Բյուջե 2020

4 ր.   |  2019-11-07

Կապիտալ ծախսերի մեծացում և սոցիալական ուղղվածություն

Ի նչպես և նախորդ տարվա մայիսին ծրագրում էր կառավարությունը՝ 2020թ. պետական բյուջեն գրեթե 30%-ով ավել է լինելու 2018թ բյուջեից: 2020թ-ի պետական բյուջեի նախագծի եկամուտների մասը շուրջ 13.4%-ով ավել է 2019թ-ի ծրագրային բյուջեից և 26.5%-ով՝ 2018թ-ի փաստացի բյուջեից: Նախատեսվող բյուջեի ծախսային մասը 14%-ով ավել է լինելու 2019թ-ի ծրագրային բյուջեի համեմատ և գրեթե 30%-ով՝ 2018թ-ի փաստացի բյուջեի ծախսերից:

2020թ-ի համար եկամուտների մասով նախատեսված է իրականացնել մոտ 1 տրլն 697 մլրդ դրամի հավաքագրում և կատարել 1 տրլն 880 մլրդ դրամի ծախս: Նախագծով դեֆիցիտը կազմելու է մոտ 183 մլրդ դրամ, որը  2020թ-ի համար ծրագրվող անվանական ՀՆԱ-ի 2.6%-ն է կազմում:

2020թ-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված է, որ բյուջետային եկամուտների 94.4%-ը՝ 1 տրլն 602 մլրդ դրամ,  կազմվելու է հարկային եկամուտներից և պետական տուրքերից: Եկամուտների 2%-ը կազմելու են պաշտոնական դրամաշնորհները, իսկ 3.6%-ը այլ եկամուտները: Նախորդ տարվա նկատմամբ եկամուտների ավելացման կանխատեսումը հիմնականում հիմնված է 2020թ-ին հարկային եկամուտների և պետական տուրքերի շուրջ 9.5% ավելացման կանխատեսման վրա:

ՀՀ Ֆինանսների նախարարության կանխատեսումների համաձայն՝ 2019թ-ին ՀՀ-ում իրական ՀՆԱ-ի աճը կկազմի 5.4%, իսկ 2020թ-ին՝ 4.9%: Եթե դիտարկենք բյուջեի եկամտային մասի և ՀՆԱ-ի փոփոխման տենդենցը, ապա կտեսնենք, որ այս մասով ևս առկա է աճի միտում:

2020թ-ի բյուջեի համար կանխատեսվել է, որ բյուջեի եկամուտները կկազմեն ՀՆԱ-ի 24.2%-ը: Ելնելով վերոնշյալից և ՀՆԱ-ի 2.2%-ի չափով դեֆիցիտի ֆինանսավորման հնարավորություններից, ՀՀ կառավարությունը ծրագրել է 2020թ.-ի ծախսերը ՀՆԱ-ի 26.5 %-ի կամ 1 տրլն 880 մլրդ դրամի չափով:

Ծախսերի ավելացում.

Բ ավական մեծ աճ ունի նաև բյուջեի ծախսային հատվածը. 2020թ-ի բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը 14%-ով ավել են 2019թ-ի ծրագրային բյուջեի և շուրջ 30%-ով՝ 2018թ-ի փաստացի բյուջեի ծախսերից:

2020թ-ի բյուջեի նախագծով ամենամեծ ծախսերը բաժին են ընկնում սոցիալական պաշտպանության  ոլորտին՝  489.4 մլրդ դրամ ( նախագծում ներառվել է նաև նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և երկրորդ ու երրորդ  երեխայի ծննդյան միանվագ նպաստի  բարձրացումը ):

Ընդհանուր առմամբ, սոցիալական ոլորտին ուղղված ծախսերը 2018թ-ի փաստացի ծախսերի համեմատ աճել են 17.5%-ով, իսկ 2019թ-ի նախագծային ծախսերի համեմատ՝ 10.2%-ով: Մեծությամբ հաջորդ ծախսերը բաժին են ընկնում  ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին՝ 347.2 մլրդ դրամ, պաշտպանությանը՝ 310.4 մլրդ և տնտեսական հարաբերություններին՝ 241.7 մլրդ դրամ:

Հատկանշական է, որ 2020թ-ին պաշտպանության համար նախատեսված ծախսերը 2018թ-ին իրականացված ծախսերին գերազանցում են 31%-ով, իսկ 2019թ-ի ծրագրային ցուցանիշից պակաս են 0.9%-ով:

 Տնտեսական հարաբերությունների ոլորտում նախատեսված ծախսերը 2018թ-ի նույն ցուցանիշը գերազանցում են 115%-ով, իսկ 2019թ-ինը՝ 81%-ով: Տնտեսական հարաբերությունների ոլորտում 2020թ-ին նախատեսվում է 2018-ի համեմատ շուրջ 3 անգամ ավելացնել գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության վրա իրականացվող ծախսերը, 3.5 անգամ ավելացնել ոռոգմանն ուղղված ծախսերը, 2 անգամ ավելացնել ճանապարհային տրանսպորտին ուղղված ծախսերը և 23%-ով նվազեցնել զբոսաշրջությանն ուղղված ծախսերը:

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների համար 2020թ-ի բյուջեի նախագծով նախատեսվում է իրականացնել 26 մլրդ դրամի ծախս, որը 2018թ-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 2 անգամ, իսկ 2019-ի ցուցանիշը՝ 1.4 անգամ: Ծախսերի նման աճը մեծամասամբ պայմանավորված է ջրամատակարարման ոլորտի համար նախատեսված ծախսերի աճով:

2019թ-ի ծրագրային բյուջեով նախատեսված ծախսերի համեմատ 2020թ-ի բյուջեով նախատեսվում է շուրջ 21%-ով ավելացնել առողջապահության, 15%-ով ավելացնել կրթության ոլորտի ծախսերը, իսկ 2.4%-ով նվազեցնել հանգստի, կրոնի ու մշակույթի ծախսերը։

Համեմատելով նախորդ տարիների պետական բյուջեների հետ, 2020թ.-ի բյուջեն ընդհանուր առմամբ կարելի է համարել աննախադեպ կանխատեսվող հարկային եկամուտների մասով։ Պետական բյուջեի ծախսային հատվածը, մասնավորապես նախորդ բյուջեի համեմատ տնտեսական հարաբերությունների ոլորտին ուղղվող ծախսերի աճը, վկայում է առաջիկա տարիներին տնտեսության մեջ դրական տեղաշարժերի մասին։ Հատկանշական է, որ բյուջեում այս տարի ևս ավելացվել են սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը, ինչը կբարելավի նաև բնակչության կենսամակարդը։ Այսպիսով՝ 2020թ-ի նախագծային բյուջեն կարող է հանդիսանալ արդեն իսկ իրականացվող բարեփոխումների շարունակությունն ապահովող հիմքը։