Հայաստանը համավարակից հետո
10 ր. | 2020-08-21Սոցիալ-հոգեբանական դժվարությունների հաղթահարման ուղիները
Հեղինակ` Բենիկ Երիբեկյան
Հոգեբան (Վանաձոր)
Հոդվածը հրապարակվում է Օրբելի կենտրոնի անցկացրած մրցույթի շրջանակներում։
Ներածություն
Ժ ամանակակից աշխարհն այսօր կանգնած է բավականին լուրջ մարտահրավերների առաջ: Համավարակը լրջագույն վտանգներ է առաջացրել առանձին անհատների և ընդհանրապես՝ հանրության առողջության պահպանման հարցում:
Համավարակը, սակայն, մարտահրավեր է նաև մեկ այլ տեսանկյունից. ներկայիս աշխարհը և մարդկությունը կորցրել է միանգամից երկու կարևոր բաղադրիչ`աշխարհի և ապագայի կանխատեսելիությունը, ինչպես նաև սեփական կյանքը վերահսկելու և կառավարելու կարևորագույն ունակությունը:
Մենք, կարծես, կանգնել ենք մի ջրբաժանի առջև, որպեղ նախկինում ընդունված վարքային նորմերն ու սովորական դարձած հարաբերությունները փոխել են իրենց ձևաչափը: Բնական է նաև, որ նոր ստեղծված իրավիճակի սկզբնական հատվածում մեծ թվով անհատներ չեն ցանկանում ընդունել այս ամենը`հերքելով և անտեսելով իրավիճակի լրջությունը, ինչը բացատրելի է, քանի որ հերքումը տվյալ դեպքում հանդիսանում է որոշակի պաշտպանական մեխանիզմ՝ ստեղծված անկանխատեսելիության պարագայում:
Այս հերքումն, իր հերթին, բերում է մեղավորների և պատասխանատուների փնտրտուքների`գեներացնելով լրջագույն ագրեսիվություն: Վերջինս էլ, շատ հաճախ, իր լիցքաթափումն է գտնում սեփական ընտանեկան միջավայրում`դառնալով բազմաթիվ ներընտանեկան վեճերի և կոնֆլիկտների աղբյուր և պատճառ:
Սակայն խնդիրն այստեղ այլ է: Առաջացած ագրեսիվության ծագումնաբանությունը բացատրելը և մեկնաբանելը միանշանակ կարևոր է և առաջնային: Սակայն ոչ պակաս կարևոր է գտնել ճիշտ ուղիներ և միջոցներ՝ կուտակված էներգիան կառուցողական դաշտ տեղափոխելու նպատակով:
Վերը նշված բոլոր հիմնական հարցերին անդրադարձ է կատարվելու տվյալ հոդվածում: Ի սկզբանե, սակայն, ավելի նպատակահարմար ենք համարում խոսել ընդհանրապես համավարակի`հանրային և անհատական գիտակցության մեջ սկզբնական ընկալման առաձնահատկությունների, ինչպես նաև այն ռեսուրսային հնարավորությունների մասին, որոնք, կարծում ենք, անտեսվում են ստեղծված իրավիճակում:
Հոդվածի վերջում ներկայացված են նաև որոշ գործնական քայլեր, որոնք ավելի նախընտրելի են ներկայիս, ինչպես նաև նմանատիպ այլ՝ ոչ ստանդարտ իրավիճակներում:
Համավարակի ընկալման տարբերությունները հանրության մեջ
Ի նչ խոսք, ստեղծված իրավիճակը և, մասնավորապես` համավարակը, նոր և անսպասելի մարտահրավեր էր ամբողջ աշխարհի համար: Այն աշխարհի, որը մինչ այդ բավականին կանխատեսելի էր և համակարգված: Վերջիններիս կորստի արդյունքում էր, որ, կարծում ենք, մարդկանց մոտ առաջացավ որոշակի պահանջմունք` լրացնել ստեղծված բացը որոշակի տեղեկատվությամբ և ինֆորմացիայով:
Այս համատեքստում մենք կանգ ենք առնում մի հետաքրքիր իրողության առջև, երբ դեռևս չունենալով որևէ պաշտոնական և ստուգված տեղեկատվություն համավարակի ծագման, ընթացքի և առանձնահատկությունների վերաբերյալ, մարդիկ, այնուամենայնիվ, ձգտում էին գտնել որևիցե պարզաբանող և հստակ ինֆորմացիա:
Այս պայմաններում, սակայն, այդ տեղեկատվությունները հիմնականում լինում են ոչ պաշտոնական և հագեցված սուբյետկիվ մեկնաբանություններով և գնահատականներով: Վերջիններս էլ, հիմնականում, ունենում են կասկածելի բովանդակություն և ծագում:
Եթե նույնիսկ դիտարկենք վերը նշված կասկածելի տեղեկատվությանը հետևելու հանգամանքի առկայությունը, ապա այստեղ կանգ ենք առնում ևս մեկ խնդրի առջև: Խոսքը գնում է, մասնավորապես, այդ ինֆորմացիայի և տեղեկույթի իմացական վերամշակման մասին, քանի որ մարդկային և ընդհանուր առմամբ`հանրային ռեակցիաների և, այսպես ասած, հետադարձ կապի առաձնահատկություններն ու տարբերությունները կապված են հենց այդ ինֆորմացիայի և տեղեկատվության ընկալման տարբերությունների հետ (2):
Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում նշել մի շատ կարևոր հանգամանքի. երբ խոսքը գնում է ինֆորմացիոն հոսքի խտության և բազմազանության մասին, սովորաբար ընդունված է լինում արդեն խոսել տագնապի առկայության մասին: Բնականաբար, մենք ևս չենք փորձի հերքել այդ փաստը:
Սակայն կա ևս մեկ խնդիր. շատ դեպքերում, երբ վերը նշված տագնապը և, ընդհանրապես, տագնապայնությունն առաջացնում է որոշակի անօգնականության զգացողություն, իսկ վախը դառնում է դիսֆունկցիոնալ, նկատվում է մի հետաքրքիր երևույթ`կոնկրետ առկա սպառնալիքը թերագնահատվում կամ ընդհանրապես արժեզրկվում է (4):
Կարծում ենք, որ նման խնդիրն առկա էր նաև մեր հասարակության որոշ շրջանում: Հավելենք նաև, որ սրանից զատ հանրության մի հատվածի մոտ կարելի էր նկատել համավարակի ծագման վերաբերյալ տարատեսակ տեսությունների և պատճառահետևանքային կապերի ստեղծման գործընթացների առկայությունը: Չենք կարծում, սակայն, որ նման մարտավարությունը որևէ օգուտ կբերի կամ կլինի կառուցողական:
Նշվում է, մասնավորապես, որ իրականացված հետազոտությունները փաստում են, որ համավարակի և ընդհանրապես՝ այլ գլոբալ իրադարձությունների և մարտահրավերների նկատմամբ մարդկանց և հանրության վերաբերմունքը կախված է վստահությունից, թե արդյոք ի՞նչ ծավալով է հնարավոր ազդել ստեղծված իրավիճակի վրա և որքանով կարելի է վստահել այլ անձանց (4):
Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում կատարել հետևյալ եզրակացությունը:
Ինչպես արդեն նշել էինք, համավարակի արդյունքում մարդիկ որոշակի առումով կորցրել էին սեփական կյանքը վերահսկելու և կառավարելու հնարավորությունը, ինչպես նաև կանխատեսելիությունը: Նման պայմաններում, կարծում ենք, շատ կարևոր է վերադարձնել վերը նշված վերահսկելիությունն ու սեփական կյանքը կառավարելու ունակությունը և սկսել այդ գործընթացը հիմնականում փոքր քայլերի միջոցով: Այս ամենն, ընդհանուր առմամբ, կարելի է վերականգնել բավականին հեշտությամբ`կիրառելով և հետևելով, մասնավորապես, սահմանված կանխարգելիչ կանոններին և նորմերին:
Ինչ վերաբերում է մարդկանց`միմյանց և տեղեկատվությանը վստահելու խնդրին, ապա, կարծում ենք, որ այստեղ խնդիրն այդքան հեշտ և միանշանակ չէ: Այս հարցին մենք դեռևս կանդրադառնանք հոդվածի հաջորդ գլխում:
Համավարակը`որպես միջանձնային հարաբերությունների նոր մակարդակ ստեղծելու խթան
Ի նչպես արդեն բազմիցս նշվել էր, համավարակ, կենսաբանականից բաից, ունի նաև այլ մարտահրավեր: Խոսքը, մասնավորապես, կեցության որոշակի նոր մոդելի ձևավորման մասին է: Կարծում ենք, որ այս համատեքստում ավելորդ չէր լինի հիշել Վ. Ֆրանկլի էկզիստենցիալ փլուզման գաղափարը: Հավելենք, որ համաձայն հեղինակի`իմաստ գտնելու կամքը և ձգտումը համարվում է մարդկային կյանքի կարևորոգույն և հիմնական դրդապատճառներից մեկը: Այդ իմաստն աչքի է ընկնում որոշակի յուրահատկությամբ, քանի որ պետք է գտնվի և իրագործվի, կյանքի կոչվի միայն տվյալ մարդու կողմից: Նշվում է նաև, որ մարդու կողմից իմաստի որոնումը կարող է առաջացնել ոչ թե ներքին հավասարակշռություն, այլ դառնալ որոշակի ներքին լարվածության պատճառ: Հենց վերջինս էլ, համաձայն հեղինակի, կարող է դառնալ հոգեկան առողջության նախապայման (6):
Շարունակելով այս թեման՝ ասենք, որ ընդհանրապես կեցության մասին խոսելիս կարևոր է համարվում նաև վերջինիս որակական բաղադրիչը, քանի որ կյանքը հագեցվում է նաև հուզականորեն: Այս համատեքստում որպես սեփական կյանքը, կեցությունն զգալու կարևորագույն նախապայմաններից մեկը նշվում են նաև հարաբերությունները, մասնավորապես`մարդկային հարաբերությունները: Որպես առանցքային կետեր նշվում են նաև հաղորդակցման գործընթացում միմյանց ընկալման, կեցությունների փոխներգործության կարևորությունը: Այս ամենի արդյունքում էլ առաջանում է որոշակի ընդհանրություն և կարծես կամուրջ, որը և միտված է կապել մարդկանց միմյանց հետ`առաջացնելով որոշակի հետաքրքրվածություն դիմացինի նկատմամբ (7):
Հաշվի առնելով այս ամենը, կարելի է հանգել հետևյալ մտքին, որ համավարակը, բացի առողջապահական բաղադրիչից, ներառում է նաև որոշակի արժեքային համակարգերի առաջին պլան մղելու գործընթաց: Մինչ այս գոյություն ունեցող և գերակա համարվող ինդիվիդուալիստական մոտեցումը, կարծես, իր տեղը պետք է զիջի մարդկային հարաբերություններում ներկա պայմաններում ավելի կարևոր գործոնի: Այն իր մեջ ներառում է մարդկանց`միմյանց նկատմամբ ուշադրության և հոգատարության ավելացումը:
Ինչ խոսք, այս գործընթացը, կարծում ենք, դեռևս ներառում է միայն ուշադրության կենտրոնացումն այլ մարդկանց նկատմամբ որոշակի կոնկրետ համատեքստում (օրինակ`կրո՞ւմ է ինչ-որ մեկը պաշտպանիչ դիմակ, թե՝ ոչ), և դեռևս իր մեջ պարունակում է որոշակի պարտադրական գործառույթ:
Հուսով ենք, սակայն, որ վերը նշված երևույթը ժամանակի ընթացքում կձևափոխվի և ձեռք կբերի ավելի արժեքային երանգավորում: Այլ խոսքով`մարդիկ կսկսեն արժևորել ոչ միայն սեփական անձը և վերջինիս անվտանգությունը, այլև դիմացինի կյանքը, անվտանգությունը և արժեքը:
Կարծում ենք նաև, որ վերը նշված էկզիստենցիալ փլուզումը հնարավոր է վերակառուցել և հագեցնել հենց այս ճանապարհով:
Ավելացնենք նաև, որ ընդհանուր առմամբ մարդու համար առանձնակի իմաստ ունեն ոչ թե կոնկրետ իրադարձությունները (օրինակ` սթրեսային), այլ այն, թե ինչպես են վերջիններս ընկալվում և ներկայացվում մարդկային հոգեկանում: Այլ խոսքով ասած՝ ինչպիսի սուբյեկտիվ պատկեր է ձևավորվում առանձին մարդու մոտ: Հենց այդ սուբյեկտիվության մեջ էլ առանձնացվում են որոշակի արժեքային դիսպոզիցիաներ և ուղղվածություններ, մասնավորապես`«Ես՝ աշխարհի համար», «Ես՝ ինձ համար» և «Աշխարհն՝ ինձ համար» դիսպոզիցիաները: Հաշվի առնելով այս ամենը՝ նշվում է, որ կոնկրետ ճգնաժամային, սթրեսային իրավիճակներում, որոնց շարքին կարելի է դասել նաև համավարակը, վերը նշված հոգևոր ուղղվածություններից ամենից արդյունավետը համարվում է «Ես աշխարհի համար» արժեքային համակարգը: Համավարակը, կարծես, ստուգում է մարդկանց միջև փոխհամագործակցության մակարդակը և աստճանը (5):
Ինչ խոսք, մինչ համավարակը կար տպավորություն, որ ինչպես կյանքն, այնպես էլ մարդկային հարաբերություններն ու հաղորդակցումը կրում էին բավականին մեխանիկական բնույթ`առանց որևէ ռեֆլեքսիվության և իմաստավորման: Այս ամենի արդյունքում, կարծես, արագացել էր կյանքի ռիթմը`հնարավորություն չտալով մարդկանց կատարել որևիցե լուրջ կամ նույնիսկ ոչ խորքային արժեքային վերլուծություն:
Համավարակը, կարծես, թույլ է տալիս կատարել նման վերլուծություն: Նշենք նաև, որ այս վերլուծության մեջ կարևոր ենք համարվում ստեղծված իրավիճակի նկատմամբ իրատեսական մոտեցումը:
Գործնական քայլերի և ակտիվությանների կազմակերպման ներկայացում
Ը նդհանուր առմամբ՝ վերը նշվածն իրագործելու և կյանքի կոչելու համար, յուրաքանչյուրիցս, բացի մտորելուց, պահանջվում է նաև որոշակի գործնական քայլեր իրականացնել: Քանի որ արդեն նշվել էր, որ համավարակի արդյունքում մարդիկ, կարծես, կորցրին սեփական կյանքը որոշակիորեն վերահսկելու և կանխատեսելու ունակությունը, ապա այս ամենը վերադարձնելու և վերականգնելու համար անհրաժեշտ են աստիճանական և փոքր քայլեր:
Արդարության համար նշենք, որ դեռևս չկա որևէ հստակ գործիքակազմ կամ մշակված ուղենիշ`ստեղծված համավարակից արագորեն դուրս գալու համար:
Այստեղ մենք կցանկանայինք նշել այն հիմնական կետերը, որոնց վրա, մեր կարծիքով, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել:
Նախևառաջ առաջնային ենք համարում խոսել որոշակի տեղեկատվական գրագիտության սահմանման մասին: Քանի որ դեռևս տվյալ խնդիրը (համավարակը) ծածկված է որոշակի անորոշության «շղարշով», իսկ շատերի մոտ կարող է առաջանալ ցանկություն որոշակիորեն «լրացնել այդ բացը», մեծ են ռիսկերը, որ այդ նպատակով կօգտագործվի նաև այնպիսի տեղեկատվություն, որի աղբյուրները կարող են լինել խիստ կասկածելի: Ուստի, ցանկալի է հնարավորինս օգտվել պաշտոնական տեղեկատվությունից`սահմանելով, սակայն, օրվա որոշակի ժամանակահատված՝ այդ տեղեկատվությունները նայելու համար: Կարևորում ենք նաև տեղեկատվության ընկալման գաղափարը`ցանկալի է ինֆորմացիան ընկալել ուղղակի որպես տեղեկույթ և չհագեցնել այն սեփական գնահատականներով:
Քանի որ ներկայում մենք ունենք որոշակի սահմանափակումների վերացում և, միգուցե, այդ ազատությունը գրավիչ լինի հանրության որոշ հատվածի համար, այնուամենայնիվ, շատ կարևոր է սահմանափակումների նկատմամբ գիտակցված մոտեցման և վերաբերմունքի առկայությունը: Ցանկալի չէ այս շրջանում ներգրավվել սոցիալական և հասարակական կյանքի յուրաքանչյուր ոլորտ, քանի որ դեռևս անհրաժեշտություն կա պահպանելու բոլոր կանխարգելիչ միջոցները: Խորհուրդ է տրվում, մասնավորապես, սահմանել որոշակի ժամաքանակ, որը թույլ կտա համակարգել այն վայրերի ցանկը, որը այցելում եք, ինչպես նաև այնտեղ մնալու ժամանակահատվածը: Այս ամենը վերաբերում է նաև շփումների մակարդակին: Խոսքը, մասնավորապես, վիրտուալ շփումից դեպի իրական, կենդանի հաղորդակցությանն անցնելու մասին է (1):
Քանի որ դեռևս պահպանվում է որոշակի անորոշությունը, իսկ անորոշության մեջ և վերջինիս հետ ապրելն իրապես դժվարին գործընթաց է, ապա ցանկալի են հետևյալ քայլերը. ի սկզբանե նշվում է, որ ընդհանրապես խնդրի (համավարակի) գոյության հերքումը շատ դեպքերում բերում է որոշակի ռիսկային քայլերի: Այս ամենից խուսափելու համար նշենք, որ շատ բնական է այս ընթացքում որոշակի անհանգիստ մտքերի և հուզերի առաջացումը: Եվ այս համատեքստում խորհուրդ է տրվում պարզապես դիտարկել կամ նկարագրել այն բոլոր մտքերը և հույզերը, որոնք միգուցե առաջանան: Այնուհետև ցանկալի է բաց թողնել դրանք`առանց որևիցե գնահատական տալու: Ցանկալի է նաև պահպանել որոշակի ֆիզիկական ակտիվություն, համակարգել, պլանավորել օրը և հիմնական ակտիվությունները (3):
Առանձնահատուկ կցանկանայինք նշել, որ համավարակի ընթացքում մարդիկ, մասնավորապես`ընտանիքի անդամները, երկար ժամանակ գտնվելով մեկ տանիքի տակ, հնարավոր է զգան հոգնածություն, ինչպես նաև միմյանց նկատմամբ որոշակի ագրեսիվության աճ: Ուստի, շատ կարևոր է այս համատեքստում որոշակի հոգեբանական սահմանների (միջանձնային) պահպանումը (7):
Եզրակացություն
Ա յսպիսով ակնհայտ է, որ համավարակը բացի առողջապահական խնդիրներ, բերել է նաև այլ հարթության վրա գտնվող հարցեր: Մասնավորապես, ստեղծված իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև որոշակիորեն իմաստավորելու խնդիրը:
Սրանք են, մեր կարծիքով, այն երկու կարևոր բաղադրիչները, որոնք թույլ կտան բավականին մեղմել համավարակի հոգեբանական ազդեցությունը: Իսկ այն փաստը, որ համավարակն իր հետքն է թողնում մարդկային հոգեկանի վրա, կարծում ենք, դժվար է վիճարկել:
Համավարակը ստեղծեց մարդկային կեցության և հարաբերությունների ինչպես սահմանափակումներ, այնպես էլ նոր հնարավորություններ: Կյանքի արագ ընթացքը, որոշակի ռեֆլեքսիայի բացակայությունը առանձին մարդկանց, ինչպես նաև ընդհանուր առմամբ հանրային կյանքը, դարձրել էին բավականին մեխանիկական և արհեստական:
Կարծում ենք, որ ներկա հատվածում մենք ունենք այդ հնարավորությունը վերաիմաստավորելու ինչպես մեր սեփական, այնպես էլ հանրային և, ինչու չէ՝ նաև համամարդկային որոշ արժեքները: Համավարակը, կարծես, միավորեց մինչ այդ բավականին սահմանազատված և բևեռացված աշխարհը:
Հուսով ենք նաև, որ համավարակից առողջացումն իր հետ միասին կբերի նաև մարդկային հարաբերությունների առողջացումը և թարմացումը:
Գրականություն
- Зинченко Ю. П., Как пережить самоизоляцию и не сойти с ума-4: выходим из самоизоляции правильно
- Караваева Т., “Ещё ждём волну тревожных и депрессивных расстройств”, 3 июля 2020
- Ковпак Д. В., Кризис и пандемия-опасности и возможности
- Нестик Т., Коронавирус: вызовы личности, обществу и государству, 23 июня 2020
- Федосенко Е. В., Жизнь после карантина: психология смыслов и коронавирус COVID-19
- Франкл Виктор. Человек в поисках смысла, Издание 1985 года, Издательство Washington Square Press
- Фредерик Перлз, Эго, голод и агрессия, под редакцией Д. Н. Хломова, Издательство “Смысл” Москва 2000, Московский Гештальт Институт;
- Экзистенциальный анализ, Институт экзистенциально-аналитической психологии и психотерапии, Бюллетень, 2009