիտակցության օժանդակ ծրագիր» (Software of the Mind): Մշակույթն ըստ Գ. Հոֆսթեդի` «ծրագրավորված կոլեկտիվ գիտակցություն է, որով մի տարածաշրջանի կամ ազգի (կամ խմբի-ՆՄ) անդամները տարբերվում են այլ տարածաշրջանների կամ ազգերի (խմբերի) անդամներից» [Hofstede 2001]:
Գ. Հոֆսթեդի մտահանգումից սակայն չի հետևում, որ խմբային արժեքային պատկերացումները կամ մշակութային պրակտիկաները հարատև են և դրանք անհնար է փոփոխել։ Նրա իրականացրած հետազոտությունն ընդամենը փաստում է, որ պրակտիկաներն ու պատկերացումները համեմատաբար կայուն կաղապարներ են, որոնք գործում են որպես գիտակցության օժանդակ ծրագրեր։ Եվ, ինչպես համակարգչի խափանման պարագայում անհրաժեշտ լուծումներից մեկը ծրագրի նորացումն է կամ ծրագրային փոփոխությունը, այնպես էլ մշակույթի անարդյունավետ աշխատանքի պարագայում կարելի է թարմացնել կամ փոխել գիտակցության օժանդակության ծրագիրը (կամ այլ կերպ ասած` արժեքային պատկերացումներն ու մշակութային պրակտիկաները)` նորույթներ (ինովացիաներ) կիրառելու միջոցով:
Համավարակը և անորոշությունը
Ա նորոշությունն ապագային ուղղված զգացողություն է, որը ծագում է որևէ հանկարծահաս իրավիճակի կամ մարտահրավերի հետևանքում: «Իբրև մարդ արարածներ, մենք ստիպված ենք առերեսվել այն փաստի հետ, որ չգիտենք, թե վաղը ինչ կպատահի. ապագան անորոշ է, բայց մենք, անկախ ամեն ինչից, դրա հետ պետք է հարմարվենք» [Hofstede 2010: 189]: Որևէ իրավիճակ անորոշ ընկալելու առանցքային ցուցիչը անհանգստության դրսևորումն է։ Անհանգստությունը ծնում է լարվածություն: Այն դրդում է մշակելու որոշակի կանոններ կամ վարքի մոդելներ, որոնք կանխատեսելի և վերահսկելի կդարձնեն ապագան: Անհանգստությունը դրդում է նաև հոժարակամ հետևել այն օրենքներին ու վարքի մոդելներին, որոնք ընդունվում են անորոշությունը հաղթահարելու նպատակով: Հետևապես, եթե բացակայում են նոր կանոններ ընդունելու և դրանց հետևելու հակումները, նշանակում է իրավիճակը չի գնահատվում որպես անորոշ կամ այն հաղթահարելու շահագրգռվածությունը շատ թույլ է:
Երևան և Գյումրի քաղաքներում համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում իրականացված մեր դիտարկումները հիմք են տալիս պնդելու, որ ՀՀ քաղաքացիների մի զգալի մասը համավարակը չի ընկալում որպես անորոշություն: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ ոստիկանական ու տեսչական մարմինների վերահսկողության թուլացումից մի քանի օր անց բաց և փակ տարածքներում կարելի է հանդիպել անվտանգության սահմանված կանոններին չհետևող մարդկանց թվաճին: Համավարակը որպես անորոշություն չընկալելը հաստատվում է նաև հարցաթերթային հարցումների արդյունքներով[1]: Հարցված քաղաքացիների ընդամենը 62%-ն է նշել անվտանգության համար իրականացվող միջոցառումների կարևորությունը: Վերջիներիս ընդամենը 8%-ը առաջարկներ է ներկայացրել անվտանգության միջոցառումները խստացնելու համար: Մյուս կողմից, արտակարգ իրավիճակի պայմաններում տարբեր մարդկանց (հարևաններ, ազգականներ) հետ շփումներին վերաբերող պատասխաններից պարզ է դառնում, որ անվտանգության միջոցառումներին կողմ քաղաքացիների 67%-ը չի խուսափում առերես հաղորդակցությունից, մոտ 80%-ը ազատ ժամանակը կազմակերպում է նույն կերպ պասիվ, ինչպես արտակարգ իրավիճակից առաջ: Օրինակ՝ զբոսանքի դուրս չեն գալիս, բացօթյա մարզահրապարակներ չեն հաճախում և այլն:
Անվտանգության միջոցառումները չկարևորող հարցվածների մոտ 40%-ը համարում է, որ համավարակից պաշտպանվելու միջոցառումներն անօգուտ են: Նրանց մոտ 35%-ը չի հավատում համավարակի վտանգավորությանը, իսկ մոտ 25%-ը համարում է, որ համավարակը միջազգային կամ տեղական իշխանությունների հատուկ կամ դավադիր ծրագրերի դրսևորումներ են:
Անորոշությունը և տարեցները
Մ եր դիտարկումները փաստում են, որ անվտանգության միջոցառումների պահանջներին հոժարակամ չհետևող քաղաքացիների մեջ մեծ թիվ են կազմում ավագ տարիքային խմբերի մարդիկ` տարեցները[2]: Սա տարակուսանք հարուցող հանգամանք է, եթե հիշենք, որ համավարակն առաջին հերթին սպառնում է նրանց կյանքին և այդպիսով՝ նաև նրանց ապագային: Հարցաթերթային հարցումները նույնպես հաստատում են անվտանգության միջոցառումների նկատմամբ նրանց, մեղմ ասած, ոչ շահագրգիռ դիրքորոշումը: 20 կենսաթոշակային տարիքի հարցվողներից 14-ը անվտանգության միջոցառումները համարել են ոչ կարևոր: Նրանցից 18-ը որևէ առաջարկ չի արել համավարակն ավելի արդյունավետ հաղթահարելու վերաբերյալ:
Փոփոխությունների նկատմամբ անտարբեր կամ բացասական տրամադրվածությունը մի երևույթ է, որը բնորոշ է տարեցների մեծամասնությանը: Տարբեր երկրներում Գ. Հոֆսթեդի անցկացրած հետազոտությունները բացահայտում են, որ տարեց աշխատողները պակաս շահախնդիր են աշխատավայրում իրականացվող բարեփոխումների հարցում, միևնույն ժամանակ նաև պակաս հետաքրքրված են աշխատավայրը փոխելու հարցում [Hofstede 2010: 199-200]: Սակայն, այլ փաստեր վկայում են, որ տարեցները որոշակի հանգամանքների բերումով պատրաստ են հանդուրժել փոփոխությունները և հետևել վարքագծի նոր մոդելներին: Օրինակ՝ ըստ մեր դիտարկումների` համավարակով թելադրված արտակարգ իրավիճակի պայմաններում, եթե ընտանիքում կան խրոնիկական առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներ կամ անչափահաս երեխաներ, ընտանիքի տարեց անդամները կանոնավոր կրում են դիմակներ և պահպանում հիգիենայի կանոնները: Սա հաստատվում է նաև հարցաթերթային հարցման պատասխաններով: Անվտանգության կանոնների պահպանումը կարևորող 8 տարեց հարցվողներից 6-ի ընտանիքում ապրում են նրանցից կրտսեր` առողջական խնդիրներ ունեցող անդամներ:
Տարեցները և ապագան
Բ նական հարց է ծագում, թե ինչո՞վ է պայմանավորված տարեցների վարքագծային երկվությունը: Նրանք այն բացատրում են երիտասարդների ապագայի մասին մտահոգությամբ: «Մեղք են, երեխա են, դեռ պիտի ապրեն, կյանք տեսնեն»: Իսկ իրենց համար ասում են` «Մենք մեր դարն ապրել ենք», «Վատից լավից ապրել ենք»: Այսինքն, իրենց կյանքի մասին նրանք խոսում են անցյալ ժամանակով: Ասել է, թե որոշ իմաստով նրանք իրենց ապրելու ժամանակը համարում են ավարտված: Տարեց բանասացներից մեկն ասում էր՝ «ինչ էլ հետո կապրենք` քյար է»: Այսինքն ինչո՞ւ անհանգստանալ մի բանի համար, որը գոյություն չունի: Դրան ի հակառակ, երիտասարդների «կյանքը դեռ առջևում է», «դեռ թող հասնեն մեր տարիքին», «ապագան իրենցն է» և այլն:
Տարեցների հետ մեր անցկացրած խորացված հարցազրույցներից[3] պարզվում է, որ նրանք պատրաստակամ են հետևելու անվտանգության կանոններին` ոչ միայն ընտանիքի կրտսեր անդամների առողջական խնդիրների առկայությամբ պայմանավորված: Նրանք պատրաստ են հետևել կանոններին նաև, երբ անհրաժեշտ է օգնել երիտասարդներին ֆինանսական հարցերում կամ՝ ֆիզիկական օգնության կարիքի դեպքում (օրինակ՝ նոր տան շինարարության): Բանասաց տատիկներից մեկը (85տ.) կարծում էր, որ ինքը պարտավոր է երկար ապրել, որովհետև իր բարձր թոշակը անհրաժեշտ է ֆինանսական դժվարության մեջ ապրող իր զավակների համար: Մեկ ուրիշ տարեց կին (73տ.) իր երկար ապրելու անհրաժեշտությունը հիմնավորում էր պարտքեր ունեցող զավակին աջակցելու կարիքով: Բանասացներից մեկը (74տ.) ցանկանում էր տեսնել իր զավակի` նորմալ աշխատանքի տեղավորվելը, որպեսզի ապահով լիներ, որ նա իր «գլուխը կկարողանա պահել»[4]: Այսինքն, ապագայի նկատմամբ շահագրգիռ լինելը պայմանավորված է առհասարակ երիտասարդների ապագայի համար օգտակար լինելու պատճառաբանությամբ: Այլ հարցազրույցներից պարզ է դառնում նաև, որ այն ընտանիքներում, որտեղ երիտասարդ անդամները ֆինանսապես ապահովված են և չունեն նման օժանդակության կարիք, տարեցները քիչ են կարևորում համավարակով պայմանավորված անվտանգության միջոցառումները: Այլ կերպ ասած` օգտակար չլինելու հանգամանքով պատճառաբանված նրանք չեն անհանգստանում իրենց ապագայի համար և որպես արդարացում վկայակոչում են հայտնի կարծրատիպային տեքստը. «մենք մեր դարն արդեն ապրել ենք»: Սա ինչ-որ իմաստով օբյեկտիվ ընկալում է: Իսկապես` եթե քո կյանքի իմաստը կապված է ուրիշի ապագային օգտակար լինելու գաղափարի հետ և, եթե դու ապրել ես մի ժամանակում, որում օգտակար ես եղել, հետո ապրում ես մի ժամանակում, որում օգտակար չես, ուրեմն դա քո ժամանակը չէ: Դու ապրում ես ժամանակից (դարից) դուրս կամ Ռ. Բաթլերի ձևակերպմամբ`անէության մեջ [Butler 2002; Сененко 2020]:
Տարեցների օգտակարության վերաբերյալ կարծրատիպի ակունքները
Ն ախամոդեռն կամ մինչարդյունաբերական հասարակություններում տարեցների գործունեության և կենսակերպի դրսևորումները հիմնականում արտացոլում են երջանիկ կամ բնականոն ծերության այն ընկալումները, որոնք ներկայացնում են մեր բանասացները: Ծերության նշված պրակտիկաները որոշ նմանություններով հանդիպում են նաև արդի հայկական գյուղական համայնքներում. հատկապես այնպիսի գյուղաբնակ ընտանիքներում, որոնց անդամները զբաղվում են միևնույն տնտեսական գործունեությամբ: Այդ հանգամանքը կարևոր է դարձնում տարեցների` ոչ միայն ֆիզիկական և նյութական, այլև մասնագիտական փորձառության աջակցությունը: Այսինքն, երբ նույնիսկ ընտանիքի տարեց անդամներն այլևս իզորու չեն ֆիզիկական և նյութական մասնակցություն ունենալու իրենց զավակների ընտանեկան բարօրության ստեղծմանը, նրանք կարող են օգտակար լինել իրենց գիտելիքներով և փորձով, ինչը նպաստում է օգտակարության զգացողության երկարացմանը, այդպիսով նաև՝ ավելի շատ տարիներ երջանիկ զգալու հնարավորությանը:
Արդյունաբերական կամ մոդեռն հասարակություններում և, իմասնավորի` քաղաքային համայնքներում, օգտակարության շրջանակը, սակայն, նեղանում և սահմանափակվում է հիմնականում ընտանիքի տարբեր անդամների` իրար հետ ուղղակիորեն չկապված տնտեսական գործունեություններով պայմանավորված: Տարեցների մասնագիտական, նաև կյանքի այլ փորձառությունները, մեղմ ասած, այլևս հիմնականում դառնում են անպիտան: Ավելին, ներկա հաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում (համացանց, բազմաֆունկցիոնալ բջջային հեռախոսներ և այլն) նվազում է նաև երրորդ սերնդի զավակների (թոռների) հետ հաղորդակցության առիթները: Տարեցների կյանքի և փորձառության պատմություններն այլևս հետաքրքիր չեն նրանց: Դրանք հետաքրքիր չեն նաև ընտանիքի երիտասարդ անդամներին: Միջսերնդային փորձառության փոխանակումը հայտնի մշակութային մարդաբան Մ. Միդի բնորոշմամբ` դառնում է քոֆիգուրատիվ կամ ներսերնդային, նույնիսկ պրեֆիգուրատիվ (վերընթաց սերնդային)` երբ ավագները սովորում են կրտսերներից [Мид 1988: 322-362]: Տարեցների աջակցության այլ հնարավորությունները (խնամք, դաստիարակություն, ժամանցի կազմակերպում) ևս նվազում են մոդեռնի ժամանակահատվածում` սոցիալական նոր հաստատությունների (մսուր-մանկապարտեզների, մանկական ժամանցի և այլն) հայտնվելով պայմանավորված:
Իհետևանս` տարեցների օգտակարության հիմնական ասպարեզը մնում է զավակներին ցուցաբերվող ֆիզիկական և ֆինանսական աջակցությունը: Եվ, եթե այնպես է ստացվում, որ երիտասարդները ֆինանսապես ապահովված են և տարեցների ֆինանսական և ֆիզիկական աջակցության կարիքը չունեն, ապա դրանք էլ են ավելորդ դառնում: Արդյունքում՝ տարեցները, կարելի է ասել` մնում են ձեռնունայն, մանավանդ, եթե չունեն օգտակար լինելու այլ դերեր կամ սցենարներ: Ե. Քամինգի և Ու. Հենրիի ձևակերպմամբ` նրանց «դերը այլևս դեր չունենալն է» [Cumming, Henry 1961]: Մյուս կողմից, ֆիզիկական և ֆինանսական աջակցություն ցույց տալը ոչ բոլոր տարեցներին է հեշտ հասանելի: Ծերանալը հայտնի պատճառներով ուղեկցվում է ֆիզիկական և մտավոր կարողությունների թուլացմամբ: Որքան արագ է դա տեղի ունենում, այնքան արագ է թուլանում անհանգստությունը ապագայի հանդեպ:
Սահմանափակ օգտակարության կարծրատիպի վերարտադրությանը նպաստող գործոնները
Վերը թվարկված բոլոր հանգամանքները ի մի բերելով՝ կարող ենք ամրագրել հետևյալը`
- Տարեցների` օգտակարության ընկալումը և պրակտիկան մեր հասարակությունում, ըստ էության, սահմանափակ շրջանակ ունի և ուղղված է հիմնականում ընտանիքին,
- Տարեցների` սահմանափակ օգտակարության կարծրատիպը բախվում է ներկա իրողություններին և դառնում է անպիտան, այդպիսով նվազեցնելով տարեցների ապրելու մոտիվացիան, ապագայի համար` նրանց անհանգստությունը,
- Չնայած այդ հանգամանքին՝ սահմանափակ օգտակարության մասին կարծրատիպը շարունակում է գոյություն ունենալ ու վտանգել տարեցների կենսունակությունը, և, ուստի, անհրաժեշտ է պարզել, թե ինչ գործոնների «շնորհիվ» է այն վերարտադրվում:
«Որո՞նք են ծերության դրական կողմերը»: Այս հարցադրումն օգտագործվել է 2018թ. Ipsos MERI սոցիալական հետազոտությունների ինստիտուտի և Centre for Ageing Better բարեգործական ընկերության համագործակցությամբ աշխարհի 30 երկրներում անցկացված` տարեց հասակի մասին հետազոտական հարցաթերթում [The Future of Ageing 2019]: Հարցաթերթը միտված է ծերանալու մասին տարբեր երկրների հասարակությունների մարդկանց պատկերացումները և ծերության նկատմամբ տրամադրվածությունը բացահայտելուն:
Մի փոքր մեղմացնելով վերոհիշյալ հարցադրումը՝ մենք մեր տարեց բանասացներին հարցրել ենք`«որո՞նք են տարեց դառնալու դրական կողմերը»: Մեր բոլոր` 20 տարեց բանասացները դժվարացել են որևէ դրական կողմ նշել: Սակայն այն հարցին, թե «ինչպե՞ս եք պատկերացնում երջանիկ ծերությունը», նրանք պատասխանել են[5].
- Տեսնել իրենց զավակների բարօրությունը (ունենան կացարան, լավ աշխատանք և լավ ընտանիք),
- Տեսնել թոռներ, վայելել նրանց ներկայությունը,
- Մասնակցել թոռների հարսանիքին,
- Տեսնել նրանց զավակներին (ծոռներ)։
Այսինքն, ծերության դրական կողմերը կրկին կապված են ընտանիքի հետ: Համեմատության համար նշենք, որ 30 երկրներում Ipsos MERI-ի և Centre for Ageing Better-ի համագործակցությամբ անցկացված հարցման պատասխաններում տարբեր երկրների հարցվողները ծերության դրական կողմերից առավել հաճախ նշել են ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելը (36%): Սակայն, բացի այդ, նշվել են բազմաթիվ այլ դրական կողմեր: Օրինակ` հանգստի և նախասիրությունների համար շատ ժամանակ ունենալը (32%), ճանապարհորդությունների համար շատ ժամանակ ունենալը (26%), այլևս չաշխատելը (26%), ֆինանսական պաշտպանվածությունը (20%), կյանքի ավելի հանդարտ տեմպը (20%), ավելի քիչ սթրեսները (17%), ավելի իմաստուն լինելը (14%), խաղաղությունն ու հանգստությունը (20%), տան և այգու համար ավելի շատ ժամանակ ունենալը (11%), ավելի փորձառու և ինքնավստահ լինելը (10%), ուրիշների օգնելու (կամավորություն) հնարավորությունը (10%), լավ հիշողությունների վայելումը (8%), նոր կարողություների ձեռքբերումը (7%), նոր ընկերների ձեռքբերումը (5%), տեղական կազմակերպություններին ավելի ակտիվ մասնակցության հնարավորությունը (2%): Այսինքն, մի կողմից կարելի է փաստել, որ կան երջանիկ ծերության բազմաթիվ այլընտրանքային սցենարներ, մյուս կողմից` սրանք նաև օգտակար լինելու կամ օգտակար զգալու ասպարեզներ են: Վերոհիշյալ տարբերակներից մի քանիսում (ճանապարհորդություն, հանգիստ վայելել և այլն) ակներև է նաև, որ օգտակարության օբյեկտը հենց իրենք՝ տարեցներն են: Մեր բանասացներից միայն երկուսը, պատասխանելով լրացուցիչ հարցադրմանը, թե` «ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ երջանիկ ծերության համար», պատասխանել են` «որ գիրք կարդալու, ֆիլմեր նայելու ժամանակ շատ կունենան», մյուսը՝ «որ շատ ժամանակ կունենա իր այգով զբաղվելու համար»: Իհարկե, մեր անցկացրած հարցազրույցների քանակը ներկայացուցչական չէ, բայց որոշակի պատկերացում է տալիս տարեցների մեծ մասի` երջանիկ ծերության մասին այլընտրանքային սցենարներ չունենալու վերաբերյալ:
Սահմանափակ օգտակարության կարծրատիպի վերարտադրությանը նպաստում է նաև ներկայում վարվող սոցիալական քաղաքականությունը: Իմասնավորի` տարիքային թոշակառուներին այսօր Հայաստանում հատկացվող թոշակների փոքր չափը չի խրախուսում դրա շահառուների մեծ մասին` օգտակարության և երջանկության այլ սցենարներ ունենալ, բացի կենցաղային բնույթի խնդիրներ լուծելուց կամ թոռնիկներին ամսվա ընթացքում մի քանի անգամ սիրաշահելուց: Շատ ընտանիքներում տարեցների թոշակը հիմնականում ծախսվում է կոմունալ վճարների վրա: Իսկ միայնակ տարեցներից շատերի թոշակը նույնիսկ դրան չի բավարարում և նրանք շարունակում են ապրել աղքատության մեջ: Բազմաթիվ տարեցներ շարունակում են ապրել անխնամ կամ կացարանային վատ պայմաններում, որովհետև պետությունը չունի տարեցներին կացարանով ապահովելու սոցիալական ծրագրեր: Իսկ հիփոթեքային վարկերը, հայտնի հիմնավորումներով, բացարձակ անհասանելի են ավագ տարիքային խմբերի քաղաքացիների համար:
Տարեցների համար անհասանելի են նաև բարձրագույն կրթական դասընթացները, քանի որ փոքրաթիվ բացառություններով հանդերձ, դրանք հիմնականում վճարովի են և բարձրարժեք: Տարեցների համար նախատեսված համակարգչային գիտելիքների, օտար լեզուների, կերպարվեստային ուսուցման ծրագրերը, որոնք իրականացնում են բացառապես բարեգործական և հասարակական կազմակերպությունները, մեծամասամբ չունեն պարբերական բնույթ և սպասարկում են սահմանափակ թվով շահառուների: Ժամանցային, կրթաուսուցաղական և ճանաչողական հաստատությունները (կինոթատրոններ, համերգասրահներ, թանգարաններ) նույնպես փոքրաթիվ բացառություններով[6] են հասանելի տարեցներին:
Չնչին կենսաթոշակային գումարների պատճառով առողջապահական թանկարժեք ծառայությունների մեծ մասը ևս տարեցների համար դժվար մատչելի են: Մի բան, որը առողջական հաճախակի խնդիրներ ունեցող տարիքային այս խմբի համար ենթադրաբար պետք է անվճար լիներ: Չնայած այդ հանգամանքին, զանգվածային լրատվամիջոցների էջերում և էկրաններին տարեցները հիմնականում հայտնվում են առողջական խնդիրներ ունեցողների և հիվանդների կարգավիճակում[7]: Իսկ աշխատանք առաջարկող պետական ու մասնավոր հիմնարկությունները, առավելություն տալով երիտասարդ տարիքի քաղաքացիներին, ըստ էության անուղղակի քարոզում են տարեցների անպիտանությունն ու անօգնականությունը: Նույնիսկ զբաղվածության պետական գործակալությունները աշխատանք փնտրող քաղաքացիների համար նախատեսված ուսուցողական դասընթացներում հազվադեպ են ներգրավում տարեց քաղաքացիներին, կարծես ակնարկելով, որ այդ տարիքում նոր բան սովորելը նրանց կարողություններից վեր է:
Սահմանափակ օգտակարության կարծրատիպը վերարտադրելուն նպաստող մեկ այլ կարևոր գործոն է հրապարակային տեղեկատվական հարթակներում տարեցների խնդիրներին վերաբերող քննարկումների սակավությունը: Իտարբերություն առանձին սոցիալական խմբերի (կանաց իրավունքներ, երեխաների իրավունքներ, գործազուրկների և միգրանտների խնդիրներ և այլն) վերաբերյալ ակտիվ քննարկումների, տարեցների հիմնախնդիրների վերաբերյալ անդրադարձերը հազվադեպ են: Տարեցների հիմնախնդիրներին, նրանց կենցաղին և գործունեությանը վերաբերող թեմաները գրեթե բացակայում են հայտնիություն վայելող հեռուստաքննարկումներում,, պաշտոնական ու մասնավոր լրատվությունում: Նույնը կարելի է ասել տարեցներին վերաբերող սոցիալական հոլովակների և վահանակների, վավերագրական ֆիլմերի[8] վերաբերյալ:
Տարեցների` սահմանափակ օգտակարության վերաբերյալ կարծրատիպի փոփոխման անհրաժեշտությունը
Ա նցած դարի 60-ականներից` բնակչության ծերացման միտումներով, քաղաքականության և տնտեսության մեջ ժողովրդագրական փոփոխությունների հետևանքով ծագած խնդիրներով պայմանավորված, տարեցների դերակատարությանը և նրանց վերաբերյալ ձևավորված հասարակական կարծրատիպերը դարձան գիտական աշխույժ քննարկումների և հրապարակումների առարկա[9]: Սակայն քաղաքականությունների և միջազգային իրավունքի մակարդակում այդ խնդիրներին սկսեցին լրջորեն վերաբերվել միայն երեք տասնամյակ անց, երբ ընդունվեցին մի շարք կարևոր օրենքներ և որոշումներ:
1991թ.` տարեցների անկախությանը, մասնակցությանը, խնամքին, ինքնադրսևորմանը, արժանապատվության ապահովմանը վերաբերող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած 46/91 բանաձևը, 1996թ.` Եվրոպական սոցիալական (վերանայված) խարտիան, 2002թ.` Միավորված ազգերի կազմակերպության կողմից «Ծերության խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների պլանի ռեգիոնալ իրականացման ռազմավարության» ընդունումը, 2012թ. հրապարակված` «Վիեննայի նախարարների հռչակագրի հիմնական նպատակները», 2015թ.`Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծերացման և առողջության զեկույցը», 2017թ.` Լիսաբոնում ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովում ընդունված փաստաթուղթը նպատակ ունեն պաշտպանելու տարեցների աշխատանքային և այլ իրավունքները, խնամքի և հոգատարության օբյեկտ լինելուց զատ, հնարավորություններ ստեղծել և խրախուսել նրանց անկախությունը, սեփական ծերության ինքնուրույն տնօրինումը, համայնքային ու պետական կյանքին ակտիվ մասնակցությունը և այլ կարևոր հեռանկարներ:
Հայաստանի նոր իշխանությունները նույնպես կարևորում են տարեցների նկատմամբ իրականացվող քաղաքականության արմատական փոփոխությունը, ինչի վկայությունն է 2019թ.` «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային, համայնքային ծառայությունների ներդրման ու զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, (այսուհետ`Ռազմավարության նախագիծ) որում հաշվառվել են վերոհիշյալ միջազգային փաստաթղթերի կարևոր սկզբունքները: Սույն փաստաթուղթը, սակայն դեռ օրենքի ուժ չի ստացել և նախագծի կարգավիճակում տեղադրված է e-draft [Ռազմավարության նախագիծ 2019] կայքում:
Կարևորելով վերոհիշյալ Ռազմավարության նախագծի հեղափոխականությունը և ակտուալությունը, այդուհանդերձ, պետք է նշենք, որ դրանում ուրվագծված միջոցառումներն ու գործողությունները բավարար չեն ակնկալվող արդյունքներ ունենալու համար՝ երկու հիմնական պատճառով.
- նախ` Ռազմավարության նախագծում նախատեսվող միջոցառումները չեն ուղեկցվում դրանց անհրաժեշտությունը հիմնավորող նոր արժեքային (պատկերացումների, կարծրատիպերի) միջավայրի ձևավորմանը միտված միջոցառումներով: Նախագծում հստակ չի ներկայացվում, թե ո՞րն է տարեցների դերը մեր հասարակությունում, ինչպե՞ս կարող են նրանք օգտակար լինել հասարակությանն ու իրենք իրենց, ինչու՞ է այդ ամենը կարևոր, ինչպե՞ս կարող է այդ ամենը փոխել տարեցների կյանքը, նրանց հետաքրքրվածությունը ապագայի հանդեպ և այլն:
- երկրորդ, Ռազմավարության նախագծում նաև հստակ ու մանրամասն նշված չեն ընդունվելու պարագայում դրա հանրայնացման մեխանիզմները: Նախագծում ուրվագծված չէ թե ինչպես են դրանում զետեղված սկզբունքները և դրանց հիմքում ընկած գաղափարները հասանելի դառնալու հանրությանը և մասնավորապես տարեցներին:
Ըստ այդմ, մինչ Ռազմավարության նախագծի վավերացումը, անհրաժեշտ է ծրագրել և իրականացնել մի շարք գործողություններ, որոնք արդյունավետ կդարձնեն այդ փաստաթղթի գործարկումը.
- Կազմակերպել և խրախուսել հրապարակային քննարկումներ Ռազմավարության նախագծի վերաբերյալ,
- Կազմակերպել և խրախուսել հրապարակային քննարկումներ առհասարակ տարեցների խնդիրների և նրանց իրավունքների վերաբերյալ,
- Խրախուսել և աջակցել տարեցներին վերաբերող սոցիալական հոլովակների, վահանակների ստեղծ(ում)մանը և տարած(ում)մանը: Ցանկալի է, որ դրանցում իշխող լինեն տարեցների` օգտակարության այլընտրանքային դերերն ու սցենարները,
- Խրախուսել և աջակցել տարեցներին վերաբերող զանազան վավերագրական ֆիլմերի ստեղծ(ում)մանը և հեռուստա-ռադիո հաղորդաշարերի թողարկ(ում)մանը, որոնցում նույնպես կներկայացվեն այլընտրանքային սցենարներ, տարեցների կենցաղի ու կենսակերպի այլընտրանքային պրակտիկաներ:
Վերոհիշյալ միջոցառումները (Ռազմավարության նախագիծը և մեր առաջարկները) կարիք ունեն հնարավորինս արագ գործարկվելու, քանի որ, ինչպես նշել ենք, դրանց իրականացումը առաջին հերթին կարևոր է շարունակվող արտակարգ վիճակի պայմաններում COVID-19 համավարակի հիմնական թիրախ հանդիսացող տարեցների անվտանգությունը մեծացնելու տեսանկյունից: Ընդորում, այդ միջոցառումները կօգնեն ոչ միայն տարեցներին` իրենց վարքի մոդելները վերանայելուն և դրանց հիմքում ընկած կարծրատիպերը փոխելուն, այլև տարիքային կրտեսեր խմբերի զգուշավորության և կարգապահության աճին: Քանի որ տարեցների` օգտակարության մասին կարծրատիպերը միայն տարեցների կարծրատիպերը չեն: Դրանք կիսում է մեր հասարակության մեծամասնությունը:
Կանխատեսվում է, որ նշված միջոցառումները, հաջողության պարագայում, իներցիայով կշարունակեն դրական ներգործություն ունենալ նաև համավարակի հաղթահարումից հետո` ինչպես տարեցների կյանքի որակը բարելավելու, այնպես էլ համայնքային ու պետական քաղաքականության մեջ նրանց գիտելիքային և ստեղծագործ ներուժը օգտագործելու տեսանկյունից:
Օգտագործված աղբյուրներ
Ռազմավարության նախագիծ 2019 - «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային, համայնքային ծառայությունների ներդրման ու զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» հհ կառավարության որոշման նախագիծ
Butler 1969 - Butler, R. N. Age-ism: Another form of bigotry. Gerontologist, 9, 243-246. doi:10.1093/geront/9.4_Part_1.243)
Butler 2002 - Butler, R. N. Why Survive?: Being Old in America Paperback.
Cumming , Henry 1961- Cumming E., Henry W. Growing old: the process of disengagement. New York: Basic Books.
Erikson 1982 - Erikson E. The life cycle completed. New York, NY: Norton.
Featherstone, Wernick 1995. - Featherstone M., Wernick A. Images of ageing. London: Routledge.
Havighurst, Albrecht 1953 - Havighurst R.J., Albrech R.E. t Older people. New York: Longmans & Green.
Hofstede 2010 -Hofstede Geert, Hofstede Gert, Minkov Michel Cultures and Organizations, Software of the Mind. Intercultural Cooperation and Its Importance for Survival, New York McGrowHill
Hofstede 2001- Hofstede Geert, Culture’s Consequences, Comparing Values, Behaviors, Institutions, and Organizations Across Nations. Thousand Oaks CA: Sage Publications
Hummert 1990 - Hummert M.L. Multiple stereotypes of elderly and young adults: a comparison of structure and evaluations // Psychology and aging. 5(2): 182-193.
Neugarten 1974 - Neugarten, B.L. (1974). Age groups in American society and the rise of the young-old // Annals of the American Academy of political and social sciences. 415: 187–198.
Powell 2006 -Powell J.L. Social theory and aging. Oxford: Rowman & Littlefield.
The Future of Ageing 2019 - The Future of Ageing ներբեռնված է 05.2020
Винсент 2014 - Винсент Дж. Споры вокруг старения: антивозрастная наука и культурное конструирование старости, "Социология власти", 2014, №3, с. 159-180).
Мид 1988 - Мид М. Культура и мир детства, - М. : Наука.
Сененко 2020 - Сененко С. Про Роберта Батлера и старость (в Америке) https://turtle-t.livejournal.com/387577.html ներբեռնված է 05.08.2020
[1] Հարցումներն իրականացվել են 6 տարիքային (16-24տտ., 25-34տտ., 35-44տտ., 45-54տտ., 55-64տտ., 65տ. և ավելի) խմբերում:
[2] 1953թ.-ից Միջազգային առողջապահական կազմակերպության կողմից տրված սահմանման համաձայն տարեց են համարվում 60 տարեկանից ավելի տարիք ունեցող անձիք: 60-74 տարեկանները համարվում են տարիքն առածներ, 75-89տտ.` ծերունական տարիք ունեցողներ, 90 և ավելի տարեկանները` երկարակյացներ: Շատ երկրներում տարեցների համար իբրև մեկնարկ է համարվում տարիքային թոշակի անցելու տարիքը` 65 տարեկանը: Հետազոտական պրակտիկայում օգտագործում են նաև «երրորդ տարիք», «չորրորդ տարիք» եզրերը, որոնք, կախված մշակութային ընկալումներից, համապատասխանում են` 55-75 և 75 ու ավելի տարիքային խմբերին: Մենք նույնպես տարեցների տարիքային մեկնարկ ենք ընդունել տարիքային թոշակի անցնելու տարիքը` 65 տարեկանը, սակայն հարցումներն ու հարցազրույցներն անցկացվել են 70 և ավելի տարիք ունեցող քաղաքացիների հետ:
[3] Անցկացվել է 20 հարցազրույց` 70 -85 տտ. բանասացների հետ:
[4]Տարեցների նկատմամբ իրականացվող խտրականության դեմ պայքարի հիմնադիրներից մեկի`ամերիկացի հայտնի բժիշկ ծերաբան Ռ. Բաթլերի գիտական հետաքրքրություններում առանցքային դեր է ունեցել իր տատիկի վարքը: Վերջինս զավակներին ու ամուսնուն կորցնելուց հետո, չնայած տարեց հասակին, ամեն ջանք ներդրել է որբացած թոռանը` փոքրիկ Ռոբերտին մեծացնելու համար` պատրաստ լինելով հարմարվել ցանկացած պայմանների և ցանկացած աշխատանք կատարելու: Ուսանելի է նաև «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմում պատերազմի վետերանի (Նիկոլայ Կրյուչկովի) վարքագիծը: Վետերանի որդու և հարսի` դժբախտ պատահարից զոհվելու հետևանքում անչափահաս թոռնուհին մնացել է նրա խնամքի ներքո: «Ես պարտավոր եմ գոնե 15 տարի ապրել», ասում է վետերանը:
[5] Պատասխանները ներկայացվում են ըստ կարևորության հերթականության:
[6] Թվարկված հաստատությունների շարքում միայն թանգարաններն են, որ զեղջեր են կիրառում անչափահասների և տարեցների համար:
[7] Այս խնդիրը առաջին անգամ բարձրացրել է Ռ. Բաթլերը: (տես Butler 1969): Վերջերս դրան հատուկ անդրադարձել է Ջ. Վինսենտը իր` «Վեճեր ծերացման շուրջ. Հակատարիքային գիտությունը և ծերության մշակութային կառուցարկումը» հոդվածում (տես` Винсент 2014).
[8] Միայն «Ազատության» հեռուստաեթերում ներկայացվող «Լոռվա զրույց» շարքի տեսաֆիլմերում կարելի է հանդիպել տարեցների խնդիրներին (տես օրինակ` https://www.youtube.com/watch?v=X8XHeR0vWhc): Մեկ-երկու անգամ նաև Հ1-ի եթերում կարճատև հաղորդումներ են եղել տարեց հաջողակ գործարարների և գյուղատնտեսների վերաբերյալ:
[9] Տես օրինակ Havighurst, Albrecht 1953 - Havighurst R.J., Albrech R.E. t Older people. New York: Longmans & Green; Cumming , Henry 1961- Cumming E., Henry W. Growing old: the process of disengagement. New York: Basic Books. Butler 1969 - Butler, R. N. Age-ism: Another form of bigotry. Gerontologist, 9, 243-246. doi:10.1093/geront/9.4_Part_1.243); Butler 2002 - Butler, R. N. Why Survive?: Being Old in America Paperback –,The Johns Hopkins University Press; Erikson 1982 - Erikson E. The life cycle completed. New York, NY: Norton; Neugarten 1974 - Neugarten, B.L. (1974). Age groups in American society and the rise of the young-old // Annals of the American Academy of political and social sciences. 415: 187–198. Ուշադրության է արժանի նաև տարեցների հիմնախնդիրներին վերաբերող գիտական հետազոտություններում ծերության մասին կարծրատիպերի նշանակության և դրանց կառուցարկող գործառույթների վերհանումը: Տես օրինակ` Hummert 1990 - Hummert M.L. Multiple stereotypes of elderly and young adults: a comparison of structure and evaluations // Psychology and aging. 5(2): 182-193; Featherstone, Wernick 1995. - Featherstone M., Wernick A. Images of ageing. London: Routledge; Powell 2006 -Powell J.L. Social theory and aging. Oxford: Rowman & Littlefield.