Թուրքիայի Աքքույու ատոմակայանի նախագիծը

10 ր.   |  2019-12-24

 Արտաքին էներգետիկ շուկաներից կախվածությունը նվազեցնելու նպատակով Թուրքիան վերականգնվող էներգետիկան զարգացնելու քայլեր է ձեռնարկում, ինչպես նաև ակտիվորեն զարգացնում միջուկային էներգետիկան։ Ինչպես հայտնի է, առաջիկա տարիներին Ռուսաստանի հետ համատեղ կառուցվելու է Աքքույույի ատոմակայանը, որը Թուրքիայի խոշոր նախագծերից է։ ԱԷԿ-ի կառուցման մրցույթը հայտարարվեց 2008թ., սակայն հաջորդ տարի չեղարկվեց: Այնուհետև Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում 2010 թ. մայիսի 12-ին ստորագրվեց Թուրքիայի Հանրապետության Աքքույու տարածքում (Մերսինի շրջան, նկար 1) ատոմակայանի կառուցման և շահագործման համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը:


Նկար 1, Աքքույու ԱԷԿ
 տարածքը

Ը ստ համաձայնագրի՝ ատոմակայանը կառուցվելու է «կառուցիր-տիրապետիր-շահագործիր» (Build-Own-Operate) մոդելով, որը ենթադրում է չորս էներգաբլոկերի ԱԷԿ-2006 (3+ սերնդի՝ ВВЭР-1200 ռեակտոր) կառուցումը՝ 4800 ՄՎտ (4x1200 ՄՎտ) ընդհանուր հզորությամբ: Ծրագրի արժեքը 22-25մլդ. դոլար է, որն ամբողջապես ֆինանսավորելու է ռուսական կողմը. ավելի ստույգ՝ Անկարային 30 տարով վարկ է տրամադրելու:[1]

Հիմնական ներդրողը «Ռոսատոմ» պետական ընկերությունն է, որը պատասխանատու է ատոմակայանի նախագծման, շինարարության, շահագործման և պահպանման համար: Միևնույն ժամանակ նախագծում ներգրավված են տարբեր կազմակերպություններ՝ «Աքքույու նյուքլեար» ԲԸ (նախագծի գլխավոր պատվիրատու), «Атомэнергопроект» ԲԲԸ (կայանի գլխավոր նախագծող), «Атомстройэкспорт» (շինարարության գլխավոր կապալառու), «Концерн Росэнергоатом» ԲԲԸ (տեխնիկական պատվիատու), «Интер РАО-Уорли Парсонс» (լիցենզավորման հարցերով խորհրդատու), Կուրչատովի անվան ինստիտուտ (նախագծի գիտական խորհրդատու) և  ռուսական այլ կազմակերպություններ, որոնք պետք է զբաղվեն ատոմակայանի նախագծման  և տեխնիկական  հարցերով[2]:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև նախագծային համագործակցության ռուսական կողմը պատասխանատու է ԱԷԿ-ի նախագծման, շինարարության ղեկավարման և վերահսկողության, վառելիքի մատակարարման, ֆինանսավորման, կայանի տեխսպասարկման և արդիականացման, էլեկտրաէներգիայի մեծածախ վաճառքի, ռադիոակտիվ թափոնների հեռացման (վերամշակման), հետագայում՝ կայանի շահագործումից դուրս բերման (ըստ պլանի՝ նախատեսված է շահագործումից դուրս բերել 2083թ.) աշխատանքների համար:

Թուրքական կողմը, չկրելով որևէ ֆինանսական պատասխանատվություն, աջակցելու է լիցենզավորման և կառուցման տարածքի թույլատվությանը, զարգացնելու է թուրքական միջուկային ենթակառուցվածքները: Իսկ շինարարական-մոնտաժային աշխատանքների, հանրային իրազեկման, արտակարգ իրավիճակների դեպքում գործողությունների պլանավորման ու ֆիզիկական անվտանգության համար պատասխանատու են երկու կողմերը[3]:   


Նկար 2, Էներգաբլոկի կառուցվածքն ու անվտագության համակարգերը (
աղբյուր)

2018թ. տվյալներով բաժնետոմսերի ավելի քան 99%-ը պատկանում է «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկություններին (74.915%-ը՝ «Русатом Энерго Интернешнл» ԲԸ-ին, 21.948%-ը՝ «Концерн Росэнергоатом» ԲԸ-ին, 2.267%-ը՝ «Атомстройэкспорт» ՓԲԸ-ին, 0.025%-ը՝ «Атомтехэнерго» և «Атомэнергоремонт» բաժնետիրական ընկերություններին), ևս 0.82%՝ «Интер РАО» ԲԲԸ-ին: 2010 թ. պայմանագրով կա առանձին կետ, որի համաձայն արտասահմանյան ներդրողները կարող են ձեռք բերել ընկերության 49% բաժնեմասը:[4] 2017թ. «Ռոսատոմը» բանակացություններ էր վարում թուրքական մասնավոր և պետական կազմակերպությունների հետ՝ 49% բաժնեմասը վաճառելու նպատակով (ամբողջությամբ կամ մաս-մաս): Այսպես, նույն թվականին «Ռոսատոմը» պայմանավորվել էր վաճառել նախատեսված բաժնեմասն ամբողջությամբ «Cengiz-Kolin-Kalyon» թուրքական կոնսորցիումին, սակայն 2018թ. հայտնի դարձավ, որ բանակցությունները դադարեցվել են[5]: Այդ իսկ պատճառով «Ռոսատոմը» սկսեց փնտրել այլ հավանական ներդրողների, որոնց թվում նշվում է Թուրքիայի Էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերության (TEAŞ) ​​անունը: Համենայնդեպս, 2019թ. սեպտեմբեր ամսին այս ընկերության հետ դեռևս բանակցում էին 10% բաժնետոմսի գնման շուրջ[6]:

Ն ախկին դիվանագետ և էներգետիկ ոլորտի փորձագետ Մեհմեթ Օղյութչյույի կարծիքով ներկայում ռուսական կողմը ներդրողներ է փնտրում, քանի որ «Ռոսատոմը» ֆինանսական որոշ խնդիրների է բախվել: Մյուս կողմից՝ արևմտյան ընկերությունները, ըստ նրա, չեն ցանկանում ներդրումներ անել «Աքքույու» նախագծում՝ միջուկային զենք ստեղծելու մտավախության պատճառով[7]: Հավելենք, որ, ըստ նախագծի՝ առաջին բլոկը պետք է շահագործման հանձնվի 2020թ., սակայն, ռուսական ինքնաթիռը խփելու և ֆինանսական դժվարությունների պատճառով այդ ժամկետը մի քանի տարով կարող է հետաձգվել՝ առաջին բլոկը, ամենայն հավանականությամբ, կշահագործվի 2023թ.՝ Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակին:

2018թ. ապրիլի 3-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վ. Պուտինն ու Ռ. Էրդողանը մասնակցեցին «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին բլոկի հիմնադրմանը։ 2019թ. ամռանը ՌԴ-ից Աքքույու է բերվել 150 տ. քաշով «հալվածքի ծուղակ» (plume, corium trap) կոչվող սարքավորումը (տես նկար 3):


Նկար 3, www.rosatom.ru

«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի խոսքերով, շինթույլտվությունը ստանալուց հետո, հույս ունեն մինչև 2019թ. տարեվերջ սկսել նաև երկրորդ բլոկի կառուցումը:

Անվտանգային և կադրային հարցերը

Բ նական է՝ թուրքական կողմին առավելապես մտահոգում է բնապահպանական, ատոմակայանի անվտանգության, այդ թվում՝ ռադիոակտիվ թափոնների հետագա ճակատագրի հարցը: Հասարակական տարբեր կազմակերպություններ, ինչպես օրինակ «Մերսինի հակամիջուկային պլատֆորմը», որը համախմբել է բնապահպաններին, դեմ են ԱԷԿ-ի կառուցմանը[8]: 

2018թ. թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ «Աքքույու» ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնները պահպանվելու են Տավրոսի լեռներում: Այս թեմայի վերաբերյալ 2018թ. հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքը՝ վստահեցնելով, որ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ թափոնների առաջին խմբաքանակն ատոմակայանի շահագործումից յոթ տարի անց՝ 2030թ., տեղափոխվելու է Ռուսաստան, ինչի վերաբերյալ կա կողմերի պայմանավորվածություն: Որոշ տեղեկություններով՝ թափոնները Ռուսաստան են տեղափոխվելու ծովային ճանապարհով (Միջերկրական-Էգեյան-Մարմարա ծովերով, այնուհետև՝ Բոսֆորի նեղուցով): Միաժամանակ աշխատանքներ են տարվելու փոխադրման ընթացքում վթարների կամ հարձակման ռիսկերի կառավարման համար: Դրա հետ մեկտեղ, քննարկվում է նաև այն հարցը թե մինչև Ռուսաստան ուղարկելը որտեղ և ինչպես են պահվելու թափոնները [9]:

Ուշագրավ է, որ 2017թ. հուլիսի 6-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Թուրքիայի վերաբերյալ որտեղ, թիվս այլ հարցերի, կոչ էր անում Անկարային հրաժարվել«Աքքույու» ԱԷԿ-ի կառուցումից, քանի որ սեյսմիկ տեսանկյունից ընտրված վայրը ծայրաստիճան վտանգավոր է. աղետի դեպքում այն սպառնալիք կլինի ոչ միայն Թուրքիայի, այլև Միջերկրական ծովի երկրների համար:[10]Նշենք, որ 1975-2013թթ. Թուրքիայի տարածքում սեյսմիկ վտանգի գնահատման հետազոտություններ են արվել, որոնց արդյունքով «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման տարածքը համարվում է ամենահանգիստը:[11]

Մասնագետները, սակայն, նշում են, որ ԱԷԿ-ը կառուցվելու է սեյսմիկ ռիսկ ունեցող տարածքում՝ օրինակ բերելով 2015թ. Մերսինի նահանգի հարավային շրջաներում 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժը[12]: Ավելորդ չենք համարում նշել, որ 2019թ. դեկտեմբերի 17-ին Մերսինի նահանգի Անամուր շրջանում տեղի ունեցավ 3.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը բավական մոտ է Աքքույու ԱԷԿ-ի տարածքին (գտնվում է Մերսին նահանգի Գյուլնարի շրջանում), իսկ 2019թ. հոկտեմբերին երկրաշարժ գրանցվեց նաև Գյուլնարի շրջանում (2.0 բալ):


Նկար 4
, Թուրքիայի սեյսմիկ քարտեզը

Ամեն դեպքում, մասնագետները հավաստիացնում են, որ Թուրքիայի ատոմակայանի նախագծում հաշվի են առվել տարբեր գործոններ, այդ թվում՝ ըստ Ռիխտերի սանդղակի՝ ինը բալ ուժգնության երկրաշարժի, ցունամիի, ինքնաթիռի անկման հնարավորությունն ու այլ արտաքին սպառնալիքները:[13]

Ատոմակայանի աշխատանքների հետ կապված կադրերի պատրաստման հարցը ևս գտնվում է ուշադրության կենտրոնում: Հարկ ենք համարում նշել, որ Թուրքիայի ատոմային էներգիայի հանձնաժողովի հիմնադրմանը զուգահեռ (հիմն. 1956թ.), որը հետագայում վերանվանվեց Թուրքական ատոմային էներգիայի գործակալության  (TAEK), առաջ քաշվեց միջուկային էներգետիկայի և միջուկային տեխնոլոգիաների ոլորտում խորքային հետազոտություններ իրականացնող ինստիտուտների ստեղծման և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման հարցը, որի համար ստեղծվեցին խոշոր հետազոտական կենտրոններ, որոնցից մի քանիսը՝ Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալությանը կից։ 1958թ. հիմնադրված Չեքմեջեի միջուկային հետազոտական և ուսումնական կենտրոնը (ÇNAEM) համարվում է միջուկային ոլորտում հետազոտություններ իրականացնող և մասնագետների վերապատրաստման գլխավոր կառույցներից մեկը: Գործում են նաև Անկարայի և Սարայքյոյի անվան միջուկային հետազոտական և ուսումնական կենտրոնները: Ուշագրավ է, որ 1999թ. հիմնադրված Թյուրքական պետությունների միջև միջուկային համագործակցության, հետազոտական և ուսումնական կենտրոնը փակվել է 2010թ.:[14]

Ինչ վերաբերում է «Աքքույու» ԱԷԿ-ի մասնագետների պատրաստմանը՝ նշենք, որ ՌԴ-ն թուրք ուսանողներին իր համալսարաններում մասնագիտական ​​կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռել, որոնք ուսումն ավարտելուց հետո աշխատելու են «Աքքույու» ԱԷԿ-ում: Թուրք ուսանողների ընտրությամբ զբաղվում են «Ռոսատոմը», Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Ռուսաստանի ազգային հետազոտական միջուկային ինստիտուտը (МИФИ), Սանկտ Պետերբուրգի ճարտարագիտական համալսարանը և «Աքքույու նյուքլեեր» ԲԸ-ն[15]: Նախապատրաստական ​​դասընթացի ծրագիրը ներառում է ռուսաց լեզվի, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի ուսումնասիրություն: Օրինակ՝ Ռուսաստանի ազգային հետազոտական միջուկային ինստիտուտը (МИФИ), Աքդենիզի և Ստամբուլի տեխնիկական համալսարանների ներգրավվածությամբ, «Միջուկային ռեակտորներ» և «Ատոմակայանների վերահսկման և կառավարման համակարգեր» մագիստրոսական ծրագրեր է իրականացնում թուրք ուսանողների համար:[16] Թուրքական աղբյուրների համաձայն՝ ընդհանուր առմամբ Ռուսաստանում տարբեր մասնագիտություններով կրթություն են ստանալու շուրջ 600 թուրք ուսանողներ՝ յոթ տարի ժամանակով:[17]

Բացի այդ, միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Ռուսաստանում գործունեություն ծավալող «Անվտանգություն» ԲԸ փորձագիտական հաստատությունը 2019թ. Ստամբուլում թուրք մասնագետների վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել, որոնք վերաբերում են արտակարգ իրավիճակներում ատոմակայանի անվտանգությանը, մարդկային գործոնին, ռեակտորի աշխատանքներին և ընդհանրապես՝ ատոմակայանի հետ կապված անվտանգային խնդիրներին:[18]

Կարելի է ասել, որ Թուրքիայի միջուկային ծրագրերը բավարար հիմք են տեխնոլոգիաների ձևավորման, այդ թվում՝ արտադրական նոր տեխնոլոգիաների ուսումնասիրութան ու զարգացման, տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայնման, արդյունաբերական ոլորտների զարգացման և այլնի համար: Ինչպես նշում է էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանը, «Ժամանակակից Թուրքիայում առկա են կարողությունների և ենթակառուցվածքների կրիտիկական զանգվածի կուտակում, տնտեսական աճի բավարար տեմպ և գիտատեխնիկական զարգացման բավարար մակարդակ՝ ձեռնամուխ լինելու սեփական ատոմային կարողությունների ստեղծմանը»:[19]
 

Ատոմակայանի ստեղծման նախապատմությունից

Մ իջուկային գիտելիքի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրությունը նոր չէ և ունի տասնամյակների պատմություն։ Ատոմակայանի կառուցման գաղափարն առաջացել է դեռևս 1960-ականներին և այդ տարիներից ի վեր Թուրքիան ամեն գնով ցանկանում է ատոմակայան ունենալ: Սակայն Թուրքիայի նախկին փորձերը տարբեր պատճառներով ձախողվել են: Թուրք մասնագետների հետազոտությունների համաձայն՝ ներկայումս կառուցվող «Աքքույու» ԱԷԿ-ից դեռևս տարիներ առաջ՝ 1970-1992թթ., Թուրքիան չորս անգամ մոտ է եղել ատոմակայանի կառուցմանը:

Առաջին ուսումնասիրությունները սկսվել են 1965թ.՝ Էլեկտրականության աշխատանքների ուսումնասիրության վարչության ներքո ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Երեք ընկերություններ՝ ԱՄՆ-ից, Շվեյցարիայից և Իսպանիայից, վարչությանը մատուցել են խորհրդատվական ծառայություններ՝ 1969թ. տալով հետազոտությունների հիման վրա պատրաստված մի զեկույց, որտեղ առաջարկվում էր միջուկային էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով Թուրքիայում կառուցել 400 ՄՎտ հզորությամբ «PHWR» (Pressurised Heavy Water Reactor) տիպի  ռեակտորով ԱԷԿ: Սակայն 1970թ. Թուրքիայի էլեկտրաէներգիայի պետական կազմակերպության հիմնադրումից հետո այս նախագիծը քաղաքական բավարար աջակցություն չստացավ:

1972թ. Թուրքիայի էլեկտրաէներգիայի պետական կազմակերպությանը կից ստեղծվեց Ատոմակայանի աշխատանքների հարցերով վարչություն, որի աշխատանքների հիման վրա որոշվեց Աքքույույի տարածքում կառուցել ԱԷԿ, և ներգարվվեցին շվեյցարական և ֆրանսիական կազմակերպություններ։ Սակայն 1979թ. այս կազմակերպությունների և Թուրքիայի միջև բանակցությունները դադարեցվեցին:

1983թ. բանակցություններ են սկսվում արտասահմանյան մի քանի կազմակերպությունների հետ: Այս անգամ ատոմակայան նախատեսվում էր կառուցել Սինոպի շրջանում՝ Build-Own-Operate մոդելով: Սակայն կառավարական շրջանակներում կար որոշակի վերապահում, իսկ Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո ընդհանրապես հրաժարվեցին այս գաղափարից, և Ատոմակայանի աշխատանքների հարցերով վարչությունը փակվեց:

1992թ. թուրք մասնագետները ներկայացնում են հետազոտական զեկույց Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, որտեղ կանխատեսվում էր էներգետիկ ճգնաժամի առաջացում 2010թ., և առաջարկվում էր օգտագործել միջուկային էներգիան: Թեև Թուրքիայի Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների միջև ատոմակայանի կառուցման հարցում կար համաձայնություն, և մինչև 2000 թվականի ավարտն ամերիկյան (Westinghouse Electric Corp.), ճապոնական (Mitsubishi) ու կանադական (Atomic Energy of Canada Limited) կազմակերպություններից ստացվում էին առաջարկություններ, սակայն 2000թ. կառավարությունը հրաժարվեց այս նախաձեռնությունից:[20]


Նկար 5, Արփարսլան Թյուրքեշի այցելությունը Թուրքիայի Ատոմային էներգիայի գործակալություն (1976 թ., աղբյուր)

Թուրքիայի միջուկային ծրագրի իրականացման ակունքներում կանգնած է անցյալ դարի քաղաքական և ռազմական գործիչ, Ազգային շարժում կուսակցության և «Գորշ գայլեր» ծայրահեղական, ազգայնամոլական կազմակերպության հիմնադիր Արփարսլան Թյուրքեշը։ Բացի արտերկրում ռազմական կրթությունից, 1959թ. նա ավարտել է նաև Գերմանիայի Ատոմի և միջուկային դպրոցը: 1960թ., երբ զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը, հրահանգել էր ատոմակայանի ստեղծման համար պետբյուջեից հատկացնել մոտ 50 մլն. դոլար, որը, սակայն, քաղաքական պատճառներով չիրականացվեց։ Ուշագրավ է, որ Թյուրքեշն առաջարկել էր Թուրքիայում ստեղծվող առաջին ատոմակայանն անվանել Աթաթուրքի անունով[21]:


[1] Բացի Թուրքիայից նույն սկզբունքով ՌԴ-ն ատոմակայաններ է կառուցում Եգիպտոսում, Ֆինլանդիայում և Բանգլադեշում:

[2] https://www.rosenergoatom.ru/stations_projects

[3] Eyyup Lütfi Sarıcı, Nükleer Enerji Akkuyu Nükleer Güç Santralı, Istanbul Teknik Üniversitesi Elektrik Mühendisliği Kulübü, 2015, Ankara.

[4] https://ria.ru/20180403/1517520540.html

[5] https://mk-turkey.ru/economics/2019/04/16

[6] https://mk-turkey.ru/economics/2019/10/03

[7] Akkuyu’da gecikme riski artıyor

[8] Mersin Nükleer Karşıtı Platform: “Akkuyu

[9] İlk atık 2030’da Rusya’ya

[10] Европарламент призвал Турцию отказаться

[11] Akkuyu Nükleer Güç Santralı ve deprem tehlikesi

[12] Turkish nuclear plant a threat to environment

[13] «Աքքույու» ԱԷԿ-ի հետ կապված տարբեր ռիսկերի վերաբերյալ տես, Cenk YALTIRAK, Deprem, Tsunami ve Akkuyu Santrali Yer SeçimiEyyup Lütfi Sarıcı, Nükleer Enerji Akkuyu Nükleer Güç Santralı, Istanbul Teknik Üniversitesi Elektrik Mühendisliği Kulübü, Ankara, 2015: Кабатченко И.М., Куликов Е.А., Литвиненко Г.И., Филиппов Ю.Г., Оценка экстремальных колебаний уровня моря в районе АЭС Аккую в Турецкой Республике, Государственный океанографический институт им. Н.Н. Зубова, Труды Государственного Океанографического Института, 2018, № 219, с. 286-297: Аптикаев С. Ф., Аптикаева О. И., Результаты предварительного анализа данных микросейсмического мониторинга в ближнем районе площадки строительства АЭС «Аккую» Сейсмостойкое строительство. Безопасность сооружений. 2017. № 5, с. 52-58:

[14] https://www.taek.gov.tr/tr/eski/basin-aciklamalari

[15] Н.М. Дмитриев, П.А. Арефьев, Подготовка специалистов для атомной промышленности зарубежных стран в НИЯУ «МИФИ», Москва, 2018, с.172

[16] Նույն տեղում, էջ 17-18

[17] http://www.hurriyet.com.tr/ekonomi/nukleer

[18] АО «ВО «Безопасность» обучает кадры

[19] Արա Մարջանյան, Միջուկային Թուրքիա

[20] Özemre, A. Y, “Yeni Nükleer Enerji Kanunu Türkiye’yi Nereye Götürür”, Stratejik Analiz, No: 93, Ocak 2008, s. 26-30

[21] http://www.anadolucografyasi.com/yazilar