Երկու հաշթագի պատմություն

5 ր.   |  2020-07-30

Պատերազմի ադրբեջանական կոչերի հետքերով

Հ ուլիսի 12-ից 21-ը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների ժամանակ «հարձակողական» տրամադրություններն ակտիվացան նաև տեղեկատվական դաշտում։ Ռազմական գործողությունների առաջին իսկ օրից սոցիալական ցանցերի ադրբեջանական հարթակների գլխավոր քննարկման թեման սահմանում տեղի ունեցող դեպքերն էին։ Ադրբեջանի տարբեր շրջաններում տեղի ունեցած երթերի և ապա նաև Բաքվում սկսված զանգվածային ցույցերի ընթացքում, երբ քաղաքացիները հնչեցնում էին պատերազմի կոչեր, Թվիթերում ադրբեջանցի օգտատերերը սկսեցին բաժանվել խմբերի՝ պատերազմ ցանկացողների և չցանկացողների։

#müharibəistəmirəm — պատերազմ չեմ ուզում 

Ա դրբեջանական թվիթերի այս թրենդին միացել էր մոտ 120 օգտատեր, իսկ գրառումներն ընդհանուր հաշվով տարածել էր 254-ը։ Գրառումների ընդհանուր քանակով այս վանդակապիտակը (հաշթագը) գերազանցում է «պատերազմ եմ ուզում»-ին։ Այդուհանդերձ, թվերը միշտ չէ, որ ցույց են տալիս իրական պատկերը, ուստի ստորև ներկայացնում ենք գրառումների վերլուծությունը։


Աղբյուրը։  TweetBinder

Հաշթագը կիրառող ադրբեջանցի օգտատերերը նշում էին՝ ինչու են ուզում կամ ինչու չեն ուզում պատերազմ։ «Պատերազմ չեմ ուզում» կոչի շուրջ համախմբված օգտատերերի գրառումներն ունեին առավել էմոցիոնալ հիմք։ Նրանք հիմնականում ընդգծում էին, որ «չեմ ուզում ավելի շատ զոհեր», «չեմ ուզում որդեկորույս մայրեր», «չեմ ուզում անհայր երեխաներ»։

Բացի այդ, օգտատերերի մի մասը նշում էր «աղքատի որդու սահմանագծում ծառայելու» գործոնը, որն իր հերթին երկրում տիրող իրավիճակից հանրության դժգոհության արտահայտության ձևերից է. «Հայրենիքը միայն մեզ համա՞ր է հայրենիք։ Պատգամավորների, հարուստների համար չէ՞»։

Այս կոչի դեմ արտահայտվող, այսինքն՝ հակառակ «ճամբարի» օգտատերերը ևս կիրառում էին նշված հաշթագը՝ թիրախավորելով առաջին խմբի անդամներին։

«Չեք էլ ամաչում, դեռ քանի՞ տարի ենք այս հողին խաղաղության ճանապարհով սպասելու, քանի՞ տարի ենք ամեն օր շեհիդ [զոհ] տալու, դու մի արի, կարիք էլ չկա [պատերազմի - Լ.Պ.]։ Բայց առնվազն մի՛ խանգարիր»։

«Այս իշխանությունը 2 տարին մեկ անիմաստ պատերազմ է սկսում։ 5 թիզ հող չենք կարողանում վերցնել, այսքան զոհ ենք տալիս փոխարենը։ Ադրբեջա՛ն, արթնացի՛ր արդեն, արթնացի՛ր։ Այս ամենն ընդամենը քաղաքականություն է։ Տղաներիդ տեր կանգնի՛ր»։ 

Օգտատերերից շատերը, «որպես թուրք ժողովուրդ», «ամոթ» էին համարում պատերազմ չցանկանալը, ոմանք էլ ընդգծում էին, որ 27 տարի է պատասխան չեն տվել, ուստի «պատերազմ են ուզում»։

Առավել տարածված կարծիքներից էր, որ պատերազմ չեն ցանկանում, բայց եթե բանակցություններն արդյունք չեն տալիս, ապա այլընտրանք չի մնում։ Նշված գաղափարը հատկապես ակնառու է տվյալ օգտատիրոջ գրառման մեջ.

«Կառավարությանը դեմ եմ, հայերին էլ թշնամի եմ համարում։ Ես էլ եմ պատերազմի դեմ։ Կողմ եմ, որ հողերը վերադարձվեն խաղաղ ճանապարհով։ Բայց եթե խաղաղ բանակցություններն արդյունք չունենան, պատերազմն անխուսափելի դառնա՝ կաջակցեմ Ադրբեջանի բանակի յուրաքանչյուր քայլին»։

Twitter-ում նման կոչերի տակ թաքնված ատելության քարոզն ու որպես արդյունք՝ խմբավորումների առաջացումը հատկապես կարևոր էր Բաքվում տեղի ունեցող ցույցերի  հանրանկարում։ Նման գրառումների ընդհանուր բովանդակությունն ու ուղղվածությունը թույլ է տալիս եզրակացնել, որ պատերազմի դեմ արտահայտվող, խաղաղության կոչեր անող մարդիկ անմիջապես պիտակավորվում և թիրախավորվում են որպես «հայրենիքի դավաճան»։

Այս կոչերի համատեքստում կարևոր է ընդգծել, որ որոշ օգտատերեր պատերազմը համեմատել են ոչ թե 90-ականների սկզբի, այլ՝ Ապրիլյան պատերազմի հետ։

Օգտատերը նշում է. «Ընդհանրապես լավ չէ, եթե այսպիսի բան է տեղի ունենում [խոսքը կրկին Բաքվում սկսված ցույցերի, մասնավորապես՝ ադրբեջանցի «բռնի տեղահանված» անձանց ցույցին միանալու մասին- Լ.Պ.]։ Պետք է պայքարել Ապրիլյան պատերազմի նոր տարբերակի դեմ»։

Ապրիլյան պատերազմի գործոնը նաև տեսանելի էր այն հիմնավորումների մեջ, երբ «պատերազմ չեմ ուզում» կոչը ամփոփվում էր «պատերազմի արդյունքը տեսել եմ, չեմ ուզում» գաղափարով։ Նման օրինակներից մեկը՝

«Հարազատներիցս մեկը զոհվել է 4 տարի առաջ՝ Ապրիլյան կռիվների ժամանակ։ Ես տեսել եմ նրա ընտանիքի ցավը, տանջանքը։ Ովքեր չգիտեն, թե ինչ ծանր զգացողություն է սա, ստեղնաշարի հետևից կարող են հեշտությամբ գրել, որ պատերազմ են ուզում։ Մտածելու ունակություն ունեցող մարդն այդպիսի բան չի ցանկանա»։


#müharibəistəyirəm — պատերազմ եմ ուզում



Աղբյուրը։ TweetBinder

«Պատերազմ եմ ուզում» կոչն այդ օրերին թվիթերի ադրբեջանական տիրույթում տարածել էր 77 օգտատեր, իսկ ընդհանուր «ճակատին» միացել էին 121-ը։ Թեև «Պատերազմ չեմ ուզում»-ի համամատությամբ սա ավելի քիչ տարածում էր ունեցել, այդուհանդերձ, թվաքանակն ամբողջությամբ չի արտահայտում առցանց կոչերի բովանդակությունը։
Գրառումների մեծ մասն ուղեկցվում են ադրբեջանցի «շեհիդների» (թրգմ․՝ նահատակ, մարտիրոս), դրոշի, «Գորշ գայլեր» ազգայնամոլական-ահաբեկչական կազմակերպության նշանների և պանթյուրքիստական կոչերի հետ։

Հ ետաքրքիր է նաև, որ մի շարք օգտատերեր ընդգծել էին վախկոտության գործոնը։ Օրինակ՝ «բոլորը մեզ վախկոտի տեղ են դրել, պատերազմ եմ ուզում», «30 տարի է հայերից վախվխելով ենք ապրում, 30 տարի է զոհ ենք տալիս, այս հարցը լուծելու ժամանակն է, պատերազմ եմ ուզում»։ Տարածված էին «հողերը հետ բերելու», «Ղարաբաղ վերադառնալու», «Ղարաբաղն Ադրբեջան է» կոչերը։

Այստեղ ադրբեջանցի օգտատերերից զատ նաև որոշակի ակտիվություն ցույց են տվել Թավրիզի պանթյուրքիստական շրջանակների ներկայացուցիչները, սակայն ընդհանուր պատկերում նրանց կոչերն առանձին ալիքի չեն վերածվել, մասնակից օգտատերերի թիվը քիչ է եղել։

Պնդել, թե թվիթերում տարածված այս միտումներն լիովին արտահայտում են ադրբեջանական հասարակության՝ խաղաղությանը կամ պատերազմին պատրաստ լինելը, իհարկե, հնարավոր չէ։ Սակայն, մեր դիտարկմամբ, Բաքվի ցույցերի, պատերազմի կոչերի, այլ քաղաքներում երթերի համապատկերում կարելի է դիտարկել որպես իրավիճակի խտացված պատկեր։

Հարկ ենք համարում նշել նաև, որ Հուլիսյան ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի պետական ապարատը սահմանում տիրող իրավիճակի մասին Թվիթերում ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածում, աղավաղում հայկական կողմի հնչեցրած հայտարարությունները։ Ապատեղեկատվության հիմնական ալիքը ղեկավարում էին, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հկ-ի ներկայացուցիչները։ Բացի այդ, տեղեկատվական պատերազմի այս հարթակում ադրբեջանական քարոզչամեքենան դիմել է նաև համացանցային բոտերի օգնությանը։ Դրանք հիմնականում ադրբեջանական դրոշի կամ այլ պետական խորհրդանիշների նկարներով հաշիվներ էին՝ առանց որևէ անձնական տեղեկության։