Համավարակի ազդեցությունը կրթական համակարգի վրա
7 ր. | 2020-08-21Հեռավար կրթություն
Հեղինակ` Հասմիկ Գաբրիելյան
Հոդվածը հրապարակվում է Օրբելի կենտրոնի անցկացրած մրցույթի շրջանակներում։
Չ ինաստանի Ուհան քաղաքում այս տարվա հունվարին ծանր սուր շնչառական համախտանիշի վիրուսի՝ կորոնավիրուսի (COVID-19) պատճառով հայտարարվեց կարանտին։ Արդեն մարտի 11-ին կորոնավիրուսը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից բնորոշվեց, որպես համաշխարհային համաճարակ և հանրային առողջության ճգնաժամ, որը, սակայն, առողջապահական համակարգից զատ, իր անդրադարձն ունեցավ մարդու գործունեության յուրաքանչյուր ոլորտի բնականոն գործելակերպի վրա, ուստի յուրաքանչյուր ոլորտ և յուրաքանչյուր անհատ պետք է ներգրավված լինեն այս պայքարի մեջ[1]։
Այսպիսով՝ առաջին հերթին հանրային առողջությանն ուղղված այս ճգնաժամը չշրջանցեց և իր ակնհայտ ազդեցությունն ունեցավ նաև կրթական համակարգի վրա։ Առաջին նկատելի ազդեցությունը վարակի չտարածման նպատակով կրթական հաստատությունների փակումն էր։ Աշխարհի 195 երկրներում շուրջ 1,5 միլիարդ երեխաներ և երիտասարդներ ապրիլ ամսվա տվյալներով չէին հաճախում մանկապարտեզներ, կրթարաններ, դպրոցներ և բուհեր[2]։ Պետությունները, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունը, կանգնեցին ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող համավարակի պայմաններում կրթության կայունությունն ու անընդհատությունը ապահովելու խնդրի առաջ, որի լուծումը մեծմասամբ տրվեց առցանց հարթակների կիրառմամբ:
Կրթության կազմակերպման հեռավար եղանակը տեղեկատվության և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ստեղծված հարթակ է, որը հնարավորություն է տալիս, հատելով ժամանակատարածական բոլոր պատնեշները միաժամանակ գտնվելու միևնույն կրթական միջավայրում։ Այսպիսով, էլեկտրոնային կրթությունը մարտահրավեր է նետում կամ դառնում այլընտրանքային ավանդական լսարանային կրթությանը։
Հաշվի առնելուվ վերոնշյալը՝ աշխատանքի նպատակն է գնահատել հեռավար հարթակի դերը կրթության անընդհատության ապահովման գործում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում:
Հեռավար ուսուցումը, որպես կրթության անընդհատությունն ապահովող հիմնական գործիք, գնահատելու համար անհրաժեշտ է համակողմանի դիտարկել և SWOT ռազմավարական վերլուծության մեթոդաբանության կիրառմամբ վեր հանել հեռավար հարթակի գործունեության ուժեղ և թույլ կողմերը, գնահատել հարթակի ներուժը և մրցակցային հնարավորությունները, ինչպես նաև կանխատեսել հնարավոր սպառնալիքները և ընդլայնման հնարավորությունները:
Ուժեղ կողմեր
- Հեռավար հարթակը անհամեմատ ավելի ճկուն է և մատչելի: Այն բնութագրվում է աշխարհագրական անկախությամբ, շարժունակությամբ, ինքնավարության ավելի բարձր աստիճանով գործընթացի կազմակերպման, կառավարման և իրականացման գործում: Նույնիսկ կարող ենք ասել, որ այն հասանելի կարող է լինել սոցիալական ստորին աստիճանասանդղակում գտնվող մարդկանց։ Այն ուսումնական հաստատությունները, որոնք օգտվում են ուսուցման կազմակերպման առցանց տարբերակից, խնայում են իրենց ծախսերի 50-70 տոկոսը[3]։ Առցանց լսարանները ֆիզիկական ներկայություն չեն պահանջում, ինչն էլ կրթության գործընթացը մատչելի դարձնող կարևորագույն գործոն է։ Ընդ որում, պետք է նշենք, կրթության այս կերպը մատչելի է միաժամանակ 2 կողմերի համար։ Էլեկտրոնային ուսուցումը ծախսարդյունավետ է այն իմաստով, որ ուսանողների կամ սովորողների համար հարկավոր չէ հատել տարածական սահմաններ: Այն նաև ծախսարդյունավետ է այն իմաստով, որ հնարավորություն է տալիս ապահովել առավելագույն թվով սովորողների ներկայությունը՝ առանց կրթական հաստատությունների առկայության:
- Հեռավար հարթակը հնարավորություն է տալիս ուսանողին պլանավորել ուսումնական գործընթացը` համաձայն իր ցանկությունների և նախապատվությունների:
- Այն ապահովում է ուսուցման մեթոդների, ընթացակարգերի, միջոցների մեծ բազմազանություն:
- Էլեկտրոնային ուսուցման ընթացքում գրավոր տեքստը և աուդիո/վիդեո հաղորդագրությունները կարող են արդյունավետորեն համատեղվել՝ նյութի բովանդակությունը կինեսթետիկ եղանակով ներկայացնելու համար: Նկարները, վիդեո բաղադրիչները, գրաֆիկան, անիմացիան, բարդ սիմուլյացիաները հարստացնում և դյուրացնում են ուսումնական նյութի ըմբռնումը, ինչը հնարավոր չէ միայն դասագրքեր օգտագործելու պարագայում:
- Այն առաջարկում է փոխգործակցություն: Մուլտիմեդիայի օգտագործումը խթանում է առողջ բանավեճը. առկա տեխնիկական միջոցները թույլ են տալիս մոդելավորել գործընթացները:
- Էլեկտրոնային հարթակի օգտագործումը մոտիվացնում է: Առաջադրանքների կատարումը անընդմեջ երկկողմանի հետադարձ կապի պայմաններում բերում է ինքնավստահության բարձրացման, և աստիճանաբար դրդում ուսանողներին արտահայտել սեփական ներգրավվածությունը ուսումնական գործընթացում՝ ստանձնելով պատասխանատվության սեփական չափաբաժինը որակի ապահովման գործում: Այսպիսի մոտիվացիան բարձրացնում է կրթության արդյունավետությունը:
- Հեռավար հարթակն ուսանողակենտրոն է: Տվյալ մոտեցման հիմքում դրված է ոչ թե բովանդակությունը, այլ գործընթացը:
Թույլ կողմեր
- Հեռավար հարթակի տեխնոլոգիական ձևավորման և կրթական գործընթացի հոգեբանական բաղադրիչի միջև առկա է որոշակի բացթողում: Էլեկտրոնային ուսուցումը ոչ միշտ է հանգեցնում ակնկալվող արդյունքի, ինչպես, օրինակ, մշակութային կամ բժշկական ոլորտների ուսումնական ծրագրերի դեպքում:
- Հեռավար հարթակի օգտագործումը հանգեցնում է համագործակցության նվազեցման, ինչպես ուսանողների, այնպես էլ ուսանողների և դասախոսի միջև, քանի որ ուժեղանում է ուսանողի կախվածությունը տեխնոլոգիաներից, ինչն, իր հերթին, բերում է ուսանողի մեկուսացմանը:
- Էլեկտրոնային ուսուցումը սովորողից պահանջում է ինքնադրսևորում և ժամանակի կառավարման լավ զարգացած հմտություններ: Էլեկտրոնային ուսուցման դասընթացներ անցնող ուսանողները փաստում են[4], որ հաճախ իրենցից պահանջվում է սովորել բարդ նյութեր հարմարավետ պայմաններում՝ առանց որևէ լրացուցիչ ճնշման, որը լսարանային պայմանների պարագայում բարձրացնում է նյութի հանդեպ հետաքրքրությունը: Արդյունքում, առցանց ուսուցման ընթացքում նշանակված ժամկետների մեջ տեղավորվելը կարող է դժվար լինել այն ուսանողների համար, ովքեր չունեն ընդգծված ինքնավստահություն և օժտված չեն ժամանակի կառավարման հմտություններով:
- Առցանց հարթակն աստիճանաբար հանգեցնում է հաղորդակցման հմտությունների զարգացման հնարավորության բացակայության, ինչը, իր հերթին անխուսափելիորեն կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ շրջանավարտների մեծ մասն ունի գերազանց տեսական գիտելիքներ, բայց չի կարողանում գիտելիքները փոխանցել ուրիշներին և ի վիճակի չէ արդյունավետ աշխատել թիմային պայմաններում:
- Հեռավար հարթակի օգտագործման պարագայում կասկածի տեղիք է տալիս գնահատումների օբյեկտիվությունը, քանի որ անհամեմատ բարդանում է վերահսկողությունը. առցանց գնահատման ընթացքում խաբեության հայտնաբերումը ավելի բարդ է, քան ավանդական ընթացակարգերի պարագայում:
- Առցանց կրթությունը հիմնականում կենտրոնացած է տեսական գիտելիքների, ոչ թե գործնական հմտությունների զարգացման վրա: Դրա պատճառն ակնհայտ է. տեսական դասախոսություններ իրականացնելը զգալիորեն ավելի հեշտ է հեռավար հարթակի միջավայրում, ի տարբերություն պրակտիկ առաջադրանքների: Ի վերջո, հեռավար հարթակում գործնական նախագծեր իրականացնելը պահանջում է զգալիորեն ավելի շատ նախնական պլանավորում՝ ի տարբերություն տեսական դասընթացների:
- Հեռավար հարթակն ավելի հարմար է սոցիալական և հումանիտար ոլորտներ ուսումնասիրողների համար և գրեթե ամբողջովին անարդյունավետ է այնպիսի մասնագիտությունների պարագայում, ինչպիսիք են բժշկությունը, ճարտարագիտությունը, արվեստի բոլոր ճյուղերը, ֆիզիկական կուլտուրայի ճյուղերը և այլն: Թեև ապագայում հնարավոր են բարելավումներ, ներկայումս Հայաստանը և շատ այլ երկրներ չեն կարող ապահովել բոլոր մասնագիտությունների լիարժեք ուսուցանումը հեռավար հարթակի միջոցով:
- Առցանց ուսուցումն անհասանելի է բնակչության որոշակի հատվածի համար։ Չնայած տեխնոլոգիական հնարավորությունների բուռն աճին, համակարգչային գրագիտության տեմպերը դեռ հեռու են կատարյալից: Համակարգչային գիտելիքներից զուրկ մարդկանց միջին տոկոսը կազմում է շուրջ 25%[5], ինչը նշանակում է, որ բնակչության մեկ քառորդը մեծ խնդիրներ կունենա հեռավար հարթակի օգտագործման գործում։
- COVID-19-ի աննախադեպ ծագման և արագ տարածման պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում անհնար է բոլոր դասախոսների նախապատրաստումը և վերապատրաստումը՝ հեռավար հարթակում դասընթացները պատշաճ կերպով կազմակերպելու համար:
Հնարավորություններ
- Հեռավար հարթակի կիրառման անհրաժեշտությունը նպաստում է կրթության ոլորտում օնլայն տեխնոլոգիաների զարգացմանը:
- Կրթության կազմակերպման առցանց եղանակը հնարավորություն է տալիս առավել լայն շրջանակների ներգրավվածություն կրթական գործընթացին։
Վտանգներ
- Էլեկտրոնային ուսուցումը կարող է առաջացնել սոցիալական մեկուսացում։ Սա, իհարկե, սոցիալ-հոգեբանական կատեգորիա է, սակայն արդյունքում՝ ուսանողներից և ուսուցիչներից շատերը, ովքեր անխուսափելիորեն ծախսում են իրենց ժամանակի մեծ մասն առցանց տիրույթում, կարող են սկսել սոցիալական մեկուսացման նշաններ զգալ իրենց կյանքում կենդանի շփման և հաղորդակցության բացակայության պատճառով: Կապի պակասի հետ զուգակցված՝ սոցիալական մեկուսացումը հաճախ հանգեցնում է հոգեկան առողջության մի շարք խնդիրների, ինչպիսիք են ուժեղ սթրեսը, անհանգստությունը և բացասական մտքերը:
- Տեխնոլոգիայի դրական դերը գերագնահատելն առաջացնում է բացասական հետևանքներ, ինչպիսիք են՝ ուսանողին անտեսելու, «ոչ քննադատական մտածողների» մի ամբողջ սերունդ ունենալու վտանգը, համարժեք ենթակառուցվածքների պակասը (ինտերնետ կապի թողունակության ցածր մակարդակ և այլն), առցանց գործընթացների կառավարման որոշ դժվարությունները (ուսանողների և առաջարկվող ծառայությունների մոնիտորինգ):
- Համաճարակի պայմաններում հեռավար հարթակի հապճեպ ներդրումն անտեսեց Էլեկտրոնային ուսուցման և թվային ուսուցման նորմատիվային և օրենսդրական հիմքերի բացակայությունը. չեն գործում ո՛չ էլեկտրոնային ուսուցման ծրագրերի որակի ստանդարտներ, ո՛չ էլեկտրոնային բովանդակության արտադրության և դրանց որակի հսկողության մեխանիզմներ:
- Հեռավար հարթակը խոցելի է կիբերհանցագործների համար: Հարձակումների արդյունքում հանցագործը կարող է ստանալ օգտագործվող սարքավարումների մեջ մուտք գործելու հնարավորություն, ինչը վտանգի տակ է դնում դասընթացի մասնակիցների անձնական տվյալների գաղտնիությունը:
Վերլուծության արդյունքում կարելի է պնդել
- 21-րդ դարում հեռավար հարթակը դարձել է կենսական անհրաժեշտություն։ Հատկապես կրթական համակարգում և՛ ուսուցիչների ու դասախոսների, և՛ ուսանողների համար այն տեղակատվություն ստանալու և մշակելու աղբյուր է։ Համացանցի աննախադեպ օգտագործումը և զուգահեռ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը խթան հանդիսացան էլեկտրոնային կրթության ձևավորման ու զարգացման համար։
- Հեռավար հարթակը՝ որպես կոնցեպտ, բացահայտում է բազմաթիվ ուսուցման մեթոդներ և գործընթացներ։
- Հեռավար հարթակը ենթադրում է դասավանդման և ուսուցման թվային գործիքների օգտագործում: Այն օգտագործում է տեխնոլոգիական գործիքներ, որպեսզի հնարավոր լինի սովորել ցանկացած պահի և ցանկացած վայրում:
- Հեռավար հարթակը թույլ է տալիս ուսանողներին բովանդակային քննարկումներ ծավալել և շփվել միմյանց հետ, փոխանակել և հարգել տարբեր տեսակետեր: Այն հեշտացնում է հաղորդակցությունը, բարելավում հարաբերությունները՝ ապահովելով ուսումնական գործընթացի շարունակականությունը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիայի զարգացումը, ինչպես նաև համացանցի օգտագործումը, որպես ուսուցումը կազմակերպելու հնարավորություն, շրջադարձային նշանակություն ունեցան կրթության կազմակերպման ավանդական ձևերի համար։
Չնայած վերլուծության մեջ ներակայացված որոշ մարտահրավերներին՝ հեռավար հարթակի դերը չափազանց կարևոր է Հայաստանում համավարակի պայմաններում ուսուցման կազմակերպման գործընթացում: Որոշ հաստատություններում հեռավար հարթակի ներդրումը մեծացրեց դասախոսների և ուսանողներիների ներգրավվածությունն ուսումնական գործընթացներում: Հարթակի լայն կիրառումը ժամանակի ընթացքում կհանգեցնի գիտական չափորոշիչների բարելավմանը:
Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցման կազմակերպումն օրըստօրե զարգանում և առաջընթաց է արձանագրում, և քանի որ COVID-19–ը շարունակում է իր չկանխատեսված արշավն աշխարհում, ուստի այսօր առցանց ուսուցումը և կրթության կազմակերպման հեռավար տարբերակն այլընտրանք չունեն ողջ աշխարհում։ Համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների զարգացման ռազմավարությունները պետք է ներառեն հեռավար հարթակի զարգացմանը միտված միջոցառումներ, որտեղ լայնորեն կօգտագործվեն հեռավար հարթակի ուժեղ կողմերն ու հնարավորությունները։
Էլեկտրոնային աղբյուրներ
- https://www.who.int/dg/speeches/detail/who
- https://en.unesco.org/news/13-billion-learne
- https://www.gyrus.com/elearning-vs-classro
- https://e-student.org/disadvantages-of-e-lea
[1] https://www.who.int/dg/speeches/detail/who
[2] https://en.unesco.org/news/13-billion-lea
[3] https://www.gyrus.com/elearning-vs-classr
[4] Հեղինակի սեփական հետազոտություն:
[5] https://e-student.org/disadvantages-of-e