Ինչպիսի՞ն էր 2019 թվականը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար

7 ր.   |  2020-01-08

Տարվա կարևորագույն ձեռքբերումներից էր Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստում (2019թ., հունիսի 13) Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության ձեռքբերումը։ Ճանապարհային քարտեզը կարելի է դիտարկել որպես երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված ռազմավարական փաստաթուղթ, որը գործնական ուղեցույց է համաձայնագրի հռչակագրային և ընդհանուր իրավական դրույթների կյանքի կոչման համար։ Ճանապարհային քարտեզի շնորհիվ համաձայնագրի ուժի մեջ գտնվող հատվածը ենթարկվում է 100 տոկոսանոց կիրարկման։ Եվրոպական կողմն իր հերթին քանիցս գոհունակություն է հայտնել ՀԸԳԸ կիրարկման գործընթացից՝ նշելով, որ բոլոր գործողություններն ըստ սահմանված ժամանակացույցի են իրականացվում։

Հարկ է նշել, որ համաձայնագրի վավերացման գործընթացը բավականին դինամիկ է[1]. ԵՄ անդամ 23 երկիր արդեն վավերացրել է այն, իսկ մնացած 5 երկրներում գործընթացը մեկնարկել է։ Չնայած երբեմն հանդիպող քննադատությանը, թե գործընթացը ձգձգվում է՝ պետք է հաշվի առնել գործընթացի վրա ազդող գործոնները՝ ԵՄ անդամ երկրներում վավերացման գործընթացի ներքին ընթացակարգը, եվրոպական օրակարգում առկա խնդիրները (Բրեքսիթ, ԵՄ ղեկավարների ընտրություն, ԵՄ անդամ տարբեր երկրներում սոցիալական բողոքներ և այլն), որոնք անուղղակիորեն ազդում են գործընթացի տեմպերի վրա: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ վավերացումն ընթանում է բնականոն հունով, և ո՛չ հայկական, ո՛չ եվրոպական կողմը որևէ արհեստական խոչընդոտ չի ստեղծում: Պատկերն առավել ամբողջական ներկայացնելու համար, նշենք, որ օրինակ, Վրաստանի և Մոլդովայի պարագայում ԵՄ կողմից Ասոցացման համաձայնագրերի վավերացումը տևել է ավելի քան 2 տարի, իսկ Ուկրաինայի դեպքում՝ 3,5 տարի, այն դեպքում, որ այս երկրները եվրաինտեգրումը հայտարարել են արտաքին քաղաքական թիվ մեկ գերակայություն։ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից անցել է շուրջ երկու տարի, և այն արդեն վավերացվել է ԵՄ անդամ երկրների գերակշիռ մասի կողմից։


Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստ. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Աջակցությունը բարեփոխումներին

Հ Հ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները շարունակում են աջակցություն ստանալ և խրախուսվել ԵՄ կողմից։ Այդ մասին տարվա ընթացքում բազմիցս արձանագրվել է երկկողմ հանդիպումներին հաջորդող հայտարարություններում և նշվել է ԵՄ պաշտոնյաների կողմից։ Այս առնչությամբ կարելի է շեշտել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից հրապարակված վերջին հաղորդագրությունը, որը հաջորդել է դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ՀՀ Գործընկերության կոմիտեի 2-րդ հանդիպմանը։ Բրյուսելը, մասնավորապես,  իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի կապակցությամբ, հատկապես՝ դատական և հակակոռուպցիոն նոր ռազմավարությունների ուղղությամբ: ԵՄ բարձր ղեկավարության կողմից արձանագրվել է, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել ֆինանսական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ առաջ մղելու երկրում ընթացող բարեփոխումները։ Այս համատեքստում հատկանշական է նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 11-րդ ամենամյա համաժողովի հռչակագրի անդրադարձը Հայաստանում դատական իշխանության մասշտաբային բարեփոխում անցկացնելու կարևորությանը։

ՀՀ-ԵՄ համագործակցության արդյունավետության մասին է վկայում նաև ՀՀ-ում բարեփոխումների իրականացման շրջանակներում ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալների աճը։

2017-2020 թվականների համար ԵՄ-ն ավելի քան 160 մլն եվրո աջակցություն է հատկացրել Հայաստանին: Հատկանշական է, որ 2019թ. ԵՄ-ն Հայաստանին տարեկան տրամադրվող ֆինանսավորումն ավելացրել է 40 մլն եվրոյով, ինչը քաղաքական աջակցության հստակ արտահայտություն է: Ավելին, «արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը», ԵՄ կողմից «Տարեկան գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանին տրամադրվել է հավելյալ 25 միլիոն եվրո։

Վիզային ռեժիմի ազատականացում

Հ Հ-ԵՄ օրակարգում է նաև ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացումը: 2019թ. մարտի 5-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, անդրադառնալով վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը, նշել էր. «Տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են և հիմա ժամանակն է բոլոր անդամ պետությունների հետ համագործակցել այս հարցի շուրջ, որպեսզի մենք միասին կարողանանք ազատ առաջ շարժվել»: Սա վկայում է այն մասին, որ ԵՄ ղեկավարությունը որևէ խոչընդոտ չի տեսնում երկխոսության մեկնարկի համար։ Այն սկսելու համար, անհրաժեշտ է միայն Եվրոպական հանձնաժողովի դրական կարծիքը և ԵՄ անդամ երկրների համաձայնությունը։ Հատկանշական է, որ ՀՀ պետական պաշտոնյաները տարվա ընթացքում ԵՄ երկրներ իրենց այցերի ժամանակ մշտապես անդրադարձել են ազատականացման գործընթացի շուրջ երկխոսություն սկսելու կարևորությանը, ինչի արդյունքում էլ որոշ եվրոպական երկրներ արդեն իրենց աջակցությունն են հայտնել։

Հարկ է նշել, որ Արևելյան գործընկերության 3 երկրների ոչ այդքան դրական փորձի և միգրացիոն ճգնաժամի պատճառով ԵՄ երկրներն առավել զգայուն են դարձել այս հարցի կապակցությամբ։ Ուստի կարևոր է, որ ԵՄ հետ այս ուղղությամբ տարվող աշխատանքներն իրենց վրա չկրեն ԱլԳ մյուս երկրների՝ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի արդյունքում առաջացած խնդիրների ու մարտահրավերների ազդեցությունը և չդիտարկվեն այդ համատեքստում[2], քանի որ յուրաքանչյուր երկրի հետ գործընթացը կյանքի կոչելիս կարևոր է հաշվի առնել նրա առանձնահատկությունները։


 Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի  հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Այս կապակցությամբ պետք է շեշտել, որ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի շուրջ երկխոսության մեկնարկին ընդառաջ ԵՄ երկրներից ապաստան հայցող քաղաքացիների թիվը 2019թ.-ին նվազել է։ Մասնավորապես, 2019թ. հուվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ անդամ պետություններում ապաստան է հայցել 2,670 ՀՀ քաղաքացի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է 1100-ով կամ 29%-ով։ 2019թ. ինն ամիսների ընթացքում նվազման միտում է ունեցել նաև ամսվա վերջի դրությամբ ապաստանի ընթացիկ հայցերում ընդգրկված ՀՀ քաղաքացիների թիվը՝ 10,320-ից հասնելով 8,930-ի։

Դրական միտում է գրանցվել նաև ռեադմիսիայի գործընթացում։ Ստորև ներկայացված են 2018թ. և 2019թ. հունվար- դեկտեմբեր ամիսների ընթացքում ԵՄ-ից ստացված ռեադմիսիոն հայցերի թիվը և դրական պատասխանների չափը։


Ապաստան հայցողների թվի կրճատումը և ռեադմիսիոն հայտերի բավարարման միտումը դրական ազդակ կարող է լինել ազատականացման գործընթացի շուրջ երկխոսության մեկնարկի համար։

ԵՄ ԱլԳ տասնամյակ

2 019թ. նշանավորվեց նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի տասնամյակով։ Այս կապակցությամբ ինչպես ԱլԳ, այնպես էլ մի շարք եվրոպական երկրներում սկսվել են ԱլԳ գործունեության տասը տարիների ամփոփման ու գնահատման, ինչպես նաև ծրագրի շարունականության վերաբերյալ քննարկումները։

Կարևոր է շեշտել, որ այս փուլում օրակարգային են ԱլԳ ծրագրի ապագայի մասին քննարկումները: 2020թ. ավարտվելու է ԱլԳ երկրների հետ 2017թ. ընդունված «20 թիրախային արդյունք 2020թ. համար» փաստաթղթով սահմանվող գործողությունների ծրագիրը, և ԵՄ ղեկավար կազմը ԱլԳ գործընկերների հետ պետք է գործողությունների նոր համատեղ ծրագիր մշակի: Բավական կարևոր է, որ Հայաստանը՝ որպես ԱլԳ անդամ երկիր, հնարավորինս նախաձեռնողական լինի այդ ծրագրի մշակման աշխատանքներում՝ կայուն երկխոսություն ծավալելով թե՛ Եվրահանձնաժողովի նոր կազմի, թե՛ ԱլԳ գործընկեր երկրների հետ: Կարևոր է նաև այն, որ ԱլԳ երկրների հետ օրակարգի ձևավորման հիմքում ԵՄ-ն դնի յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները, ժողովրդավարության ոլորտում գրանցած առաջընթացը։

Պետք է փաստել, որ ԱլԳ երկրների հետ համագործակցության զարգացումը նաև Եվրահանձնաժողովի նոր կազմի գերակայությունների շարքում է։ Ըստ Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ Եվրահանձնաժողովի նոր կազմը շահագրգռված է արագացնել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրերի կիրարկման գործընթացը, և ամրապնդել փոխգործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ։

Նոր դեմքեր, նոր հնարավորություններ

2 019թ. կարևոր էր ԵՄ օրենսդիր մարմնի՝ Եվրախորհրդարանի ընտրությունների և դրանից հետո Եվրոպական Հանձնաժողովի նոր կազմի ձևավորման տեսանկյունից։ Հատկանշական է նաև տարվա ընթացքում ՀՀ-ում ԵՄ նոր դեսպանի նշանակման հանգամանքը։ Այս ամենը կարող է նոր ազդակ հաղորդել հարաբերություններին և նպաստել ՀՀ-ԵՄ օրակարգային շատ հարցերի շուրջ բանակցությունների ակտիվացմանը, հատկապես, երբ ԵՄ գործադիր մարմնի ղեկավար շրջանակներում մեծ պատրաստակամություն կա ամրապնդելու ԱլԳ երկրների հետ փոխգործակցությունը։ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո մեծ սպասելիքներ կան նաև ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցությունից՝ արդեն իսկ գոյություն ունեցող ՀՀ-ԵՄ խորհրդարանական կոմիտեի շրջանակներում։

2019թ. նպաստավոր տարի էր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար։ Կողմերի միջև կա համագործակցությունն ակտիվ տեմպերով առաջ մղելու պատրաստակամություն, ինչը, հատկապես, դրսևորվում է տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման շնորհիվ։ Այս դրական միտումը պետք է պահպանել և համագործակցությանը նոր թափ հաղորդել նաև սպասվող տարում՝  ԵՄ նոր ղեկավարների հետ աշխատանքների ակտիվացման և երկկողմ օրակարգի շատ հարցերի շուրջ շոշափելի հաջողություններ գրանցելու շնորհիվ։ 


[1] 2019թ. համաձայնագիրը վավերացրել է ԵՄ 15 անդամ՝ Մեծ Բրիտանիա, Բելգիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Սլովակիա, Սլովենիա, Չեխիա, Հունգարիա, Խորվաթիա, Ռումինիա, Գերմանիա, Կիպրոս, Իռլանդիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա: Համաձայնագիրը վավերացրել է նաև Իտալիայի Սենատը և հերթն արդեն երկրի Ներկայացուցիչների պալատինն է՝ գործընթացն ամբողջովին ավարտելու համար։

[2] Եթե Երկխոսության մեկնարկի ժամանակ Մոլդովայից, Վրաստանից և Ուկրաինայից անօրինական միգրացիայի ծավալները կազմում էին համապատասխանաբար՝ 4495, 5245, 12835, ապա Համաձայնագրի կնքման տարում կազմել է՝ 8755, 5705, 33795, ինչը խոսում է այն մասին, որ Մոլդովայի և Ուկրաինայի ցուցանիշները Համաձայնագրի կնքման տարում գրեթե կրկնապատկվել են, իսկ Վրաստանում ցուցանիշների ընդհանուր դինամիկան պահպանվել է: