Հայաստանի հայերի էթնիկ ինքնության միջուկը

24 ր.   |  2020-03-27

Իրավիճակը և խնդիրը

Մ եր ժամանակաշրջանի էությունը պոստմոդեռնին անցումն է։ Մշակութային ոլորտում այն արտահայտվում է մարդու ինքնության, այդ թվում՝ սեռային, ընտանեկան, էթնիկ, ազգային, քաղաքակրթական խարխլմամբ, կազմալուծմամբ, տարրալուծմամբ և ինքնության կամայական էկլեկտիկ կազմավորումներով փոխարինումով[1]։ Պոստմոդեռնին անցումը բնութագրվում է բազմաթիվ նոր և իրարամերժ արժեհամակարգերի և վարքագծային մոդելների առատությամբ, ինֆորմացիոն հոսքերի ինտենսիվացմամբ և դրանցում առկա իրարամերժ և հակասական բովանդակությունների առկայությամբ։ Արագ փոփոխությունները մարդկանց մոտ առաջացնում են արդի աշխարհի անկայունության և ապագայի նկատմամբ վախի զգացողություն։ Իրարամերժ և նախկինում անընդունելի վարքագծային մոդելների և արժեհամակարգերի ներթափանցումն առօրյա կյանքում առաջացնում է հասարակական բարքերի անկման, այլասերման և քաղաքակրթական ճգնաժամի զգացողություն։ Արժեհամակարգային անլուծելի կոնֆլիկտները մարդու ընկալումներում իմաստազրկում են իր իսկ կյանքը[2]։ Այդ պրոցեսների տարածմանը մեծապես նպաստում է այն, որ․ «տնտեսապես զարգացած հասարակությունները չեն ձևավորել այնպիսի գաղափարախոսություններ, որոնք ունակ են բավարարելու մարդկանց գոյության իմաստավորվածության և միմյանց միջև ընդհանրության զգացողության պահանջմունքները»։[3]

Սակայն կյանքի ընթացքի հիմնական միտումները միշտ առաջացնում են հակադիր միտումներ։ Մարդիկ գիտակցաբար կամ ենթագիտակցաբար ձգտում են պահպանել  իրենց ինքնությունը, որի կարևորագույն և ամենախորքային շերտը էթնիկ ինքնությունն է։ Սոցիալ-հոգեբանական տեսակետից էթնիկ ինքնության կարևորագույն հատկանիշը միջսերնդային կայունությունն է, որն էթնիկ ինքնության այլ տարրերի հետ միասին՝ ընդհանուր ծագում, լեզու, մշակույթ, սովորություն, հավատալիքը, ծես, հայրենիք, պահպանում կամ վերականգնում է այն, ինչից նրանց զրկում է պոստմոդեռնը։

Նախորդ երկու հոդվածներում[4] զանգվածային սոցիոլոգիական հետազոտության տվյալների շտեմարանի վերլուծության միջոցով, կառուցվել և ուսումնասիրվել են հայերի անհատական և կոլեկտիվ քաղաքակրթական ինքնության կերպարները (patterns), վերլուծվել է դրանց կառուցվածքը՝ հինգ քաղաքակրթական ինքնությունների կոնտեքստում, բացահայտվել են քաղաքակրթական տարբեր կերպարներ ունեցող առավել կարևոր սեգմենտները, գնահատվել են դրանց ծավալները, վեր հանվել Հայաստանի հայերի անհատական և քաղաքակրթական ինքնության դինամիկան, գնահատվել են քաղաքակրթական բնութագրերի և դրանց դինամիկայի  ազդեցությունները հասարակության կայունության վրա։

Ներկայացվող հոդվածը նախորդ երկուսի շարունակությունն է, քանի որ դիտարկում է Հայաստանի հայերի դիրքորոշումներն իրենց իսկ ինքնության մեկ այլ շերտի՝ էթնիկ ինքնության վերաբերյալ։ Ուսումնասիրվել է հայերի էթնիկ ինքնության կարևորագույն բաղադրիչների նշանակությունը Հայաստանի հայերի դիրքորոշումներում՝ անձին որպես հայ նույնականացման հարցում։ Սահմանվել է հայերի էթնիկ ինքնության միջուկ և էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածություն (ամրություն) հասկացությունները։ Մշակվել էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության գնահատման մեթոդաբանությունը, որի կիրառմամբ բացահայտվել է էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչների, միջուկի կենտրոնացվածության և կառուցվածքի դինամիկան, ինչպես նաև այդ միջուկի կապը հայերի քաղաքակրթական ինքնության հետ։

Հայերի էթնիկ ինքնության պահպանման տեսակետից, հոդվածում ներկայացված արդյունքներն ունեն ոչ միայն տեսական, այլև՝ գործնական նշանակություն։ 

Տվյալները և մեթոդաբանություն

Տվյալները

Հ ոդվածում ներկայացված արդյունքները ստացվել են «Կյանքի որակը Հայաստանում 2015» և «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011» համահանրապետական սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների շտեմարանի երկրորդային վերլուծության հիման վրա։ Երկու հետազոտություններն էլ իրականացրել է IPSC Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը, որոնց հեղինակն է Ս. Ա. Մանուկյանը։

«Կյանքի որակը Հայաստանում 2015» հետազոտության ընդհանուր համակցությունն էր Հայաստանի 18 և ավելի բարձր տարիքի բնակչությունը։ Ընտրանքը՝ հավանականային, բազմաստիճան ստրատիֆիկացված, կլաստերային, ներկայացուցչական է ըստ մարզերի, բնակավայրի տիպի (Երևան, քաղաքներ, գյուղեր), սեռի և տարիքի։ Ընտրանքի ծավալը՝ 2011 հարցվող։ Ընտրանքային սխալը՝ ± 2.18%։

«Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011» հետազոտության ընդհանուր համակցությունն էր Հայաստանի 18-29 տարեկան բնակչությունը՝ երիտասարդությունը։ Ընտրանքը՝ հավանականային, բազմաստիճան ստրատիֆիկացված, կլաստերային, ներկայացուցչական է ըստ մարզերի, բնակավայրի տիպի (Երևան, քաղաքներ, գյուղեր), սեռի և տարիքի։ Ընտրանքի ծավալը՝ 1196 հարցվող։ Ընտրանքային սխալը՝ ± 2.83%։

Մեթոդաբանությունը

Հ այերի էթնիկ ինքնության ուսումնասիրությունը կատարվել է «Կյանքի որակը Հայաստանում 2015» և «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011» հետազոտություններում առկա հետևյալ հարցախմբի կիրառմամբ.

«Հետևյալ հատկանիշներից որո՞նք են պարտադիր՝ հայ համարվելու համար.

  • Ինքն իրեն հայ համարելը (հետագա շարադրանքում երբեմն՝ «նույնականացում, ինքնանույնականացում»),
  • Հոր հայ լինելը, («հայրը»),
  • Մոր հայ լինելը, («մայրը»),
  • Հայերեն խոսել իմանալը, («լեզու»),
  • Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանելը, («կրոնը»),
  • Հայաստանն իր միակ հայրենիքը համարելը» («հայրենիքը»):

Պատասխանների տարբերակներն էին՝ «պարտադիր է» և «պարտադիր չէ»։ «Դժվարանում եմ պատասխանել» տարբերակը հարցվողին չէր ներկայացվում։

Պատասխանների տարբերակներն արտապատկերում են էթնոսի սահմանման համար առավել հաճախ կիրառվող հիմնական բնութագրերը։

Այսպես՝ «ինքն իրեն հայ համարելը» արտապատկերում է անձի էթնիկ ինքնագիտակցությունը կամ ինքնանույնականացումը։

«Հոր հայ լինելը» և «Մոր հայ լինելը» արտահայտում է «արյան գործոնը»՝ հայ համարվելու համար գենետիկական կապի կարևորությունը, որը սահմանային դեպքում (սերունդներով դեպի անցյալը տեղաշարժվելիս) անուղղակիորեն արտապատկերում է հայ էթնոսի միասնական ծագումը։

 «Հայերեն խոսել իմանալը» և «Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանելը» արտապատկերում են էթնոսի կարևորագույն մշակութային բնութագրերը՝ ընդհանուր լեզուն և ընդհանուր հավատալիքները[5]որոնք կազմավորում են հայկական մշակույթի միասնականության միջուկը։

Իսկ «Հայաստանն իր միակ հայրենիքը համարելը» անուղղակիորեն արտապատկերում է էթնոսի ևս մեկ պարտադիր բնութագիրը՝ ընդհանուր և միասնական տարածք ունենալը։

Բնութագրերի կառուցվածքում բացակայում է միասնական սովորույթներ բնութագիրը։ Այն չի ընդգրկվել հետազոտական գործիքում, քանի որ դրա հստակ և հասկանալի ներկայացումը «միջին» հարցվողին պահանջում էր բավական ծավալուն օպերացիոնալացում[6], որն անցանկալի էր տեխնիկական պատճառներով՝ հետազոտությունների հարցաթերթերը շատ ծավալուն էին և դրանց էլ ավելի մեծացումը դաշտային աշխատանքներում կարող էր հանգեցնել հավաքագրվող տվյալների որակի կտրուկ անկման և անկառավարելի սխալների մեծ կուտակման։

Երկու հետազոտություններում էլ էթնիկ ինքնության բաղադրիչների կարևորությունը գնահատվել է «պարտադիր է» ածականով։ Ժամանակային առումով առաջին հետազոտության («Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011»)  արդյունքների մեթոդաբանական գնահատումը հանգեցրեց այն եզրակացության, որ գերադասելի էր այդ բաղադրիչները գնահատել ինտենսիվության սանդղակով[7], ինչը թույլ կտար իրականացնել ավելի նուրբ վերլուծություն, սակայն, մեթոդաբանական նկատառումներով, երկրորդ հետազոտությունում նույնպես կիրառվեց «պարտադիր է/[պարտադիր չէ]» տարբերակը։

Առաջինը՝ ավելի կարևոր համարվեց երկու հետազոտությունների միջև ընկած չորս տարիների ընթացքում էթնիկ ինքնության դինամիկայի հնարավորինս ճշգրիտ գնահատումը։ Սանդղակի փոփոխությունը կխարխլեր 2011 և 2015 թթ. արդյունքների (18-29 տարեկան երիտասարդների խմբում) համադրելիության հիմքը։

Երկրորդ պատճառը՝ «Կյանքի որակը Հայաստանում 2015» հետազոտության հարցաթերթի շատ մեծ ծավալն է։ Ավելի նուրբ ինտենսիվության սանդղակի կիրառումը կմեծացներ հարցազրույցի տևողությունը՝ դրանից բխող անցանկալի հետևանքներով։

Երկու հետազոտություններում էլ ընտրանքում շատ փոքր քանակով (1%-ի կարգի) առկա էին նաև այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ։ Երկու հետազոտությունների ընտրանքներում հարցվողների էթնիկ կառուցվածքները տրված են Աղյուսակ 1-ում։

Այլ էթնիկ խմբերին պատկանող հարցվողների պատասխանները հաշվարկներում չեն օգտագործվել։

Աղյուսակ 1. Հետազոտությունների ընտրանքների էթնիկ կառուցվածքները։

Հոդվածում սահմանվել և կիրառվել են «Էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության ինդեքս», «Էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածություն» հասկացությունները, որոնք գտնել գիտական հրապարակումներում հեղինակին չհաջողվեց։

Արդյունքներ

Էթնիկ ինքնության միջուկը և դրա բաղադրիչները

2 015 թ.-ին, Հայաստանի հայ հասարակության 18 և ավելի տարիքի անձանց շրջանում, էթնիկ ինքնության դիտարկված բաղադրիչները պարտադիր համարող հարցվողների քանակը տրված է Գծապատկեր 2-ում։


Գծապատկեր 1.

  • Արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի հայ հասարակությունում, անձին հայ համարելու համար բոլոր դիտարկված բաղադրիչների առանձին-առանձին պարտադիր լինելը շատ տարածված է։

Ամենից տարածված բնութագիրն է անձի՝ որպես հայ ինքնանույնականացումը («Ինքն իրեն հայ համարելը»), որը որպես պարտադիր բնութագիր է նշել հարցվածների 83%-ը։ Դրան հետևում է չորս բնութագրերի խումբ՝ «հոր հայ լինելը», «հայերեն խոսել իմանալը», «Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանելը» և «Հայաստանն իր միակ հայրենիքը համարելը»։ Դրանցից յուրաքանչյուրը նշել է հարցվածների մոտ երեք քառորդը՝ 76-77%-ը։ Շատ բարձր է նաև «մոր հայ լինելը» բնութագիրը պարտադիր համարողների քանակը։ Այն նշել է հարցվողների երկու երրորդը՝ 67%։

Ստացված արդյունքը թույլ է տալիս պնդել, որ.

  • Դիտարկված վեց բնութագրերի համախմբությունը լավ է մոտարկում հայերի էթնիկ ինքնության միջուկը։

Այդուհանդերձ պետք է նշել, որ ասվածից չի հետևում, որ հայերի էթնիկ ինքնության միջուկը կազմված է բացառապես նշված բնութագրերից։ Հնարավոր է, որ դրա կազմում կան նաև այլ բնութագրեր, որոնք դուրս են մնացել հետազոտության տեսադաշտից։

Էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության ինդեքսը

Ք անի որ էթնիկ ինքնության միջուկի բնութագրերից և ոչ մեկը պարտադիր չի համարվել բոլոր հարցվողների կողմից, հետևաբար, տարբեր մարդիկ անձին հայ համարելու համար նշել են տարբեր քանակով պարտադիր բնութագրեր։ Ընդ որում, պարտադիր բնութագրերի նույն քանակը, օրինակ չորսը, կարող էր կազմավորվել տարբեր զուգորդություններով[8]։  

Այս համատեքստում, հարց է առաջանում՝ որքանո՞վ է տվյալ անձի մոտ կամ հասարակական խմբում կամ ամբողջ հասարակությունում «ամուր» («կենտրոնացված» «կոնսոլիդացված») էթնիկ ինքնության միջուկը։ 

Հետազոտությունում, էթնիկ ինքնության միջուկի ամրությունը բնութագրելու համար կառուցվել է Էթնիկ ինքնության կենտրոնացվածության ինդեքսը, որն իրենից ներկայացնում է տվյալ հարցվողի կողմից անձին հայ համարելու համար որպես պարտադիր նշված բաղադրիչների քանակը։

Ինդեքսի կառուցման տրամաբանությունը և բովանդակությունը հետևյալն է՝ որքան տվյալ անձն ավելի մեծ քանակով բաղադրիչներ է պարտադիր համարում մարդուն հայ համարելու համար, այնքան, մնացած հավասար պայմաններում, նրա մոտ ավելի «կենտրոնացված է» («ամուր է», «համախմբված է») էթնիկ ինքնության միջուկը։ Եվ, հակառակը՝ փոքր քանակով բնութագրերի պարտադիր լինելու պահանջը կնշանակի էթնիկ ինքնության միջուկի ցածր կենտրոնացվածություն։ 

Կառուցված ինդեքսը փոփոխվում է [0; 6] միջակայքում։ Ինդեքսի 0 արժեքը նշանակում է, որ հարցվողը էթնիկ ինքնության դիտարկված վեց բաղադրիչներից ոչ մեկը անձին հայ համարելու համար պարտադիր չի համարել, այսինքն, այդ արժեքի դեպքում հարցվողի էթնիկ ինքնության կենտրոնացվածությունը նվազագույնն է։ Իսկ ինդեքսի 6 արժեքը նշանակում է, որ հարցվողը անձին հայ համարելու համար պարտադիր է համարել բոլոր վեց դիտարկված բաղադրիչները, այսինքն, հարցվողի էթնիկ ինքնության կենտրոնացվածությունն առավելագույնն է։

  • Հետազոտության նպատակների համար ադեկվատ է ինդեքսի դիտարկումը ամենամեծ արժեքից՝ ամենափոքրը ուղղությամբ։

Ինդեքսի որակի փորձարկումը ցույց տվեց, որ այն շատ բարձր է։[9] Էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության ինդեքսը հարմար է տարբեր հասարակություններում և հասարակական խմբերում էթնիկ ինքնության միջուկի համեմատությունների և դինամիկայի ուսումնասիրության, քանի որ շատ դեպքերում թույլ է տալիս վեց փոփոխականի փոխարեն դիտարկել միայն մեկը։

Էթնիկ ինքնության կենտրոնացվածության ինդեքսի արժեքների բաշխումը և ինդեքսի արժեքների կուտակային բաշխումը (ինդեքսի ամենամեծ՝ 6 արժեքից դեպի ամենափոքր՝ 0 արժեքը) Հայաստանի հայ հասարակության շրջանում 2015 թ.-ին, տրված է Գծապատկեր 2-ում։


Գծապատկեր 2.

Ինդեքսի բաշխումը և կուտակային բաշխումը թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանի հայ հասարակությունում էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածությունը բարձր է։ Այսպես, հայերի մոտ կեսը (48%-ը), անձին հայ համարելու համար պարտադիր է համարել բոլոր վեց բնութագրերի պարտադիր առկայությունը։ Այս խումբն ունի էթնիկ ինքնության առավելագույն հնարավոր կենտրոնացվածություն։ Հայերի մոտ երկու երրորդը՝ (62%) պարտադիր է համարում հինգ և ավելի բնութագրերի առկայությունը, մոտ երեք քառորդը՝ (72%) չորս և ավելի բնութագրերի առկայությունը, իսկ չորս հինգերորդը` (81%) երեք և ավելի բնութագրերի առկայությունը։

Էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության չափը

Ա յդուհանդերձ ինդեքսն ունի յոթ արժեք, որը տարբեր խմբերի համեմատությունների դեպքում առաջացնելու է մի կողմից ընկալման դժվարություն, իսկ մյուս կողմից բազմակի մեկնաբանություններ։ Ցանկալի է ինդեքսի միջոցով ստանալ էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության մեկ թվով արտահայտված չափ։ Դրա համար կարելի է կիրառել տարբեր մոտեցումներ։

Առաջին մոտեցում՝ որպես հասարակությունում կամ դրա որևէ խմբում էթնիկ ինքնության կենտրոնացվածության չափ կարելի է օգտագործել տնտեսագիտությունում որևէ տնտեսական ոլորտի կամ նիշայի կենտրոնացվածության գնահատման համար լայնորեն կիրառվող տնտեսական ոլորտի կենտրոնացվածության հարաբերությունները՝ CRN (concentration ratio)։

Դրանք սահմանվում են որպես տվյալ տնտեսական ոլորտի N ամենախոշոր ֆիրմաների գումարային (կուտակային) մասնաբաժնին։ Առավել հաճախ կիրառվում է CR4-ը, այսինքն՝ ոլորտի չորս ամենախոշոր ֆիրմաների մասնաբաժինը։ Որքան ավելի մեծ է այդ մասնաբաժինը, այնքան ավելի մեծ է ոլորտի կենտրոնացվածությունը։[10] Երբեմն օգտագործվում է նաև CR1-ը, որը ցույց է տալիս, թե շուկայի որ մասն է գրավում ամենախոշոր ֆիրման։[11]

Մեր դեպքում այս մոտեցման կիրառելիության մեթոդաբանական հիմքն այն է, որ էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածությունը չափելիս, որպես «ֆիրմա» հանդես է գալիս էթնիկ ինքնության ինդեքսի տվյալ արժեքն ունեցող հասարակական խումբը։

Մեր դեպքում՝ ամենամեծ ֆիրմայի անալոգն է` ինդեքսի 6 [առավելագույն] արժեք ունեցող խումբը, որը տիրապետում է ամբողջ «շուկայի» (հասարակության) 48%-ին (CR1 = 0.48)։ Երկրորդ ամենամեծ ֆիրմայի անալոգն է՝ ինդեքսի 5 արժեք ունեցող խումբը, որը տիրապետում է ամբողջ «շուկայի» 14%-ին (հետևաբար, CR2 = 0.48 + 0.14 = 0.62), երրորդ խոշոր ֆիրմայի անալոգն է ինդեքսի 4 արժեք ունեցող խումբը՝ 10% մասնաբաժնով (CR3 = 0.48 + 0.14 + 0.10 = 0.72), իսկ չորրորդ խոշոր ֆիրմայի անալոգը՝ ինդեքսի 3 արժեք ունեցող խումբը՝ 9% մասնաբաժնով (CR4 = 0.48 + 0.14 + 0.10 + 0.9 = 0.82)։

Այս անալոգիայի կիրառման դեպքում.

  • Էթնիկ ինքնության միջուկի կուտակային բաշխումները՝ սկսած ինդեքսի ամենամեծ արժեքից, իրենից ներկայացնում է էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության CRհարաբերությունները, որտեղ N = 6, 5, 4, 3, 2, 1, 0։
  • Հայաստանի հայերի շրջանում 2015 թ․-ին էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածությունը կազմել է CR4-= 0.82 (տես՝ Գծապատկեր 2), որը պետք է մեկնաբանել որպես կենտրոնացվածության բարձր մակարդակ:[12]

Երկրորդ մոտեցում՝  որպես էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության չափ կարելի է կիրառել էթնիկ ինքնության կենտրոնացվածության ինդեքսի միջին արժեքը։ Մեր դեպքում ինդեքսի միջին արժեքը հավասար է 4.53-ի։ Եթե անցնենք համեմատությունների համար ավելի հարմար և ընկալելի չափերի՝ ներկայացնելով ստացված արժեքները որպես [0; 6] սանդղակի ամբողջ դիապազոնի մաս (այսինքն՝ նորմավորենք ինդեքսը), ապա

  • Էթնիկ ինքնության կենտրոնացվածության նորմավորված ինդեքսի միջին արժեքը կստացվի՝ Mnorm = 4.53/6 = 0.755։

Այնուամենայնիվ, սոցիոլոգիական մեթոդիկայի տեսակետից, էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության չափերի մեկնաբանությունը ցանկալի է դուրս բերել կառուցված ինդեքսը կիրառելով այլ էթնոսների վերաբերյալ հետազոտություններում, որից հետո, վիճակագրական բազմաչափ մեթոդների և մոդելների կիրառմամբ, ուսումնասիրել ինդեքսի շաղկապվածությունները էթնոսների ինքնության ամրությունն արտապատկերող այլ բնութագրերի հետ։ Սակայն, մենք չունենք այդպիսի հետազոտությունների իրականացման հնարավորություն։    

Վերադառնալով Գծապատկեր 2-ի տվյալներին, հարկ է նշել, որ հայ հասարակության միայն մեկ տոկոսը մարդուն հայ համարելու համար պարտադիր չի համարել դիտարկված վեց բնութագրերից և ոչ մեկի առկայությունը։ Այդ խումբն առաջացել է գնահատման սանդղակի (պարտադիր է/պարտադիր չէ) առանձնահատկության հետևանքով (տես՝ «Մեթոդաբանություն» հատվածը)։ Խումբը կազմված է այն անձանցից, ովքեր դիտարկված բնութագրերը համարել են ոչ թե «պարտադիր», այլ այս կամ այն չափի կարևոր։

«Արյան» և «մշակույթի» գործոնների տարածվածությունը

Բ ացի հայերի էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության պատկերից և չափից, առանձնակի հետաքրքրություն ունեն այն հարցերի պատասխանները, թե Հայաստանի հայերի ո՞ր մասն է հայ համարելու համար պարտադիր համարում և՛ հոր, և՛ մոր հայ լինելը, այսինքն՝ «Մաքուր արյան գործոնի» տարածվածությունը և ո՞ր տոկոսն է համարում, որ հայ համարելու համար մարդը պարտադիր պետք է իմանա հայերեն և, միաժամանակ, պատկանի Հայ Առաքելական եկեղեցուն, այսինքն՝ «Ազգը՝ որպես մշակույթ» գործոնի տարածվածությունը։

Տվյալների վերլուծությունը պարզեց, որ «Մաքուր արյան» և «Մշակույթի» գործոնները պարտադիր են մոտավորապես նույն քանակով հայերի խմբերի համար (Գծապատկեր 3, Ա և Բ)։


Գծապատկեր 3.

Եթե էլ ավելի ընդհանրացնենք արդյունքները, ապա ստացվում է, որ Հայաստանի հայերի 54%-ը մարդուն հայ համարելու համար պահանջում է և՛ «մաքուր արյան», և՛ «ազգը՝ որպես մշակույթ» գործոնների միաժամանակ պարտադիր լինելը (Աղյուսակ 2)։ Իսկ այդ երկու գործոնները միաժամանակ պարտադիր չեն համարող սեգմենտը 10% է, որի անդամները մարդուն հայ համարելու համար պարտադիր են համարում կամ ինքնությունը կամ հայրենիքը կամ՝ երկուսը միաժամանակ։


Աղյուսակ 2. «Արյան» և «մշակույթի» գործոնները պարտադիր համարող սեգմենտների ծավալները։

Էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչների և կենտրոնացվածության փոփոխության միտումները

Հայաստանի հայերի էթնիկ ինքնության բաղադրիչների և կենտրոնացվածության փոփոխությունը ժամանակի ընթացքում գնահատվել է երկու մոտեցմամբ՝ դրանք համեմատվել են.

  • Առաջինը՝ 2011 և 2015 թթ. հետազոտություններում 18-29 տարեկանների շրջանում։
  • Երկրորդը՝ 2015 թ. հետազոտության չորս տարիքային խմբերում՝ 18-29, 30-45, 46-60 և 60 տարեկանից բարձր խմբերում։
Էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչների փոփոխությունները 18-29 տարեկանների խմբում՝ 2015 թ.-ին 2011 թ. համեմատ

2011 և 2015 թթ. հետազոտություններում էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչների համեմատությունը 18-29 տարեկանների խմբերում ներկայացված է Գծապատկեր 4-ում։


Գծապատկեր 4.

Տվյալները ցույց են տալիս, որ

  • 2011-2015 թթ. ընթացքում, Հայաստանի 18-29 տարեկան հայ երիտասարդության շրջանում, էթնիկ ինքնության միջուկի բոլոր բաղադրիչները էապես նվազել են։
  • Նվազումը տարբեր բաղադրիչների դեպքում կազմել է 10-20%։

Ամենամեծ չափվ նվազել է հոր հայ լինելու (21%-ով) և հայերեն խոսել իմանալու պայմանի պարտադիր լինելը (19%), իսկ ամենափոքր չափով՝ Հայաստանն իր միակ հայրենիքը համարելու պայմանը (11%)։

Համապատասխանաբար 2015 թ.-ին՝ 2011 թ. համեմատ, նվազել է նաև էթնիկ ինքնության առավելագույնս համախմբված միջուկի ծավալը, այսինքն՝ այն անձանց տոկոսը, ովքեր անձին հայ համարելու համար պարտադիր են համարում միաժամանակ բոլոր վեց բնութագրերը (Գծապատկեր 5)։  Եթե 2011 թ.-ին այդպիսիք էին 18-29 տարեկանների 49%-ը, ապա 2015 թ.-ին՝ 39%-ը։ Բացի դրանից, այդ խմբում առաջացել է 2% ծավալով խումբ, ովքեր անձին հայ համարելու համար պարտադիր չեն համարում դիտարկված վեց բնութագրերից և ոչ մեկը (հիշենք, որ «պարտադիր» համարելը համարժեք չէ «կարևոր» համարելուն, տես՝ «Մեթոդաբանություն» հատվածը)։


Գծապատկեր 5.

Էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչները տարիքային խմբերում, 2015 թ.

Է թնիկ ինքնության տարրերը 2015 թ. հետազոտության տարիքային խմբերում տրված են Գծապատկեր 6-ում՝ գծային դիագրամների միջոցով։ Գծապատկերում ինքնության յուրաքանչյուր բաղադրիչը տրված է առանձին գույնով։ Յուրաքանչյուր բաղադրիչի արժեքն ամբողջ հասարակության համար տրված են համապատասխան գույնով, սակայն առանձին բաղադրիչների փոփոխությունների միտումների տեսողական ընկալման դյուրացման համար, դրանք գծերով միացված չեն տարիքային խմբերի տվյալներին։

Նույն Գծապատկեր 6-ի ներքևի հատվածում տրված է  էթնիկ ինքնության յուրաքանչյուր բաղադրիչի փոփոխության չափը 18-29 տարեկանների խմբում՝ 60 և ավելի տարեկանների խմբի համեմատ։


Գծապատկեր 6.

Ստացված պատկերը վերահաստատում է Գծապատկեր 4-ի արդյունքները.

  • Էթնիկ ինքնության բոլոր բաղադրիչների պարտադիր լինելը նվազում է տարիքի նվազմանը (կամ՝ ժամանակի ընթացքին) զուգահեռ։
  • Այդ նվազումն առավել նշանակալի է լեզվի իմացության (-19%), հոր (-17%) և մոր (17%) հայ լինելու և Հայաստանն իր միակ հայրենիքը համարելու (17%) պահանջների համար։
  • Նշանակալի նվազել է նաև կրոնի գործոնի նշանակությունը (-10%):
  • Մյուս կողմից, համարյա չի փոխվել (վիճակագրորեն նշանակալի փոփոխություն չի կրել) իրեն որպես հայ նույնականացնելու պահանջը։
Էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության ինդեքսի և կենտրոնացվածության գնահատականների փոփոխությունը

Աղյուսակ 3-ում տրված է էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության ինդեքսի կուտակային տոկոսները 2011 թ. 18-29 տարեկանների խմբում, 2015 թ. չորս տարիքային խմբերում և 2015 թ. Հայաստանի հայ հասարակության շրջանում։


Աղյուսակ 3. Էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության ինդեքսի կուտակային տոկոսները տարիքային խմբերում, 2011 թ. (18-29 տարեկան), 2015 թ. (18-29, 30-45, 46-60 և 60+ տարեկան)։ 

Աղյուսակի տվյալներից երևում է, թե ինչպես է նվազել Հայաստանի հայերի շրջանում էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածությունը։ Նախ՝ 2015 թ.-ին ինդեքսի 6 արժեք՝ առավելագույն հնարավոր կենտրոնացվածություն ունեցողների քանակը (այլ կերպ՝ CR1-ը) 18-29 տարեկանների խմբում 2011 թ. համեմատ նվազել է 10%-ով՝ 49%-ից մինչև 39%:

Էական նվազման միտումը արտահայտվում է նաև նույն ցուցանիշը 2015 թ. տարիքային խմբերում դիտարկելիս։ Եթե 60+ տարիքային խմբում, անձին հայ համարելու համար բոլոր վեց բնութագրերը պարտադիր են համարել այդ տարիքային խմբի 57%-ը, ապա 18-29 տարեկանների խմբում այն նվազել է համարյա 20%-ով՝ 57%-ից մինչև 39%:

CR4-ը կենտրոնացվածության հարաբերությունը, որը աղյուսակում ինդեքսի 3 արժեքին համապատասխանող տողն է, 2015 թ. 18-29 տարեկանների խմբում 2011 թ. նույն տարիքային խմբի համեմատ նվազել է 21%-ով՝ 97%-ից մինչև 76%, իսկ 2015 թ. 60+ տարիքային խմբի համեմատ՝ 14%-ով։

Հայաստանի հայ հասարակության էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության հարաբերության CR4 և ինդեքսի նորմավորված միջինի փոփոխությունը տարիքային խմբերում ներկայացված է Գծապատկեր 7-Ա-ում և իսկ ինդեքսի միջին արժեքի փոփոխությունը՝ Գծապատկեր 7-Բ-ում։


Գծապատկեր 7.

Գծապատկեր 7-Ա-ից բխող կարևոր մեթոդաբանական եզրակացությունն այն է, որ.

  • էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության չափերը՝ «CR4» և «ինդեքսի նորմավորված միջին արժեք», միմյանց հետ կապված են համարյա գծայնորեն՝ դրանց հարաբերությունը տարբեր խմբերում գտնվում է 8-10% միջակայքում (դա երևում է նաև գծապատկերից, որի վրա կարմիր և կանաչ գծերը համարյա զուգահեռ են)։

Հետևաբար, կարող ենք կատարել մեթոդաբանական եզրակացություն.

  • Էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության դինամիկայի ուսումնասիրությունը կարելի է կատարել դիտարկված երեք ցուցանիշներից (CR4, էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության միջին արժեք կամ էթնիկ ինքնության միջուկի նորմավորված ինդեքսի միջին արժեք) յուրաքանչյուրով։

Էթնիկ ինքնության կառուցվածքը

Ա րդյո՞ք էթնիկ ինքնության դիտարկված վեց բնութագրերը շաղկապված են, և, եթե այո, ապա՝ ինչպե՞ս։ Այս հարցը համարժեք է հասարակական գիտակցությունում էթնիկ ինքնության բնութագրերի կառուցվածքի բացահայտմանը։ Այդ հարցի պատասխանը ստանալու համար կիրառվել է գործոնային վերլուծություն։

  • Գործոնային վերլուծությունը ցույց տվեց, որ էթնիկ ինքնության միջուկի դիտարկված վեց բաղադրիչները բավականաչափ լավ արտապատկերվում են մեկ գործոնով։[13]

Ստացված արդյունքը վկայում է, որ

  • Չնայած դիտարկված բոլոր վեց բնութագրերից յուրաքանչյուրի բացահայտ բովանդակությունը էապես տարբերվում է մնացած հինգի բովանդակությունից (բացի «հոր» և «մոր» հայ լինելու պահանջից, որոնք ակնհայտորեն մոտ են միմյանց՝ արտահայտում են «արյան մաքրությունը»), այնուամենայնիվ, դրանց թաքնված (լատենտ) բովանդակություններն ունեն հզոր ընդհանրություն, այն է՝ դրանք բոլորն էլ էթնիկ ինքնության միջուկի կարևորագույն և անփոխարինելի բաղադրիչներն են։

Ստացված արդյունքը վկայում է, որ

  • Հետազոտության մեթոդաբանությունը՝ էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչների սահմանման տեսակետից՝ ադեկվատ է։

Հիմնվելով նախնական գործոնային վերլուծության արդյունքների մանրամասն դիտարկման վրա[14], իրականացվել է երկգործոն մոդելի կառուցում, որը թույլ է տալիս ավելի խորը պատկերացում կազմել Հայաստանի հայ հասարակության աշխարհայացքում էթնիկ ինքնության կառուցվածքի վերաբերյալ։ Այդ մոդելը տրված է Գծապատկեր 8-ում։[15]


Գծապատկեր 8. Էթնիկ ինքնության միջուկի կառուցվածքի երկգործոն մոդելը։

Պատկերից երևում է, որ, եթե էթնիկ ինքնության միջուկի հինգ բաղադրիչները շատ սերտ են շաղկապված միմյանց հետ (մոդելում խմբավորվել են «Էթնիկ ինքնության միջուկի գործոնում»), ապա «ինքն իրեն հայ համարելը» բաղադրիչը վերածվել է առանձին՝ «նույնականացման գործոնի»։

Ստացված արդյունքը հուշում է, որ․

  • Հայ հասարակության գիտակցությունում մարդուն հայ համարելու համար «ինքն իրեն հայ համարելը» բաղադրիչը, որն ամենատարածվածն է, էթնիկ ինքնության մնացած բաղադրիչների համեմատ ունի նաև ավելի բարձր ինքնուրույնություն։
Քաղաքակրթական և էթնիկ ինքնության շաղկապվածությունները

Հայ հասարակության էթնիկ ինքնության միջուկի կառուցվածքը կարելի է դիտարկել ավելի լայն, մասնավորապես՝ քաղաքակրթական ինքնության կոնտեքստում։ Այդ դեպքում հարց է առաջանում.

  • Արդյո՞ք ինքնության քաղաքակրթական և էթնիկ շերտերը փոխկապակցված են և, եթե այո, ապա՝ ինչպե՞ս։

Այդ հարցի պատասխանը ստանալու համար իրականացվել է երկու առանձին գործոնային վերլուծություն։

Առաջինը՝ հայերի էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչների գործոնային վերլուծություն եվրոպական և հայկական անհատական քաղաքակրթական ինքնությունն արտապատկերող փոփոխականների հետ։

Եվ երկրորդը՝ էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչների և հայկական ու եվրոպական քաղաքակրթական առանցքների վրա լարվածություններն արտապատկերող փոփոխականների հետ։

Վերլուծությունը կատարվել է եվրոպական և հայկական քաղաքակրթական առանցքների համար, քանի որ նախորդ հոդվածում ցույց է տրվել այդ երկու առանցքների վրա ինքնության և լարվածության արժեքների կարևորությունը Հայաստանի հայ հասարակության սոցիոմշակութային դինամիկայի և արժեքային կոնֆլիկտների տեսակետից։

Ստացված արդյունքները տրված են համապատասխանաբար Գծապատկեր 9 Ա և Բ-ում։


Գծապատկեր 9. Էթնիկ և քաղաքակրթական գործոնների շաղկապվածությունը

Երկու գծապատկերների ընդհանուր պատկերը (pattern) նույնն է`

  • Երկուսում էլ առաջացել է երկու՝ էթնիկ ինքնության և քաղաքակրթական ինքնության գործոններ։
  • Երկու գծապատկերներում էլ հայկական և եվրոպական քաղաքակրթական ինքնությունները գտնվում են քաղաքակրթական գործոնի հակադիր հատվածներում։ Մասնավորապես, Գծապատկեր 9 Ա-ում հայկական քաղաքակրթական պատկանելությունը գտնվում է վերևում՝ գործոնի դրական բարձր արժեքների տիրույթում (այդ առանցքի վրա արժեքը՝ 0.609), իսկ եվրոպական քաղաքակրթական պատկանելությունը՝ գործոնի բացարձակ արժեքով մեծ բացասական արժեքների տիրույթում (արժեքը՝ -0.821)։
  • Երկուսում էլ՝ էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչները, բացի «ինքնանույնականացում» բաղադրիչից, քաղաքակրթական առանցքի վրա ունեն շատ փոքր, սակայն դրական արժեք։

Գծապատկերներում ստացված այդ կերպարներից բխում է, որ

  • Հայկական քաղաքակրթական ինքնությունը և էթնիկ ինքնության միջուկի բոլոր բաղադրիչները (բացի «ինքնանույնականացում» բաղադրիչից), միաժամանակ են աճում կամ նվազում (դրական են կորելացված)։
  • Այսինքն, երբ նվազում է հայկական քաղաքակրթական ինքնանույնականացումը, ապա, մնացած հավասար պայմաններում, շատ թույլ կերպով նվազում են նաև էթնիկ նույնականացման միջուկի կենտրոնացվածությունը։
  • Եվրոպական քաղաքակրթական ինքնությունը և էթնիկ ինքնության միջուկի «ինքնանույնականացում» բաղադրիչը միաժամանակ են աճում կամ նվազում (դրական են կորելացված)։
  • Այլ կերպ՝ երբ աճում է եվրոպական քաղաքակրթական ինքնանույնականացումը, ապա աճում է մարդուն հայ համարելու համար «ինքն իրեն հայ համարելը» բաղադրիչի ինքնաբավությունը։

Գործոնային վերլուծության տվյալներում «հայրենիք», «հայր», «մայր», «կրոն», «լեզու» բաղադրիչների փոքր արժեքները հուշում են, որ անհրաժեշտ է վիճակագրորեն համոզվել, որ ստացված արդյունքներն իրականում գոյություն ունեն։

Դրա համար կառուցվել են ռեգրեսիոն մոդելներ (Աղյուսակ 4).

  • Հայկական անհատական քաղաքակրթական ինքնության կախվածությունը էթնիկ ինքնության տարրերից (Աղյուսակ 4, Մոդել 1),
  • Եվրոպական անհատական քաղաքակրթական ինքնության կախվածությունը էթնիկ ինքնության տարրերից (Աղյուսակ 4, Մոդել 2),
  • Հայկական անհատական քաղաքակրթական ինքնության կախվածությունը էթնիկ ինքնության կենտրոնացվածության ինդեքսից (Աղյուսակ 4, Մոդել 3),
  • Եվրոպական անհատական քաղաքակրթական ինքնության կախվածությունը էթնիկ ինքնության ինդեքսից (Աղյուսակ 4, Մոդել 4)։

Ստացված արդյունքները ներկայացված են Աղյուսակ 4-ում։


Աղյուսակ 4. Հայկական և եվրոպական քաղաքակրթական անհատական ինքնության կախվածությունը էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչներից և էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության ինդեքսից։

Եզրակացություններ

Մեթոդաբանական եզրակացություններ
  1. Հայերի էթնիկ ինքնության հոդվածում դիտարկված վեց տարրերի համախմբությունը՝ ինքն իրեն հայ համարելը, հոր հայ լինելը, մոր հայ լինելը, հայերեն խոսել իմանալը, Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանելը և Հայաստանն իր միակ հայրենիքը համարելը, լավ է մոտարկում հայերի էթնիկ ինքնության միջուկը։
  2. Հետազոտությունում, էթնիկ ինքնության միջուկի ամրությունը բնութագրելու համար կառուցվել է Էթնիկ ինքնության կենտրոնացվածության ինդեքսը, որն իրենից ներկայացնում է տվյալ հարցվողի կողմից անձին հայ համարելու համար որպես պարտադիր նշված բաղադրիչների քանակը։ Ինդեքսն ընդունում է [0; 6] արժեքները։
  3. Էթնիկ ինքնության կենտրոնացվածության ինդեքսի կուտակային բաշխումը (ինդեքսի արժեքների նվազման ուղղությամբ) ինդեքսի 4 արժեքի դեպքում ադեկվատ է կիրառելու համար որպես Էթնիկ ինքնության ամրության (կենտրոնացվածության) չափ։ Այն համարժեք է տնտեսագիտությունում կիրառվող կենտրոնացվածության CR4 հարաբերությանը։
Արդյունքների վրա հիմնված եզրակացություններ

Արդյունքները վերաբերվում են 2015 թ․-ին։

  1. Հայաստանի հայ հասարակությունում, անձին հայ համարելու համար բոլոր դիտարկված բաղադրիչների առանձին-առանձին պարտադիր լինելը շատ տարածված է․


Աղյուսակ 5․

  1. Հայաստանում էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածությունը բարձր է․ CR1-= 0.483, CR4= 0.816, նորմավորված ինդեքսի միջին արժեքը՝ Mnorm = 0.755:
  2. Հայաստանում էթնիկ ինքնության միջուկի բոլոր բաղադրիչների տարածվածությունը նվազում է։
  3. Համապատասխանաբար, նվազում է նաև էթնիկ ինքնության միջուկի ամրությունը։ Եթե ամենաավագ տարիքային խմբում Էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածությունը կազմել է CR= 0.90, ապա 18-30 տարեկան երիտասարդների խմբում՝ CR= 0.76։
  4. Հայաստանի հայերի շրջանում քաղաքակրթական և էթնիկ ինքնության շերտերը թույլ, սակայն վիճակագրորեն հավաստի, շաղկապված են։ Այդ շաղկապվածությունները հետևյալն են․
    • Երբ նվազում է հայկական քաղաքակրթական ինքնանույնականացումը, ապա, մնացած հավասար պայմաններում, նվազում են նաև էթնիկ նույնականացման միջուկի կենտրոնացվածությունը։
    • Եվրոպական քաղաքակրթական ինքնությունը և էթնիկ ինքնության միջուկի «ինքնանույնականացում» բաղադրիչը աճում կամ նվազում են միաժամանակ։
    • Երբ աճում է եվրոպական քաղաքակրթական ինքնանույնականացումը, ապա էթնիկ ինքնության միջուկի «ինքն իրեն հայ համարելը» բաղադրիչը առանձնանում է մնացած հինգ բաղադրիչների խմբից և սկսում է ավելի ու ավելի վերածվել անկախ գործոնի։
  5. Սփյուռքահայերի և Հայաստանից դուրս անժամկետ բնակվող հայերի դեպի Հայաստան ներհոսքի դեպքում, հայերի էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության նվազումը նպաստավոր է նրանց Հայաստանի հասարակությունում ինտեգրման տեսակետից։
  6. Հայերի հայրենադարձության անհաջողության դեպքում, հնարավոր է այլ էթնիկ և կրոնական խմբերի պատկանող անձանց ներհոսքը Հայաստան։ Ռազմավարական հեռանկարում, այդ խմբերի քանակական աճը՝ հայերի էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության նվազման պայմաններում, կառաջացնի միջէթնիկ և միջկրոնական լարվածությունների և կոնֆլիկտներ։
  7. Ազգային անվտանգության տեսակետից կոմպլեքսային բազմաչափ գնահատական տալու համար հայերի էթնիկ ինքնության միջուկի դինամիկայի հնարավոր բացասական և դրական ազդեցությունների վերաբերյալ, անհրաժեշտ է հավելյալ ուսումնասիրություն։
  8. Այդ հետազոտության արդյունքների հիման վրա անհրաժեշտ է մշակել Հայաստանում հայերի էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության մակարդակի կառավարման հայեցակարգ՝ որը կպարունակի փոփոխվող աշխարհում հայերի էթնիկ ինքնության սպառնալիքների բնույթին համապատասխան մոտեցումներ և ռազմավարական դրույթներ։
Հետագա ուսումնասիրություններ

Ստացված արդյունքների կոնտեքստում առաջանում են մի քանի յուրահատուկ հարցեր․

  1. Արդյոք ազդեցություն ունի՞ էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածությունը Հայաստանի հայ հասարակությունում հայերի էթնոմշակութային ենթախմբերի, մասնավորապես՝ սփյուռքահայերի, ադրբեջանահայերի, թուրքահայերի և արցախահայերի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունների վրա։
  2. Արդյոք ազդեցություն ունի՞ էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածությունը այլ էթնիկ և կրոնական խմբերի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունների վրա։
  3. Ինչպե՞ս են միմյանց հետ շաղկապված Հայաստանի հայերի էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության չափը և հասարակության դիրքորոշումները ավանդական արժեքների նկատմամբ։

[1] Дугин А.Г. Этносоциология. – М.: Академический проект, 2011. – 635 с. – (Gaudeamus).

[2] Тоффлер Э. Шок будущего: Пер. с англ. - М.: ООО «Издательство ACT», 2002. - 557, с. - (Philosophy).

[3] Росс Л., Нисбетт Р. Человек и ситуация. Перспективы социальной психологии / Пер. с англ. В. В. Румынского под ред. Е. Н. Емельянова, B. C. Магуна - М.: Аспект Пресс, 1999. - 429. էջ 327։

[4] Манукян, С. А. Цивилизационная идентичность и ее динамика в Армянском обществе. "Вестник РАУ" - Гуманитарные и общественные науки, N3, 2019

Մանուկյան, Ս. Ա. (2020). Հայաստանի հասարակության քաղաքակրթական ինքնության կառուցվածքը, դինամիկան և հասարակական կայունությունը. Առբերված է Orbeli Center.-ից

[5] Այս դրույթը հիմնավորվում է նրանով, որ Հայ Առաքելական Եկեղեցին 1700ից ավելի տարիների ընթացքում իր մեջ է ներառել հայերի հնագույն հավատալիքների և ծեսերի նշանակալի հատված և պարունակում է գերբնականի վերաբերյալ հայերի պատկերացումների մեծ մասը։

[6] Սոցիոլոգիայում «օպերացիոնալացումը» մեթոդաբանական փուլ է, որը հետևում է հետազոտությունում կիրառվող հիմնական հասկացությունների բովանդակության տեսական մեկնաբանությունը և կոնկրետացմանը։ Այն իրենից ներկայացնում է տեսական հասկացության կոնկրետացված կառուցվածքի փոխակերպմանը չափելի ինդիկատորների։  

[7] Օրինակ՝ կարելի էր կիրառել «բոլորովին կարևոր չէ», «կարևոր չէ», «ավելի շուտ կարևոր չէ», «ավելի շուտ կարևոր է», «շատ կարևոր է», «պարտադիր է» ինտենսիվության սանդղակը, որի առաջին հինգ աստիճանները կազմում են կիրառված սանդղակի «պարտադիր չէ» կատեգորիան։ 

[8] Մասնավորապես, չորս բնութագրերից կազմված և չկրկնվող ենթաբազմությունների քանակն է՝ ։

[9] Ինդեքսի որակի ցուցանիշը՝ Կրոնբախի α = 0.794:  Այդ ցուցանիշի արժեքը 0.70-0.80 միջակայքում համարվում է «լավ» մակարդակ, իսկ 0.80-0.90 միջակայքում՝ «գերազանց» մակարդակ (տես՝ DeVellis, R. Scale development. Newbury Park, NJ: Sage Publications. (1991).):

Բացի դրանից, ինդեքսի որակի մասին է վկայում նաև այն, որ 2015 թ. էթնիկ ինքնության բաղադրիչների գործոնային վերլուծությունը՝ սեփական վեկտորների 1-ից մեծ լինելու պայմանի կիրառմամբ, տվել է միագործոն մոդել։ Այդ գործոնը բացատրում էր բոլոր վեց փոփոխականների ընդհանուր դիսպերսիայի 50%-ը։

[10] Կենտրոնացվածության CRհարաբերության արժեքները, որպես կանոն, մեկնաբանվում են հետևյալ կերպ. 0% - կենտրոնացվածության բացակայություն, (0%; 40%] – ցածր կենտրոնացվածություն, (40%; 70%] – միջին կենտրոնացվածություն, (70%; 100%) – բարձր կենտրոնացվածություն և 100% - լիակատար կենտրոնացվածություն (մոնոպոլիա)։ Երբեմն կիրառվում է նաև հետևյալ մեկնաբանությունը՝  (0%; 50%] ցածր կենտրոնացվածություն, (50%; 80%] – միջին կենտրոնացվածություն և (80%; 100%] – բարձր կենտրոնացվածություն։  

[11] CR> 50%-ից համարվում է բարձր կենտրոնացվածություն։

[12] Էթնիկ ինքնության միջուկի ցածր կենտրոնացվածություն կստացվեր, օրինակ ինդեքսի հետևյալ բաշխման դեպքում՝ 6 արժեք ունի հասարակության 0%-ը, 5 արժեք՝ 5%-ը, 4 արժեք՝ 10%-ը, 3 արժեք՝  15%-ը, 2 արժեք 20%-ը, 1 արժեք 25%-ը և 0 արժեք՝ 25%-ը։ Այս դեպքում՝ CR= 0.30, որը համարվում է ցածր կենտրոնացվածություն։

[13] Տես՝ ծանոթագրություն 4։

[14] Բնութագրերի ընդհանրությունների (communalities) դիտարկումը ցույց տվեց, էթնիկ ինքնության միջուկի ինքնանույնականացում («ինքն իրեն հայ համարելը») բաղադրիչն ունի բավական բարձր եզակիություն (specifity): Ինչը նշանակում էր, որ արժե դիտարկել էթնիկ ինքնության միջուկի ավելի նուրբ վերլուծություն։

[15] Երկու գործոնները բացատրում են վեց փոփոխականների ընդհանուր դիսպերսիայի 64%-ը։