Թուրքիայի գազի շուկայի վերջին զարգացումները

5 ր.   |  2020-08-17

Վ երջին ամիսներին ռուսական մեդիադաշտն ահազանգում է, որ գազ արտահանող ռուսական խոշորագույն ընկերությունը՝ «Գազպրոմը», կորցում է թուրքական էներգետիկ  (գազի) շուկայում տարիներ ի վեր ունեցած իր գերակայությունը։ Ինչպես նշում են ռուսական ԶԼՄ-ները, ս.թ. մայիսից կանգնեցված է «Երկնագույն հոսք»-ով գազի մատակարարումը Թուրքիա։ Պաշտոնական տվյալներով այն դադարեցվել է վերականգնողական աշխատանքների պատճառով, որը պետք է տևեր երկու շաբաթ, մինչդեռ, հուլիսի վերջին գազատարը դատարկ էր[1]։ Հուլիսի 27-ին դադարեցվել է նաև ռուսական գազի մատակարարումը «Թուրքական հոսք» գազատարով՝ կրկին նույն պատճառաբանությամբ։ Համաձայն Թուրքիայի պետական նավթագազային «BOTAŞ» ընկերության վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեին օգոստոսի 10-ին[2]։

Այս ամենի արդյունքում, Ռուսաստանից Թուրքիա գազամատակարարումը խիստ կրճատվել է՝ 2.254 մլրդ խորանարդ մետր բնական գազից (2020թ. հունվար) հասնելով 2 մլն.-ի (2020թ. հունիս)։ Այժմ Թուրքիայի գազամատակարարման թիվ մեկ գործընկերն Ադրբեջանն է, որն, ըստ թուրքական պաշտոնական աղբյուրների, մայիս ամսին Թուրքիա է մատակարարել  881,58 մլն խորանարդ մետր գազ Շահ Դենիզ հանքավայրից։ Նշենք, որ ապրիլ-մայիս ամիսներին Թուրքիա գազ չի մատակարարել նաև Իրանը, համենայնդեպս այդ մասին են վկայում Թուրքիայի պաշտոնական վիճակագրական տվյալները[3]։ Նկատենք, որ ադրբեջանական գազի մատակարարումների ծավալների մեծացմանը զուգահեռ՝ Թուրքիան կտրուկ ավելացրել է հեղուկացված բնական գազի ներկրումը տարբեր երկրներից։

Չնայած ռուսական գազի մատակարարման դադարեցումը պայմանավորում են տեխնիկական աշխատանքներով, սակայն, նվազման միտումները երևում էին դեռևս անցյալ տարեսկզբից, ինչի մասին բարձրաձայնում էին փորձագետները՝ նշելով մի քանի գործոններ. թուրքական լիրայի արժեզրկում, ռուսական գազի բարձր գին և այլն[4]։

Ինչպես նշում է ռուսական «Ալոր գրուպ»-ի գլխավոր վերլուծաբան Ա. Անտոնովը, ստեղծված իրադրությունն անակնկալ չէ «Գազպրոմի» համար։ Նրա կարծիքով, ընկերությունը բավականին երկար ժամանակ գնահատել է թուրքական շուկա հեղուկացված բնական գազի «էքսպանսիայի» հնարավոր բոլոր ռիսկերը։ Համաճարակով ու ներքին պահանջարկի նվազումով պայմանավորված գործոնները ևս պատճառ են դարձել, որ «Երկնագույն հոսքի» վերանորոգման աշխատանքներն ավարտվելուց հետո էլ այն չի աշխատում: Մինչդեռ, ըստ նրա, Թուրքիան չի կարող լիովին անցնել հեղուկացված բնական գազի, քանի որ չկան բավարար ենթակառուցվածքներ։ Երկրորդ՝ ռուսական գազի մատակարարումները Թուրքիա ամրագրված են «Գազպրոմի» և «BOTAŞ»-ի պայմանագրերում՝ «վերցրու կամ վճարիր» սկզբունքով, ինչը ռուսական կողմին որոշակի «քարտ-բլանշ» է տալիս հետագա բանակցություններում: Հետևաբար, ըստ Ա. Անտոնովի, վաղ է ասել, թե Ռուսաստանի համար թուրքական շուկան ամբողջովին կորսված է[5]։

ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի փորձագետ Ի. Յուշկովն էլ գտնում է, որ այս դրությունը հնարավոր է քաղաքական պատվերի արդյունքում է առաջացել։ Չի բացառվում, որ Թուրքիայի ղեկավարությունը հրահանգել է նվազեցնել կախվածությունը «Գազպրոմից», քանի որ Մոսկվան և Անկարան  հակասություններ ունեն Սիրիայի և Լիբիայի հարցում։ Մյուս կողմից, ըստ նրա, 2019թ. սկսած հեղուկացված բնական գազի գնի նվազումը նույնպես իր դերն է խաղացել. այն այժմ բավական էժան է, ուստի թուրքերը ակտիվորեն գնում են:

Այնուամենայնիվ, ըստ նրա, թուրքական շուկայում ՌԴ մասնաբաժնի նվազման գլխավոր գործոնն ադրբեջանական գազն է։ Թուրքիան սկսել է գնել գազ Ադրբեջանից՝ կնքված կոշտ պայմանագրի շրջանակներում, ինչը պարտավոր է իրագործել։ Այսպիսի կոշտ պայմաններ գործում են նաև Ռուսաստանի դեպքում։ «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրերում ամրագրված է «վերցրու կամ վճարիր» սկզբունքը, որով թուրքերը պարտավոր են վճարել պայմանագրում նշված ծավալի 80%-ի համար, նույնիսկ, եթե այդքան շատ գազ չեն վերցրել: Դրա հետևանքով, թուրքական մասնավոր 7 ընկերությունների պարտքը «Գազպրոմին» $2 մլրդ. է, որն, ըստ փորձագետի, հավանաբար լուծվելու է պետական մակարդակով[6]:

Խնդիրը կարգավորելու նպատակով, դատական գործընթացներից խուսափելու համար թուրքական մասնավոր ընկերությունները ս.թ. հուլիսին բանակցություններ սկսեցին «Գազպրոմի» հետ[7]։

Թուրքիային գազ (ներառյալ հեղուկացված բնական գազ) մատակարարող երկրները, 2020թ. մայիսի դրությամբ (աղբյուր՝ EPDK

Նշենք, որ «Գազպրոմը» Թուրքիայի հետ կնքել է գազամատակարարման մի շարք պայմանագրեր. երկուսը պետական «BOTAŞ» ընկերության հետ, համաձայն որի պետք է տարեկան մատակարարի 20մլրդ. մետր3 գազ (առաջին պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021թ. վերջին, իսկ երկրորդը՝ 2025թ. վերջին), ինչպես նաև մի շարք պայմանագրեր Թուրքիայի մասնավոր ներկրողների հետ: Ընդ որում, «Գազպրոմ»-ի հիմնական գնորդների շարքում Թուրքիան վճարում է գազի ամենաբարձր գինը՝ $228 (1000 խորանարդ մետրի համար), իսկ Եվրոպային վաճառում՝ $82-ով։ Այդ պատճառով Թուրքիան նախընտրում է ավելի էժան գազ գնել Ադրբեջանից, ինչպես նաև հեղուկացված բնական գազ Քաթարից, ԱՄՆ-ից, Ալժիրից, Նիգերիայից, որի գինը՝ $53-70 է[8]։

Միաժամանակ, «Գազպրոմ»-ը շարունակում է կորցնել նաև իր դիրքերը եվրոպական շուկայում: Եվրոպական երկրները ավելացնում են հեղուկացված բնական գազի ներկրման ծավալները, հատկապես Քաթարից և ԱՄՆ-ից։ «Գազպրոմի» զեկույցի համաձայն՝ 2020 թ. երկրորդ եռամսյակում ռուսական գազի մասնաբաժինը եվրոպական շուկայում ընկել է 27,8%-ով[9]։

Այնուամենայնիվ, «Գազպրոմ»-ը դեռ հույս ունի, որ մինչև տարեվերջ կվերականգնի Թուրքիա գազի արտահանման նախկին ծավալները[10], սակայն, ռուս վերլուծաբանների կարծիքով, «Գազպրոմին» մնում է հաշվարկել բազմամիլիարդանոց կորուստները[11]։


[1] Россия фактически потеряла газовый рынок Турции

[2] TÜRK AKIM’DA GAZ AKIŞI 27 TEMMUZ – 10 AĞUSTOS ARASINDA 15 GÜN SÜREYLE DURACAK

[3] Տես Թուրքիա գազ արտահանող երկրների մասին ապրիլ-մայիս ամիսների վիճակագրական տվյալները

[4] «Газпром» Турции не по карману

[5] «Турецкий поток» поставили на паузу

[6] Азербайджан угрожает российскому газу в Европе

[7] WSJ узнала о задолженности Турции перед «Газпромом» на $2 млрд

[8] Азербайджан и еще три страны обошли Россию по поставкам газа в Турцию, «Турецкий поток— памятник бездарности высшей российской знати»: Анкара отказалась от российского газа

[9] Турция распрощалась с «Газпромом» и переходит на азербайджанский газ

[10]Катар потеснил Россию со 2-го места по поставкам газа в Турцию,

[11] Эрдоган перехитрил «Газпром»: «Турецкий поток» постигла судьба «Северного потока-2»