Թուրքիայի հատուկ տնտեսական գոտիներն ու տեխնոլոգիական կենտրոնները

3 ր.   |  2020-06-01


Ինֆոգրաֆիկա. Թուրքիայի հատուկ տնտեսական գոտիներն ու տեխնոլոգիական կենտրոնները

  1. Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական կենտրոններ-1239
  2. Նախագծային կենտրոններ-371
  3. Տեխնոլոգիաների զարգացման գոտիներ (տեխնոպարկեր)- 85
  4. Կազմակերպված արդյունաբերական գոտիներ-331
  5. Ազատ գոտիներ-19
    ​​​
  • Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական գործունեությանը վերաբերող օրենքի ընդունումից (2008թ.) հետո, Թուրքիայում ստեղծվել է 1239 կենտրոն, որից 187-ն օտարերկրյա կամ համատեղ կապիտալով հիմնված ընկերություններ են։ Աշխատակիցների ընդհանուր թիվը 60173 է։ 2020թ. մարտ ամսվա տվյալներով գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական կենտրոններն իրականացրել են ՏՏ, ռազմարդյունաբերությանը, դեղագործությանը, էլեկտրոնիկային, մեքենաշինությանը, տրանսպորտային, լոգիստիկ և այլ բնագավառներին վերաբերող մոտ 45 հազար նախագիծ (որոշ նախագծեր իրականացման փուլում է)։
     
  • Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքերին օժանդակելու նպատակով հիմնադրվել են 371 (29-ը՝ օտարերկրյա կապիտալով) նախագծային կենտրոն, որտեղ աշխատում է բարձրագույն կրթությամբ հինգ հազարից ավելի մասնագետ (ընդհանուր՝ 8 հազար)։ Նման կենտրոնները տեղակայված են Կազմակերպված արդյունաբերական շրջաններում և տարբեր ճյուղեր ներկայացնող արտադրական ձեռնարկություններում։ Մեծ մասն աշխատանքներ է իրագործում տեքստիլ, մեդիայի, համակարգչային, պաշտպանական արդյունաբերության բնագավառներում, ինչպես նաև՝ նորարարական և ինժեներական լուծումների մշակմամբ։
     
  • Տեխնոլոգիաների զարգացման գոտիները (տեխնոպարկեր) նախատեսված են ինչպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներն օժանդակելու, այնպես էլ տվյալ բնագավառում ներդրումների ներգրավման համար: 2020թ. ապրիլ ամսվա տվյալներով Թուրքիայում առկա է 85 տեխնոպարկ, որից 15-ը դեռևս կառուցման փուլում է։ Մեծ մասը Ստամբուլում է (10), Անկարայում (10), Քոջաելիի նահանգում (5), Իզմիրում (4) և այլն։ Տեխնոլոգիաների զարգացման գոտիներում գործում են 5749 ձեռնարկություններ, ընդ որում օտարեկրյա կամ համատեղ կապիտալով ստեղծված ձեռնարկությունների թիվն անցնում է երեք հարյուրից։ Ըստ իրենց գործունեության բնագավառների՝ ձեռնարկությունների մեծ մասի աշխատանքները առնչվում են ՏՏ, գյուղատնտեսության, կենսատեխնոլոգիաների, մեքենաշինության, դեղագործության, էներգետիկ (ներառյալ վերականգնվող) և այլ ոլորտներին։ Անձնակազմի ընդհանուր թիվը 58.980 է, որի գերակշիռ մասը՝ շուրջ 48 հազարը, ներգրաված է գիտահետազոտական և նախագծային աշխատանքներում։
     
  • Կազմակերպված արդյունաբերական գոտիները (ԿԱԳ) նախատեսված են, որպեսզի ընկերություններն աշխատեն ներդրողների համար բարենպաստ միջավայրում` պատրաստի ենթակառուցվածքով և սոցիալական հարմարություններով։ Կազմակերպված արդյունաբերական գոտիներում առկա ենթակառուցվածքները ներառում են ճանապարհներ, ջուր, բնական գազ, էլեկտրականություն, կապի միջոցներ և այլ ծառայություններ: Թուրքիայի80 նահանգներում առկա է 331 ԿԱԳ, որոնցից  234-ը ներկայումս գործում են, իսկ մնացած 97-ը՝ կառուցվում։ ԿԱԳ –ում ներդրողները կարող են օգտվել հետևյալ առավելություններից. ջրի, բնական գազի և հեռահաղորդակցման ծառայություններից օգտվելու ցածր ծախսերից, գործարանի կառուցման ավարտի օրվանից ազատում են անշարժ գույքի տուրքից՝ հինգ տարի ժամկետով, հողի ձեռքբերման դեպքում ազատված են ԱԱՀ-ից և այլն։
     
  • Ազատ գոտիները միմիայն ապրանքների արտահանման նպատակով ստեղծված ներդրումային հատուկ վայրեր են։ Թուրքիայում ընդհանուր 19 ազատ գոտի կա։ Գլխավորապես տեղակայված են ԵՄ-ի և Մերձավոր Արևելքի շուկաներին մոտ գտնվող տարածքներում, որը թույլ է տալիս հեշտությամբ մուտք գործել միջազգային առևտրային ուղիներ՝ Միջերկրական, Էգեյան և Սև ծովերի նավահանգիստներով: Դրանցից ամենամեծը՝ Եվրոպական, Ստամբուլի և Էգեյան ազատ գոտիներն են։ Ընդ որում ազատ գոտիներ համարվող տարածքներում գործող ընկերություններն ազատված են եկամտահարկից, իսկ այստեղ մտնող ապարանքների համար ԱԱՀ և մաքսային հարկեր չեն վճարում։ Նախատեսված են նաև այլ արտոնություններ։