Հայ-ադրբեջանական հուլիսյան էսկալացիա

9 ր.   |  2020-08-05

Բանակցային գործընթացի վերականգնման խնդիրը

Հ ուլիսի կեսին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի տավուշյան ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիան լրջագույն հարված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ 25 տարուց ավելի ընթացող բանակցային գործընթացին: Այն վտանգեց վերջին երկու տարում արձանագրված փոքր, սակայն որոշակի դրական արդյունքները՝ հրադադարի հարաբերական պահպանում, օպերատիվ կապ, մասնագիտական խմբերի փոխայցերի նախաձեռնություն և այլն: Հուլիսյան մարտերը 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո երկրորդ լրջագույն բախումն էին, որը հղի էր առավել լայնամասշտաբ պատերազմի վերածվելու լուրջ ռիսկերով:

Հուլիսյան էսկալացիան մարտահրավեր էր նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) համար՝ ստեղծելով երկու առաջնահերթ խնդիր` օպերատիվ քայլերով հասնել իրավիճակի կայունացման և վերականգնել բանակցային գործընթացը:

Հուլիսի 12-ից 21-ը համանախագահների միջնորդությամբ (ՌԴ ակտիվ դերակատարմամբ) Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք է բերվել կրակի դադարեցման 3 պայմանավորվածություն, որոնք, սակայն, ադրբեջանական կողմը խախտել է` արդյունքում կրելով նոր կորուստներ: Հուլիսի 22-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց մասամբ լուծել դեէսկալացիայի խնդիրը՝ ապահովելով հրադադարի հարաբերական պահպանումը, սակայն իրավիճակի լիարժեք դեէսկալացիայի մասին դեռ վաղ է խոսել: Հուլիսի 22-ից մինչ օրս սահմանի առանձին հատվածներում արձանագրվում են հրադադարի խախտումներ՝ տարբեր զինատեսակաների կիրառմամբ: Տավուշի ուղղությամբ ադրբեջական կողմի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ մեկ պայմանագրային զինծառայող (հուլիսի 27), ևս մեկը վիրավորվել է (հուլիսի 29): Բացի այդ, Ադրբեջանը և Թուրքիան նախաձեռնել են լայնամասշտաբ զորավարժություններ, ինչը ևս որևէ կերպ չի նպաստում իրավիճակի դեէսկալացիային. հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ:

Իրավիճակի դեէսկալացիայից բացի, առաջնահերթ խնդիր է նաև բանակցային գործընթացի վերականգնումը, ինչը պահանջում է համապատասխան միջավայրի ձևավորում: Նպաստավոր միջավայրի ձևավորման տեսանկյունից նպատակահարմար է իրականացնել այնպիսի քայլեր, որոնք մի կողմից կչեզոքացնեն կամ կնվազեցնեն բանակցային գործընթացի վրա հուլիսյան մարտերի բացասական ազդեցությունը, մյուս կողմից՝ կկանխեն նման նորերի հավանականությունը: Բանակցային գործընթացում հուլիսյան էսկալացիայից հետո ստեղծված ճգնաժամը ինչ-որ առումով նման է 2016թ. քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին:

2016թ. Ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց՝ մայիսի 16-ին, համանախագահների, մասնավորապես՝ ԱՄՆ ջանքերով, Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որի արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն ընդունեցին հայտարարություն: Ըստ հայտարարության` կողմերի միջև ձեռք է բերվել 1994 և 1995 թվականների զինադադարի պայմանագրերի անշեղորեն կիրառումը մշտադիտարկելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողություններն ավելացնելու պայմանավորվածություն։ Ավելին, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ առանձին հանդիպումների արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հունիսի 3-ին տարածած հայտարարության մեջ նշված է, որ համանախագահները նախարարների քննությանն են հանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ու ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի ձևավորման վերաբերյալ նախնական փաստաթղթերը: Հունիսի 20-ին, արդեն ռուսական կողմի նախաձեռնությամբ, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան հանդիպումը, որտեղ ընդունվեց հայտարարություն, որում, թեև կողմերը վերահաստատվում էին մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, այնուամենայնիվ, հիշատակվում է միայն հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակն ավելացնելու հարցը։


Վիեննայի հանդիպում: 2016թ. մայիսի 16

Հ ատկանշական է, որ ադրբեջանական կողմն ի սկզբանե փորձել է խուսանավել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից, ընդհուպ անգամ հերքելով նման հանձնառությունների գոյությունը: Օրինակ, 2016թ. հունիսի 25-ին՝ զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, Իլհամ Ալիևը հայտարարել է. «Վիեննայում ադրբեջանական կողմը չի ստորագրել որևէ փաստաթուղթ: Ընդամենը համանախագահ երկրներն են հանդես եկել հայտարարությամբ, դա նրանց հայտարարությունն է... Սանկտ Պետերբուրգում  քննարկվել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կազմի ընդլայնման հարցը: Ճիշտ է, թիվը չի նշվում: Սակայն ես կարող եմ ասել, որ եթե այսօր այդ գրասենյակում աշխատում է 6 մարդ, ապա նրանց թիվը կարող է ավելանալ առավելագույնը 2-2.5 անգամ: 6-ի փոխարեն կլինի 12,13 կամ 14 հոգի և վերջ… Ինչ վերաբերում է հայկական կողմից որպես նախապայման ներկայացված միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը, ապա կարծում եմ, որ այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա... Այնտեղ [Սանկտ Պետերբուրգում] ընդգծվել է, որ վերջին շրջանում շփման գծում իրավիճակը կայուն է, վերականգնվել է հրադադարը և դա գնահատվում է որպես դրական քայլ: Նման իրավիճակում միջադեպերի հետաքննության մեխանիզմի  կիրառման որևէ անհրաժեշտություն չկա…» :

Մերժելով հետաքննության մեխանիզմների անհրաժեշտությունը՝ ադրբեջանական կողմը խոչընդոտել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կազմի ավելացման գործընթացը: Ադրբեջանը, մասնավորապես, օգտվելով վետոյի իրավունքից, ԵԱՀԿ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում  4 անգամ արգելափակել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման բյուջեի ընդունումը, իսկ 2017թ. մարտի 9-ին ԵԱՀԿ մշտական խորհրդում ադրբեջանական պատվիրակությունը, փորձելով պարզաբանել իր դիրքորոշումը, փաստացի աղավաղել է տվյալ պայմանավորվածության էությունը՝ այն կապելով Արցախից Հայաստանի զորքերի դուրսբերման պահանջի հետ:

Հատկանշական է, որ համանախագահ երկրները Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը դիտարկում էին որպես բանակցությունների վերականգնմանը զուգահեռ գործընթաց (ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների 2016թ. դեկտեմբերի 8-ի համատեղ հայտարարություն), ինչը սակայն չհաջողվեց կյանքի կոչել: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո համանախագահներն ակտիվ ջանքեր ձեռնարկեցին բանակցային գործընթացի վերականգնման և իրավիճակի կայունացման համար` առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, ԱԳ նախարարների երկու հանդիպում, տարածաշրջանային երեք այց (2017թ. մարտ, հունիս և հոկտեմբեր ամիսներին): Այս ինտենսիվ քայլերի արդյունքում 2017թ. հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Ս. Սարգյան-Ի. Ալիև հանդիպումը, որը մեկուկես տարվա ընդմիջումից հետո փաստացի բանակցային գործընթացի վերականգնում էր: Ըստ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության` նախագահները պայմանավորվել էին քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը ակտիվացնելու և լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Հայտարարության մեջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն հիշատակվում:

Մինչ օրս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը շարունակում է մնալ հայկական կողմի օրակարգում (ավելին` ունեցել է բովանդակային զարգացում և համալրում` ձևակերպվելով որպես ռիսկերի նվազեցման մեխանիզմների փաթեթ), սակայն ադրբեջանական կողմը հետևողականորեն հրաժարվել է դրանցից կամ առաջ է քաշել հավելյալ պահանջներ:

Կարող ենք արձանագրել, որ 2016թ. ապրիլյան պատերազմից շուրջ մեկուկես տարի անց համանախագահների գործադրած ջանքերի արդյունքում Ժնևում տրվեց բանակցային գործընթացի վերականգնումը, սակայն իրավիճակի դեէսկալացիայի և կայունության ամրապնդմանն ուղղված մեխանիզմների ձևավորումը կյանքի չկոչվեց և ադրբեջանական ագրեսիան կարգավորման գործընթացի համատեքստում չունեցավ «հետևանքներ», ինչը հետագայում կօգներ կանխել նման հնարավոր էսկալացիաները և կամրապնդեր հրադադարի ռեժիմը:

2 020թ. հուլիսյան ագրեսիան ինչ-որ առումով կարելի է դիտարկել որպես 2016թ. ապրիլյան պատերազմի համարժեք չարձագանքելու և հրադադարի ամրապնդման համարժեք մեխանիզմներ չներդնելու հետևանք: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի (ընդլանված կազմով) կողմից դիտարկումների իրականացումը (կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են մարտի կեսից), միջադեպերի հետաքննության արդյունավետ մեխանիզմների ներդրումը և կիրարկումը եթե անգամ չկանխեին ադրբեջանական կողմի 2020թ. հուլիսյան ագրեսիան (ինչպես նաև հրադադարի ռեժիմի խախտումները), ապա առնվազն կնվազեցնեին սադրանքի հավանականությունը: 

2016թ. Ապրիլյան պատերազմից հետո իրավիճակի դեէսկալացիայի, ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ զարգացումների և բանակցային գործընթացի վերականգնման փորձն անհրաժեշտ է հաշվի առնել  2020թ. հուլիսյան էսկալացիայից հետո ստեղծված ներկայիս իրավիճակում, երբ նորից առաջացել են համարժեք իրողություններ և խնդիրներ: Եթե հուլիսյան սադրանքը ևս անհետևանք մնա, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդեն երրորդ փորձը կլինի միայն ժամանակի խնդիր:

Հնարավոր նոր էսկալացիաների բացառման և բանակցությունների սահուն վերականգնումն ապահովելու տեսանկյունից այսօր առավել քան օգտակար կարող են լինել այն առաջարկները, որոնք առաջ է քաշել պաշտոնական Երևանը: Հուլիսյան էսկալացիայի արդյունքում կարգավորման գործընթացում ստեղծված ճգնաժամից դուրս գալու և իրավիճակի դեէսկալացիայի ապահովման համար.

  • Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:

Տարիներ շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմատենչ և հակահայկական հռետորաբանությունը, որը հատկապես վերջին ամիսներին ակտիվացել էր, վստահաբար իր դերակատարումն ունի թե´ հուլիսյան էսկալացիայի հրահրման, թե´ երրորդ երկրներում հայկական համայնքի ներկայացուցիչների և նրանց սեփականության, հայկական արտադրության մթերքների դեմ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձեռնարկած խտրական և ագրեսիվ քայլերը: Նման հռետորաբանության փոփոխությունն ուղղակի անհրաժեշտություն է բանակցային գործընթացի վերականգնման համար նպաստավոր միջավայրի ձևավորման և լարվածության թուլացման տեսանկյունից:


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտում:  2018թ. մայիսի 18

  • Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգի մեխանիզմներ:

Որպեսզի հնարավոր լինի խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ որևէ միջադեպի համար կողմերը մեղադրում են իրար, հաճախ ավելի սրելով իրավիճակը, անհրաժեշտ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  գրասենյակի սահմանափակ թվով աշխատակիցների կողմից իրականացվող դիտարկումների փոխարեն ունենալ նույն գրասենյակի առավել արդյունավետ մոնիթորինգային մեխանիզմ, որը կենթադրի տեղում դիտորդների (կազմի ավելացմամբ) մշտական ներկայություն, ինչպես նաև համապատասխան ստուգողական հնարավորություններ, ինչը հնարավորություն կտա հստակ արձանագրել, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը:

Այս համատեքստում որպես լարվածության թուլացման, միջադեպերը կանխելու և պարզաբանելու արդյունավետ գործիք կարելի է դիտարկել զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումը: Դեռ 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում Փաշինյան-Ալիև պայմանավորվածության համաձայն երկու կողմերի միջև ստեղծված օպերատիվ կապն այս ընթացքում գործել է հաջող, ինչն իրենց հայտարարություններում արձանագրել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Հիմվելով  այդ դրական փորձի վրա` սահմանի երկու կողմի զինվորականների միջև ուղիղ կապի ստեղծումը կարող է առավել դրական արդյունք ունենալ, առավել ևս եթե հաշվի առնենք, որ նման կապ նախկինում գործել է և գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը:

  • Անհրաժեշտ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ձևաչափին և հրաժարվել այնպիսի քայլերից, որոնք կարող են հարվածի տակ դնել բանակցային գործընթացը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ կառույցն է, որն արդեն 25 տարի ջանքեր է գործադրում հիմնախնդրի կարգավորման և լայնամասշտաբ պատերազմի վերսկսման կանխման ուղղությամբ: Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ համանախագահության ջանքերը ստվերելու, գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու փորձերն, ինչպես նաև Մինսկի խմբի անդամ Թուրքիայի դերակատարման մեծացմանն ուղղված ջանքերն անընդունելի են: Ավելին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի անթաքույց աջակցությունը Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներին և հուլիսյան էսկալացիայի ընթացքում պաշտոնական Անկարայի սադրիչ ու միակողմանի պահվածքը վնասում են խաղաղ գործընթացին և վկայում այն մասին, որ Թուրքիան չի կարող ներգրավված լինել հակամարտության կարգավորմանն առնչվող որևէ գործընթացում։

  • Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:

Արցախի լիարժեք վերադարձը բանակցային գործընթաց կարող է զգալիորեն նպաստել բովանդակային բանակցությունների արդյունավետությունը: Հատկանշական է, որ Ադրեջանն այս կարևոր պայմանը փորձում է ներկայացնել որպես բանակցային ձևաչափի փոփոխության հայկական կողմի փորձ, ինչն իրականության աղավաղում է: Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացի ոչ թե բանակցային ձևաչափի փոփոխություն, այլ դրա վերականգնում է, առանց որի հնարավոր չէ ակնկալել առաջընթաց բանակցային գործընթացում: