Հուսիները թիրախավորում են Սաուդյան Արաբիան

9 ր.   |  2019-10-30

Հ ուսիական ռազմաքաղաքական շարժումը (Houthi movement) ծագել է Եմենում՝ 1990-ականներին։ Շարժման անվանումը գալիս է Եմենի Հուսի ցեղախմբից (այլ կերպ՝ Yemeni Hamdanids), որն իսլամի շիական թևի (Zaidism)[1],[2] հետևորդներ են։ Հուսիները հիմնականում բնակվում են Եմենի հյուսիսում[3]։ Ըստ որոշ վիճակագրական տվյալների՝ հուսիները երկրի բնակչության շուրջ 30%-ն են (ընդհանուր բնակչությունը շուրջ 25 մլն է)[4], որի մեծամասնությունը սուննի է։

2000-ականներից հուսիական շարժումն ակտիվացրեց զինված պայքարը Եմենի իշխանությունների դեմ։ 2004-ին շարժման առաջնորդ Հուսեյն ալ Հուսիի գլխավորությամբ շարժման մարտիկները հակակառավարական զինված պայքար սկսեցին՝ մեղադրելով սուննի իշխանություններին կրոնական խտրականության մեջ[5],[6]։

Ինչպես նկատում են փորձագետները, հակամարտությունն ամենևին էլ զուտ կրոնական, կամ կրոնագաղափարական (սուննի-շիա) չէ, քանի որ ոչ բոլոր հուսիներն են շիա մահմեդականներ[7]։ Այն քաղաքական, ռազմաքաղաքական պայքար է, որն ընդգրկում է ողջ Մերձավոր Արևելքը՝ միջնորդավորված (պրոքսի) պատերազմի տարրերով[8]։

Հուսիները նաև պահանջում են երկրի իշխանություններից ինքնավարության ընձեռում Սանաա մայրաքաղաքում՝ համանուն նահանգի հյուսիսային շրջանների հետ միասին[9]։  

Հակամարտությանը անմիջականորեն ներգրավված են Սաուդյան Արաբիան և Իրանը, որոնք ակտիվորեն մրցակցում են Մեծ Մերձավոր Արևելքում գերիշխանության հաստատման համար։ Թեհրանի և Էր-Ռիյադի միջնորդավորված պատերազմը[10] հատկապես ակտիվացել է վերջին տասնամյակում։ Մասնագիտական գրականությունում այն սահմանվում է որպես Իրան-Սաուդյան Արաբիա «սառը պատերազմ» կամ Մերձավոր Արևելքի «սառը պատերազմ»[11]։

Եմենը Թեհրանի և Էր-Ռիյադի պատերազմում առճակատման միակ օջախը չէ։ Կողմերը պայքարում են նաև Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, պաղեստինյան ճակատում և այլն։ Ինչպես նկատում են փորձագետները, ընդհանուր առմամբ, այս հակամարտությունում դեռևս շոշափելի է Թեհրանի ազդեցությունը[12]։

2 009-ին Սաուդյան Արաբիան, անհանգստանալով հարևան երկրի ներքաղաքական իրադրությամբ, հուսիների ապստամբությունը ճնշելու համար ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերեց Եմենի կառավարությանը[13]։ Բախումները շարունակվեցին մինչև 2010թ. փետրվարը, երբ կողմերի միջև ստորագրվեց հրադադարի համաձայնագիր[14]։


Աղբյուրը՝ https://tass.ru/info/1709704

Արաբական գարնան ալիքն իր հերթին նոր լիցք հաղորդեց հուսիների զինված պայքարին։ 2011-ի տարեսկիզբը նշանավորվեց հայտնի եմենյան հեղափոխության (Yemeni Revolution of Dignity) մեկնարկով. Սանաայի փողոցներ էին դուրս եկել հազարավոր ցուցարարներ, որոնք դժգոհում էին գործազրկությունից, սոցիալ-տնտեսական պայմաններից ու համատարած կոռուպցիայից[15]։  

Ցույցերում առաջ քաշված նախնական պահանջներին փոխարինեցին Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականի կոչերը, ով իշխանության ղեկին էր 1978-ից[16],[17]։ 2011-ի նոյեմբերի 23-ին նախագահ Սալեհը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում, թագավոր Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդի և գահաժառանգ արքայազն Նաիֆ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդի ներկայությամբ, ստորագրեց երկրի փոխնախագահ՝ Աբդ Ռաբբո Մանսուր ալ-Հադիին լիազորությունները փոխանցելու հրամանագիրը[18],[19]։ Սակայն լարվածությունը չանցավ. կառավարական աջակցությունը վայելող սուննիական խմբավորումների ու հուսիների միջև բախումները շարունակվեցին նաև հաջորդ տարիներին։  


Աղբյուրը՝ https://www.ibtimes.co.uk

2015-ին հուսիները գրավեցին Եմենի մի շարք պետհաստատություններ, այդ թվում՝ նախագահական նստավայրը, ինչի արդյունքում հրաժարական տվեցին երկրի նախագահն ու վարչապետը[20], իսկ խորհրդարանը ցրվեց։ Խոսվում էր սահմանադրական փոփոխությունների հարցում քաղաքական հակադիր թիմերի միջև համաձայնության ձևավորման մասին, որով Եմենը դառնում էր դաշնային պետություն, և իշխանության մեջ ներկայացված էին լինելու նաև հուսիները[21]։  

2015թ. մարտի 25-ին, տարածաշրջանի արաբական երկրների մասնակցությամբ և Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ստեղծվեց կոալիցիա, որն անտեսելով միջազգային իրավունքը՝ Եմենում իրականացրեց «Կտրուկ փոթորիկ» անվամբ օդային գրոհը:


Աղբյուրը՝ https://www.aljazeera.com

2018-ի տարեսկզբին հուսիները կարողացան իրենց հսկողության տակ առնել ռազմավարական նշանակություն ունեցող Ադեն քաղաքի զգալի հատվածը, որտեղ Եմենի կառավարության գլխավոր գրասենյակն է[22]։ 2019-ի կեսերին Եմենի կառավարական ուժերին հաջողվեց հուսիներից հետ վերցնել Ադենի նախագահական նստավայրը[23]։   

Ադեն նավահանգիստը

Ս աուդյան Արաբիան մեծապես կարևորում է Եմենի նավահանգիստների ու առափնյա շրջանների ռազմավարական, տարանցիկ-հանգուցային նշանակությունը, որոնք գտնվում են Բաբ ալ-Մանդեբի նեղուցի հարևանությամբ. այստեղով է անցնում միջազգային առևտրատնտեսական ու նավթային հաղորդակցությունը[24]։ Բաբ Ալ-Մանդեբի նեղուցով համաշխարհային բեռնափոխադրումների անվտանգությունը սկզբունքային նշանակություն ունի առաջին հերթին Սուեզի ջրանցքի անխափան գործունեության համար։

Հոդեյդա նավահանգիստը

Բ աբ Ալ-Մանդեբ նեղուցը կապում է Կարմիր ծովը Ադենի ծոցի և Հնդկական օվկիանոսի հետ։ Նեղուցով օրական տեղափոխվում է շուրջ 3.8-4.8 մլն բարել նավթամթերք (Հորմուզի նեղուցով՝ մոտավորապես 17 մլն բարել նավթ)[25],[26], օրական անցնում է ավելի քան 60 առևտրային նավ։ Բաբ Ալ-Մանդեբով է անցնում համաշխարհային առևտրի 12.5-20%[27]։   

Բաբ Ալ-Մանդեբ նեղուցը

Կարող ենք ասել, որ Բաբ Ալ-Մանդեբի նեղուցն առանցքային նշանակություն ունի Սաուդյան Արաբիայի և Իրանի միջնորդավորված պատերազմում։ Տարբեր աղբյուրներով, Բաբ Ալ-Մանդեբով է ապահովվում հուսիների և Թեհրանի կապը։ Նշենք, որ Պարսից ծոցի արտահանումների զգալի մասն իրականացվում է  Սուեզի ջրանցքով: Հետևաբար, Բաբ Ալ-Մանդեբ նեղուցի նկատմամբ Եմենի կառավարական ուժերի վերահսկողության սահմանումը կարող է դժվարացնել Իրանից զենքի մատակարարումը հուսիներին[28]։

ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության պայմաններում, Թեհրանը քանիցս սպառնացել է փակել Հորմուզի, ինչպես նաև Բաբ Ալ-Մանդեբի նեղուցները[29]։

Էր-Ռիյադը 2018-ի հուլիսի վերջին որոշել էր դադարեցնել նավթի մատակարարումը նեղուցով՝ Բաբ Ալ-Մանդեբով ընթացող սաուդյան նավթային տանկերների վրա հուսիների հարձակումների պատճառով[30],[31]: Օգոստոսին Սաուդյան Արաբիան, սակայն, վերականգնեց Բաբ Ալ-Մանդաբով նավթային բեռնափոխադրումները։ Վաշինգտոնն ու Թել-Ավիվը բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել Թեհրանի կողմից Հորմուզի և Բաբ Ալ-Մանդեբ նեղուցների արգելափակման առնչությամբ[32],[33]։ Նեղուցի արգելափակման հնարավորության մասին հայտարարություններով են հանդես եկել նաև հուսիները՝ սպառնալով թիրախավորել Սաուդյան Արաբիայի նավահանգիստները[34]։

Եմենի ղեկավարությունը մեղադրում է հուսիներին Թեհրանի աջակցությամբ երկրի ղեկավարության դեմ պայքարելու ու իշխանությունը զավթելու փորձերի համար։

Որոշ տվյալներով, հուսիները 2015-ի փետրվարին Իրանի ղեկավարության հետ ձեռք են բերել երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացման և քաղավիացիայի աշխատակիցների վերապատրաստման պայմանավորվածություն։ Արդյունքում, Եմեն ուղարկվեց հումանիտար նշանակության առաջին իրանական ինքնաթիռը[35],[36]։ 2018-ի փետրվարին Թեհրանում տեղի ունեցավ Իրանի ԱԳ նախարարի և հուսիական շարժման խոսնակ Մուհամմադ Աբդուլսալամի հանդիպումը, որտեղ քննարկվեցին Եմենում տիրող ռազմակաքաղաքական իրադրությունը և հումանիտար աջակցության հարցերը[37]։

Սաուդյան Արաբիան, իր հերթին, մեղադրում է հուսիներին՝ իրանական միջնորդավորված խմբավորում լինելու համար[38]։ Հենվելով հետախուզական տվյալների վրա՝ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել, որ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը զինում (ԻՀՊԿ) ու վերապատրաստում է հուսիներին[39],[40]։

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել Ալ-Ջուբեյրի խոսքերով, Իրանը զգալի դերակատարություն ունի հուսիների աջակցության հարցում։ «Հուսիներին խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում ինչպես իրանցի, այնպես Հեզբոլլահ խմբավորման զինվորականները։ Գաղտնիք չէ, որ Իրանը հուսիներին ցուցաբերում է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու տնտեսական աջակցություն։ Հուսիներն ունեն ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ[41]»։

Իրանի աջակցությունը հուսիներին շոշափելի դարձավ հատկապես 2011-2012թթ.-ից[42]։ 2014-ից Եմենում իրանական տարրի ակտիվացմամբ հուսիների հակասաուդական հռետորաբանությունը դարձավ էլ ավելի ինքնավստահ, իսկ Սաուդյան Արաբիային հասցեագրված ռազմական սպառնալիքները՝ ավելի հաճախակի[43]։  

2018-ի մայիսին հուսիները բալիստիկ հրթիռներ արձակեցին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի ուղղությամբ[44]։ Ուշագրավ է, որ դա տեղի ունեցավ Իրանի միջուկային պայմանագրից ԱՄՆ դուրս գալուց ընդամենը մեկ օր անց[45]։ Հուսիների հավաստիացմամբ, հրթիռներն արձակվել էին Էր-Ռիյադի տնտեսական նշանակության օբյեկտների ուղղությամբ։

2019-ի սեպտեմբերին հուսիները շուրջ մեկ տասնյակ ԱԹՍ-երի կիրառմամբ հարվածներ հասցրեցին Սաուդյան Արաբիայի  պետական ARAMCO ընկերությանը պատկանող Աբքայքի բնակավայրի և Խուրայս խոշորագույն նավթային հանքավայրին կից գործող նավթավերամշակման գործարաններին[46],[47],[48]։


Աղբյուրը՝ https://www.voanews.com/middle-east

Աբքայքում գտնվող այս գործարանում է մշակվում Պարսից ծոցից արդյունահանվող արաբական նավթի մեծ մասը:


Աղբյուրը՝ https://www.bbc.com/news/world-middle-east


Աղբյուրը՝ https://www.bbc.com/news/world-middle-east

Արդյունքում, Սաուդյան Արաբիան նավթարդյունահանման օրական ծավալները նվազեցրեց 50%-ով[49]:    


Աղբյուրը՝ https://www.bbc.com/news/world-middle-east

Թեև սաուդական գործարանների վրա հարձակումների պատասխանատվությունը ստանձնեցին հուսիները, Վաշինգտոնը չհապաղեց դրանցում տեսնել իրանական հետք[50]։

Աղբյուրը՝ https://twitter.com/secpompeo/status

Աղբյուրը՝ https://twitter.com/secpompeo/status

            Չնայած ամերիկյան պատժամիջոցներին, Թեհրանը առայժմ կարողանում է պահպանել իր ցանցային ազդեցությունը Մեծ Մերձավոր Արևելք տարածաշրջանում։ Թել-Ավիվի հետ միջնորդավորված դիմակայությանը զուգահեռ, Թեհրանն այսօր ոչ միայն կարողանում է արդյունավետ պահպանել Թեհրան-Էր-Ռիյադ ուժային հավասարակշռությունը, այլև արձանագրել շոշափելի առավելություններ. հուսիներ-Սաուդյան Արաբիա հակամարտությունը, որը դեռ նոր է մտնում ակտիվ փուլ, ասվածի վառ վկայությունն է։


[1] http://english.alarabiya.net/en/perspective

[2] https://tass.ru/info/1709704

[3] https://www.ibtimes.co.uk/yemen-crisis

[4] https://globalvoices.org/2015/04/01

[5] https://tass.ru/info/1709704

[6] https://globalvoices.org/2015/04/01

[7] https://globalvoices.org/2015/04/01

[8] https://globalsecurityreview.com

[9] https://tass.ru/info/1709704

[10] https://carnegie-mec.org/2015/05/04

[11] https://www.brookings.edu/wp-content

[12] https://www.brookings.edu/wp-content

[13] https://tass.ru/info/1709704

[14] https://tass.ru/info/1709704

[15] https://www.bbc.co.uk/news

[16] https://af.reuters.com/article

[17] https://www.reuters.com/article

[18] http://www.dailystar.com.lb/News

[19] https://www.youtube.com/watch

[20] http://www.newsru.co.il/mideast

[21] http://newsru.co.il/mideast/21jan

[22] https://ru.euronews.com/2018/01/31

[23] https://ria.ru/20190828/1557999429

[24] https://russiancouncil.ru/analytics

[25] https://www.moroccoworldnews.com

[26] https://www.arabnews.com/node/1346101

[27] https://www.moroccoworldnews.com

[28] https://razm.info/105879

[29] https://gulfnews.com/world/gulf

[30] https://www.reuters.com/article/us-yemen

[31] https://foreignpolicy.com/2018/07/26

[32] https://aawsat.com/english/home

[33] https://www.timesofisrael.com

[34] https://www.businessinsider.com

[35] https://en.farsnews.com/newstext

[36] https://tass.ru/info/1709704

[37] http://www.xinhuanet.com/english

[38]https://www.researchgate.net

[39] https://www.reuters.com/article/us

[40] https://www.mei.edu/publications

[41] https://www.reuters.com/article

[42] https://www.mei.edu/publications

[43] https://www.mei.edu/publications

[44] https://www.reuters.com/article

[45] https://www.reuters.com/article/us

[46] https://www.youtube.com/watch

[47] http://theconversation.com/yemens

[48] https://www.youtube.com/watch

[49] https://www.azatutyun.am/a

[50] https://twitter.com/secpompeo/status