ԻՀՊԿ-ի տնտեսական կապիտալը

11 ր.   |  2019-12-02

Մ ինչ նյութին անդրադառնալը կարևոր ենք համարում նշել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը և ուսումնասիրությունները կարելի է գտնել գլխավորապես արևմտյան, աղբյուրներում, իսկ իրանական աղբյուրները բավականին սահմանափակ են և հատվածային։ Նշյալ իրողությունից ելնելով՝ փորձել ենք հոդվածը հնարավորինս անաչառ ներկայացնել և  անհրաժեշտ մեկնաբանությունների համար դիմել իրանագետների։

Իրանագետ Արմեն Իսրայելյանը կարծում է, որ «Իրանի հասարակությունում ընդհանուր առմամբ հայտնի է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեությունը, ուստի լայն քննարկումների կամ ուսումնասիրությունների կարիք չկա։ Իրանական կողմն ավելի շատ փորձում է հակադարձել թեմայի վերաբերյալ արևմտյան պնդումներին։ Որոշ դեպքերում, Թեհրանը մեդիա դաշտում անդրադարձներ տարածում է, երբ խոսքը երկրի խոշոր տնտեսական նախագծերի նախաձեռնության, շահագործման մասին է։ Վերջերս այդ երկրում շահագործման հանձնվեց հերթական մայրուղիներից մեկը, որի բացման արարողությանը ներկա էր նաև ԻՀՊԿ հրամանատարներից մեկը։ Իրանում կառույցն ընկալվում է ավելի շուտ որպես Իրանի հասարակության, պետական  համակարգի բաղկացուցիչ, որը, պետական մյուս կառույցների պես, մասնակցում է երկրի տնտեսության զարգացմանը: Երբեմն էլ հրապարակայնորեն չի ասվում, որ տվյալ ծրագրում մասնակցող ընկերությունները ԻՀՊԿ-ի ենթակայության ներքո են՝ փորձելով շրջանցել ամերիկյան պատժամիջոցները»։

Ի սլամական հեղափոխության պահապանների կորպուսը (The Islamic Revolutionary Guard Corps-IRGC) ստեղծվել է 1979-ի իսլամական հեղափոխության ալիքով՝ հեղափոխական ռազմականացված ջոկատների հիման վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ռազմաքաղաքական ինստիտուտ է, որը պաշտոնապես ներառված է Իրանի զինված ուժերում։

ԻԻՀ սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն, «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շարունակելու է հեղափոխության  պահպանմանն ուղղված իր առաքելությունը։ Զինված ուժերի այլ տեսակների փոխհարաբերության հարցում ԻՀՊԿ-ի պատասխանատվության գործառույթներն ու ոլորտը սահմանվում են օրենքով՝ հիմնված եղբայրական համագործակցության սկզբունքի վրա»[1]։

Իրանի Սահմանադրության «Իսլամի բանակը» գլխում նշված է. «Երկրի զինված ուժերի ստեղծման ու պաշտպանության ապահովման գործում հատուկ ուշադրություն է դարձվում, որպեսզի դրանց գործունեության հիմքում լինի հավատքն ու իսլամական ուսմունքը։ Այդ պատճառով էլ Իրանի Իսլամական Հանրապետության  բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստեղծվում են վերոնշյալ նպատակներին համապատասխան»[2]։


Աղբյուրը՝ https://www.cnbc.com/2019/04/12/trump-terrorist

Հեղափոխությունն իր առջև խնդիր էր դրել ստեղծել զինված ուժեր, որը կապահովեր երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, իսկ ԻՀՊԿ-ն ապահովում է իսլամական կարգի պահպանությունը։ Հետագա տարիներին այս երկու գործառույթները միահյուսվեցին. հեղափոխական Կորպուսը կարևոր դերակատարություն ունի նաև երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման գործում[3]։


Աղբյուրը՝ https://www.cfr.org/backgrounder/irans          

ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության ( US Congressional research service) 2019-ի «Իրանի արտաքին ու պաշտպանական քաղաքականությունը» զեկույցի գնահատականներով ԻՀՊԿ-ն ակնհայտորեն քաղաքական ավելի մեծ ազդեցություն ունի, քան Իրանի կանոնավոր բանակը[4]։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի խոշորագույն ռազմականացված միավորումն է, որը վերահսկում է Իրանի հրթիռաշինական, միջուկային ծրագրերը և բազմամիլիարդանոց կապիտալով կայսրություն է[5]։ Կորպուսը ներգրավված է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ առողջապահական կլինիկաներից մինչև մեքենաշինություն, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների շինարարություն, նավթագազային հանքարդյունաբերություն և այլն[6]։

Իրանագետ Ահարոն Վարդանյանի կարծիքով «կորպուսը փորձում է գործել արտերկրում՝ իսլամական հեղափոխության արտահանման նպատակով, որի համար անհրաժեշտ է տնտեսական հիմք։ Ամերիկյան կողմն, իր հերթին, ձգտում է զսպել արտերկրում ԻՀՊԿ-ի տնտեսական ներկայությունը, սակայն Իրանի կառավարությունը գտնում է պատժամիջոցների հետևանքները հավասարակշռելու տարբերակներ։ Արդյունքում դրանք չեն կարող էական ազդեցություն թողնել Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերի վրա՝ չնայած Իրանում առկա են լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ»։

Տնտեսական կապիտալ

Ա նհերքելի է, որ վերջին 2 տասնամյակներում ԻՀՊԿ-ը դարձել է այդ երկրի հիմնական ռազմական, քաղաքական ու տնտեսական ուժը[7], ինչին մեծապես նպաստել է երկրի հոգևոր առաջնորդի ենթակայության և հովանավորչության ներքո լինելը։

Իրանագետ Արմեն Իսրայելյանի կարծիքով «հաշվի առնելով իսլամական հեղափոխությունից և իրանա-իրաքյան պատերազմից հետո՝ հատկապես վերջին 2 տասնամյակում, ԻՀՊԿ-ի դերի մեծացման իրողությունը, վերջինս բավական մեզ ազդեցութուն ունի ոչ միայն երկրի ռազմական, այլև տնտեսական ոլորտում։ Հեղափոխությունից հետո տնտեսական ամենամեծ ռեսուրսը Կորպուսի ձեռքին էր, խոշոր տնտեսական նախագծերից շատերը՝ ենթակառուցվածքների, ճանապարհների շինարարություն և այլն, իրականացնում են ԻՀՊԿ-ի ենթակայության տակ գործող կազմակերպությունները։ Կարող ենք ասել, որ Իրանում միայն ԻՀՊԿ-ն է, որ տիրապետում է տեխնիկական-տեխնոլոգիական ու մարդկային այնպիսի ռեսուրսների, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել նման խոշոր ծրագրեր։ Թերևս դա է պատճառներից մեկը, որ Իրանի տնտեսությունում այդքան զգալի է Կորպուսի ներգրավվածությունը։ Մյուս կողմից նշենք, որ եթե որևէ տնտեսական նախագիծ Կորպուսը չի կարողանում կյանքի կոչել, Իրանի կառավարությունը կաշկանդվածություն չունի և կարող է ծրագիրն իրականացնել այլ ընկերությունների հետ, ասել է թե՝ պարտադիր չէ, որ Կորպուսն իրականացնի բոլոր ծրագրերը։ Նկատենք, որ երկրի տարբեր նախարարություններին կից, տվյալ դեպքում՝ էներգետիկ կամ տնտեսական ուղղվածության, գործում են կազմակերպություններ, որոնց ղեկավարները կարող են լինել Կորպուսի նախկին հրամանատարներ։ Կառույցի նախկին հրամանատարները պաշտոններ են զբաղեցնում նաև երկրի նահանգներում։ Ուստի, Իրան-ԱՄՆ հակամարտության համատեքստում ակնհայտ է, թե ինչու են առաջին հերթին թիրախավորվում հենց ԻՀՊԿ-ի հետ առնչություն ունեցող ընկերությունները»։

Իրանի ռազմաքաղաքական, տնտեսական կյանքում ԻՀՊԿ-ը կարողացել է է՛լ ավելի ամրապնդել իր դիրքերը հատկապես հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի հովանավորչության  ներքո, ինչպես նաև երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի (Կորպուսի նախկին սպա[8]) նախագահության տարիներին, երբ իշխանությունը գտնվում էր պահպանողականների ձեռքում։ Ընդհանրապես, Իրանի ռազմաքաղաքական, տնտեսական դաշտում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցության ընդլայնման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծվում են հատկապես այն դեպքում, երբ երկրում իշխանության են գալիս պահպանողական ուժերը։

1993-ին Իրանի հոգևոր առաջնորդը հռչակագիր ընդունեց, որով Կորպուսի ձեռնարկատիրական գործունեությունն ազատվում էր հարկային պարտավորություններից[9],[10]։ Խամենեի իշխանական դիրքերի ամրապնդման գործում անգնահատելի է երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում ԻՀՊԿ-ի արագ աճող դերակատարությունը, որոնց հրամանատարներին նշանակում էր Խամենեին[11]։

2005-ին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Ահմադինեժադը հայտարարեց իր կառավարության առանցքային պաշտոններում ԻՀՊԿ-ի նախկին վետերանների նշանակելու մասին[12]։

Երկրի տնտեսության վրա ԻՀՊԿ-ի ազդեցությունը զգալիորեն աճեց այն պատճառով, որ նախագահության տարիներին Ահմադինեժադը կառույցին ընձեռեց տնտեսական արտոնություններ, ինչը հնարավորություն տվեց վերջինիս բավական ցածր գներով իր վերահսկողության տակ առնել պետական, կիսապետական ձեռնարկություններն ու ընկերությունները[13]։ 


Աղբյուրը՝ https://www.mei.edu/publications/rouhani

Ինչպես նշում են տնտեսագետները, երկրի տնտեսության մեջ ԻՀՊԿ-ը կարողանում է պահպանել իր ազդեցությունը նախ և առաջ, այսպես կոչված, bonyad-ների՝ բարեգործական հիմնադրամների ու կազմակերպությունների միջոցով[14],[15]։ Վերջիններս էական մասնակցություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսության ոչ նավթային հատվածում[16], որոնք տարբեր գնահատականներով, վերահսկում են Իրանի ՀՆԱ-ի ավելի քան ¼-ը[17], այլ աղբյուրներով՝ մինչև 40%-ը[18]։ Bonyad-ներն համարում են նաև քվազիպետական ինստիտուտներ[19]։

2010թ. դեկտեմբերին ԱՄՆ Գանձապետարանը (The U.S. Department of the Treasury) հաշվետվություն ներկայացրեց ԻՀՊԿ-ի ֆինանսական ցանցի վերաբերյալ՝ նպատակ ունենալով վերջինիս հետ համագործակցող ընկերություններին ու կազմակերպություններին ներգրավել ամերիկյան պատժամիջոցներում։ Հաշվետվությունում առանձնակի նշվում էր, որ Bonyad Taavon Sepah (IRGC Cooperative Foundation) ընկերությունը, որը գործում է ԻՀՊԿ-ի ենթակայության տակ, հիմնել են Ansar Bank-ը և Mehr բանկը՝ հեղափոխական Կորպուսին ֆինանսական, դրամավարկային և այլ ծառայություններ մատուցելու նպատակով[20]։

Զեկույցում մասնավորապես ասվում է, որ Bonyad Taavon Sepah-ն ստեղծվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների կողմից՝ կառույցի ներդրումային քաղաքականությունը կազմակերպելու նպատակներով։ Զեկույցի համաձայն, Bonyad Taavon Sepah-ի թվով 9 հոգաբարձուների խորհրդի 8 անդամները Կորպուսի հրամանատարական կազմից են։

ԱՄՆ Գանձապետարանի տեղեկատվությամբ, ԻՀՊԿ-ն շարունակում է ընդլայնել իր ազդեցությունը և վերահսկողությունը Իրանի տնտեսության վրա՝ ներառյալ ռազմարդյունաբերությունը, շինարարությունը, նավթագազային արդյունաբերությունը[21]։ ԱՄՆ Գանձապետարանի գնահատմամբ, National Iranian Oil Company-ին նույնպես պատկանում է Կորպուսին[22],[23]։

Իրանի տնտեսությունում ակտիվ ներգրավվածություն ունեցող խոշորագույն bonyad-ներից առանձնացնենք the Bonyad Mostazafan-ը[24] (Foundation of the Oppressed or The Mostazafan Foundation) և the Bonyad Shahid va Omur-e Janbazan-ը (Foundation of Martyrs and Veterans Affairs), որոնք թեև ԻՀՊԿ-ի ուղիղ վերահսկողության տակ չեն, սակայն անուղղակիորեն կրում են վերջինիս ազդեցությունը[25]։ Որոշ տվյալներով, the Bonyad Mostazafan-ը 350-400 ընկերությունների սեփականատեր է[26]։

Rand-ի «The Rise of the Pasdaran» զեկույցի տվյալներով, the Bonyad Mostazafan-ը ձեռներեցությամբ է զբաղվում նաև արտերկրում՝ Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Աֆրիկայի, Հարավային Ասիայի և հետխորհրդային երկրներում, որտեղ գործում են վերջինիս մասնաճյուղերը[27]։ Bonyad Mostazafan ընկերությունն ունի տարեկան 3.5 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն[28]։ Նախորդ դարի 90-ականների վերջերին Bonyad Mostazafan ընկերությունը պայմանագրով ստանձնեց Լիբիայի երկաթուղային համակարգի ու ենթակառուցվածքների կառուցումը[29]։

2004-ին Mostazafan-ին պատկանող the General Mechanic Civil and Housing Organization ընկերությունը ԱՄԷ-ում դեպի Հաջար լեռները տանող 37կմ երկարությամբ ավտոմայրուղի կառուցելու 30 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 36-ամսյա պայմանագիր ստորագրեց[30]։

Bonyad Mostazafan-ը ներդրումներ է իրականացրել նաև Իրան-Թուրքմենստան երկաթուղային հաղորդակցության կառուցման նախագծում։ Որոշ տվյալաներով, այն համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության երկրորդ խոշորագույն տնտեսական միավորը՝ կառավարությունից հետո[31]։

Bonyad Shahid ընկերությունը սոցիալական աջակցություն է ցուցաբերում նահատակների ընտանիքներին (հիփոթեքային վարկեր, բարեգործոթյուններ և այլն)[32]։

2000-ականների սկզբներին Կորպուսի սեփականություն հանդիսացող Khatam-ol-Anbia (Ghorb) ընկերությունը ստորագրեց 2.3 մլրդ ԱՄՆ դոլարի գործարք՝ Իրանի խոշորագույն Հարավային Փարս գազի հանքավայրի (South Pars gas field) երկու փուլերի շահագործման համար[33]։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող ընկերության հետ այդ գործարքի  ստորագրումը փորձագետները պայմանավորում են երկրի քաղաքական կյանքում կառույցի զգալի ազդեցությամբ, քանի որ այլ ընկերություններն այդպես էլ չկարողացան մրցակցություն ապահովել։

Նշենք, որ Khatam-ol-Anbia ընկերությունն ակտիվորեն ներգրավված է նավթագազային շուկայում և ըստ որոշ տվյալների, Իրանի գազարդյունաբերության գլխավոր գործընկերն է[34]։ Կորպուսի տվյալներով, 1990-2000-ականների վերջերն ընկած ժամանակահատվածում Khatam-ol-Anbia իրականացրել է շուրջ 1220 նախագիծ[35]։

2004-ին ԻՀՊԿ-ը կարողացավ ժամանակավորապես դադարեցնել Թեհրանի միջազգային օդանավակայանի աշխատանքը՝ շուկայից շվեյցարաթուրքական Tepe Afken Vie (TAV) կոնսորցիումին դուրսմղելու նպատակով[36]։ Ահմադինեժադի նախագահության շրջանում Կորպուսին պատկանող և վերջինիս հետ կապեր ունեցող ընկերությունները (գլխավորապես՝ Khatam-ol-Anbia-ը) ստորագրեցին ավելի քան 750 կառավարական պայմանագիր՝ շինարարության և նավթագազային նախագծերում[37]։

2010-ին Կորպուսի ենթակայությամբ գործող կազմակերպությունները շահեցին Իրանի խոշորագույն նախագծերից մեկի՝ Թեհրանից Քոմ և Սպահան տանող արագընթաց երկաթգծի կառուցման մրցույթը։Նախագծի ընդհանուր արժեքը 2.7 մլրդ ԱՄՆ դոլար էր, որի իրականացման համար Khatam-ol-Anbia ընկերությունը համագործակցում էր China Railway Engineering Corporation ընկերության հետ[38]։

ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության (Congressional research service) 2019-ի զեկույցի տվյալներով, 2009-ին Կորպուսը ձեռք բերեց Իրանի Iran Telecommunication Company-ի վերահսկիչ փաթեթը (51%)՝ 7.8 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով[39],[40]։ Բացի այդ, 2005-ին Խամենեին սեփականաշնորհման մասին հրաման արձակեց, որը հնարավորություն տվեց Կորպուսին ընդլայնելու ակտիվները ֆինանսաբանկային շուկայում[41]։ 2005-2011-ի ընթացքում Կորպուսը միայն նավթագազային սեկտորում ստորագրեց 25 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալի պայմանագրեր[42]։

Շատ էր խոսվում, որ նախագահի պաշտոնում Հասան Ռոուհանիի ընտրությունը կարող էր զսպել ԻՀՊԿ-ի ազդեցությունն ու դիրքերը՝ փորձելով համակարգային ձևով տարանջատել Կորպուսի քաղաքական ու տնտեսական կապիտալը[43]։ 2013-ին Ռոուհանին փորձեց հավասարակշռել Կորպուսի ներգրավվածությունը երկրի տնտեսությունում՝ նախապատվություն տալով մասնավոր սեկտորին[44]։

Ավելին, Ռոուհանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից Ռոստամ Քասեմիի փոխարեն Նավթի նախարարի պաշտոնում նշանակեց Բիժան Նամդար Զանգենեին, ով որևէ առնչություն չուներ կառույցի հետ։ Այդ նշանակումից երկար ժամանակ չանցած Զանգենեն չեղարկեց նավթագազային ստորագրված ավելի քան մեկ տասնյակ պայմանագիր, որտեղ Կորպուսն ուներ տնտեսական շահեր[45]։

Իրանագետ Արմեն Իսրայելյանի կարծիքով «փորձ է արվում Կորպուսին առանձնացնել կամ հակադրել Իրանի կառավարության հետ գործակցող մասնավոր հատվածին։ Սակայն այդ փորձերը, առասպելները նպատակ ունեն խնդիրներ ստեղծել Կորպուսի և Իրանի կառավարության հարաբերություններում և պատժամիջոցներ սահմանելով Կորպուսի նկատմամբ՝ ձգտելով ճնշումներ բանեցնել Իրանի տնտեսության վրա։ Եթե նայենք ամերիկյան պատժամիջոցների ցանկը, ապա կտեսնենք, որ դրանք հիմնականում սահմանվում են Կորպուսի ու նրան պատկանող ընկերությունների նկատմամբ, օրինակ Մահան ավիաընկերությունը. համարվում է, որ նրա ղեկավարները կապ ունեն Կորպուսի հետ»։

Իրանագետ Ահարոն Վարդանյանը նկատեց, որ «ԻՀՊԿ-ի առանձին հրամանատարներ նույնպես ներառվում են ամերիկյան պատժամիջոցների ցուցակում, սակայն դրանք չեն կարող էական վնաս հասցնել երկրի տնտեսությանը, այլ ավելի շուտ ունեն քաղաքական նշանակություն՝ Կորպուսի և Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ճնշումներ բանեցնելու նպատակով։ Ինչ-որ չափով պատժամիջոցներն ունեն նաև հոգեբանական նշանակություն: Ամերիկյան պատժամիջոցներն ավելի շուտ «խփում» են Իրանի շարքային քաղաքացիների գրպանին, քանի որ ամերիկյան կողմի նպատակը, շարքային քաղաքացիների շրջանում բողոքի ալիք առաջացնելն է՝ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ճնշելու համար։ Դրանով հանդերձ, պատժամիջոցների հետևանքով, Կորպուսը փորձելու է իր տնտեսական շահույթը հավասարակշռել այլ աղբյուրներից»։

2017-ին ԱՄՆ ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոյի գնահատականով, Կորպուսի ենթակայության տակ գործող ընկերությունները վերահսկում են Իրանի ամբողջ տնտեսության շուրջ 20%-ը[46]։

Որոշ տվյալներով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սև շուկայում տարեկան իրականացնում է 12 մլրդ ԱՄՆ դոլար առևտրաշրջանառություն[47]։

Իրանի 2017-2018թթ. տարեկան պետբյուջերում Կորպուսի հատկացումները 24%-ով աճ ունեցան՝ 4.5-ի  փոխարեն կազմելով 7.4 մլրդ ԱՄՆ դոլար[48],[49]։ ԻՀՊԿ-ի մասնաբաժինը Իրանի պաշտպանական բյուջեի (14 մլրդ ԱՄՆ դոլար) 53%-ն էր[50]։


[1]http://www.cis-emo.net/sites/default/files

[2]http://www.cis-emo.net/sites/default/files

[3]http://news.bbc.co.uk/2/hi/middle_east

[4]https://fas.org/sgp/crs/mideast/R44017

[5]https://www.nytimes.com/2009/07/21/world

[6]https://www.nytimes.com/2009/07/21/world

[7]http://news.bbc.co.uk/2/hi/middle_east

[8]https://www.iranwatch.org/sites/default/files

[9]https://www.cfc.forces.gc.ca/259/290/402

[10]https://www.iranfocus.com/en/human-right

[11]https://carnegieendowment.org/files

[12]http://news.bbc.co.uk/2/hi/middle_east

[13]https://www.cfc.forces.gc.ca/259/290/402

[14]http://news.bbc.co.uk/2/hi/middle_east/

[15]https://www.mei.edu/publications/iranian

[16]https://books.google.am/books?id=YEG

[17]http://www.payvand.com/news/07/jan/

[18]https://www.iranwatch.org/sites/default

[19]https://www.iranwatch.org/sites/default

[20]https://www.treasury.gov/press-center

[21]https://www.treasury.gov/press-center

[22]https://iranprimer.usip.org/blog/2012

[23]https://www.counterextremism.com

[24]https://dergipark.org.tr/en/download/

[25]https://www.rand.org/content/dam/rand

[26]https://dergipark.org.tr/en/download/

[27]https://www.rand.org/content/dam/rand

[28]https://dergipark.org.tr/en/download

[29]https://dergipark.org.tr/en/download

[30]https://www.rand.org/content/dam/rand

[31]https://www.iranwatch.org/sites/default

[32]https://www.rand.org/content/dam/rand

[33]https://www.iranwatch.org/sites/default

[34]https://www.rand.org/content/dam/rand

[35]https://www.rand.org/content/dam/rand

[36]https://www.researchgate.net/publication

[37]https://www.nytimes.com/2009/07/21/

[38]https://dergipark.org.tr/en/download/

[39]https://www.iranfocus.com/en/human

[40]https://fas.org/sgp/crs/mideast/R44017

[41]https://www.cfc.forces.gc.ca/259/290/402

[42]https://www.cfc.forces.gc.ca/259/290/402

[43]https://www.cfc.forces.gc.ca/259/290/402

[44]https://www.cfc.forces.gc.ca/259/290/402

[45]https://www.cfc.forces.gc.ca/259/290/402

[46]https://fas.org/sgp/crs/mideast/R4401

[47]https://www.nytimes.com/2009/07/21/

[48]https://www.counterextremism.com

[49]https://www.fdd.org/analysis/2017/

[50]https://www.fdd.org/analysis/2017/03