Ռուս-թուրքական հարբերությունները տավուշյան բախումների համատեքստում

8 ր.   |  2020-08-20

2 020թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային մարտերը կրկին այժմեական դարձրին ռուս-թուրքական հարաբերությունների հարցը։ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, միաժամանակ՝ ՀԱՊԿ ձևաչափով Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը։ Թուրքիան, թեև ոչ համանախագահ, այնուամենայնիվ, նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։ Այն Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է և Արցախյան հիմնախնդրի հենց սկզբից անթաքույց կերպով վարել է ադրբեջանամետ քաղաքականություն։


ՌԴ արտգործնախարարության շենքը

Այս երկու տերությունների շահերի բախման առարկան հետխորհրդային շրջանում Անդրկովկասի նկատմամբ վերահսկողության հարցն է։ Թուրքիան ԽՍՀՄ անկումից հետո վերածնված համաթյուրքականության քաղաքականության իրականացման նպատակով ձգտել է նախ իր վերահսկողությունը հաստատել այս տարածաշրջանի վրա, որից հետո էլ ծավալվել Միջին Ասիա և բուն ՌԴ տարածքներ։ Նման նպատակների իրագործումը վտանգավոր է Ռուսաստանի համար։ Այդ պատճառով էլ Անդրկովկասում ռուս-թուրքական շահերի բախումն ունի ռազմավարական, իսկ Ռուսաստանի դեպքում՝ անգամ կենսական անվտանգային բնույթ։

Անդրկովկասում ռուս-թուրքական առայժմ քողարկված (լատենտ) հակադրությունն իր արտացոլումը գտավ հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային լարվածության շրջանում։ Երկու տերությունների համար էլ խնդրի կարևորության մասին է վկայում այն փաստը, որ երկու երկրներն էլ բարձրագույն իշխանությունների՝ արտաքին քաղաքականության համար առաջին կարգի պատասխանատուների (նախագահ, արտաքին գործերի նախարար) մակարդակով են արձագանքել ծավալվող իրադարձություններին։ Տավուշյալ լարվածությունը քննարկվել է թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի[1] անվտանգության խորհուրդների նիստերում, Ռուսաստանի դեպքում՝ երկու անգամ (հուլիսի 17-ին[2] և հուլիսի 24-ին[3])։ Վերջապես, խնդիրը եղել է երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ քննարկվելով պաշտոնական մակարդակով։

Այլ երկրներ ու միջազգային կազմակերպություններ նույնպես արձագանքել են տավուշյան բախումներին, սակայն խնդիրը նման բարձր մակարդակով և նման ուժգնությամբ (ինտենսիվությամբ) եղել է միայն Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում։ Բացառիկ երևույթ էր նաև ռուս-թուրքական միջպետական հարաբերությունների օրակարգում խնդրի քննարկումը, քանի որ, բացի Մոսկվա-Անկարա միջպետական հարաբերություններից, տավուշյան լարվածությունը չի եղել այլ պետությունների միջպետական հարաբերությունների օրակարգում։

Տ ավուշյան լարվածության օրերին Թուրքիան աշխարհի միակ երկիրն էր, որ բացահայտորեն պաշտպանում էր Ադրբեջանին դիվանագիտական, տեղեկատվական և ռազմական ոլորտներում։ Այդ անվերապահ աջակցությունը առավել ակնառու դրսևորվում էր ամենաբարձր պաշտոնական մակարդակներով (նախագահի, ԱԳ նախարարի և այլն) Հայաստանին դատապարտմամբ։ Այդ կերպ Անկարան նպատակ էր հետապնդում հարմար առիթն օգտագործել Արցախյան հարցում իր ներգրավվածությունը մեծացնելու, իր դաշնակից Ադրբեջանի հաջողության պարագայում՝ նաև Անդրկովկասում իր ներկայությունն ու ազդեցությունն ընդլայնելու համար։

Իր սադրիչ և միակողմանի հայտարարություններով ու գործողություններով Թուրքիան լրացուցիչ լարվածություն էր առաջացնում տարածաշրջանում՝ խոչընդոտելով իրավիճակի լիցքաթափմանը, ինչը Ռուսաստանում չէին կարող չնկատել և անտեսել։ Հետևաբար, Մոսկվան իր հերթին ձգտում էր դիվանագիտական և տեղեկատվական ուղիներով զսպել Անկարայի նկրտումները։

Ռուսաստանը Թուրքիայի ապակառուցողական գործողությունների նկատմամբ իր անհանգստություններն արտահայտել է երկու եղանակով. ա) դիվանագիտական հաղորդակցություն բարձրագույն իշխանությունների մակարդակով և բ) մամուլով տարածված հայտարարություններ։

Եթե սկզբում Մոսկվայի հայտարարություններն ընդհանրական էին՝ թափանցիկ ակնարկների տեսքով, առանց անվանարկումների, ապա իրավիճակի սրմանը զուգընթաց դրանք դարձան ավելի հասցեական։ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի[4] հետ ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի հուլիսի 13-ի հեռախոսազրույցների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը հաղորդում է, որ Ռուսական կողմը կարևորել է, որ Մինսկի խմբի բոլոր երկրները դրսևորեն պատասխանատու մոտեցում ստեղծված իրավիճակի գնահատականներում և խուսափեն այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են հրահրել լարվածության լրացուցիչ աճ[5]։ Թեև անվանապես չի նշվում, այլ կիրառվում է «Մինսկի խմբի բոլոր երկրներ» արտահայտությունը, սակայն ակնհայտ է, որ այս ուղերձը վերաբերում է Թուրքիային։

Մի քանի օր անց՝ հուլիսի 17-ին, փոխարտգործնախար Անդրեյ Ռուդենկոն, հանդես գալով նմանատիպ հայտարարությամբ, արդեն հստակորեն մատնանշեց Թուրքիային։ Նա ՌԴ արտաքին գործերի նախարարության անունից կոչ ուղղեց Անկարային զսպվածություն ցուցաբերել Արցախյան հարցում և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են կրկին լարվածության դուռ բացել երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի - Վ.Հ.) միջև[6]։

Հուլիսի 23-ին՝ Ռուսատանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ս. Լավրովի և Մ. Չավուշօղլուի հեռախոսազրույցի ընթացքում, ըստ ՌԴ արտգործնախարարության մամլո հաղորդագրության, ի թիվս այլ հարցերի, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Անդրկովկասում առկա իրավիճակի վերաբերյալ։ Ռուսական կողմն ընդգծել է հավասարակշռված մոտեցումների և հակամարտության մեջ ներգրավված կողմերի վրա զսպող ազդեցության անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը՝ ի շահ տարածաշրջանում կայունացման[7]։

Դիվանագիտական լեզվից սովորականի փոխադրելու պարագայում ստացվում է, որ Ռուսաստանն անհանգստացած է Թուրքիայի միակողմանի ադրբեջանամետ քաղաքականությամբ, որը խթանում է Ադրբեջանի ռազմամոլությունը, հղի է իրավիճակի հետագա սրման և սահմանային անվտանգության խաթարման վտանգով, ինչպես նաև վիժեցնում է խնդրի բանակցային կարգավորման ջանքերը։ Ռուսական կողմն Անկարայից ակնկալում է նաև կիրառել Բաքվի վրա ունեցած ազդեցությունը՝ վերջինիս գործողությունները կառուցողական հուն փոխադրելու համար։

Պաշտոնական Մոսկվայի նույն դիրքորոշումն արտահայտվել է նաև նախագահներ Վլ. Պուտինի և Ռ. Էրդողանի հուլիսի 27-ի հեռախոսազրույցում, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Անդրկովկասի իրավիճակի մասին՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի շրջանում իրադրության սրման համատեքստում։ Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության խորացմանը նպաստող ցանկացած գործողության անթույլատրելիությունը[8]։

Հ ուլիսյան լարվածության օրերին Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել օրինակարգություն հաղորդելու Թուրքիայի գործողություններին, ինչպես նաև ընդլայնելու նրա գործողությունների ասպարեզը Արցախյան հարցում։ Դժգոհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններից՝ պաշտոնական Բաքուն առաջարկել է հրավիրել ընդլայնված կազմով Մինսկի խմբի նիստ՝ բոլոր անդամների մասնակցությամբ։ Քանի որ Թուրքիան Մինսկի խմբի 11 անդամներից մեկն է, ապա դժվար չէ կռահել, որ նման առաջարկության նպատակը Թուրքիայի համար Արցախյան հակամարտության մեջ ներգրավվելու էլ ավելի մեծ և օրինակարգ հնարավորւթյան ստեղծումն էր։ Բացառված չէ, որ Ադրբեջանի նման առաջարկության հետևում կանգնած է եղել հենց Թուրքիան։ Սակայն Բաքվի այդ առաջարկությունն անտեսվել է ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ռուսաստանի[9] կողմից, ինչը նշանակում է, որ վերջինս, մեղմ ասած, ոգևորված չէ Արցախյան խնդրում Թուրքիայի ներգրավվածության ընդլայնման և խորացման հեռանկարով։

Հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային լարվածության խնդրին են առնչվում նաև հուլիսի 29-ից սկսված թուրք-ադրբեջանական համատեղ օպերատիվ-մարտավարական և թռիչքամարտավարական լայնածավալ զորավարժությունները[10]։

Համաձայն ռուսական տվյալների՝ զորավարժություններին մասնակցում էր 5 հազ. զինծառայող, 150 միավոր զրահատեխնիկա, մինչև 150 միավոր հրետանային և ՀՕՊ միջոցներ, մինչև 30 մարտավարական ինքնաթիռ, բազմագործառույթ ուղղաթիռ, հետախուզական և հարվածային անօդաչու սարք[11]։


Թուրք-ադրբեջանական զորավարժություններ – 2020

Չնայած զորավարժությունները նախապես պլանավորված էին, այնուամենայնիվ, քանի որ ժամանակագրորեն համընկնում էին հուլիսյան իրադարձություններին, չէին կարող չհրավիրել փորձագիտական հանրության և պաշտոնական շրջանակների ուշադրությունը։ Առավել ևս, երբ անցկացվում էին նաև Հայաստանի սահմանին մոտ։

ՌԴ արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և հրատարակչության բաժանմունքի տնօրենի տեղակալ Ա. Զայցևը զորավարժությունների առնչությամբ ասել է. «Մենք, անշուշտ, ուշադիր հետևում ենք իրադրությանը տարածաշրջանում, հատկապես՝ հաշվի առնելով ոչ վաղ անցյալի հայ-ադրբեջանական սահմանային հակամարտությունը, և համառորեն զսպվածության կոչ ենք անում բոլոր կողմերին, այդ թվում՝ նրանց ընթացիկ ռազմական գործունեության մեջ»[12]։

Օգոստոսի 12-ին կայացել է հեռախոսազրույց ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլ. Պուտինի և Ի. Ալիևի միջև, որի ընթացքում, ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության, տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած իրադրության սրման համատեքստում։ Ռուսական կողմն ընդգծել է լարվածության խորացմանը նպաստող ցանկացած գործողության անթույլատրելիությունը[13]։

Սահմանային լարվածության թուլացումից որոշ ժամանակ անց նման զգուշացումը կապված է վերոհիշյալ թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարաձգման հետ, որի մեջ պաշտոնական Մոսկվան տեսնում էր տարածաշրջանում հետագա ապակայունացման վտանգ։ Առավել ևս, որ այդ զորավարժությունների երկարաձգումն ուղեկցվում էր Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումներով, որոնց ընթացքում շարունակում էին հնչել ապակառուցողական հայտարարություններ։

Օգոստոսի 11-ին Թուրքիա են այցելել Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Զաքիր Հասանովը և Ջեյհուն Բայրամովը։ Թուրք պաշտոնակիցների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են հիմնականում հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային բախումները։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն կրկին Անկարայի զորակցությունն է հայտնել ադրբեջանցի եղբայրներին՝ նշելով, որ Թուրքիան Արցախյան հարցի առնչությամբ միշտ կանգնած է ու պիտի շարունակի կանգնել Ադրբեջանի կողքին և սատարի վերջինիս քայլերին, ինչ որոշում էլ այն կայացնի[14]։

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին հետևելու նպատակով Բաքու ժամանած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը[15] օգոստոսի 13-ին, հիշելով «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը, դատապարտելով Հայաստանին տավուշյան բախումների համար, ասել է. «...Թուրքիան կշարունակի սատարել Ադրբեջանին Հայաստանի դեմ... Մենք մինչև վերջ կլինենք ադրբեջանցի եղբայրների կողքին»[16]։

Այսպիսով, տավուշյան լարվածության համատեքստում Մոսկվան Անկարայի գործողությունների մեջ սպառնալիք էր տեսնում թե՛ տարածաշրջանի, թե՛ իր անվտանգության համար, որը փորձում էր դիվանագիտական ու տեղեկատվական խողովակներով զսպել։


[1] Ազգային անվտանգութեան խորհուրդի երէկուայ նիստը, Նոր Մարմարա, 23.07.2020։

[2] Совещание с постоянными членами Совета Безопасности

[3] Совещание с постоянными членами Совета Безопасности

[4] Հուլիսի 16-ին Էլմար Մամեդյարովն ազատվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից։ Նրան փոխարինեց նախկինում կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ջեյհուն Բայրամովը։ Президент Азербайджана отправил в отставку главу МИД

[5] О телефонных разговорах Министра иностранных дел России С.В.Лаврова с Министром иностранных дел Армении З.Г.Мнацаканяном и Министром иностранных дел Азербайджана Э.М.Мамедъяровым

[6] Ռուսաստան ազդարարեց Թուրքիան. Թուրքիա զսպուածութիւն պէտք է ցուցաբերէ Ղարապաղեան հարցի շուրջ, Նոր Մարմարա, 18.07.2020։

[7] О телефонном разговоре Министра иностранных дел России С.В.Лаврова с Министром иностранных дел Турции М.Чавушоглу

[8] Телефонный разговор с Президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом

[9] Տե՛ս Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 23 июля 2020 года

[10] Տե՛ս Турецко-азербайджанские учения продлеваются – Тигран Абрамян; Министры обороны Турции и Азербайджана присутствовали на учениях ВС двух стран

[11] Брифинг заместителя директора Департамента информации и печати МИД России А.А. Зайцева, Москва, 30 июля 2020 года

[12] Նույն տեղում։

[13] Телефонный разговор с Президентом Азербайджана Ильхамом Алиевым

[14] Ատրպէյճանի պաշտպանութեան ու արտաքին գործոց նախարարները Թուրքիա եկան, Նոր Մարմարա, 12.08.2020։

[15] Նրա հետ միասին զորավարժություններին հետևել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը։

[16] Турция продолжит поддерживать Азербайджан против армянских оккупантов