Անկարա-Բաքու տնտեսական համագործակցությունը
11 ր. | 2020-03-242 019թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Թուրքիա-Ադրբեջան տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է մինչև 2023թ. Ադրբեջանի հետ առևտուրը հասցնել $15մլրդ.-ի: Նույնը միտքը կրկնեց նաև Ի. Ալիևը 2020թ. փետրվարի 25-ին Բաքվի բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստի ժամանակ՝ շեշտելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կստորագրվեն պայմանագրեր, այդ թվում՝ արտոնյալ առևտրի համաձայնագիր, ինչն ապագայում կխթանի առևտրաշրջանառությունը:[1]
Ապագային միտված տնտեսական կանխատեսումները պայմանավորված են վերջին 5 տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության և ներդրումներ ավելացմամբ: Չնայած այս զարգացումներին՝ տարբեր առիթներով երկու երկրների պաշտոնյաների և փորձագետների կողմից հաճախ է ընդգծվում, որ այն դեռևս ցանկալի մակարդակի վրա չէ:
Ներդրումային համագործակցությունը
Թ ուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերություններում կարելի է առանձնացնել ներդրումային համագործակցությունը, որը երկու երկրների համար էլ շահավետ է: Ընդ որում, Ադրբեջանն աստիճանաբար վերածվել է Թուրքիայի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողներից մեկի։
Համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ի՝ 2002-2018թթ. Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում կազմում են $11.2 մլրդ., իսկ Թուրքիայինը՝ $11 մլրդ.: Այլ տեղեկություններով՝ 2019թ. Ադրբեջանն արդեն կատարել է շուրջ $17 մլրդ.-ի ներդրում, և կանխատեսվում է, որ SOCAR-ի կողմից նոր նախագծերի իրականացման արդյունքում մինչև 2020թ. ավարտը այն կկազմի $20 մլրդ.:[2] Ադրբեջանական ներդրումների մեծ մասն ուղղված է Թուրքիայի էներգետիկ ոլորտին:
Դեռևս 2006թ.-ին երկու երկրները ստեղծեցին համատեղ ընկերություն ՝ SOCAR Turcas Energy-ին (Turcas Petrol- 25%, Թուրքիա, Aksoy Holding-24%, Թուրքիա և SOCAR-51%, Ադրբեջան): Այն գործունեություն է ծավալում հիմնականում նավթագազային ոլորտում: Գազի և նավթի վերամշակումից, վաճառքից, ներմուծումից և արտահանումից բացի, ընկերությունը զբաղվում է գազի (Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար) և նավթի (Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղ) մարքեթինգային հարցերով:[3]
2008թ.-ին թուրքական գործընկերոջ միջոցով, որը ներկայացնում էր այս համատեղ ընկերությունը, Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR) ձեռք բերեց Թուրքիայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը՝ Petkim Petrokimya Holding-ը[4]: Նախնական ներդրումը կազմել է $2.4 մլրդ.: Այս հոլդինգի կառավարման նպատակով հիմնադրվեց «SOCAR Turkiye Enerji» դուստր ընկերությունը:
2018թ.-ին «Petkim» համալիրի տարածքում գործարկվեց «Star» (SOCAR Turkey Aegean Refinery) նավթավերամշակման գործարանը: Նախագծի ներդումային արժեքը կազմել է $6.3 մլրդ., որից $2.4մլրդ.-ը ֆինանսավորվել է SOCAR-ի կողմից, մնացածը՝ 23 առևտրային բանկերի կողմից, որոնց հետ 2014թ.ին «SOCAR Turkiye Enerji»-ին ստորագրեց վարկային պայմանագրեր: Գործարանը տարեկան վերամշակելու է 10 մլն. տոննա հում նավթ (արտադրելու է նավթակոքս, հեղուկ գազ, ավիավառելիք, ծծումբ և այլն):
Բացի այդ, Socar-ի խոշոր նախագծերից են Իզմիրի շրջանի Ալիաղա նավահանգստում՝ «Petlim Container Terminal»-ի, ինչպես նաև 51 ՄՎտ հզորությամբ PETKIM հողմակայանի կառուցումը, որպես SOCAR-ի՝ Թուրքիայում վերականգնվող էներգիայի ներդրումների մաս:[5]
Փեթլիմի տերմինալը, աղբյուրը http://www.petlim.com.tr/images
2 019թ. SOCAR-ը ձեռք բերեց Թուրքիայի գազի բաշխման շուկայում գործող «EWE Turkey Holding»-ը, որը պատկանում էր EWE AG գերմանական էներգետիկ ընկերությանը: Առաջիկայում այստեղ ևս սպասվում է նոր ներդրումների հոսք: «SOCAR Turkiye Enerji»-ին նախատեսում է նաև ներդնել $120 մլն.՝ նավթի և նավթամթերքի համար նախատեսված ռեզերվուարների շինարարության մեջ:[6]
Առաջիկայում նախատեսվում են այլ նախագծեր, որոնք վերաբերում են էլեկտրակայնների, գազի և բենզինի լիցքավորման կայանների և երկրորդ նավթավերամշակման գործարանի շինարարությանը: Ընդհանուր առմամբ, SOCAR-ի ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ 2019թ. կազմել են $14.2 մլրդ.: Եվս $5.3 մլրդ. ընկերությունը նախատեսում է ներդնել առաջիկա երեք տարիներին՝ էներգետիկ, կոմունիկացիոն ենթակառուցվածքների կառուցման և արդիականացման մեջ:
SOCAR-ից ու նրա դուստր ընկերություններից բացի, Թուրքիայում գործում են ադրբեջանական կապիտալով 2400 բիզնես կազմակերպություններ[7], որոնք առևտրային գործունեությանը զուգահեռ ներդրումներ են իրականացնում գյուղատնտեսության, անշարժ գույքի, տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկ, տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտներում, քիմիական ու մետալուրգիական արդյունաբերության մեջ և այլն:
Թ ուրքական ներդրումները Ադրբեջանում ուղղված են հիմնականում առավել եկամտաբեր ոլորտներին: Մասնավորապես, թուրքական կապիտալի մասնաբաժինը (5-19%) առկա է գրեթե բոլոր միջազգային կոնսորցիումներում, որոնք առնչվում են ադրբեջանական նավթի և գազի հանքավայրերի զարգացմանն ու արտահանմանը: Օրինակ՝ Թուրքական նավթային կորպորացիան (TPAO) իր մասնաբաժինն ունի հետևյալ նախագծերում՝
1. «Բաքու-Թբիլիսի-Ջեհյան» (նավթամուղ)- 6,53%,
2. «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» (նավթահանքերի մշակում)- 6,75%,
3. «Շահ Դենիզ» (գազի արդյունահանում)- 19%,[8]
4. «Արազ-Ալով-Շարգ» և «Քյուրդաշի» նավթարդյունահանման նախագծեր, համապատասխանաբար՝ 10 և 5%:[9]
Միևնույն ժամանակ, էներգետիկ ոլորտից դուրս Ադրբեջանում գործում են թուրքական կապիտալով ներդրումներ իրականացնող հազարից ավելի ընկերություններ, որոնց գերակշիռ մասը հիմնադրվել է թուրք գործարարների կողմից: Դրանցից 380-ն ամբողջովին թուրքական են, 370-ը՝ թուրք-ադրբեջանական համատեղ կապիտալով: Կան նաև թուրքական բրենդերը ներկայացնող և բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների կամ ձեռնարկությունների ներկայացուցչություններ: Փոքր և միջին ծավալների ներդրումներ այս ընկերությունների կողմից իրականացվում են բանկային, ապահովագրության և անշարժ գույքի ոլորտներում, հագուստի, շինարարական, փայտի և կենցաղային նշանակության ապրանքների արտադրությունում, հեռահաղորդակցության մեջ և այլն:[10] Հաշվի առնելով ներդրումների մեջ պետությունների մասնաբաժինը՝ նշենք, որ 1993-2016 թթ. Ադրբեջանում օտարերկրյա ներդրումների 25%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, Թուրքիան զբաղեցնում է երրորդ տեղը՝ 15% մասնաբաժնով:[11]
Ադրբեջանական շուկայում գործում են նաև թուրքական շինարարական կազմակերպություններ: Թուրքիայի շինարարական կապալառուների միության վիճակագրության համաձայն թուրքական ընկերություններն Ադրբեջանի տարբեր շրջաններում իրականացրել են 385 նախագիծ՝ $12.127 մլրդ. ընդհանուր արժեքով: Թուրքական շինարարական կազմակերպությունները կառուցում են տարբեր նշանակության ձեռնարկություններ, սպորտային համալիրներ, ավտոճանապարհներ և այլն:
1996թ.-ից գործող թուրքական շինարարական կազմակերպություններից ամենախոշորը «Tekfen İnşaat»-ն է, որի շինարարական աշխատանքները Ադրբեջանում կապված են հատկապես էներգետիկ ոլորտի (նավթագազային ոլորտ, վերականգնվող էներգետիկա) և պետական հիմնարկների շենքերի հետ:
Երկկողմ առևտրաշրջանառություն
Ի նչպես ցույց են տալիս 2018-2019թթ. վիճակագրական տվյալները, ընդհանուր առևտրաշրջանառությունում Թուրքիան Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերների հնգյակում 2-րդն է Իտալիայից հետո (աղյուսակ 1): Դա հավասարապես վերաբերում է թե՛ արտահանմանը, և թե՛ ներկրմանը (աղյուսակ 2):[12] Ինչ վերաբերում Ադրբեջանի դիրքերին, ապա այն Թուրքիայի արտաքին առևտրային ընդհանուր գործընկերների շարքում չի մտնում լավագույն քսանյակի մեջ:
Երկիր |
Ընդհանուր |
Իտալիա |
6 008 539 |
Թուրքիա |
4 509 496 |
Ռուսաստան |
3 022 046 |
Չինաստան |
2 184 194 |
Գերմանիա |
1 642 151 |
Աղյուսակ 1
Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերները (2019թ. $մլրդ.)
Երկիր |
Արտահանում |
Երկիր |
Ներկրում |
Իտալիա |
5 638 641 |
Ռուսաստան |
2 290 219 |
Թուրքիա |
2 862 694 |
Թուրքիա |
1 646 801 |
Իսրայել |
1 331 616 |
Չինաստան |
1 432 031 |
Հնդկաստան |
955 865 |
Շվեյցարիա |
1 223 277 |
Գերմանիա |
931 783 |
ԱՄՆ |
767 758 |
Աղյուսակ 2
Ադրբեջանի արտահանումն ու ներմուծումն՝ ըստ հիմնական գործընկերների (2019 $ մլրդ.)
Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի ներկայացրած տվյալներով երկկողմ առևտրաշրջանառությունը Թուրքիայի հետ 1992թ. կազմել է շուրջ $220 մլն., սակայն, ներկայումս այն հասնում $4.5 մլրդ.-ի (տե՛ս գրաֆիկ 1): Հարկ է, նկատել, որ 2009-2013 թթ.-ին Թուրքիայի արտահանումն Ադրբեջան աճել է մոտ 1.6 անգամ, իսկ ներմուծումը՝ 4.8:
Ինչ վերաբերում է արտահանման և ներմուծման հարաբերակցությանը, ապա մինչև 2017թ. Թուրքիայից արտահանման ծավալներն ավելի էին, քան Ադրբեջանից ներմուծումը. բացառություն են կազմել 2007 և 2015թթ.-ները: Այնուամենայնիվ, 2017-2019թթ. ի հաշիվ առաջնային էներգակիրների՝ Ադրբեջանի արտահանումը Թուրքիա աճել է 2 անգամ (տե՛ս գրաֆիկ 2):
Գրաֆիկ 1
Ներմուծման և արտահանման կառուցվածքը (2018թ.)
2018թ.-ին Ադրբեջանից Թուրքիա արտահանված հիմնական ապրանքներն են՝ հանքային վառելիք և հանքայուղեր ($1.5 մլրդ.), բամբակ, բամբակե թելեր և գործվածքներ ( $78 մլն.), ալյումին և ալյումինե իրեր ($ 66 մլն.), պլաստմասսա և պլաստմասսայե իրեր ($ 36 մլն.), պղինձ և պղնձից պատրաստված իրեր ($ 30 մլն.), քիմիական ապրանքներ ($ 29 մլն.), երկաթ և պողպատից պատրաստված իրեր ($ 12 մլն.):
Նույն ժամանակաշրջանում Թուրքիայից Ադրբեջան արտահանվող ապրանքների մեջ առաջին տեղում են եղել կաթսաները, մեքենաներն ու դրանց սարքավորումներն ($232 մլն.), այնուհետև՝ երկաթն ու պողպատե իրերը ($ 110 մլն.), էլեկտրական սարքավորումները ($104 մլն.), պլաստմասսայե իրերը ($ 98 մլն.), հագուստները ($81 մլն.), կահույքն ու անկողնային պարագաները ($80 մլն.), թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը ($ 79 մլն.):[13]
Այսպիսով, 2018թ. Թուրքիա-Ադրբեջան երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է $ 3.4 մլրդ., որից $ 1.8 մլրդ.-ը Ադրբեջանի բաժինն է, իսկ Թուրքիայինը՝ $1.5 մլրդ.: 2018թ-ին՝ Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ արտահանվող առաջնային ապրանքների կառուցվածքը 2015-2017թթ. համեմատ գործնականում չի փոխվել:
Գրաֆիկ 2
2013-2018թթ. Ադրբեջանը կտրուկ ավելացրել է «Շահ-Դենիզ» հանքավայրից բնական գազի արտահանումը Թուրքիա՝ 4.2 մլրդ. մ3-ից հասցնելով 7.5 մլրդ. մ3-ի: Այս վերջին ցուցանիշով, Ռուսաստանից (23.6 մլրդ.մ3) և Իրանից (7.8 մլրդ.մ3) հետո 2018թ. դրությամբ Ադրբեջանը Թուրքիային գազ մատակարարող երրորդ խոշոր երկիրն է (տե՛ս գրաֆիկ 3)[14]: Դեպի Թուրքիա նավթի արտահանման մեջ Ադրբեջանի մասնակցությունը շատ ցածր է. հիմնական մատակարարող երկրների շարքում այն զբաղեցնում է 25-րդ տեղը: 2018թ. արտահանել է 30 հազ. տոննա հում նավթ[15]:
Գրաֆիկ 3
Ամփոփելով նշենք, որ 2020թ. փետրվարի 25-ին Թուրքիան և Ադրբեջանը ստորագրեցին տարբեր ոլորտներում համագործակցությանն ուղղված երկկողմ փաստաթղթեր, որոնցից մի քանիսն ունեն տնտեսական նշանակության։ Մասնավորապես, առևտրային արտոնյալ պայմանագրով նախատեսվում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքների (15 ապրանքատեսակ) փոխադարձ առաքման զրոյական մաքսատուրքի սահմանում: Ի դեպ, նշենք, որ Թուրքիայի կառավարության որոշումով դեռևս 2017թ.-ի հոկտեմբերից առանց մաքսատուրքերի և արտոնյալ պայմաններով Նախիջևանում արտադրված 43 ապրանքատեսակ (13-ը գյուղատնտեսական և 30-ը արդյունաբերական) առանց մաքսատուրքերի և արտոնյալ պայմաններով արտահանվում է Թուրքիա:
Բացի արտոնյալ առևտրից, կողմերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր Կարսից Նախիջևան (Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու-Սադարակ-Նախիջևան-Ջուլֆա) երկաթուղային ճանապարհի նախագծի կառուցման վերաբերյալ[16]:
Քննարկվել է նաև Նախիջևանից դեպի Թուրքիայի սահման և Իգդիրից դեպի Նախիջևան 160 կմ երկարությամբ գազատարի կառուցման հարցը, որի վերաբերյալ կողմերը ստորագրել էին համաձայնագիր դեռևս 2010թ.-ին։ Երկու երկրների պետական ծառայությունների միջև ստորագրվել է նաև հակամենաշնորհային քաղաքականության և սպառողական շուկայի վերահսկման վերաբերյալ համագործակցության արձանագրություն։
Համագործակցության հեռանկարով միջգերատեսչական հաստատությունների միջև ստորագրված մյուս պայմանագրերը վերաբերում են երկու երկրների միջև վիզաների, ռադիոհեռուստատեսության[17] և թվային մեդիայի[18], ռազմական և այլ ոլորտներին։
[1] http://interfax.az/view/793491
[2] Азербайджан увеличит инвестиции в экономику Турции до $20 млрд за счет новых проектов SOCAR, Cumhurbaşkanı Recep Tayyip Erdoğan, Azerbaycan'da
[3] А. Булатов, Научно-практическая конференция «Проблемы Вывоза Капитала из России», Научная жизнь, 2013, с. 290.
[4]Petkim Petrokimya Holding-ը, Թուրքիայի առաջատար նավթաքիմիական համալիրներից է, որտեղ արտադրվում են էթիլեն, պոլիէթիլեն և այլ նավթաքիմիական ապրանքներ, որոնք օգտագործվում են արդյունաբերական այլ ապրանքների արտադրության մեջ:
[5] SOCAR’s giant investment project - STAR Refinery launched
[6] SOCAR вышла на рынок газораспределения Турции
[7] Azerbaycan ekonomisine en büyük yatırımcı Türkiye
[8] 1996թ. կնքված պայմանագրով՝ Թուրքական նավթային կորպորացիայի (TPAO) մասնաբաժինը «Շահ Դենիզ» նախագծում 9% էր (տես, Каспийская нефть. Экономика и геополитика), սակայն ֆրանսիական Total S.A. նավթագազային ընկերությունը 2014թ. վաճառեց թուրքական ընկերությանը իր 10% մասնաբաժինը:
[9] Каспийская нефть. Экономика и геополитика (с. 55-57)
[10] “Azərbaycan İqtisadiyyatı” –Yenilənmiş ikinci nəşr, Osman Nuri Aras, Elçin Süleymanov, Bakı, 2016, səh.369
[11] Նույն տեղում, 330 էջ
[12] Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտե, Ölkələr üzrə xarici ticarət əlaqələri (Ölkələr üzrə idxal, Ölkələr üzrə ixrac)
[13] International Trade Centre, և Azerbaycan Cumhuriyeti ülke raporu, 2019, s. 7
[14] DOĞAL GAZ PİYASASI 2018 YILI SEKTÖR RAPORU, Ankara, 2019.
[15] PETROL PİYASASI 2018 YILI SEKTÖR RAPORU, Ankara, 2019.
[16]Դեռևս 2017թ. տրանսպորտի և ենթակառուցվածքների նախկին նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել էր, որ այս երկաթուղին հանդիսանալու է ավելի մեծ նախագծի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս (BTK) երկաթուղու մաս, մանրամասն տես Габриелян Айк, О строительстве железной дороги Карс-Игдыр-Нахичевань –Иран.
[17]Պայմանագիրը կնքվել է Թուրքիայի նախագահին առընթեր «Թվային փոխակերպման» գրասենյակի և Ադրբեջանի նախագահին առընթեր քաղաքացիներին ծառայությունների մատուցման և սոցիալական նորարարությունների ASAN պետական գործակալության միջև։
[18]Պայմանագիրը կնքվել է Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության (TRT) և Ադրբեջանի «AzTV» պետական հեռուստաընկերության միջև։