Թյուրքալեզու պետությունների համագործակցությունը մեդիաոլորտում

9 ր.   |  2019-08-19

Մ իջազգային ասպարեզում առկա են տարբեր ինտեգրացիոն համակարգեր, որոնք ստեղծվել են տնտեսաքաղաքական կամ ռազմաքաղաքական տարբեր նպատակներով։ Ինտեգրացիոն քաղաքականություն է իրագործվում նաև թյուրքալեզու պետությունների միջև: Ինչպես հայտնի է՝ Խորհրդային Միության անկումից հետո, Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարությունն արմատական փոփոխություն կրեց, և կարևորվեց թյուրքալեզու պետությունների հետ հարաբերությունների կառուցումը: Ընդ որում, բացի երկկողմ հարաբերություններից, այդ երկրներին մշակութային հարթությունում միմյանց համարկելու հեռանկարով դեռևս 1993թ. ստեղծվեց «Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը»:

ԱԶԿ իշխանության տարիներին այս քաղաքականությունը նոր դրսևորումներ ստացավ: Դեռևս 2006թ. Էրդողանը հայտարարեց, որ ինքը նախաձեռնում է թյուրքախոս պետությունների համագործակցության նպատակով կառույցի ստեղծմանը, ավելացնելով, որ «պատմությունը եզակի հնարավորություն է տալիս միավորելու մեր երկրների ջանքերը, որոնք ունեն ընդհանուր մշակույթ և պատմական արմատներ: Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել՝ նայելով թե ինչ է տեղի ունենում համաշխարհային թատերաբեմում: Կամ մենք կդառնանք համաշխարհային քաղաքականության սուբյեկտ, կամ դրա օբյեկտը» [1]:

Թյուրքալեզու պետությունների միջև միջխորհրդարանական կապերի զարգացման նպատակով 2008թ. հիմնադրվեց «Թյուրքալեզու երկրների պառլամենտական վեհաժողովը»: Վերոգրյալ երկու ձևաչափերից բացի, 2009թ. նախիջևանյան պայմանագրով ստեղծվեց նաև թյուրքալեզու պետություններին միավորող միջազգային կազմակերպություն՝ «Թյուրքական խորհուրդը», որի հիմնադիր անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։ 2018թ. ապրիլի 30-ին կառույցին միացավ ևս մեկ թյուրքալեզու պետություն՝ Ուզբեկստանը, որը մինչ այդ, ոչ պաշտոնապես մասնակցում էր խորհրդի աշխատանքներին ու միջոցառումներին [2]:  

Ուշագրավ է, որ 2018թ. Խորհրդի 6-րդ համաժողովում որոշվեց դիտորդի կարգավիճակ տալ նաև Հունգարիային, ինչը նրան հնարավորություն է տալիս Խորհրդի շրջանակներում համակողմանիորեն խորացնել և ընդլայնել կապերը թյուրքախոս պետությունների հետ [3]: Համաժողովին ներկա էր Հունգարիայի վարչապետ Վ. Օրբանը, որը գոհունակությամբ նշեց, թե հպարտ է թյուրքախոս պետությունների հետ մերձեցումով [4]: Ներկայումս քննարկվում է անգամ Բուդապեշտում «Թյուրքական խորհրդի» գրասենյակ բացելու հարցը:

Թեև Թուրքմենստանը կառույցին դեռ չի անդամակցել (դիտվում է որպես հավանական թեկնածու), սակայն ակտիվ մասնակցում է խորհրդի աշխատանքներին: 2019թ. Էրդողանը հայտարարեց, որ իրենք դիտարկում են նաև, այսպես կոչված, Կիպրոսի թուրքական հանրապետությանը տարբեր ձևաչափերով Խորհրդի աշխատանքներում դիտորդի կարգավիճակում ընդգրկելու հեռանկարը: [5]

Խորհուրդը հիմնադրման պահից կազմակերպության անդամ պետությունների հետ որպես համագործակցության հիմք վերցրել էր քաղաքական, տնտեսական (այդ թվում՝ մաքսային) և գիտակրթական  բնագավառները: Հետագայում ընդգրկվեցին նաև զբոսաշրջության, սփյուռքի, ընդհանուր տրանսպորտային օրակարգի և այլ հարցեր։ Որպես ռազմավարական ուղղություն ընտրվել էր նաև տեղեկատվականը, որը ենթադրում է թյուրքական աշխարհի ավանդական և նոր մեդիայի զարգացում և համագործակցություն:

Տեղեկատվության փոխանակման և համատեղ նախագծերի ստեղծման գործընթացն արագացնելու նպատակով խորհրդի շրջանակներում 2014թ.-ից սկսեց գործել մեդիաքաղաքականությունը համակարգող աշխատանքային խումբ՝ բաղկացած անդամ-պետությունների ազգային հեռուստաալիքների ֆինանսական, տեխնիկական, լրատվական ծրագրերի մասնագետներից: Նկատենք, որ հատկապես սերտ է Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության, Ղրղզստանի, Ղազախստանի և Թուրքիայի TRT հեռուստաալիքների համագործակցությունը: Միաժամանակ, իրականացվել է անդամ պետությունների լրատվամիջոցների միջև համագործակցության զարգացմանն ուղղված մոտ մեկ տասնյակի հասնող միջոցառումներ: [6]

Բացի այդ Խորհրդի անցկացրած միջոցառումներում քննարկվել են անդամ պետությունների ընդհանուր տեղեկատվական ցանց ստեղծելու, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն միջազգային մակարդակի լրատվական և կրթական համատեղ հեռուստաալիք ունենալու գաղափարը, ֆինանսական և տեխնիկական հնարավորությունները: 2015թ. հերթական համաժողովներից մեկում «Թյուրքական խորհրդի» անդամ-պետությունները ստորագրեցին «Միջազգային թյուրքական լրատվական հեռուստալիք» հիմնելու հուշագիր [7]:

Հ ամաթյուրքական նշանակության հեռուստաընկերություն ստեղծելու գաղափարն այս տարվա մայիսին Բաքվում քննարկվել է նաև «Թյուրքական խորհրդի» անդամ պետությունների ԶԼՄ-ների ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատու բարձրաստիճան ղեկավարների հետ: Համաժողովին ներկա էր Էրդողանի գլխավոր խորհրդական, Թուրքիայի պետական ռադիոհեռուստատեսության (TRT) ղեկավար կազմի անդամ Մուստաֆա Աքըշը, ում կարծիքով «TRT avaz» թուրքական հեռուստաալիքն ունի միասնական մեդիահարթակ դառնալու բոլոր նախադրյալները [8]: Կարող ենք ասել, որ այսօր իսկ «TRT avaz» ալիքը հեռարձակում է թյուրքախոս ժողովուրդների պատմության, մշակույթի և քաղաքականության վերաբերյալ հեռուստահաղորդումներ: Այս համատեքստում չենք կարող անտեսել նաև այն փաստը, որ հեռուստաալիքով եթեր են հեռարձակվում հակահայկական բովանդակությամբ հաղորդումներ: [9] Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահի հասարակական և քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն իր ելույթում նշել է, որ ցանկանում են, որպեսզի արցախյան հակամարտությունը լայնորեն լուսաբանվի «Թյուրքական խորհրդի» անդամ-պետությունների ԶԼՄ-ներով: [10] Միաժամանակ, նա դժգոհել է, որ Խորհրդի մեջ մտնող պետությունների հեռուստալիքները ներկայացված չեն տեղական կաբելային ցանցերում: [11]

Համաժողովում քննարկվել է նաև «Թյուրքական աշխարհի 100 հայտնի մարդկանց» և «Թյուրքական աշխարհի սրբազան վայրեր» նախագծերով կազմակերպության անդամ երկրների հետ համատեղ փաստավավերագրական և ճանաչողական տեսանյութերի, սերիալների նկարահանման անհրաժեշտությունը, բովանդակության հարցերը, ինչպես նաև մեդիաոլորտում տարբեր ձևաչափերով համագործակցության հնարավորությունները: [12]

«Անադոլու» լրատվական գործակալության ղեկավար խորհրդի անդամ Փիրթինին հանդիպման ընթացքում նշել է, որ իրենք զարգացնում են հարաբերությունները Խորհրդի անդամ-պետությունների լրատվամիջոցների ու թղթակիցների հետ: Այս առիթով հավելենք, որ 2011թ. ի վեր լրագրողների որակավորման բարձրացման նպատակով Անադոլու գործակալության «Լրատվական Ակադեմիան» կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ և վարպետության դասեր, որին Միջին Ասիայից մասնակցել է շուրջ 110 լրագրող: [13] Դասընթացները վերաբերում են համացանցային լրագրությանը, մեդիայի տեխնիկական հարցերին, տնտեսաքաղաքական և սոցիալ-մշակութային տարբեր հիմնահարցերի, ինչպես նաև ռազմական ու դիվանագիտական լրագրությանը: «Դիվանագիտական լրագրություն» ծրագրով, օրինակ, դասավանդվում է միջազգային հարաբերություններ, հանրային դիվանագիտություն և կոնֆլիկտաբանություն առարկաները, հետազոտվում է զանգվածային լրատվամիջոցների ազդեցությունը արտաքին ու տարածաշրջանային քաղաքականության վրա: [14]

2019թ. հունիսին, Անկարայում Թուրքիայի լրատվական ու փորձագիտական շրջանակների հետ հանդիպման ժամանակ, թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար, ղազախ դիվանագետ Բաղդատ Ամրեևն ընգծել է, որ բանակցություններ են ընթանում խորհրդի նպատակներն ու խնդիրները լուսաբանող, համաթյուրքական նշանակության բոլորովին նոր հեռուստաալիք ստեղծելու ուղղությամբ: [15] 2019թ. հոկտեմբերի 15-ին Բաքվում նախատեսված է անցկացնել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հիմնադրման տասնամյակին նվիրված համաժողով, որը նվիրված է լինելու մանր ու միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարներին, սակայն չի բացառվում, որ հեռուստաընկերության հարցը նույնպես կարող է հայտվել օրակարգում:

Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին «Թյուրքական խորհրդի»  շրջանակներում մեդիահամագործակցությանը նվիրված միջոցառումները նպաստել են կազմակերպության անդամ-երկրների պետական լրատվական գործակալությունների, ռադիոհեռուստատեսության միջև կապերի զարգացմանը, որոնք ամրագրված են տարբեր պայմանագրերով: Միևնույն ժամանակ, այն միակ կազմակերպությունը չէ, որի առանցքի շուրջ ձևավորվում է թյուրքալեզու երկրների մեդիաքաղաքականությունը:

Համագործակցության փոքր-ինչ այլ ձևաչափ ունի Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված «Թյուրքալեզու երկրների և համայնքների մեդիաֆորում» հարթակը, որը գործում է գրեթե տասը տարի: Ֆորումի աշխատանքներում ներգրավված են ոչ միայն թյուրքալեզու պետությունների մեդիաոլորտի աշխատակիցները, այլև Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բալկանյան և այլ երկրների մեդիաոլորտի թյուրքական ծագմամբ մասնագետները: Ֆորումներում քննարկվել են համացանցում տեղեկատվական ռեսուրսների հարստացման, արհեստավարժ լրագրողների համագործակցության, տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներում ԶԼՄ-ների դերակատարության, հանրային դիվանագիտության, էթիկային վերաբերող հարցեր. բոլորն էլ գլխավորապես թյուրքական աշխարհի համատեքստում: Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցության այս ձևաչափը նույնպես օգտագործում են հակահայկական և հակահունական քարոզչության նպատակով [16]:

Ավելորդ չենք համարում նշել, որ ֆորումի շրջանակներում դեռևս 2013թ. ստեղծվեց «Թյուրքալեզու երկրների և համայնքների մեդիապլատֆորմ» (TÜRKMEP) հարթակը, ինչպես նաև դրա գործունեությունը լուսաբանող տեղեկատվական-վերլուծական համացանցային կայքըորը 2018թ.-ից մեզ անհայտ պատճառներով չի գործում: Հարթակի աշխատանքները համակարգում էր Թուրքիայի կառավարության մամուլի և տեղեկատվության գլխավոր վարչությունը (BYEGM), որը 2018թ. ամռանը վերանվանվեց հանրային կապերի բաժանմունքի և սկսեց գործել Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից: TÜRKMEP-ը դադարեցրեց իր գործունեությունը կառուցվածքային այս փոփոխությունների ամենավաղ փուլում:

Ուշագրավ է, որ Թուրքիայի կառավարության մամուլի և տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ Թուրքիայի պետական ռադիոհեռուստատեսության (TRT) և «Անադոլու» լրատվական գործակալության հետ համատեղ 2013թ.-ից կազմակերպում էր «Թուրքիայի մեդիաթրեյնինգ» (TÜMEP) ծրագիրը, որի հիմնական նպատակը մեդիաոլորտում Թուրքիայի կուտակած փորձի փոխանցումն էր այլ երկրների երիտասարդ լրագրողներին (18-35 տ.): Տեսական և կիրառական նշանակության մեդիադասընթացներին (դասավանդվում էր թուրքերեն) մասնակցել են ոչ միայն թյուրքախոս, այլև Մակեդոնիայի, Կոսովոյի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկա մայրցամաքի մի շարք երկրների մասնագետներ [17]: Վերապատրաստման ու փորձի փոխանակման տեսանկյունից այս դասընթացները հնարավորություն էին ընձեռում երիտասարդ մասնագետներին համացանցային լրագրության, ռադիոհեռուստատեսության աշխատանքների վերաբերյալ գիտելիքներ ստանալ, ինչպես նաև ծանոթանալ սոցիալական մեդիայի ժամանակակից հնարավորություններին:

Մ եդիաոլորտում համագործակցություն իրականացվում է նաև այլ կառույցների միջոցով. 2018թ. Արտասահմանի թուրքերի և բարեկամ հասարակությունների վարչությունը «Սփյուռքի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում, «Անադոլու» լրատվական գործակալության և «Թուրքական  համագործակցության ու համակարգման գործակալության» (TİKA) հետ համատեղ դիվանագիտական լրագրության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի, Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների լրագրողների համար: [18]

Բացի այդ, Թուրքիայի պետական կառույցների աջակցությամբ «Թյուրքական աշխարհի լրագրողների միությունը» կազմակերպում է «Թյուրքական աշխարհի լրագրողների» համաժողովներ, որը համագործակցության ևս մեկ հեռանկարային ձևաչափ է [19]: Այս համատեքստում նշենք, որ անցած տարվա համաժողովում ընդունվել էր հռչակագիր, որով, թյուրքական պետությունների հկ-ներին ու մեդիա հաստատություններին կոչ էր արվում տեղեկատվական-քարոզչական միջոցներով համաշխարհային հանրությանը հասցնել արցախյան հակամարտության մասին «ճշմարտությունները»: [20]

Ընդհանուր խնդիրների շարքում հաճախ քննարկվում է լեզվի հարցը: Որպես օրինակ մեջբերենք թուրք գրող Յուսուֆ Քափլանի խոսքերը, որոնք տեղ են գտել նրա՝ «Ընդհանուր քաղաքակրթական միտքը և թյուրքական աշխարհի մեդիա կառավարումը» հոդվածում: Հեղինակը գրում է, որ թյուրքական աշխարհի պետությունների մեծ մասի, ինչպես նաև Ռուսաստանի թյուրքական ժողովուրդների միջև ընդհանուր հաղորդակցության լեզուն ռուսերենն է: Ըստ նրա՝ թուրքերենը կարող է դուրս մղել ռուսերենը, եթե թյուրքալեզու պետությունները համախմբվեն միասնական գաղափարի(ների) շուրջ: Հեղինակի կարծիքով, «բավարար չափով ինտելեկտուալ, մարդկային և տեխնոլոգիական կապիտալի առկայությունը հնարավորություն է տալիս Թուրքիային լինել համատեղ մեդիակառավարման առաջնորդը»:

Այսպիսով, թյուրքական աշխարհի միջև տարբեր ինտեգրացիոն համակարգերի ներքո և դրանից դուրս ընթանում են միասնական օրակարգ ձևավորելու գործընթացներ, որտեղ բացառություն չէ մեդիաոլորտը: Հասկանալի է, որ այս հոդվածի շրջանակներում հնարավոր չէ անդրադառնալ ոլորտի բոլոր հիմնահարցերին և իրագործված աշխատանքների բովանդակությանը: Այդուհանդերձ, կարծում ենք, որ հետագայում այդ հարաբերություններին ռազմավարական խորություն հաղորդելու նպատակով, նախկինում ստեղծված ձևաչափերին, կավելանան նորերը, հաշվի առնելով այն փաստը, որ ընդհանուր շահերի համատեսքստում կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս քննարկման փուլում են:


[1]  Корицкий С.А., Тюркский саммит в Анталье, (21 ноября, 2006)

[2] Узбекистан стал членом Тюркского совета

[3] Венгрия получила статус наблюдателя в Тюркском совете

[4] Возрожденный саммит глав-государств Тюркского совета

[5] Erdoğan’dan Türk Konseyi değerlendirmesi

[6] https://www.turkkon.org/assets

[7] TÜRK DÜNYASI HABER KANALI KURULUYOR

[8] "TRT AVAZ Türk Konseyinin ortak medya platformu olabilir"

[9] https://www.youtube.com/user

[10] "TRT AVAZ Türk Konseyinin ortak medya platformu olabilir"

[11] TRT AVAZ может стать единой медиа-платформой Тюркского совета

[12] Türk Konseyi Enformasyon ve Medyadan Sorumlu Bakanlar ve Üst Düzey Memurları İkinci Toplantısı 7 Mayıs 2019 tarihinde Bakü'de gerçekleştirilmiştir.

[13] "TRT AVAZ Türk Konseyinin ortak medya platformu olabilir"

[14] Diplomasi Muhabirliği Eğitimi

[15] Türk Konseyi Genel Sekreteri Amreyev: Ortak Türk televizyonu kurulacak

[16] https://docplayer.biz.tr/20340922-Medya-forum 

[17] TÜRKİYE MEDYA EĞİTİMİ PROGRAMI (TÜMEP) BAŞLADITÜMEP katılımcılarını kabul etti

[18] Турецкая диаспора намерена сотрудничать с диаспорами братских стран

[19] Türk Dünyası Gazeteciler Şurası Kazan’da Yapıldı,Тюркские СМИ в Казани: «Наша цель — не потерять свою идентичность»

[20] YAFEM TÜRK DÜNYASI GAZETECİLER BİRLİĞİ SONUÇ DEKLERASYONU YAYINLANDI