Ալևիները Թուրքիայի նախընտրական քարոզարշավում

8 ր.   |  2019-04-02

Թուրքիայում մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մի շարք խոշոր քաղաքներում և հատկապես՝ Ստամբուլում պարտվեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ)՝ արդարացնելով իշխող կուսակցության այն մտավախությունները, որոնք նկատվում էին դեռևս նախընտրական քարոզարշավում։

Վերջին տարիներին Թուրքիայում արձանագրված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումները, ժողովրդավարության հետընթացը, մամուլի և խոսքի ազատության սահմանափակումները, ինչպես նաև տնտեսության անկումը նախընտրական փուլում հավելյալ բարդություններ էին ստեղծել իշխող կուսակցության համար։ Որպես օրինակ կարելի է նշել ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների ամենամյա զեկույցը, որի շուրջ 63 էջանոց հատվածը նվիրված է Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության, նախընտրական քարոզարշավի և այլ հարցերի գնահատականներին: Զեկույցում նշված էր, որ թուրքական ԶԼՄ-ները 90%-ով վերահսկվում են իշխանության կողմից, ինչն էլ անհավասար պայմաններ է ստեղծում նախընտրական քարոզարշավի համար։

Իրավիճակը հուսադրող չէ նաև տնտեսության ոլորտում. վերջին 10 տարում առաջին անգամ Թուրքիայի տնտեսությունը հայտնվել է տեխնիկական ռեցեսիայի մեջ (recession - տնտեսական աճի տեմպի չափավոր դանդաղում կամ անկում), որի պատճառը գրեթե երկու եռամսյակ շարունակվող ՀՆԱ-ի անկումն է:

Միջազգային մամուլն ահազանգում էր, որ մոտ 3%-ի հասնող տնտեսական անկումը կարող է ազդել Թուրքիայի նախագահ Էրդողանի ծրագրերի վրա, թեպետ քաղաքական լուրջ անակնկալներ չէին կանխատեսվում։

Նախընտրական քարոզարշավում ակնհայտ նկատվում էր, որ ԱԶԿ-ն ընտրազանգված գրավելու նպատակով կիրառում է հնարավոր ողջ գործիքակազմը, ինչը դրսևորվում էր նաև ազգային և կրոնական փոքրամասնությունների դիրքորոշման վրա ազդելու քարոզչական ուղեգծում։ Պատահական չէ, որ իշխող կուսակցության ներկայացուցիչներն ու անձամբ նախագահ Էրդողանը նշված ուղեգիծն իրականացնում էին բազմամշակութայնության (multiculturalism) և հանդուրժողականության կոչերով, քրդերեն, հայերեն գրառումներով, հայ կամ ալևի հարևանների հետ ունեցած լավ հարաբերությունների, քրդերի և թուրքերի եղբայրության մասին պատմություններով և այլն: Այս ամենը, հաճախ, միանշանակ չէր ընկալվում հանրության շրջանում՝ դառնալով երգիծական ու ծաղրական մեկնաբանությունների առիթ։

Օրեր առաջ նախագահ Էրդողանը Twitter-ում հայերեն գրառումով ցավակցել էր Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան առիթով, իսկ նախկին վարչապետ, մեջլիսի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմն իր վերջին հարցազրույցներից մեկում խոսել էր հայ հարևանի հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին։

Նախագահական պալատի տեղեկատվության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը թուրք-քրդական եղբայրության մասին քրդերեն գրառում էր արել, այն դեպքում, երբ քրդերը մինչ օրս սեփական լեզվով կրթություն ստանալու հնարավորություն չունեն։

Այս գործընթացից անմասն չմնաց նաև Թուրքիայի ալևի բնակչությունը: Ալևիները պաշտոնապես առանձին կրոնական համայնք չեն համարվում և չկան հստակ տվյալներ նրանց թվաքանակի մասին, քանի որ բազմաթիվ ալևիներ թաքցնում են իրենց կրոնական պատկանելությունը՝ լայնորեն կիրառելով «թաքիյա»[1] (takiye) ինստիտուտը, այնուամենայնիվ, որոշ տվյալներով, միայն Ստամբուլում և Անկարայում նրանց թիվն անցնում է 1 մլն-ն։

Ալևիության գործոնը տարբեր ժամանակներում տարբեր կերպ է դրսևորվել նախընտրական քարոզարշավներում. 2014թ. ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին «վարկաբեկելու» նպատակով Էրդողանը մի քանի անգամ ակնարկել էր նրա՝ ծագումով ալևի լինելու հանգամանքը՝ նշելով, թե Քըլըչդարօղլուն ամաչում է իր դերսիմյան ծագման մասին բարձրաձայնել։ Էրդողանը դեռևս Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում լինելու ժամանակներից ալևիներին դիտարկում էր որպես իսլամականությունը պառակտող տարր՝ հայտարարելով, թե իսլամում միակ աղոթատեղին մզկիթն է, իսկ ալևիական ջեմեվիները[2] ոչ թե աղոթատեղ են, այլ մշակութային տներ։ 2018թ. հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ Էրդողանը հայտարարեց, որ ալևիական ջեմեվիներին պատրաստ է իրավական կարգավիճակ տալ, ինչը, սակայն, ալևիների կողմից դիտարկվեց որպես «դատարկ խոսք»։

Ներքաղաքական կյանքին ալևիները հակված են մասնակցելու Թուրքիայում պաշտոնապես ճանաչված ալևիական միությունների և կուսակցությունների միջոցով, քանի որ բազմիցս համոզվել են, որ այլ կուսակցությունների խոստումները հիմնականում իրականություն չեն դառնում։ Ալևիական համայնքը մոնոէթնիկ չէ և կազմված է ազգությամբ թուրք, քուրդ, զազա և հայ խմբերից, ինչն արտացոլվում է ընտրական գործընթացներում։ Վերջին տարիներին ընդունված է համարել, որ ալևիները մեծ մասամբ սատարում են «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ), քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ), կամ Թուրքիայի «Կոմունիստական կուսակցությանը» (ԹԿԿ), սակայն, օրինակ, թուրք ալևիները հաճախ հարում են իշխող ԱԶԿ-ին կամ «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ)։ Տվյալները միանշանակ չեն, քանի որ պատմության տարբեր փուլերում ալևիները ենթարկվել են հալածանքների և հետապնդման հենց ազգայնական «Գորշ գայլերի» կողմից, իսկ  քեմալականների օրոք՝ 1937-1938թթ.՝ Դերսիմում, որտեղ հիմնականում բնակավում են ալևիները, կազմակերպվել են կոտորածներ, որը նրանք ցեղասպանություն են համարում։

Նախընտրական շրջանում իշխող կուսակցությունը դիմեց Թուրքիայի էթնիկ և կրոնական խայտաբղետ բնակչությանը։ Էրդողանը հայտարարեց, որ ԱԶԿ-ն թուրքերի, քրդերի, լազերի, չերքեզների, բոսնիացիների, ասորիների, սուննիների, ալևիների և երկրի յուրաքանչյուր անհատի կուսակցությունն է, որը երբեք չի տարանջատում և բաժանում, այլ իր «գիրկն է առնում Թուրքիայի բոլոր գույները»։

Իշխող ԱԶԿ-ից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի Ալևի-Բեկթաշի միությունների հետ հանդիպմանը նշել էր, որ Բինալի անունն իրեն ալևի հարևանն է տվել, այդ պատճառով էլ անվան մեջ «Ալի»[3] բաղադրիչը կա։

«Ես ծնվել եմ մի գյուղում, որտեղ ալևիներն ու սուննիները միասին են ապրել։ Անունս մեր ալևի հարևանն է դրել։ Անվանս մեջ Ալի կա»,- նշել է Բ․ Յըլդըրըմը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Յըլդըրըմի այս հայտարարությունը հայտնվել էր սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում։ Օգտատերերը ստուգաբանելով Բինալի Յըլդըրըմի անունը, հումորային հրապարակումներ էին արել՝ խորհուրդ տալով վերջինիս ձայն խնդրել իր անվան տառերն ունեցողներից։

Այսպիսով, դիտարկելով մարտի 31-ին Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները, կարելի է ասել, որ ԱԶԿ-ի մտավախությունները տեղին էին։ Այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Անկարան, Իզմիրը, Ադանան և հատկապես՝ Ստամբուլը, իշխող կուսակցությունը չհասավ ցանկալի արդյունքի՝ զիջելով քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը, ինչը ցույց տվեց, թե ինչու էին ԱԶԿ-ի համար կարևոր Թուրքիայի բնակչության փոքրամասնությունների վստահությունը շահելուն միտված ջանքերը։

Թուրքիայի իշխանությունների առջև ծառացած ներքին և արտաքին տարաբնույթ մարտահրավերների համատեքստում, որոնք որոշակիորեն ազդում էին նաև իշխող ԱԶԿ-ի վարկանիշի վրա, Էրդողանն ու նրա կողմնակիցները, ի տարբերություն իշխող կուսակցության նախկինում վարած քարոզարշավների, առանձին բնակավայրերում ստիպված էին վերանայել նախկինում հնչեցրած համոզմունքները կամ առնվազն դրանք փոխելու իմիտացիա ստեղծել:

Թուրքիայում ալևիականության մասին

Ա լևիականությունը զանազան կրոնական և փիլիսոփայական ազդեցությունների արդյունք է, և ալևիներն իրենց ամենից առաջ համարում են հավատացյալներ, այլ ոչ մուսուլմաններ՝ գտնելով, որ ալևիությունը ոչ թե կրոն է, այն հավատք։ Ալևիության հարցը Թուրքիայում քաղաքական կարևոր խնդիրներից է, և պատահական չէ, որ դեռևս 1923թ. Լոզանի կոնֆերանսում թուրքական պատվիրակությունը, որպես կրոնական փոքրամասնություն, պաշտոնապես ճանաչել է միայն հայերին, հույներին և հրեաներին։

Ալևիները գտնում են, որ ալևիզմը չպետք է դիտարկվի իբրև իսլամի տարբերակ, ինչպես նաև դադարեցվի ալևիական բնակավայրերում մզիկիթների կառուցումն ու իմամների գործունեությունը՝ միևնույն ժամանակ իրավական կարգավիճակ պահանջելով ալևիական աղոթավայրերի՝ ջեմեվիների համար։


Ալևիական ծիսապար ջեմեվիում:
Խտրականությունն ալևիների նկատմամբ շարունակվում է նաև այսօր և քիչ չեն դեպքերը, երբ նրանց բնակարանների դռների և պատերի վրա հայտնվում են կարմիր ներկով նշաններ, որոնք ալևիների շրջանում համարվում են անցանկալի տարր լինելու ուղերձ։ Հատկանշական է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, թե «դռների վրայի նշանները երեխաներն են արել»:




Ալևիների տան վրա արված նշան Մալաթիայում։
Ալևիները, սակայն, պնդում են, որ «այդ նշանները կլինեն ոչ առաջինը, ոչ էլ վերջինը, քանի որ այդ «երեխաները» կրոնամոլ և վրեժխնդիր են, որոնք գործում են հատուկ պատվերով»:

Աղբյուրներ

  1. TURKEY 2018 HUMAN RIGHTS REPORT
  2. Türkiye resesyona girdi: Ekonomi 2018'de %2,6 büyüdü, 4. çeyrekte %3 daraldı
  3. International Religious Freedom Report 2006
  4. Erdoğan: Kılıçdaroğlu, sen Alevi olabilirsin…
  5. Erdoğan, bazı Alevileri fena kızdırdı
  6. Erdoğan 2013: Tek ibadethane camidir․ Erdoğan 2018: Cemevine statü gelecek
  7. Cemevlerine statü vaadine ‘boş laflara karnımız tok’ yanıtı
  8. Aleviler şimdiye kadar oylarını nasıl verdi? Alevilerin Türkiye Seçim Kronolojisi
  9. Cumhurbaşkanı Erdoğan: Mart 2019 seçimleri sıradan bir seçim değildir
  10. Binali Yıldırım: "Adımı, alevi komşumuz koydu"
  11. Alevi Bektaşi Federasyonunun Talepleri
  12. Malatya'da Alevilerin evleri kırmızı boyayla işaretlendi
  13. Şahin: Alevi evlerini çocuklar işaretlemiş
  14. PSAKD: İyi çoçuklar yine iş başında
    [1] «Թաքիյա»-ն արաբերեն եզր է, որը բնորոշ է շիայական իսլամին: Այն թույլ է տալիս վտանգի կամ հետապնդման դեպքում թաքցնել կրոնական պատկանելությունը։

    [2] Ջեմեվի - ալևիական հավաքատեղի, որտեղ անցկացվում են ծիսակատարությունները։

    [3] Ալևիների շրջանում երեխային անուն ընտրելու սովորույթն իսլամից փոխառված արարողակարգ է: Երեխայի ծնվելուց անմիջապես հետո Դեդեն (Դեդե կոչում են ալևիական հոգևոր ուսուցիչներին և հայրերին, որոնց ինստիտուտը ևս պաշտոնապես ճանաչում չունի) նորածնի ականջին երեք անգամ շշնջում է ընտրված անունը։ Սովորաբար երեխաներին տրվում են շիայական իմամների անուններ։ Ալևիների մոտ շահադան՝ միասատվածությունը հաստատող և Մուհամմադին մարգարե ճանաչող հայտնի բանաձևը հիմնված է «երեքի» հավատի վրա՝ Հակկ-Ալլահ (Աստվածություն), Մուհամմադ (Մարգարեություն), Ալի (Սրբություն): Աստված՝ միակը, փաստորեն նշվում է որպես «Հակկ-Ալլահ-Մուհամմադ-Ալի»։